Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքում իրականացվող փոփոխության անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից, Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» վերտառությամբ 2016 թվականի փետրվարի 25-ին հրապարակված թիվ Greco Eval IV Rep (2015) 1E[1] (գնահատման զեկույց) և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակված թիվ GrecoRC4(2021)15[2] (համապատասխանության զեկույց) զեկույցներից։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ԳՐԵԿՈ-ի կողմից իր 69-րդ լիագումար նիստում ընդունվել է Գնահատման չորրորդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցը, որը հրապարակվել է 2016 թվականի փետրվարի 25-ին՝ Հայաստանի կողմից թույտվություն ստացվելուց հետո (Greco Eval IV Rep (2015) 1E [ԳՐԵԿՈ-ի գնահատման IV զեկույց (2015) 1E]): Զեկույցում ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացվել է 18 հանձնարարական, որոնք վերաբերում են պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելմանը:

Զեկույցում անդրադառնալով հանրային պաշտող զբաղեցնող անձանց կողմից նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ գործող կարգավորումներին` ԳՐԵԿՈ-ն նշել է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված նվերների վերաբերյալ կանոնները, որոնք վերաբերում են ինչպես խորհրդարանի անդամներին, այնպես էլ այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին, վերանայման կարիք ունեն։

Մասնավորապես, ԳՐԵԿՈ-ն անբավարար է գնահատել ստացված նվերները բացահայտելու վերաբերյալ համընդհանուր պարտականության բացակայությունը (բացի եկամուտների տարեկան հայտարարագրեր ներկայացնելու ընդհանուր պահանջից, որը հստակորեն չի սահմանում նվերների կամ այլ օգուտների տեսակները):

Միաժամանակ, ԳՐԵԿՈ-ն արձանագրել է, որ նվերների վերաբերյալ գոյություն ունեցող արգելքներն ու կանոնակարգերը չեն ընդգրկում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձանց շրջանակը։ Սահմանված կարգավորումների հնարավոր շրջանցումները կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ դրանք տարածվեն նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների հետ փոխկապակցված անձանց տրված կամ առաջարկվող այն նվերների վրա, որոնք կապված են պաշտոնատար անձի պարտականությունների կատարման հետ:

ԳՐԵԿՈ-ն ընդգծել է նաև «նվեր» հասկացության բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությունը, նշելով, որ գործող կարգավորումներից հասկանալի չէ՝ այդ հասկացությունը վերաբերում է միայն նյութակա՞ն օբյեկտներին, թե՞ այն ​​բավականին լայն է և կարող է ընդգրկել նաև այլ առավելությունները, ինչպիսիք են՝ հյուրասիրությունը, անվճար ճանապարհորդությունը, երրորդ անձանց կողմից տրամադրվող կացարանը, մշակութային և սպորտային միջոցառումների հրավերները և այլն։

Ըստ ԳՐԵԿՈ-ի՝ սահմանված կարգավորումները պարունակում են պարզաբանման կարիք ունեցող մի շարք հասկացություններ, մասնավորապես, «առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի», կամ «բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին» «բացառությամբ մերձավոր ազգականից ստացված նվերների», «պետական կամ պաշտոնական այցերի կամ միջոցառումների ժամանակ տրվող նվերները կամ կազմակերպվող հյուրասիրությունը» հասկացությունները։ Նման անորոշ հասկացություններն ստեղծում են տարբեր չարաշահումների վտանգ, մինչդեռ վերը նշված հարցերի վերաբերյալ գործնական ուղեցույցները պետք է հիմնված լինեն և բխեն օրենսդրական կարգավորումներից և հանրային ծառայողների վարքագծի կանոններից։

ԳՐԵԿՈ-ն առաջարկել է մշակել պատգամավորների, դատավորների, դատախազների կողմից նվերներ ընդունելու նկատմամբ կիրառվող կանոններ, որպեսզի հնարավոր լինի տալ այնպիսի հստակ սահմանումներ, որոնք կընդգրկեն ցանկացած օգուտ, այդ թվում՝ բնաիրային օգուտներն ու փոխկապակցված անձանց տրամադրվող օգուտները, ներմուծել ստացված նվերների մասին վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմին հայտնելու պահանջ, իսկ դատավորներին առնչվող հատուկ դեպքում՝ նվազեցնել գործող այն շեմերը, որոնց դեպքում պահանջվում է հայտնել նվերի մասին։[3]

