Հիշել նախագիծը

«ՀՀՇՆ 31-02- «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 31-02- «ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐ. ՄԱՍ II. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բնակելի անհատական տների կառուցման և/կամ վերակառուցման (այդ թվում ապամոնտաժման) աշխատանքների, նախագծման, դրանց անվտանգ և մատչելի շահագործման արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար օրենսդրական և ենթաօրենսդրական հստակ իրավակարգավորումներ, նորմատիվ պահանջներ  առկա չեն:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս, անհատական բնակելի տների մասով ի հայտ եկած քաղաքաշինական խնդիրները դիտարկվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.10.2014 թվականի «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N263-Ն և 31.03.2014թ «ՀՀՇՆ 31-01-2014 «Բնակելի շենքեր. Մաս I.Բազմաբնակարան  բնակելի շենքեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N93-Ն hրամանների շրջանակներում, որոնք պարունակում են ընդամենը ընդհանուր դրույթներ և չեն կարող կարգավորել անհատական բնակելի տներին վերաբերող մասնավոր քաղաքաշինական խնդիրներն ու դրանց առանձնահատկությունները:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին նախաձեռնել է «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» շինարարական նորմերի մշակման գնման  գործընթացը:  2021 թվականի ապրիլի 23-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/23 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «ԱՏՐԻՈՒՄ ՊՐՈ ՍՏՈՒԴԻՈ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը պատվիրվել են «Բնակելի շենքեր. Մաս II. Անհատական բնակելի տներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օր:

Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և ներկայացվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում

Հոդված 6.6 «Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... »

2)  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որն ընդգրկում է` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման բոլոր տեսակները.»

3) ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին»  N 531-Լ որոշում

Կետ 14` «Արդի պայմաններում քաղաքաշինության քաղաքականությունը ձևավորվում և իրականացվում է համաշխարհային տնտեսության գլոբալիզացման պայմաններում: Տեխնոլոգիական գործընթացները ենթադրում են հասարակության գործունեության և մարդկանց կյանքի կազմակերպման նոր մոտեցումներ, մեծացնում են աղետների սպառնալիքը, հետևաբար՝ անվտանգության պահանջները: Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը:»

4. Lրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտության և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին 

Նախագծի ընդունման կապակցությամբ   լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտե, «ԱՏՐԻՈՒՄ ՊՐՈ ՍՏՈՒԴԻՈ» ՍՊ ընկերությունը:

6. Ակնկալվող արդյունքը

Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է համայնքային բնույթ կրող քաղաքաշինական այն խնդիրների լուծման և կարգավորման անհրաժեշտությամբ, որոնք պայմանավորված են անհատական բնակելի տների առանձնահատկություններով և պահանջում են տարբերակված լուծումներ, մասնագիտական հատուկ մոտեցումներ, պարտադիր կատարման ենթակա սահմանափակումներ՝ գյուղական, ինչպես նաև քաղաքային խիտ և խառը կառուցապատման միջավայրում (տարածքներում):

  • Քննարկվել է

    26.04.2022 - 11.05.2022

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3594

Տպել