Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը

Նախագծով վեր է հանվել դատական և իրավական բարեփոխումների գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարություն՝ ի վերանայումն 2019-2023թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացում արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ թերի կատարված միջոցառումների կատրաման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: Միևնույն ժամանակ, հիմք է ընդունվել դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:

Փոփոխությունները ընդգրկում են հետևյալ նպատակները.

- «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում

- Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ

- Սահմանադրական բարեփոխումների իրականացում

- Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում

-  Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում

- Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և  էլեկտրոնային հարթակի գործարկում

- Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ

- Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում

- Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում

- Սնանկության ոլորտի բարեփոխումներ

- Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում      

- Փաստաբանության ոլորտի զարգացում

- Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ

- Ռազմավարական այլ ուղղություններ

  • Քննարկվել է

    11.03.2022 - 26.03.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Պրոբացիա, Քրեակատարողական, Դատական ակտերի հարկադիր կատարում, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն, Նոտարական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5696

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

25.03.2022

Որպես լուծում՝ առաջարկվում է. 1. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի բոլոր որոշումների (այդ թվում՝ արձանագրային) հրապարակման պահանջի նախատեսում՝ դրանք պատճառաբանված լինելու պարտադիր պայմանի սահմանմամբ: Միևնույն ժամանակ դատավորի հեղինակության պաշտպանությունը ապահովելու նպատակով կարող են սահմանվել հատուկ միջոցներ, օրինակ՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում՝ դատավորի և այլ անձանց անուն-ազգանունների տվյալների չներառում (այս առաջարկը հիմնված է միջազգային համեմատական փորձի վրա) (Մանրամասն տե՛ս https://bit.ly/3iDZdDL:): Կամ 2. Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից անհատական դիմումների հիման վրա դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշման կայացման համար անհրաժեշտ ձայների թվաքանակի վերանայում՝ առնվազն մեկ կամ երկու անդամի կողմ քվեարկությունը դիտարկելով որպես վարույթի հարուցման նախապայման (Վենետիկի հանձնաժողովը Մոլդովայի օրենսդրության վերաբերյալ տրված կարծիքով ողջունելի է համարել hամանման կարգավորումը, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2014)006-e :): 4. Ռազմավարությամբ նախատեսվում են նաև որոշակի գործողություններ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես Ծառայության նոր մոդելի ներդրում, կատարողական վարույթների վերաբերյալ համապարփակ իրավակարգավորումների սահմանում, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի մշակում, կատարողական ծախսերի տարբերակված ամրագրում և այլն: Գտնում ենք, որ ռազմավարության և գործողությունների ծրագրի շրջանակներում քննարկման ենթակա պետք է դառնան նաև հետևյալ խնդիրների և դրանց լուծմանն ուղղված գործողությունները. • Խնդրահարույց է դատական ակտերի չկատարման կամ ձգձգումներով կատարման հետևանքով հասցված նյութական և ոչ նյութական վնասի հատուցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցմանն առնչվող կարգավորումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համահունչ մեկնաբանելու և կիրառելու դեպքում։) ընթացակարգը, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում բացառում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունների (անգործության, վարչական ակտի) ոչ իրավաչափ ճանաչման շրջանակներում վնասի հատուցման պահանջի միաժամանակյա ներկայացումը: Կոնվենցիայի 6-րդ հոդվածից ուղղակիորեն բխող դատական ակտի՝ առանց չհիմնավորված ձգձգումների կատարման իրավունքի խախտման դեպքում տրամադրվող իրավական պաշտպանության միջոցը չի կարող արդյունավետ համարվել, եթե այն ենթադրում է որևէ իրավաչափ նպատակով չպայմանավորված լրացուցիչ վարչական և դատական ընթացակարգերի սպառման պահանջ, ինչպես նաև հանգեցնում է անորոշ ժամկետով փոխհատուցման տրամադրման հետաձգման: Որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է վերանայել դատական ակտերի չկատարման կամ ձգձգումներով կատարման հետևանքով հասցված նյութական և ոչ նյութական վնասի հատուցման (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցմանն առնչվող կարգավորումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին համահունչ մեկնաբանելու և կիրառելու դեպքում:) ընթացակարգը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունների (անգործության, վարչական ակտի) ոչ իրավաչափ ճանաչման պահանջի հետ համատեղ վնասի հատուցման պահանջի ներկայացման հնարավորության սահմանմամբ: • ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգավորումների շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունները, անգործությունը, ինչպես