Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԾՐԱԳԻՐԸ (ՀԱՐՑԱՇԱՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը

     «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածով սահմանված են համատարած հաշվառումներին վերաբերող դրույթներ, որոնց համաձայն՝ բնակչության համատարած հաշվառումը միջոցառում է, որն ապահովում է բնակչության թվաքանակի և կառուցվածքի, սոցիալ-ժողովրդագրական որոշ բնութագրիչների, բնակարանային պայմանների, տնտեսական միավորների, շենքերի կամ տնտեսությունների համատարած հաշվառման եղանակով տվյալների ստացումը: Հայաստանի Հանրապետությունում իրականացվող համատարած հաշվառումներն են մարդահամարը, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումները: Մարդահամարները և գյուղատնտեսական համատարած հաշվառումներն անցկացվում են առնվազն 10 տարին մեկ:

Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված է, որ համատարած հաշվառում անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում են համատարած հաշվառման անցկացման ժամկետները, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան համատարած հաշվառումը սկսելուց երկու տարի առաջ: Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ համատարած հաշվառումների անցկացման ժամկետները և ծրագրերը (հարցաշարերը) հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշմամբ, իսկ փաստաթղթերը՝ (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական, մեթոդաբանական և այլ փաստաթղթեր) հաստատում է Վիճակագրության Պետական խորհուրդը:

Օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասը պարունակում է Կառավարության համար լիազորող նորմ նորմատիվ որոշմամբ հաստատելու համատարած հաշվառումների անցկացման ժամկետները, ծրագրերը (հարցաշարերը), փորձնական հաշվառումների անցկացման տարածքները, հանրապետական և մարզային հանձնաժողովների կազմը:

Հիշյալ դրույթներով պայմանավորված Կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի անցկացման ժամկետ է սահմանվել՝  2022 թվականի հոկտեմբերի 13-22-ը: Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի մարդահամարի նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի կազմը հաստատված է համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1115-Ն որոշման N 1 հավելվածի, որտեղ սահմանված է, որ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիսանում է հիշյալ հանձնաժողովի նախագահ:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ 2022թ. ապրիլի 8-ին կայացած՝ ՀՀ 2022թ. մարդահամարի հանրապետական հանձնաժողովի նիստի ընթացքում Վիճակագրական կոմիտեն Հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2022թ. մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը, որը մշակվել է ՄԱԿ-ի ուղեցույցներով սահմանված մեթոդաբանությանը համահունչ՝ հաշվի առնելով ՀՀ շահագրգիռ մարմիններից և գործընկեր միջազգային կառույցներից ստացված կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, ինչպես նաև ապահովելով նախորդ մարդահամարների տվյալների հետ առավելագույն համադրելիությունը, այդ թվում՝ նաև միջազգային: Հանձնաժողովի նիստի 08.04.2022թ. N ՓՎ/31-2022 արձանագրային որոշման 2-րդ կետով 2022 թվականի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) նախագիծը հավանության է արժանացել հանձնաժողովի անդամների կողմից, հաշվի առնելով հնգօրյա ժամկետում ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, ինչպես նաև հանձնաժողովի այլ անդամների (եթե կլինեն)՝ Հարցաշարի վերանայման վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտե ներկայացվելիք գրավոր առաջարկները: Համապատասխանաբար, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին առաջարկվել է հանձնաժողովի անդամներից ստացված գրավոր առաջարկների հիման վրա լրամշակել ՀՀ 2022 թվականի մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:

Վիճակագրական կոմիտեի կողմից  մանրամասն քննարկվել են ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  և ՀՀ արդարադատության նախարարություններից ստացված գրավոր առաջարկությունները, դիտարկվել և պարզաբանվել են ամփոփաթերթում: Հանձնաժողովի այլ անդամների կողմից հիշյալ հանձնարարականով սահմանված ժամկետում որևէ լրացուցիչ առաջարկ չի ներկայացվել:

  1. Կարգավորման նպատակը և ակնակալվող արդյունքը

          Նախագծի ընդունման դեպքում կապահովվի «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի պահանջներին համապատասխան 2022թ.-ի մարդահամարի ծրագրի (հարցաշարի) հաստատումը, որի հիման վրա կմշակվի մարդահամարի հարցաթերթը՝ ընտրանքային հարցումների իրականացման համար, ինչի հիման վրա, ապահովելով մարդահամարի ծրագրին համապատասխան վիճակագրական տվյալների հավաքումը, մշակումն ու ամփոփումն ըստ սահմանված ժամկետների: Արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետությունում հերթական մարդահամարի անցկացումը օրենսդրությամբ սահմանված կարգով և Միջազգային հանձնարարականներով սահմանված ընթացակարգերին համապատասխան:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական վիճակագրության իրագործման հիմքը վիճակագրական ծրագրերն են՝ հնգամյա և տարեկան վիճակագրական ծրագրերը, որոնք մշակվում են որպես արդյունավետ ռազմավարական և օպերատիվ կառավարման ու համակարգման առանցքային գործիքներ՝ ողջ ազգային վիճակագրական համակարգի համար: Օրենքի 15-րդ հոդվածում սահմանաված է, որ հնգամյա վիճակագրական ծրագիրը մշակվում է ազգային վիճակագրական համակարգի համար և սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության ռազմավարական զարգացման ուղղությունները օգտագործողների ընթացիկ և զարգացող կարիքները բավարարելու նպատակով: ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 61-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության 2019-2023 թվականների վիճակագրական ծրագիրը (Հնգամյա ծրագիրը), որի 18-րդ կետի 6-րդ ենթակետում որպես նախատեսվող միջոցառում սահմանված է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով նախատեսված հերթական մարդահամարի (2020 թվական) երկրի նպատակներին, ժամանակի պահանջներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հանձնարարականներին համահունչ ծրագրավորելու և դրա կազմակերպական գործառույթների նախապատրաստմանն ուղղված աշխատանքների իրականացումը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի (վարչական ռեգիստրի) տվյալների հիման վրա մարդահամար անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրումը: 

  1. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական և համայնքի բյուջեների եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմինները

          Նախագիծը մշակվել է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:

  • Քննարկվել է

    28.06.2022 - 13.07.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն, Տնտեսական, Հանրային կառավարում

  • Նախարարություն

    ՀՀ վիճակագրական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4008

Տպել