Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը բխում է 2021 թվականի դեկտեմբերի 14-ի պետաիրավական նախարարական կոմիտեի նիստի թիվ ԿԱ/254-2021 արձանագրության 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված պահանջից և պայմանավորված է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգների կամ համարժեք նյութերի չափաքանակների մասով որոշակիության մտցնելով՝ իրավակիրառ պրակտիկայում տարընթերցումներից խուսափելու նպատակով:

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հասկացությունների համաձայն` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի անալոգները (համարժեքներ)` ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների ցանկում չընդգրկված, շրջանառության համար արգելված բնական կամ սինթետիկ ծագում ունեցող նյութեր են, որոնց քիմիական կազմը և հատկությունները նման են այն թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիմիական կազմին և հատկություններին, որոնց հոգեպարար ազդեցությունը նրանք վերարտադրում են:

Նյութի անալոգը ենթադրում է նյութի տեսակ, որը կրկնում է մեկ այլ նյութի կենսաբանական և քիմիական հատկությունները: Ըստ էության, անալոգը դա կոնկրետ նյութ չէ, այլ նյութ, որը կարող է կրկնել արդեն հայտնի ինչ-որ նյութի հատկությունը: Եվ քանի որ հնարավոր չէ սահմանել մի նյութի չափաբաժին, որը դեռ հայտնի չէ կամ դեռևս գոյություն չունի:

Գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել և հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի և առողջության համար, և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր): 2021թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 21-ից:ՀՀ օրենսդրությոնը Համաձայնագրի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում` նախատեսելով «թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ հասկացությունը: Նշված օրինագծերը քննարկվել են ՀՀ Աժ-ում առաջին ընթերցմամբ: 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի 393-րդ հոդվածը լրացնել նոր մասով, ըստ որի` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի անալոգի կամ ածանցյալի չափը համապատասխանում է այն թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի չափին, որի անալոգը կամ ածանցյալը հանդիսանում է այդ նյութը: Նման իրավական պրակտիկա է կիրառվում նաև ՌԴ-ում:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է խուսափել օրենսդրության տարընկալումներից և ապահովել իրավական որոշակիությունը։

 

 

  • Քննարկվել է

    27.05.2022 - 11.06.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Քրեական օրենսդրություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2852

Տպել