ԳՐԵԿՈ-ն արձանագրել է նաև, որ թե՛ «Հանրային ծառայության մասին» օրենքի, թե՛ Դատական օրենսգրքի՝ թույլատրելի նվերների վերաբերյալ կարգավորումներում առկա են անորոշ ձևակերպումներ։ Օրենքով որոշ նվերների և հյուրասիության մասին հայտնելու պահանջ սահմանված չէ, օրինակ «սովորաբար կազմակերպվող հյուրասիրություն», «կրթաթոշակ, դրամաշնորհ կամ նպաստ, որը տրվել է հրապարակային մրցույթի արդյունքով՝ մյուս դիմորդների նկատմամբ կիրառված նույն պայմաններով և նույն չափանիշներով կամ թափանցիկ այլ գործընթացի հետևանքով», «բարեկամից ստացված նվերները, եթե նվերն էությամբ և չափով ողջամտորեն համապատասխանում է միմյանց միջև հարաբերությունների բնույթին»։

Արձանագրվել է նաև, որ առկա չեն նվերների հաղորդման և գրանցման կոնկրետ մեխանիզմներ,[4] իսկ ընթացիկ կարգավորումները, որոնց համաձայն՝ նվերները ստուգվում են միայն որպես տարեկան եկամուտների հայտարարագրերի մաս՝ այնքանով, որքանով դրանք հանդիսանում են գույք կամ եկամուտ, ակնհայտորեն բավարար չեն ապահովելու համար շարունակական և համապարփակ վերահսկողություն:[5]

ԳՐԵԿՈ-ն հրապարակված զեկույցում առաջարկում է ներդնել մեխանիզմներ, այդ թվում՝ նախատեսելով համապատասխան պատժամիջոցներ՝ ապահովելու համար անկախ, շարունակական և ակտիվ վերահսկողություն էթիկայի կանոնների և անհամատեղելիության պահանջների, շահերի բախման և նվերների ընդունման սահմանափակումների պահպանման նկատմամբ[6]։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացված հանձնարարականների, ինչպես նաև միջազգային փորձագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում՝ իրականացնելով համապատասխան փոփոխություններ «Հանրային ծառայության մասին», «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Դատախազության մասին» և մի շարք այլ հարակից օրենքներում: Այդպիսով կապահովվի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ կարգավորումների միասնականությունը և կբացառվի տարբեր օրենքներում տարաբնույթ կարգավորումների առկայությունը։

Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը 2022-2023 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությամբ ամրագրված նպատակներից։

 

[1] Greco Eval IV Rep (2015) 1E, Evaluation Report (4th Evaluation Round) https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806c2bd8

[2] GrecoRC4(2021)15, Interim Compliance Report (4th Evaluation Round)

 https://rm.coe.int/fourth-evaluation-round-corruption-prevention-in-respect-of-members-of/1680a3fcad

[3] Պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցում գնահատվում են Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումները՝ ուղղված ԳՐԵԿՈ-ի կողմից իր 69-րդ լիագումար նիստում ընդունված՝ Գնահատման չորրորդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում ներկայացված հանձնարարականների կատարմանը (2015 թվականի հոկտեմբերի 16), այն հրապարակվել է 2016 թվականի փետրվարի 25-ին (Greco Eval IV Rep (2015) 1E [ԳՐԵԿՈ-ի գնահատման IV զեկույց (2015) 1E]):

[4] https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806c2bd8, pages 16-17

[5] https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806c2bd8, page 23

[6] https://rm.coe.int/CoERMPublicCommonSearchServices/DisplayDCTMContent?documentId=09000016806c2bd8, page 23

  • Քննարկվել է

    16.05.2022 - 31.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3567

Տպել