• Քննարկվել է

    11.07.2022 - 26.07.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5158

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

26.07.2022

Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվել է. «Անձը, որի կարծիքով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գոր¬ծո¬ղու¬թյուն¬¬ները (անգործությունը) հանգեցրել են իր իրավունքների և ազատությունների խախտման, իրավունք ունի բո¬ղո¬¬քարկել այդ գործողությունները (անգործությունը) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրա¬կանացնող վե¬րա¬դաս մարմին, դատախազին կամ դատարան»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործունեությունը միշտ չէ, որ պայմանավորված է քրեական վարույթի գոյությամբ և կարող է իրականացվել դրանից անկախ, ինքնըստինքյան ենթադրելի չէ, որ վերը մեջբերված դրույթում դատարան բառը նշանակում է ընդհանուր իրավասության դատարան, որտեղ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները որպես հետաքննության մարմնի «վարութային ակտ» ենթակա են բողոքարկման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի կարգով։ Հետևապես առկա է անհրաժեշտություն՝ հստակ սահմանելու՝ հատկապես ընդհանուր իրավասության, թե վարչական դատարան են բողոքարկման ենթակա քրեական վարույթով չպայմանավորված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները և անգործությունը։ Նշված խնդրի համատեքստում Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով ՌԴ քրեական դատավարության օրենսգրքով (հոդված 125) նախատեսված բողոքարկման ընթացակարգին, որը թույլ էր տալիս դատական կարգով բողոքարկել նաև օպերատիվ–հետախուզական մարմինների գործողությունները, արձանագրել է, որ այն արդյունավետ պաշտպանության միջոց չէ, քանի որ դրանից կարող է օգտվել միայն քրեական դատավարության մասնակիցը՝ մինչդատական քննության ընթացքում, և չի կարող օգտագործվել այն անձի կողմից, որի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, և ով չգիտի՝ արդյոք իր հաղորդակցությունները գաղտնալսվել են, թե ոչ (§ 295)։ Առաջարկում ենք նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասը վերախմբագրել կամ սահմանել լրացուցիչ դրույթ՝ հստակեցնելով, թե հատկապես ո՛ր (ընդհանուր իրավասության, թե վարչական) դատարան և ինչ կարգով են բողոքարկման ենթակա քրեական վարույթով չպայմանավորված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործողությունները և անգործությունը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

26.07.2022

5. Ինչպես գործող օրենքը, Նախագիծը ևս չի սահմանում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը, ինչը անիրատեսական է դարձնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության, չարտոնված միջամտությունների նկատմամբ հետագա վերահսկողության ցանկացած կառուցակարգ։ Ինչ վերաբերում է դատարանի համապատասխան որոշման քաղվածքը ՕՀՄ անցկացնող մարմնի կողմից Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանմանը տրամադրելու պարտականությանը, ապա նշված ընթացակարգային կարգավորումն ունի ներգերատեսչական բնույթ և չի կարող համարվել լիազորությունների չարաշահման դեմ արդյունավետ երաշխիք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, անդրադառնալով նշված խնդրին, արձանագրել է՝ գաղտնի հսկողության այնպիսի համակարգերը, որոնք անվտանգության մարմիններին, ոստիկանությանը տալիս են տեխնիկական միջոցներ, որոնք թույլ են տալիս շրջանցել թույլտվության ընթացակարգը և հնարավորություն են տալիս նրանց ուղղակիորեն գաղտնալսելու յուրաքանչյուր քաղաքացու հաղորդակցությունը՝ չպահանջելով նրանցից ներկայացնել գաղտնալսման թույլտվությունը կապի ծառայություններ մատուցողներին, հատկապես ռիսկային են չարաշահումների առումով։ Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Դատարանը մասնավորապես արձանագրել է, որ, Ռուսաստանի ներպետական օրենսդրության համաձայն (ինչպես ՀՀ դեպքում), իրավասու մարմինները պարտավոր չէին կապի ծառայություններ մատուցողներին ներկայացնել դատական թույլտվություն նախքան անձի հաղորդակցություններին հասանելիություն ստանալը, իսկ, Կապի նախարարության համապատասխան հրամանների համաձայն, կապի ծառայություններ մատուցողները պետք է տեղադրեին սարքավորումներ, որոնք թույլ կտային իրավապահ մարմիններին ուղղակիորեն հասանելիություն ունենալ բոլոր օգտատերերի բոլոր բջջային հաղորդակցություններին: Իրավապահ մարմիններն, այդպիսով, ուղղակիորեն հասանելիություն ունեին բոլոր բջջային հաղորդակցություններին և վերաբերելի տվյալներին (Roman Zakharov v. Russia, no. 47143/06, §§ 269-270)։ Առաջարկում ենք սահմանել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունը՝ հեռահաղորդակցության կազմակերպություններին ներկայացնելու թվային հաղորդակցության վերահսկողությունը թույլատրող դատարանի որոշումը կամ դրա քաղվածքը (պահպանելով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների գաղտնիությունը)։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

