Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը
Վարչապետի 05.11.2021 N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում իրավական հիմնավորվածության ապահովման համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրվել են աշխատանքի ոլորտին առնչվող ՀՀ կառավարության և վարչապետի որոշումները։ Միաժամանակ, հաշվի առնելով նույն հանաձնարարականի գույքագրման արդյունքում համապատասխան իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու պահանջը՝ առկա է Կառավարության 15.11.1992 N 579-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու համար լիազորող նորմ ամրագրելու անհրաժեշտություն, որով էլ պայմանավորված է ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը։

2․ Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները
Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասության համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
Սահմանադրաիրավական նշված նորմի բովանդակությունից բխում է, որ Սահմանադրությամբ նախատեսված մարմինները, այդ թվում՝ Կառավարությունը, լիազորված են ընդունելու ենթաօրենսդրական ակտեր միայն օրենքով հստակ նախատեսված դեպքերում, իսկ լիազորող նորմը պետք է համապատասխանի որոշակիության սկզբունքին, այսինքն՝ պետք է լինի բականաչափ հստակ՝ օրենսդրի կամքի բովանդակությունը և սահմանները հասկանալու համար:
Ուստի, յուրաքանչյուր դեպքում կոնկրետ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունելու՝ Կառավարության լիազորությունը պետք է ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով, որին էլ «Նորմատիվ իրավական ատերի մասին» օրենքի պահանջներին համապատասխան, պետք է հղում կատարվի ընդունվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախաբանում:
Անդրադառնալով բուն Նախագծի կարգավորումներին հարկ է մասնավորապես նշել.
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, Աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, Կառավարության 15.11.1992 «Ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատողներին աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման կարգի մասին կանոնները հաստատելու մասին» N 579 որոշման, ՀՀ կառավարության 23.07.2009 «Կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի համար՝ սահմանված կարգով պատասխանատու ճանաչված իրավաբանական անձի լուծարման կամ սնանկ ճանաչման դեպքում համապատասխան վճարների կապիտալացման և դրանք տուժողին վճարելու կարգը հաստատելու մասին» N 914-Ն որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 15.11.1992 N 579 որոշմամբ ամրագրված իրավակարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանն այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչև ՀՀ կառավարության 22.07.2004 N 1094-Ն որոշմամբ կատարված փոփոխությունն ուժի մեջ մտնելն (ուժի մեջ է մտել 26.08.2004) աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձինք կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պահպանում են պետական բյուջեի հաշվին փոխհատուցում ստանալու իրավունքը:
Սահմանադրական դատարանի 30.11.2021 N ՍԴՈ-1618 որոշման 3-րդ կետի պահանջն իրացնելու համար Կառավարության 15.11.1992 N 579 որոշման կարգավորումներում որոշակի փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել։ Մինչդեռ, Կառավարության համար նման փոփոխություն կատարելու ուղիղ լիազորող նորմ օրենքով սահմանված չէ։ Միաժամանակ, հիմք ընդունելով այն, որ կարգավորվելու են հարաբերություններ մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձանց հետ կապված, իսկ Աշխատանքային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 21.06.2005-ից, համապատասխան լիազորող նորմ Նախագծով նախատեսվում է լրացնել ոչ թե Աշխատանքային օրենսգրքում, այլ ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում։

3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի մշակման նպատակը մինչև 2004 թվականի օգոստոսի 26-ն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնաս կրած անձանց՝ կազմակերպության գործունեության դադարեցման դեպքում կապիտալացված միջոցների բացակայության կամ անբավարար լինելու պարագայում պետական բյուջեի միջոցներից փոխհատուցում ստանալու կարգը սահմանելու նպատակով Կառավարության համար համապատասխան լիազորող նորմի ամրագրումն է։

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի կապված չէ:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

7․ Ակնկալվող արդյունքը
Սահմանդրությամբ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին ներկայացվող պահանջի ապահովումը:

  • Քննարկվել է

    29.04.2022 - 16.05.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2905

Տպել