Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

   «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները:

  1. Առկա իրավիճակը

    «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-431-Ն օրենքով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» օրենքում՝ նախատեսելով տարածական տվյալների և տարածական տվյալների ենթակառուցվածքների վերաբերյալ կարգավորումներ: Տվյալ փոփոխության նպատակներից էր հնարավորինս արագ կարգավորել նշված նոր և երկրի զարգացման, անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր ոլորտները, քանի որ պրակտիկայում գործում էին տարածական տվյալների ստեղծման և օգտագործման չկարգավորված հարաբերություններ: Սակայն գեոդեզիան և քարտեզագրությունը մի կողմից և տարածական տվյալները մյուս կողմից միմյանց հետ հարաբերակցվում են որպես պրոցես և արդյունք: Այսինքն՝ դրանց միջև առկա է որոշակի կապ: Այդուհանդերձ առկա է նաև էական տարբերություն, որը պայմանավորված է նշված հանգամանքով: Այդ իսկ պատճառով նպատակահարմար է խնդրո առարկա ոլորտները կարգավորել առանձին իրավական ակտերով: Դա է հաստատում նաև միջազգային փորձը (Ուզբեկստան, արևելյան Եվրոպայի երկրներ):

   Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գործող «Գեոդեզիայի, քարտեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքը,  ընդունել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» երկու առանձին օրենքներ, որոնք միտված են կարգավորելու գեոդեզիայի, քարտեզագրության, ինչպես նաև տարածական տվյալների ոլորտները:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

   Նախագծի նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ սուբյեկտների իրավասությունները, միջազգային համագործակցության, տարածական տվյալների ոլորտում վճարների, ինչպես նաև վեճերի լուծման կարգը և օրենքը խախտելու համար պատասխանատվությունները:

   Նախագծով սահմանվում են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, որոնք լիովին ընդգրկված չեն ներկայումս գործող «Գեոդեզիայի, քարեզագրության և տարածական տվյալների ենթակառուցվածքի մասին» օրենքում, տարածական տվյալների ստեղծման և մշակման աշխատանքները, թվային տարածական տվյալների և դրանց առնչվող ծառայությունների տրամադրման, տարածման և օգտագործման համար գանձվող վճարները և արտոնությունները:

   Վերոգրյալով պայմանավորված փոփոխություններ է նախատեսվում իրականացնել նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 73-րդ հոդվածում:

   «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պետական կամ համայնքային բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

   Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.3-րդ ենթակետի պահանջներից:

 

 

  • Քննարկվել է

    04.04.2022 - 19.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4685

Տպել