26.07.2022

4. Ի տարբերություն գործող օրենքի (31-րդ հոդվածի 4-րդ մաս)՝ Նախագիծը չի սահմանում օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի պարտականությունը՝ դատարանի առջև հիմնավորելու, որ այլ եղանակով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է։ Միևնույն ժամանակ Նախագծի 45-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ համապատասխան ՕՀՄ-ներ կատարելը թույլատրելու վերաբերյալ դատարան ներկայացվող օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի միջնորդությանը կցվում են դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր: Նույն հոդվածի 8-րդ մասը, սակայն, սահմանում է․ «Դատավորին սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերի տրամադրումը մերժվում է, եթե դրա արդյունքում կարող է բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձի, հաստիքային գաղտնի աշխատակցի ինքնությունը»։ Անդրադառնալով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության և համաչափության հարցին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ միջոցառումը թույլատրող դատարանը պետք է պարզի, թե արդյոք պահանջվող միջամտությունը համապատասխանում է ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության պահանջին, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, այդ թվում՝ արդյոք այն համաչափ է հետապնդվող օրինական նպատակներին՝ ստուգելով, օրինակ, թե հնարավոր է այդ նպատակներին հասնել ավելի քիչ սահմանափակող միջոցներով (Klass and others, no. 5029/71, § 51; Association for European Integration and Human Rights and Ekimdzhiev v. Bulgaria, no. 62540/00, § 79-80; Iordachi and Others v. Moldova, no. 25198/02, § 51; Kennedy v. the United Kingdom, no. 26839/05, §§ 31, 32)։ Ինչ վերաբերում է գաղտնի գործակալների ինքնության չբացահայտման նպատակով պայմանավորված՝ նյութերը դատարանին տրամադրելու սահմանափակմանը, այն շատ դեպքերում մարդու իրավունքներին միջամտության օրինականության նկատմամբ դատական վերահսկողությունը հաստատապես կդարձնի խիստ անարդյունավետ և ձևական։ Անդրադառնալով ՌԴ օրենսդրությունում առկա նույնական իրավակարգավորմանը՝ Ռոման Զախարովն ընդդեմ Ռուսաստանի (Roman Zakharov v. Russia, no. 47143/06) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ Ռուսաստանի օրենսդրությունը սահմանել է դատական վերահսկողության սահմանափակ շրջանակ՝ նախատեսելով, որ գաղտնի գործակալների կամ ոստիկանության ազդարարների (informers), օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և մարտավարության մասին տեղեկություններ պարունակող նյութերը չեն կարող ներկայացվել դատավորին և հետևաբար դուրս են դատարանի վերահսկողության շրջանակից: Դատարանը գտել է, որ նշված տեղեկատվությունը դատարաններին չտրամադրելը զրկում է նրանց հնարավորությունից՝ գնահատելու, թե արդյոք կա բավարար փաստական հիմք՝ անձին կասկածելու համապատասխան արարքը կատարելու մեջ (§ 261)։ Այս առնչությամբ Դատարանն ավելի վաղ գտել էր, որ կան մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվի առնելու և՛ անվտանգության օրինական նկատառումները, և՛, այնուամենայնիվ, անհատին տալիս են դատավարական պաշտպանության էական միջոց (mutatis mutandis Chahal v. the United Kingdom no. 22414/93, § 131)։ Առաջարկում ենք փոփոխել նախագիծը և․ նախատեսել/վերականգնել գործող օրենքի իրավակարգավորումը, որի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմինը պետք է դատարանում հիմնավորի, որ այլ եղանակով, քան համապատասխան գաղտնի միջոցառումն է, իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է․ Նախագծից հանել 45-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթը․ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Տեսնել ավելին