Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Անհրաժեշտությունը

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի կատարման նպատակով՝ հաշվի առնելով նաև ինչպես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրով, այնպես էլ՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով (հավանության է արժանացել ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշմամբ) նվազագույն ամսական աշխատավարձը 2026 թվականին առնվազն 85,000 դրամ սահմանելու թիրախը։ Նախագծով առաջարկվում են նաև հստակեցնող և իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի փոփոխություններ։

  1. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
  • Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005 թվականին սահմանվել է 13,000 դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 68,000 դրամ։

ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի համաձայն՝ կառավարությունը մինչև 2026 թվականը քայլեր է ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու ուղղությամբ։ Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։ Այս կապակցությամբ յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ նախատեսվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ։

Ակնկալվում է, որ նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումները կնպաստեն՝

  • աղքատության կրճատ­մանը,
  • նվազագույն և միջին աշ­խատավարձերի միջև հարա­բերակցության նվազմանը, բնակչության կենսամակար­դակի բարձրացմանը:

Հարկ է նշել, որ  որ ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի կատարման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի (այսուհետև՝ Ինստիտուտ) հետ 14.03.2022-ին կնքել է դրամաշնորհի պայմանագիր, որով նախատեսվել է Նախարարությանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի չափի վերաբերյալ հիմնավորված առաջարկություն։

Մասնավորապես, նախատեսվել է վարձատրության, ինչպես նաև ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տեղեկատվական բազաների վերլուծության, համապատասխան մաթեմատիկական մոդելների կառուցման և միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի համար Նախարարությանը ներկայացնել նվազագույն ամսական աշխատավարձի նոր օպտիմալ չափ և բյուջեի ծախսային մասի վրա դրա ազդեցության գնահատում։

Ինստիտուտի կողմից վերը նշված հետազոտության արդյունքում առաջարկվել է 2023 թվականի համար նվազագույն ամսական աշխատավարձի 75,000 դրամ չափը։

Այսպիսով, Նախագծով առաջարկվում է 2023 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրա­պետությունում նվազագույն ամսական աշխատավար­ձի չափը բարձրացնել՝ 68,000 ՀՀ դրամից դարձնելով 75,000 ՀՀ դրամ և, ըստ այդմ, սահմանել գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող կամ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նոր նվազագույն չափեր:  

Նշենք նաև, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով,
  • 2-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից և գերազանցել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 120 տոկոսը,
  • 3-րդ մասի համաձայն՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը 2022 թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից (նման ժամանակավոր կարգավորում նախատեսված էր նաև 2020 և 2021 թվականների՝ նույն հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերով):

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ 2022 թվականին պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը սահմանվել է 66,140 դրամ։

Հետևաբար, նվազագույն ամսական աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից 68,000 դրամից 75,000 դրամ բարձրացնելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա բարձրացնելու նաև բազային աշխատավարձը՝ պահպանելով օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի՝ հարաբերակցության «80-120 տոկոս» միջակայքի սահմանափակումը։

***

Նախագծով առաջարկվում են նաև հստակեցնող կամ իրավակիրառ պրակտիկայից բխող որոշակի այլ փոփոխություններ։ Մասնավորապես.

Ներկայում հստակ ամրագրված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատանքային ռեժիմով, այն է՝ առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն), որոնց աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, ժամային ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափ։

Այս առումով, հիմք ընդունելով այն, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2.1-ին հոդվածով արդեն իսկ սահմանված է առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշելու հստակ ընթացակարգ, նույնական ընթացակարգ է առաջարկվում սահմանել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված աշխատանքային ռեժիմով աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշելու համար։

***

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաճախ հարցադրումներ է ստանում առ այն, թե «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի որ չափն է ուղղորդող հանդիսանում ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների աշխատանքի վարձատրությունը սահմանելու հարցում։

Այս առումով, նախարարության կողմից պարզաբանվում է, որ նման ռեժիմով աշխատողների վարձատրության հարցում ուղղորդող է համարվում նույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը։

Հետևաբար, իրավակիրառ պրակտիկայում տարընկալումից խուսափելու նպատակով, Նախագծով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 2-րդ հոդվածում կատարվում է համապատասխան լրացում՝ ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով աշխատողների մասով։

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 75,000 դրամ սահմանելու դեպքում՝

  • աշխատաշուկայում պետական հատվածի 28.7%-ի (77,483 աշխատողի) և մասնավոր հատվածի 31.5%-ի (209,723 աշխատողի) մոտ կավելանա աշխատանքի վարձատրությունը։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ կավելանա աշխատողների 30.7%-ի (665,546 աշխատողի) վարձատրությունը։
  • պետական բյուջեում աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 15.3 մլրդ դրամով, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 94.2 մլրդ դրամով։ Այսինքն՝ պետական և մասնավոր հատվածներում ընդհանուր առմամբ աշխատանքի վարձատրությանն ուղղվող ծախսերը կավելանան տարեկան շուրջ 109.5 մլրդ դրամով։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1) Նախագծով կարգավորվող հարաբերությունն ուղղված է ապահովելու «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050» փաստաթղթի գործողության «04-Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ» մեգանպատակի «Ստեղծենք անհրաժեշտ բոլոր պայմաններն առողջ ապրելակերպի, առողջության պահպանման, վերականգնման և արդյունավետ աշխատանքային գործունեության համար, ինչպես նաև ...» լուծումների իրացումը։

