Հիշել նախագիծը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը

          Պետական  անվտանգության  ապահովման  բնագավառում, որում ներառվում է նաև քաղաքացիական պաշտպանությունը, բնութագրական է դառնում ինտեգրված կառավարման սկզբունքների կիրառման գործընթացը: Վերջին տարիներին քաղաքացիական պաշտպանության ոլորտում կատարվել են հայեցակարգային բնույթի փոփոխություններ, որոնցից են` խնդիրների և գործընթացների ընդլայնումը, ինչպես նաև ուժերի և միջոցների կիրառումը պատերազմի հետևանքների վերացման համար, ներառյալ տեխնոլոգիական ահաբեկչության հետևանքների վերացումը:

         Քաղաքացիական պաշտպանության արդյունավետությունը մեծանում է նրա միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործընթացներում քաղաքացիական հասարակության բոլոր շերտերի և բոլոր մարմինների մասնակցության շնորհիվ:

         Ելնելով քաղաքացիական պաշտպանության զարգացման միջազգային փորձի վերլուծությունից և նպատակ ունենալով քաղաքացիական պաշտպանությունը աստիճանաբար դարձնել ավելի օպերատիվ, ունակ գործելու ինչպես ռազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում անհրաժեշտ է իրականացնել բնագավառը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում:

         Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինան որպես ռազմական անվտանգության ներքին սպառնալիք սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում և սահմանամերձ շրջաններում արտակարգ իրավիճակների առաջացման սպառնալիքները կամ դրանց առաջացումը, ինչպես նաև պատերազմի հետևանքներից բնակչության պաշտպանության և տնտեսության կայունության ոչ լիարժեք ապահովումը»:

        Նշված իրավական ակտերի կատարման ապահովման նպատակով մշակվել է «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

        2002 թվականին ընդունված «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սպառիչ և լիովին չի կարգավորում այն հարաբերությունները, որոնք կապահովեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացումը:

        Տնտեսական փոփոխված պայմանները պահանջում են պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների մակարդակներում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների մեխանիզմների հետագա կատարելագործում, քաղաքացիական պաշտպանության հիմքերի և քաղաքացիական պաշտպանության բնագավառում իրավասությունների հստակեցում, կառավարման մարմինների միջև քաղաքացիական պաշտպանության պարտավորությունների սահմանազատում:  

        Քաղաքացիական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության նպատակը երկրում անհրաժեշտ պայմանների ստեղծումն է, որոնք ռազմական դրության ժամանակ կկանխեն կամ առավելագույնս կնվազեցնեն կորուստներն և վնասները, կպահպանեն տնտեսության կայուն գործունեության համար անհրաժեշտ կազմակերպությունները:

       Քաղաքացիական պաշտպանության համակարգը, որպես երկրի ազգային անվտանգության անքակտելի բաղադրիչ, պետք է պատրաստ լինի ռազմական գործողությունների և ահաբեկչությունների ընթացքում օպերատիվ գործողությունների կատարմանը, մասնակցելու արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների պաշտպանությանը: Նշված հանգամանքների առկայությունը առաջացնում է անհրաժեշտություն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություն:

     «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի մշակումը չի բխում ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի պահանջներից։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

           Քանի որ նշված օրենքում առաջարկվող փոփոխությունները կարգավորում են պարտադիր ճանաչման, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ և վարքագծի կանոններ ընդգրկող իրավահարաբերություններ, անհրաժեշտ է այն կարգավորել օրենքով:

           Մշակված նախագծում ավելացվել և հստակեցվել են դրույթներ հիմնական հասկացությունների, քաղաքացիական պաշտպանության խնդիրների,  քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների, քաղաքացիական պաշտպանության ղեկավարման, ՀՀ կառավարության, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության  բնագավառում իրավասությունների վերաբերյալ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ֆինանսավորմանը վերաբերվող հարաբերությունները:

        «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ավելացվել է նոր գլուխ. «Քաղաքացիական պաշտպանության  պաշտպանական կառույցները» վերնագրով, որը նպատակ ունի կարգավորելու պաշտպանական կառույցների համակարգի, ֆոնդերի կուտակման, ապահովման, պահպանության ֆինանսավորման հետ կապված նախկինում օրենքով չկարգավորված իրավահարաբերությունները:

   Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում`           

  • բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը,
  • քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների նպատակները, իրականացման կարգը, պատասխանատու կատարողները,
  • պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման

 հարաբերությունները,

  • պետական, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման  մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները,
  • քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության ապահովումը,
  • քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և ֆինանսավորումը:

 

  1. Նախագծի ընդունման դեպքում մշակվող իրավական ակտերը.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում անհրաժեշտ է ընդունել հետևյալ իրավական ակտերը՝

«տարածքների և կազմակերպությունների դասակարգումը քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից սահմանելու մասին», «բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը սահմանելու մասին», «տարահանված բնակչու­թյան կենսապահովման կարգը և չափաքանակները սահմանելու մասին», «տարահանման ենթակա մշակութային արժեքների ցանկը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության պլանների (պլան-ժամանակացույցերի) մշակման, համաձայնեցման և հաստատման կարգը ու քաղաքացիական պաշտպանության պլանների (պլան-ժամանակացույցերի) օրինակելի ձևերը սահմանելու մասին», «պետական, պետական կառավարման համակարգի մարմինների, մարզերի, համայնքների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության կառույցների հաշվառման, պահպանության վիճակի մոնիթորինգի կարգը սահմանելու մասին», «գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը սահմանելու մասին», «ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման, կառավարման և լրացուցիչ կապուղիների տրամադրման կարգը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության ոլորտում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտի հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու մասին», «ճառագայթային, քիմիական ու կենսաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության համակարգի մարմինների և բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման  համար անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցների, սննդամթերքի, բժշկական պարագաների ու նյութատեխնիկական պաշարների անվանացանկը, չափաքանակը, ձեռքբերման, թարմացման և դուրսգրման կարգը սահմանելու մասին», «բնակչության պատսպարման կարգը սահմանելու մասին», «անհատական պաշտպանության միջոցներով բնակչության ապահովման կարգը սահմանելու մասին», «ապաստարանների ցանկը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների շինարարության, վերանորոգման, պահպանման և շահագործման կարգը սահմանելու մասին», «քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին»   ՀՀ կառավարության որոշումները:

 

  1. Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

«Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսում:

 

  • Քննարկվել է

    24.02.2022 - 11.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6266

Տպել