Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՙ ՚ ----------- 2022 թվականի N - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


     Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է:
      1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների կազմակերպման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի:
         2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան

2022թ.
Երևան


Հավելված
ՀՀ կառավարության
-------- 2022թ․N--- -Ն որոշման


ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

     1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1․ Սույն ընթացակարգով կարգավորվում են գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարիքների (այսուհետև՝ ՀՀ ԶՈՒ կարիքներ) համար սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների (այսուհետև նաև՝ ռազմական նշանակության գնումներ կամ ՌՆԳ) գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։
    2. Սույն ընթացակարգով իրականացվում են թե´ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում (այսուհետ նաև՝ ծրագիր) ընդգրկված, և թե´ ծրագրում չներառված սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների գործընթացները: Եթե սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման տեսանկյունից ծագել է այնպիսի գնման անհրաժեշտություն, որը ներառված չէ ծրագրում, ապա այն կարող է իրականացվել միայն տվյալ գնման առարկան ծրագրում ընդգրկվելուց հետո:
     3․Ռազմական նշանակության գնումների գործընթացը կարգավորվում է գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, համապատասխան միջազգային պայմանագրերով, սույն ընթացակարգով։

2. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

   4. ՀՀ ԶՈՒ կարիքների համար ծրագրում չընդգրկված սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի (այսուհետ՝ նախարար) համաձայնությամբ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (այսուհետ՝ ԳՇ պետի) կողմից ներկայացված գրավոր առաջարկությամբ, որը պետք է ներառի՝
  1) տվյալ գնման կարիքի նկարագրերը, որոնք պետք է սպառիչ և բավարար ճշտությամբ պարզաբանեն, թե կոնկրետ ինչ խնդիր է պլանավորվում լուծել այդ միջոցի ձեռքբերմամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել պլանավորված և փաստացի արդյունքները, զինված ուժերում գնման առարկա հանդիսացող սպառազինության և ռազմական տեխնիկայի առկա քանակները (եթե առկա են), դրանց վիճակը, դրանց ավելացման անհրաժեշտությունը։ Ընդ որում, գնման կարիքը պետք է ուղղակի բխի զինված ուժերի մարտական կիրառման պլաններից.
   2) սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցի գնման (աշխատանքի կատարման և/կամ ծառայության մատուցման) նախընտրելի ժամանակացույցը՝ նշելով, թե երբ պետք է գնման առարկան հանձնվի պատվիրատուին, նախնական մոտավոր արժեքը, ինչպես նաև ֆինանսավորման հնարավոր աղբյուրը և վճարման ժամանակացույցը, կամ տեղեկատվություն՝ ֆինանսավորման հնարավոր աղբյուրի բացակայության մասին,
   3) համեմատական վերլուծություն և հավաստում առ այն, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի հնարավոր այլ միջոցների համեմատ, տվյալ միջոցը հանդիսանում է առավել տնտեսող, արդյունավետ և օգտավետ.
    4) այլ տեղեկություններ՝ ԳՇ պետի հայեցողությամբ։
    5. Եթե որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից ներկայացվել է ՌՆԳ հետ կապված առևտրային առաջարկ, ապա այն ենթակա է քննարկման 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ հետևյալ պայմանների առկայության դեպքում.
    1) առաջարկի վերաբերյալ առկա է ԳՇ պետի գրավոր համաձայնությունը՝ սույն ընթացակարգի 4-րդ կետում նախատեսված տեղեկատվությամբ հանդերձ.
  2) ներկայացնողն ունի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության գործող լիցենզիա, կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ՝ տվյալ սպառազինության և ռազմական տեխնիկայի անմիջական արտադրողը և հանդես չի գալիս որպես միջնորդ։ Սույն ենթակետի պահանջների չապահովման դեպքում առաջարկը, այն ստանալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում, մերժվում է.
  3) տվյալ արտադրանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համապատասխան ծրագիր-մեթոդիկաների համաձայն անցել է պետական փորձարկումներ և տրվել է դրական եզրակացություն` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ արտադրողի կողմից առաջարկ ներկայացվելու դեպքում, իսկ ոչ ռեզիդենտի պարագայում՝ արտադրող երկրի սերտիֆիկատը՝ պետական փորձարկումներ անցած լինելու մասին:


3. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ
ՄԵԿՆԱՐԿԸ

   6. ՌՆԳ գործընթացի մեկնարկը սկսվում է նախարարին ուղղված ԳՇ պետի գրավոր առաջարկությամբ՝ նշելով գնումը կատարելու հիմքը և անհրաժեշտությունը: Դրական որոշման դեպքում, առաջարկը նախարարի համապատասխան մակագրությամբ հասցեագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում պատվիրատուի ղեկավարին (այսուհետ՝ պատվիրատուի ղեկավար)՝ որպես առաջին հասցեատեր, և ԳՇ պետին՝ որպես երկրորդ հասցեատեր, ի գիտություն։ Բացասական կամ առաջարկը լրամշակելու, կամ պարզաբանելու կամ այլ որոշման դեպքում՝ առաջարկին ընթացք է տրվում ըստ նախարարի ցուցումի։
   7. ՌՆԳ գործընթաց մեկնարկելու դրական որոշման դեպքում պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանմանը (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանում)՝ ընթացք տալ առաջարկությանը, հետևյալ կարգով.
   1) եթե գնման ֆինանսավորման աղբյուրը բացակայում է, ապա իրավասու ստորաբաժանումը, ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ, ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հաջորդ տարիների բյուջեների միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին, այդ թվում՝ տարաժամկետ վճարմամբ գնման ֆինանսավորման հնարավորությունը, և տաս աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուի ղեկավարի միջոցով նախարարին է ներկայացնում գրավոր կարծիք։ Ընդ որում, եթե ֆինանսավորման հնարավոր աղբյուրը՝
   ա. չի բացահայտվում և առկա չէ հաջորդ տարիների բյուջեների միջոցների կամ այլ աղբյուրների հաշվին, այդ թվում՝ տարաժամկետ վճարմամբ գնման ֆինանսավորման հնարավորություն, ապա գնման գործընթաց չի մեկնարկում,
   բ. բացահայտվում է, ապա ֆինանսավորման աղբյուրի վերաբերյալ նախարարի դրական որոշման դեպքում, պատվիրատուի ղեկավարը հանձնարարում է սահմանված կարգով մեկնարկել գնման գործընթաց,
   2) եթե գնումը պետք է իրականացվի համապատասխան միջազգային պայմանագրի շրջանակներում, այսինքն՝ տվյալ գնման ընթացակարգի նկատմամբ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները կիրառելի չեն, ապա իրավասու ստորաբաժանումն այդ մասին պատվիրատուի ղեկավարին է ներկայացնում գրավոր կարծիք, ներկայացնելով նաև պայմանագրի կնքման համար անհրաժեշտ գործողությունները, ժամանակացույցը և համապատասխան փաստաթղթերի նախագծերը։ Ընդ որում, եթե գնումը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ին կնքված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում, որի վերաբերյալ իրավասու ստորաբաժանումը ներկայացնում է գրավոր կարծիք, ապա պատվիրատուի ղեկավարը պայմանագրով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 4-ի N 1360-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմում է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը (ФСВТС)՝ որպես նախընտրելի գործընկեր առաջարկելով «Рособоронэкспорт» և «Национальная авиационно-сервисная компания» բաժնետիրական ընկերություններին։ Դիմումի պատճենը պատվիրատուի ղեկավարի կողից ստորագրվելոց հետո եռօրյա ժամկետում ուղարկվում է ԳՇ պետին՝ ի գիտություն։ Այս դեպքում գնման գործընթացն իրականացվում է համապատասխան միջազգային պայմանագրով և դրա հիման վրա ընդունված ակտերով սահմանված կարգով.
   3) եթե գնումը պետք է կատարվի գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և եթե գնումը հնարավոր է (կամ պետք է) իրականացնել միայն մեկ անձից, ապա իրավասու ստորաբաժանումը, որպես պատասխանատու ստորաբաժանում, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի ցանկի 5-րդ կետի պահանջը, հաստատում է գնման հայտը: Գնման հայտով ներկայացվում են այդ ընկերության տվյալները` միաժամանակ գրավոր հիմնավորելով և հավաստելով, որ տվյալ գնումը հնարավոր է իրականացնել միայն այդ անձից, որի շրջանակներում՝
   ա. հրավերը, գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գնումները համակարգող ստորաբաժանմանը (այսուհետ՝ գնումները համակարգող) ուղեկցող գրությամբ, ուղարկվում է հնարավոր մասնակցին՝ առաջարկելով ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ, միաժամանակ հրավիրելով բանակցությունների։ Հրավերով նաև սահմանվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք՝ կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը,
    բ. հնարավոր մասնակցի, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի՝ գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները։ Բանակցությունները չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կարող են միաժամանակ բանակցվել միայն մասնակցի գնային առաջարկը նվազեցնելու և (կամ) վճարման պայմանների փոփոխության ուղղությամբ,
   գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը, այն կազմելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
   դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանագրի մյուս կողմի հաստատած՝ ստորագրված և կնքված պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է՝ ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ հետ վերադարձնում, պարզաբանելով և հիմնավորելով մերժումը.
       4) եթե ընդունելի են մեկից ավելի, սակայն սահմանափակ թվով ֆիրմային անվանմամբ կամ մոդելով ապրանքատեսակներ և գնումը նախատեսվում է իրականացնել առանց միջնորդի՝ գնման առարկան արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից, ապա գնման հայտով ներկայացվում են այդ ընկերությունների տվյալները՝ միաժամանակ գրավոր հիմնավորելով և հավաստելով նշված հանգամանքը։ Ընդ որում՝