Միաժամանակ, «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ում որպես թիրախային ցուցանիշ նախատեսված է 2025 թվականի համար միջին աշխատավարձի չափը 237,000 դրամ, իսկ նախատեսված հավակնություններից է միջին աշխատավարձի իրական աճը՝ 5 տարի հետո՝ 30%-ով։

2) Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 18.08.2021 N 1363-Ա որոշման հավելվածով հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի դրույթներից, որի 4-րդ՝ «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.6-րդ «Աշխատանք և սոցիալական պաշտպանություն» ենթաբաժնում նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը 85,000 դրամ սահմանելու համար։

3)  Նախագծի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության 18.11.2021 N 1902-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 5.1-ին ենթակետի պահանջներից, որով նախատեսվել է հետևյալ միջոցառումը.

«Յուրաքանչյուր տարի պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի քննարկման արդյունքներով նվազագույն աշխատավարձի բարձրացման համապատասխան հնարավորության առկայության պարագայում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացում Վարչապետի աշխատակազմ։», որի համար սահմանված է վերջնաժամկետ՝ յուրաքանչյուր տարի մինչև օգոստոսի 3-րդ տասնօրյակը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացման միջոցով նպաստել՝ աղքատության կրճատմանը, նվազագույն և միջին աշխատավարձերի միջև հարաբերակցության նվազմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

  • Քննարկվել է

    15.07.2022 - 01.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9269

Տպել

Առաջարկներ`

Արսեն Իգիթյան

25.07.2022

Թեպետ ողջունելի է նվազագույն աշխատավարձի քանակական բարձացումը, սակայն գործնականում, նույնիսկ այս բարձրացումից հետո, տեղի է ունենում իրական նվազագույն աշխատավարձի նվազում՝ գնողունակության համարժեքության իմաստով։ Վերլուծելով ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմի հրապարակված գնաճի վերաբերյալ տվյալները 2020, 2021 և 2022 թթ․ համար՝ կարելի է փաստել, որ 2020 թվականից ի վեր (երբ նվազագույն աշխատավարձը սահմանվել էր 68 000 դրամ) մինչև 2022թ․ ամռան ամիսները տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 12% աճ։ Այդպիսով, նվազագույն աշխատավարձը պարզապես ինդեքսավորելու (այլ ոչ թե բարձրացնելու) դեպքում արդեն իսկ անհրաժեշտ կլինի այն սահմանել մոտավորապես 76 000 դրամ։ Պարզ լեզվով ասած՝ 2023թ․-ին 75 000 դրամնն ունենալու է նույնիսկ ավելի ցածր գնողական արժեք, քան 2020 թվականին 68 000 դրամը։ Ուստի, իրական նվազագույն աշխատավարձը գոնե չնչին չափով բարձրաձնելու համար առաջարկվում է այն սահմանել 80 000 դրամ, իսկ դրա բյուջետային հնարավորությունները չունենալու դեպքում, առաջարկվում է սահմանել 76 000 դրամ՝ գնաճը չեզոքացնելու և նվազագույն աշխատավարձ գնողունակությունը գոնե նույնը թողնելու նպատակով։

Լուսինե Հախվերդյան

19.07.2022

Առաջին անհրաժեշտության ապրանքների 50-100 տոկոս թանկացման պարագայում, նվազագույն աշխատավարձը կարելի էր բարձրացնել 30-50 տոկոսով։ Հաշվի առնելով, որ ներկայումս առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են մոտ 50-100 տոկոսով՝ առաջարկում ենք նվազագույն աշխատավարձի վերանայումը իրականացնել նշված հանգամանքների հաշվառմամբ: Բացի այդ, օրինակ 2020 թվականի նկատմամբ 2021 թվականի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացել է մոտ 15 տոկոսով, 2022 թվականի համար դեռևս պաշտոնական տվյալներ հրապարակված չեն, սակայն ենթադրվում է որ ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիների ցուցանիշները, այնինչ նախագծով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել մոտ 10 տոկոսով (ավելի քիչ, քան նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի բարձրացնման տոկոսը): Վերոգրյալը հիմնավորում է նվազագույն աշխատավարձն ողջամիտ չափերով և ներկա տնտեսական դրության ցուցանիշների բազմակողմանի հաշվառմամբ վերանայելու անհրաժեշտությունը:

Տեսնել ավելին