նաև վարչական ակտերը կարող են բողոքարկվել Վարչական դատարան: Այնուամենայնիվ, օրենսգիրքը չի նախատեսում կատարողական վարույթի արագացմանը միտված հատուկ կարգավորումներ Վարչական դատարանում գործի քննության շրջանակներում: Այսինքն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության դեմ ներկայացված հայցադիմումը կարող է տևական ժամանակահատված քննության առարկա լինել Վարչական դատարանում, այնուհետև կայացված դատական ակտը Ծառայության կողմից կարող է բողոքարկվել վերադաս դատարաններ, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սույն գործընթացի իմաստազրկման՝ վերածելով այն իրավունքի պաշտպանության անարդյունավետ միջոցի: - Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է Վարչական դատավարության օրենսգրքով սահմանել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անգործության վիճարկմանն առնչվող գործերի քննության հստակ և սեղմ ժամկետներ, ինչպես նաև դրանց քննության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված այլ կարգավորումներ: - Կատարողական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու, դատական ակտերի կատարման ժամկետները կրճատելու նպատակով անհրաժեշտ ենք համարում նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2069-րդ և 2065-րդ հոդվածներով սահմանված զանցանքներով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը վերապահել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը՝ այսպիսով մեկտեղելով իրավախախտումն արձանագրելու և դրա հիման վրա վարչական պատասխանատվության ենթարկելու գործառույթները (Արձանագրենք նաև, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի փետրվարի 23-ի թիվ ՍԴՈ-1578 որոշմամբ նշվել է, որ ինչպես վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը դատարանին վերապահելը, այնպես էլ համապատասխան օրենսդրական փոփոխություններով դատարանի նման լիազորության դադարեցումը Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդիր իշխանության իրավազորության տիրույթում են։ Մասնավորապես Սահմանադրական դատարանը գտել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը դատարանին վերապահելը կամ արդեն իսկ գոյություն ունեցող նման լիազորության դադարեցումը չի հանգեցնում սահմանադրական որևէ սկզբունքի կամ իրավունքի խախտման, և այդ ընտրությունը լիովին համատեղելի է Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ օրենսդիր իշխանության իրականացման համար Ազգային ժողովին վերապահված հայեցողության սահմանների հետ։): • Գտնում ենք, որ վերանայման է ենթակա նաև կատարողական վարույթի ընթացքում բռնագանձված գումարի բաշխման կարգի և պահանջների բավարարման սահմանված հերթականությունը՝ կատարողական ծախսերի գանձման առաջնահերթության տեսանկյունից: Կատարողական ծախսերի գանձումը պահանջատիրոջ պահանջներից, այդ թվում՝ աշխատանքային և հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումներից կամ պարտատիրոջ այլ պահանջներից առաջ, դրամական միջոցների անբավարարության պարագայում, կարող է հանգեցնել դատական ակտի կատարման անհնարինության և անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների խախտմանը: • Էական բարեփոխման կարիք ունի նաև կատարողական թերթի պահանջները չկատարելու համար իրավական պատասխանատվության միջոցների համակարգը՝ հաշվի առնելով դրա ցածր արդյունավետությունը, միաժամանակ հարկադիր կատարման ենթակա ակտերի կամովին կատարումը խթանելու նպատակով անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ գործուն միջոցներ, այդ թվում՝ սահմանելով դատական և այլ ակտերի կամավոր կատարման հնարավորություն հարկադիր կատարման սկզբնական փուլում՝ կատարողական ծախսերը չհաշվարկելու (կամ նվազագույն չափ հաշվարկելու պայմանով (որպես խրախուսման արդյունավետ մեխանիզմ): • Ծրագրային և ռազմավարական նպատակներից է կատարողական վարույթի թվայնացումը և կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքակազմի ընդլայնումը, որով պետք է նախատեսվի նաև կատարողական վարույթում ծանուցման գործիքակազմի արդյունավետության բարձրացում։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում արձանագրել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումների պայմաններում ամրագրված չէ հարկադիր կատարողի բոլոր որոշումները վարույթի կողմերին ստացման մասին հավաստմամբ ծանուցելու պարտականությունը, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված պատշաճ վարչարարության իրավունքի ապահովման տեսանկյունից և մի շարք դեպքերում հանգեցնում է հասցեատիրոջ կողմից իր իրավունքների իրականացման հնարավորությունից զրկման: Նշված կարգավորումները խնդրահարույց են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2020 թվականի մայիսի 12-ի թիվ ՍԴՈ-1529 և 2015 թվականի մայիսի 26-ի թիվ ՍԴՈ-1210 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումների տեսանկյունից: 5. Հիմնավորված չենք համարում նաև դատավորների վարձատրության շարունակական բարձրացումը Վճռաբեկ դատարանից սկսելու տրամաբանությունը՝ հաշվի առնելով տարբեր դատական ատյանների իրական ծանրաբեռնվածությունը և վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման բնագավառում ձևավորված պրակտիկան (այդ թվում՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումների պատճառաբանվածության աստիճանը) և վիճակագրությունը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

