Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 48-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կենսավառելիքի արտադրության և գործածության խթանման նպատակով շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և Կառավարության քննարկմանն ներկայացվել ջեռուցման նպատակով կենսավառելիքի օգտագործման կայուն զարգացման ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը, ինչը, բացի ոլորտի զարգացման ուղղություններից, ֆինանսական վերլուծությունից, միջազգային փորձի ուսումնասիրությունից՝ ներառում է նաև պետական կառավարման մարմինների կողմից իրականացվելիք հստակ միջոցառումներ և դրանց իրականացման ժամկետներ։ Փաստաթղթով ներկայացված առաջարկությունները, միջոցառումները, դրանց իրականացնող մարմիններն ու կատարման ժամկետները արտացոլող դրույթներն անհրաժեշտ է ամրագրել իրավական ակտով, ինչի համար առկա չեն Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված օրենսդրական հիմքերը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2022 թվականի մարտի 9-ի նիստի N ԿԱ/68 արձանագրության 1-ին կետի 1-ին ենթակետով առաջարկվել էր քննարկել կենսազանգվածի էներգիայի ոլորտի զարգացման ռազմավարությունը էներգետիկ ոլորտի ռազմավարության մեջ առանձին բաժնով կամ հավելվածով նախատեսելու հարցը։

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը), Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ վերոնշյալ որոշման 1-ին և 2-րդ կետերով հավանության արժանացած Հայաստանի  Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրում և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցում (մինչև 2040 թվականը) ներառել կենսավառելիքի արտադրության  ու գործածության խթանմանն ուղղված ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն հանրապետությունում կենսավառելիքի (պինդ, հեղուկ և գազային) արտադրության և գործածության խթանման միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, պատասխանատու մարմինները։ Հարկ է նշել, որ կենսազանգվածի էներգիայի ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն, քանի որ հանածո վառելիքի այրումը, անտառների գերշահագործումը, ինչպես նաև խոտածածկ տարածքների այրումը և դրա հետևանքով առաջացող անտառային հրդեհները զգալի բացասական ազդեցություն ունեն մթնոլորտային օդ վնասակար արտանետումների և կլիմայի փոփոխության վրա։ Կենսազանգվածային հիմքով վառելանյութերի օգտագործման խթանումը կնպաստի գյուղական վայրերում շրջակա միջավայրի պահպանությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, կայուն զարգացմանը և մարդու կյանքի որակի ու առողջության բարելավմանը։

Հայաստանի Հանրապետությունում կենսավառելիքի ոլորտի աջակցության ծրագրի իրականացումն ուղղված է ոլորտի տնտեսավարողների համար մատչելի պայմանների ստեղծմանը՝ լիզինգի մեխանիզմների կիրառման և  ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական հագեցվածությանը բարձրացմանը, դրանց արդիականացմանը, կազմակերպության արտադրողականության բարձրացմանը։ Արդյունքում՝ նպաստավոր պայմաններ կստեղծվեն կենսավառելիքի արտադրության ծավալների ավելացման, միջազգային չափորոշիչներին համապատասխան որակական և անվտանգության պահանջների ապահովման, մրցունակության բարձրացման, ներկրվող կենսավառելիքը տեղական արտադրանքով փոխարինելու, ինչպես նաև արտահանման համար:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքում պետական բյուջեի ծախսային մասը կավելանա այն չափով, ինչքանով որ պետության կողմից կֆինանսավորեն նախանշված աջակցության ծրագրերը, իսկ եկամտային մասում ավելացումներ կանխատեսվում են աջակցության ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսվարողների կողմից հարկերի վճարման մասով։ Պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխությունների հստակ չափն իրատեսական կլինի հաշվարկել՝ նախատեսված միջոցառումների կատարումն ապահովող իրավական ակտերի մշակման ընթացքում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթին, Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրին, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններին ուղղակիորեն չի առնչվում։

Նախագծի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» N 610-Լ որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ կենսավառելիքը համարվում է որպես կլիմայի վրա չեզոք ազդեցություն ունեցող էներգիայի աղբյուր, քանի որ դրա այրումը դեպի մթնոլորտ է բաց թողնում ճիշտ այնքան ածխածնի երկօքսիդ, որքան կլանվել է բույսերի աճի ընթացքում։

  • Քննարկվել է

    25.04.2022 - 22.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5263

Տպել