    ա. հրավերը, գնման հայտը հաստատվելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, գնումները համակարգողի ուղեկցող գրությամբ, առանձին ուղարկվում է հնարավոր բոլոր մասնակիցներին՝ առաջարկելով ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ, հրավիրելով միաժամանակյա բանակցությունների՝ նշելով բանակցությունների օրը, ժամը, վայրը։ Հրավերում նաև նշվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք՝ կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող 10-րդ աշխատանքային օրը,
   բ. առաջարկներ ներկայացրած մասնակիցների, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և ԶՈՒ գլխավոր շտաբի՝ գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները։ Բանակցությունները չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կարող են միաժամանակ բանակցվել միայն մասնակցի գնային առաջարկը նվազեցնելու և (կամ) վճարման պայմանների փոփոխության ուղղությամբ: Բանակցությունների վերջնաժամկետին նվազագույն գին առաջարկած մասնակցին առաջարկվում է կնքել գնման պայմանագիր,
  գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը, այն կազմելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
  դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանագրի մյուս կողմի ստորագրած և կնքած պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է՝ ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ մերժումով հետ վերադարձնում, պարզաբանելով և հիմնավորելով մերժումը.
   5) եթե սույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը կիրառելի չեն, ապա գնման հայտով նախատեսվում է, որ հնարավոր մասնակիցը պայմանագրի կնքման և կատարման ողջ ընթացում պետք ունենա օրենքով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման կամ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության գործող լիցենզիա։ Իրավասու ստորաբաժանումը վարում է գործող լիցենզիա ունեցող անձանց ցուցակ (գրանցամատյան)։ Ընդ որում, սույն ենթակետով նախատեսված գնման շրջանակներում՝
  ա. հրավերը, գնման հայտը այն հաստատվելու օրվան հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում, գնումները համակարգողի ուղեկցող գրությամբ, առանձին ուղարկվում է լիցենզավորված բոլոր անձանց՝ առաջարկելով ոչ ուշ, քան տաս աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել գնային առաջարկ, հրավիրելով միաժամանակյա բանակցությունների՝ նշելով բանակցությունների օրը, ժամը, վայրը։ Հրավերում նաև նշվում է, որ կանխավճար նախատեսվելու դեպքում, մինչև կանխավճարի հատկացումը, պետք է պատվիրատուին ներկայացվի Հայաստանի Հանրապետությունում գործող բանկի կողմից տրամադրված բանկային երաշխիք՝ կանխավճարի չափով, որը պետք է գործի մինչև կանխավճարի մարման օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը,
   բ. առաջարկներ ներկայացրած մասնակիցների, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարիև ԶՈՒ գլխավոր շտաբի՝ գնման կարիքը ձևավորած կառուցվածքային ստորաբաժանման ներկայացուցիչների միջև բանակցությունները գնումները համակարգողի կողմից կազմակերպվում են գնային առաջարկը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Բանակցությունները ձայնագրվում և գրավոր արձանագրվում են, արձանագրությունը ստորագրում են բանակցության բոլոր մասնակիցները։ Բանակցությունները չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կարող են միաժամանակ բանակցվել միայն մասնակցի գնային առաջարկը նվազեցնելու և (կամ) վճարման պայմանների փոփոխության ուղղությամբ։ Բանակցությունների վերջնաժամկետին նվազագույն գին առաջարկած մասնակցին առաջարկվում է կնքել գնման պայմանագիր,
 գ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է չկնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը, այն կազմվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուի ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է նախարարին և ԳՇ պետին,
 դ. եթե բանակցությունների արդյունքում որոշվում է կնքել գնման պայմանագիր, ապա բանակցությունների արձանագրությունը և պայմանարգի մյուս կողմի ստորագրած և կնքած պայմանագրի օրինակները, դրանք պայմանագրի մյուս կողմի կողմից հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացվում են պատվիրատուի ղեկավարին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է՝ ստորագրում և կնքում է գնման պայմանագիրը կամ մերժումով հետ է վերադարձնում, պարզաբանելով և հիմնավորելով մերժումը։
   8. Սույն ընթացակարգի 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի շրջանակներում՝
  1) գնային առաջարկները ներկայացվում են փակ ծրարով և բոլոր հայտատուներին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել հայտերի բացմանը.
   2) գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հայտի, որակավորման և պայմանագրի կատարման ապահովումները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված կարգով, ձևերով և չափով, բացառությամբ որակավորման ապահովման չափի, որը հավասար է ընտրված մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին.
 3) միաժամանակյա բանակացությունները վարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ սահմանված կարգով:
  9. Սույն ընթացակարգի կիրառման մեթոդական ցուցումները սահմանում է պատվիրատուի ղեկավարը։
  10. Սույն ընթացակարգից տարբերվող պայմաններով սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով:

  • Քննարկվել է

    24.05.2022 - 08.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2446

Տպել