25.03.2022

ԿԱՐԾԻՔ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 11.03.2022 թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը (https://www.e-draft.am/projects/4092/about?fbclid=IwAR1NOEVY_eoYDkpWbo0CdzathRevk54cuCJhc-XC9dYSd82bx0FuyFpbKyk) : Հարկ ենք համարում արձանագրել, որ ո՛չ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը և ո՛չ էլ դրանից բխող գործողությունների ծրագիրը չեն ներառում որևէ կարգավորում դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի բնագավառում: Նշենք, որ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրանից բխող գործողությունների ծրագրերով մանրամասն անդրադարձ է կատարվել դատավորի կարգապահական պատասխանատվության հետ կապված խնդիրներին, այդ թվում՝ պատասխանատվության հիմքերի հստակեցման անհրաժեշտության, կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգին առնչվող հարցերին: Թեև ՀՀ դատական օրենսգրքում նախանշված ուղղություններով կատարվել են առանձին օրենսդրական փոփոխություններ, որոշակիորեն բարեփոխվել է էթիկայի և կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգը, կատարվել են փոփոխություններ նաև կարգապահական պատասխանատվության համակարգում, այնուամենայնիվ, գտնում ենք, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն կարող համարվել նախանշված խնդիրները լուծված համարելու համար: 1. Այսպես, 25.03.2020 թ.-ին ՀՀ դատական օրենսգրքում (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) կատարված փոփոխությունների արդյունքում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանվեցին նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման ակնհայտության և կոպիտ լինելու չափանիշները, փոխարենը խախտումը որպես կարգապահական որակելու հարցում շեշտը դրվեց այն դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարելու հանգամանքի վրա: Խախտման ակնհայտության չափանիշի վերացումը չի բխել իրավական որոշակիության և կարգապահական պատասխանատվության կանխատեսելիության ապահովման նպատակներից՝ հանգեցնելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում հայեցողական լիազորությունների ընդլայնման: Արձանագրենք նաև, որ նախկին խմբագրությամբ դատական օրենսգրքով բացահայտվում էր նաև այս չափանիշի բովանդակությունը, որը ենթադրում էր նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտման կատարում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն կերպ հանվել է խախտման կոպիտ լինելու չափանիշը, որի բովանդակությունը ևս բացահայտված էր դատական օրենսգրքով: ԵԽ Վենետիկի հանձնաժողովը 2019 թ.-ին հոկտեմբերին անդրադարձել է կարգապահական պատասխանատվության հիմքերի հստակության հարցին՝ նշելով, որ «կոպիտ անփութության» ներառումը բավարար չէ՝ նպատակահարմար գտնելով նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման ակնհայտ լինելու չափանիշի սահմանումը: Մասնավորապես Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ միայն այն սխալները, որոնք ակնհայտ են ցանկացած իրավաբանի համար, կարող են պատժելի լինել կարգապահական սանկցիայով (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)024-e) (ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիք թիվ CDL-AD(2019)024): Ուստի կատարված փոփոխությունները այս մասով, ընդհակառակը, հանգեցրել են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի անորոշության, և առկա է այս դրույթների վերանայման և հստակեցման անհրաժեշտություն: 2. Նույն փաթեթով փոփոխվեց նաև Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմավորման կարգը, ինչը թեև ուներ որոշակի դրական միտում, սակայն ակնհայտորեն բավարար չէր փոփոխությունների կատարմամբ հետապնդվող նպատակի իրագործման համար: Եթե մինչ այդ Դատական օրենսգրքով կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված էր բացառապես դատավորներից (8 դատավոր), ապա փոփոխությունների արդյունքում հանձնաժողովի կազմում ներառվեցին նաև 2 ոչ դատավոր անդամներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է 8 անդամներից, հանձնաժողովի կազմում 2 իրավաբանների (ոչ դատավոր անդամ) ներառումը որևէ էական ազդեցություն չէր կարող ունենալ հանձնաժողովի որոշումների կայացման գործընթացի վրա, քանի որ դատավոր անդամները, միևնույնն է, ունենում են գերակշիռ մասնակցություն հանձնաժողովի կազմում: Արձանագրենք, որ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքին ներկայացված Դատական օրենսգրքի փոփոխությունների նախնական տարբերակում հանձնաժողովի կազմում նախատեսված էր երեք ոչ դատավոր անդամների ներգրավում, ինչը Վենետիկի հանձնաժողովը ողջունելի էր համարել՝ հանձնաժողովի գործունեությունը արտաքին վերահսկողության/դիտարկման համար առավել բաց դարձնելու տեսանկյունից (ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիք թիվ CDL-AD(2019)024 ) (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)024-e): Իսկ 2017 թ.-ի հոկտեմբերին ՀՀ դատական օրենսգրքի նախագծի վերաբերյալ տրված կարծիքում (ԵԽ Վենետիկի հանձնաժողովի կարծիք թիվ CDL-AD(2017)019 ) (https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2017)019-e) շեշտել էր, որ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը կազմված է բացառապես դատավորներից, ինչը կորպորատիվ մոտեցում որդեգրելու ռիսկ է պարունակում և որպես նշված ռիսկի նվազեցման հնարավորություն առաջարկել էր հանձնաժողովի կազմի հավասարակշռումը ոչ դատավոր անդամների ընդգրկման միջոցով: Հաշվի առնելով էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից որոշումների ընդունման կարգը, ինչպես նաև նրա էական դերակատարությունը դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացակարգերի շրջանակներում՝ գտնում ենք, որ հանձնաժողովի 8 անդամներից 4-ը պետք է լինեն դատավոր չհանդիսացող անդամներ: 3. Հաջորդ խնդիրը կապված է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության թափանցիկության հետ: Այսպես, վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ներկայացված հաղորդումների ճնշող մեծամասնությունը մերժվում է հանձնաժողովի կողմից: Հաշվի առնելով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցը լուծելու փուլի ոչ թափանցիկ լինելու հանգամանքը, կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ հաղորդումը ներկայացրած անձանց ուղղված պատասխան գրությունների պատճառաբանվածության բացակայությունը, կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ արձանագրային որոշումների անհասանելիությունը՝ բացառված է նաև արդյունավետ հանրային վերահսկողությունը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության նկատմամբ՝ կարգապահական վարույթներին առնչվող որոշումների կայացման հարցերով: Ակնհայտ է, որ նման իրավակարգավորումների և իրավակիրառ պրակտիկայի առկայության պայմաններում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցը լուծելու փուլում ի հայտ են գալիս լուրջ կոռուպցիոն ռիսկեր, որոնք հնարավոր է չեզոքացնել միայն գործընթացի թափանցիկության և հանրային վերահսկողության բարձրացման միջոցով:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

