Հիշել նախագիծը

«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի համաձայն՝  հուշարձանների քանդումն արգելվում է:

      Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքում, եթե հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել: Այս դեպքում լիազոր մարմինը անվտանգության անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի հարմար վայրում հուշարձանի ապամոնտաժման, տեղափոխման և վերականգնման համար: Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

      Հուշարձանի փոփոխումը կատարվում է բացառիկ` նրա սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ օգտագործելու անհնարինության և (կամ) շահագործման նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու դեպքերում: Հուշարձանի փոփոխումը չի կարող զուգորդվել նրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեք հանդիսացող արտաքին ու ներքին ծավալների, դրանց առանձին տարրերի ու դրվագների անդարձելի խեղմամբ, աղճատմամբ կամ ոչնչացմամբ:

      Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ:

      Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:

      Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:

      Նույն հոդվածով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:

      Գործող իրավակարգավորումների շրջանակում հուշարձանի տեղափոխումը կարող է իրականացվել միայն նյութական պահպանության հետ կապված խնդրի դեպքում, ինչը հնարավորություն չի ընձեռում հուշարձանի տեղափոխման գործընթացն իրականացնել այլ հիմքերով, այն է՝ դիտելիության ապահովման, պատշաճ խնամքի կազմակերպման և այլն:

      Մինչդեռ, հուշարձանի տեղափոխման անհրաժեշտություն և պահանջ կարող է առաջանալ նաև այլ հիմքերով: Օրինակ՝ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված տեղական նշանակության «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը գտնվում է ցանկապատված տարածքում (Վաղարշյան 12 շենքին հարող տարածք)՝  շրջափակված տարատեսակ շինություններով, ինչը խաթարում է հուշարձանի տեսողական ընկալումը: Ավելին, հուշարձանի հասանելիության և դիտելիության սահմանափակվածությունը խնդրահարույց է դարձնում հուշարձանի՝ գաղափարական-գեղագիտական ծանրաբեռնվածության նախանշված նպատակների և խնդիրների ողջ ծավալով և հնարավորությամբ իրականացումը:

      Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է որպես հուշարձանի տեղափոխման բացառիկ դեպք, ի թիվս նյութական պահպանության պահանջի, ամրագրել նաև հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալման ապահովման անհրաժեշտությունը և պատշաճ խնամքի կազմակերպումը:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:

      Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

      Ներկայացված նախագծի ընդունման դեպքում հնարավոր կլինի ապահովել  անշարժ հուշարձանների առավել դիտելիությունը, կազմակերպել դրանց պատշաճ խնամքը:

      Օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

      Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

      Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

      Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

      Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ  

      Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.9-րդ՝ «Մշակույթ» բաժնի 2-րդ պարբերության 1-ին և 2-րդ կետերի դրույթների պահանջներից:

  • Քննարկվել է

    13.06.2022 - 29.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն, Մշակութային, Տարածքային կառավարման և զարգացման, Կադաստր

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2708

Տպել