Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

  • Առաջին, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում:
  • Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը:
  • Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում (բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի՝ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի:
  • Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։
  • Հինգերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ:
  • Վեցերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե չի գործի պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն:
  • Յոթերորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով:
  • Ութերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ:
  • Իններորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ:
  • Տասներորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում:
  • Տասնմեկերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը:
  • Տասներկուերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով:
  • Տասներերքերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:
  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3717

Տպել