24.03.2022

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող գործողությունների ծրագրերի 2019-2021 թվականների կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում, որի արդյունքում մշակվել է այլընտրանքային հասարակական մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը։ Նկատի ունենալով մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրները, այդ թվում՝ Ռազմավարության և դրանից բխող գործողությունների կատարողականի բավականին ցածր ցուցանիշները, և հիմնվելով 2022 թվականի հունվարի 24-ից փետրվար 1-ը կայացած 12 ՖԽՔ-ների ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության, այլ իրավասու մարմինների ու կազմակերպությունների, մասնագիտական և փորձագիտական հանրույթի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները՝ առաջարկում ենք մշակել հիմնովին նոր Դատական և իրավական բարեփոխումների հնգամյա ռազմավարություն՝ հիմք ընդունելով ԻՀԱ-ի զեկույցում բարձրացված դիտարկումները, հատկորոշած բացթողումները և առաջարկությունները, այդ թվում չկատարված գործողություններին ուղղված վերանայման առաջարկները՝ ապահովելով գործընթացի բարձր մասնակցայնություն՝ ոլորտի բոլոր դերակատարների ներգրավվմամբ։ Այլընտրանքային հասարակական մշտադիտարկման արդյունքների առաջին նախագիծը հասանելի է այստեղ․ https://armla.am/49244.html

Տեսնել ավելին