Հիշել նախագիծը

«Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

2022 թվականի N -Ն

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 525-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
      1. Հաստատել ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:
    2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:
      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 


Հավելված
ՀՀ կառավարության …….. 2022 թվականի
N -Ն որոշման


ԿԱՐԳ
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների (այսուհետ նաև՝ ՌՈՒՀ) ընդունելության գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի համաձայն ՌՈՒՀ ընդունելությունը կազմակերպվում է բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական մասնագիտական կրթությամբ կամ լրացուցիչ կրթական ծրագրով մասնագետների պատրաստման նպատակով:
3. Սույն կարգի իմաստով.
1) բարձրագույն ռազմամասնագիտական կրթություն՝ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություններով մարտավարական օղակի կրտսեր սպայական կազմի կադրերի պատրաստում.
2) բարձրագույն ռազմական կրթություն՝ համապատասխան ռազմահաշվառական մասնագիտություններով բարձր որակավորմամբ կամ վերաորակավորմամբ օպերատիվ-մարտավարական օղակի ավագ սպայական կազմի կադրերի պատրաստում.
3) բարձրագույն ռազմավարական կրթություն՝ ռազմաքաղաքական ոլորտում բարձր որակավորմամբ օպերատիվ-ռազմավարական օղակի ավագ և բարձրագույն սպայական կազմերի կադրերի պատրաստում.
4) հետբուհական մասնագիտական կրթություն՝ բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն ռազմական կամ բարձրագույն ռազմավարական կամ բարձրագույն մասնագիտական կրթությամբ բարձր և (կամ) գիտական որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում.
5) լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագիր՝ մասնագիտական որակները կատարելագործող կամ առանց մասնագիտական որակավորման աստիճանի շնորհման մասնագիտական լրացուցիչ որակավորմամբ սպայական կազմի կադրերի պատրաստում:

II. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4. Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությանը կարող են մասնակցել զորամիավորման հրամանատարի տեղակալի և միավորման հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող, բարձրագույն ռազմական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Բարձրագույն ռազմավարական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով:
5. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը կարող են մասնակցել`
1) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող՝ մինչև 40 տարեկան սպայական կազմի զինծառայողները.
2) գումարտակի, դիվիզիոնի կամ էսկադրիլիայի հրամանատարի տեղակալի, ինչպես նաև դրանց հավասար պաշտոն զբաղեցնող՝ մինչև 37 տարեկան սպայական կազմի զինծառայողները:
6. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) բարձրագույն ռազմամասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն.
2) համապատասխան կամ հարակից ռազմահաշվառական մասնագիտություն.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի ավագ սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ:
7. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով:
8. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը կարող են մասնակցել հանրակրթական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով ավարտական վկայական ունեցող՝
1) մինչև 18 տարեկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) օրենքով սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած, կամ պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող՝ մինչև 23 տարեկան պահեստազորայինները կամ զինծառայողները:
3) միջազգային պայմանագրերով սահմանված դեպքում՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները:
9. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է մրցութային կարգով:
10. Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությանը կարող են մասնակցել բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական կամ բարձրագույն մասնագիտական կրթության մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական կամ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանք ունեցող, իսկ կլինիկական օրդինատուրա՝ բժշկական ծառայության սպայական պաշտոններում ոչ պակաս, քան 2 տարվա ծառայության ստաժ ունեցող՝ մինչև 50 տարեկան սպայական կազմի զինծառայողները: Հետբուհական կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով կամ մրցութային կարգով:
11. Լրացուցիչ մասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը կարող են մասնակցել բոլոր կազմերի զինծառայողները՝ անկախ տարիքից: Լրացուցիչ կրթական ծրագրով ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի միջոցով կամ մրցութային կարգով:
12. Սույն կարգի 4-րդ, 5-րդ, 8-րդ և 10-րդ կետերով սահմանված տարիքներն ու 6-րդ և 10-րդ կետերով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:

III. ՌՈՒՀ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Համապատասխան կրթական ծրագրով ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (այսուհետ` նախարար): Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում և լրատվամիջոցներով, իսկ մյուս կրթական ծրագրերով ընդունելություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ներկայացնելու ժամկետները նախարարության համակարգի զինծառայողներին հասցվում են նախարարի հրամանով:
14. Բարձրագույն ռազմամասնագիտական, բարձրագույն ռազմական, բարձրագույն ռազմավարական և հետբուհական կրթական ծրագրերով ընդունելությունն իրականացվում է համապատասխան ընդունելության հանձնաժողովի կողմից:
15. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության հանձնաժողովներում գործում են քննական ենթահանձնաժողովներ: Ընդունելության հանձնաժողովների և քննական ենթահանձնաժողովների կազմերը, սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերում նախատեսված թեստերը և սույն կարգի 23-րդ կետում նախատեսված եզրակացությունների ու անվանացուցակների օրինակելի ձևերը հաստատում է նախարարը` մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 30-ը:
16. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը կազմակերպում է դիմորդի ռազմաբժշկական փորձաքննությունը` նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի կողմից, և համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով՝
1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.
2) գնահատում է դիմորդի ընդհանուր և մասնագիտական գիտելիքները:
17. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության հանձնաժողովը կազմակերպում է դիմորդի ռազմաբժշկական փորձաքննությունը` ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից, և համապատասխան քննական ենթահանձնաժողովների միջոցով՝
1) ստուգում է դիմորդի ֆիզիկական պատրաստվածությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ֆիզիկական պատրաստության նորմատիվներին համապատասխան.
2) գնահատում է դիմորդի ընդհանուր գիտելիքները և զարգացվածության աստիճանը:
18. Բարձրագույն ռազմական և բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրերով ընդունելությանը մասնակցելու իրավունք են ստանում այն դիմորդները, ովքեր ճանաչվել են պիտանի՝ ռազմաուսումնական հաստատությունում ուսանելու համար:
19. Բարձրագույն ռազմական կրթական ծրագրով ընդունելության համար սահմանվում է`
1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.
2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում՝ թեստային առաջադրանքների կատարման միջոցով.
3) ընդհանուր և ռազմամասնագիտական (ընդհանուր կամ զորատեսակների մարտավարություն, տեխնիկական կամ մասնագիտական պատրաստություն) գիտելիքների թեստավորում՝ համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով):
20. Բարձրագույն ռազմամասնագիտական կրթական ծրագրով ընդունելության համար սահմանվում է`
1) ֆիզիկական պատրաստության գործնական քննություն.
2) հայերենի, իսկ օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի համար` նաև հրավիրող կողմի ուսուցման լեզվի թեստավորում՝ թեստային առաջադրանքների կատարման միջոցով.
3) ընդհանուր գիտելիքների և զարգացվածության աստիճանի թեստավորում՝ համակցված թեստային առաջադրանքների կատարման միջոցով:
21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի 2-րդ ենթակետերում նախատեսված թեստերը բաղկացած են 50, իսկ 3-րդ ենթակետերում նախատեսված թեստերը՝ 80 առաջադրանքից:
22. Յուրաքանչյուր կրթական ծրագրով հաստատված ընդունելության տեղերի թվի շրջանակներում` սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով նախատեսված թեստավորումների արդյունքներով առավելագույն միավորից նվազման կարգով մինչև անհրաժեշտ թիվը լրանալը, ՌՈՒՀ ընդունվելու համար հաղթող են ճանաչվում այն դիմորդները, ովքեր ապահովել են ֆիզիկական պատրաստության համապատասխան տարիքային նորմատիվները: Հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է ֆիզիկական պատրաստության գործնական քննությունից առավել բարձր արդյունք ցույց տված դիմորդին:
23. Ընդունելության հանաձնաժողովներն ընդունելության արդյունքներն ամփոփում են դրանց ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ կայացնելով համապատասխան եզրակացություններ և կազմելով քննություններին ու թեստավորումներին մասնակցած և հաղթող ճանաչված ու հաղթող չճանաչված դիմորդների անվանացուցակներ, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են նախարարին, ինչպես նաև նույն ժամկետի ընթացքում ապահովում են յուրաքանչյուր դիմորդի մասով ընդունելության արդյունքների և կայացված եզրակացության մասին գրավոր տեղեկացումն անմիջապես դիմորդին:
24. Դիմորդը կարող է իր մասով ընդունելության արդյունքները և կայացված եզրակացությունը բողոքարկելու դիմում ներկայացնել համապատասխան ընդունելության հանձնաժողովին՝ դրանք ստանալու պահից 24 ժամվա ընթացքում:
25. Համապատասխան ընդունելության հանձնաժողովը բողոքարկման դիմումը քննարկում է այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում և արդյունքների մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմումատուին:
26. Բողոքարկման դիմումի քննարկման ժամանակ քննությունների և թեստերի վերահանձնում չի իրականացվում: Բողոքարկման դիմումի քննարկման արդյունքներով համապատասխան ընդունելության հանձնաժողովը կայացնում է ընդունելության արդյունքները և կայացրած եզրակացությունն անփոփոխ թողնելու կամ դրանք վերանայելու և դիմորդին հաղթող ճանաչելու կամ հաղթող ճանաչված դիմորդի ընդունելության արդյունքներն ու նախկին եզրակացությունը վերանայելու եզրակացություններ:
27. Բողոքարկման արդյունքներով կայացված եզրակացությունները դիմորդի կողմից կարող են բողոքարկվել նախարարին՝ ներկայացնելով դիմում: Դիմումի քննարկման արդյունքներով ընդունված որոշման մասին դիմորդին տեղեկացվում է դիմումը ստանալու պահից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
28. Դիմորդները համապատասխան կրթական ծրագրով ՌՈՒՀ ընդունված են համարվում նախարարի հրամանով:

 

  • Քննարկվել է

    19.04.2022 - 05.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3478

Տպել