Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

      ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության գործող քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1-ին հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու համար՝ սահմանելով որպես պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Հարկ է նկատել, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ հոդվածը հետևանք չի առաջացնում, կարծում ենք, որ անհրաժեշտ է խստացնել պետության քրեական քաղաքականությունն Օրենսգրքի 225.1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների դեմ պայքարում, և որպես հիշյալ հոդվածում նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանք՝ նախատեսել դրանց առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները, մասնավորապես՝ դրանց կատարումը, որն անզգուշությամբ կառաջացնի մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Բանն այն է, որ Օրենսգրքում սահմանված ներկայիս ձևակերպումը հնարավորություն չի տալիս ավելի խիստ պատասխանատվություն սահմանել դիտավորությամբ ծանր հետևանքներ առաջացնելու համար, ինչը չի կարող արդարացված համարվել: Այլ կերպ ասած, օրենսդրական բացի պատճառով, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար ծանր հետևանքներ առաջացնելու դեպքում վարույթ իրականացնող մարմինն արարքը պետք է որակի Օրենսգրքի այլ հոդվածով, քանի որ տվյալ դրսևորումը՝ որպես քննարկվող հանցագործության հետևանք նախատեսված չէ:

Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ Օրենսգրքի հիշյալ հոդվածի սանկցիան չի նախատեսում ազատազրկում պատժատեսակ, ինչը լայն հայեցողություն կարող է տալ դատարանին և շատ հաճախ պատճառ հանդիսանալ կատարված հանցագործության հանրային վտանգավորությանը ոչ համաչափ պատժի նշանակման, այն դեպքում, երբ Օրենսգրքի հիշյալ հոդվածում նախատեսված հանցանքը պակաս հանրային վտանգավորություն չունի, քան մարդու դեմ ուղղված որոշ հանցագործություններ, ուստի Նախագծով առաջարկվում է 225.1-ին հոդվածում նախատեսել փոփոխություն՝

- սահմանելով արարքի հետևանքը՝ որն անզգուշությամբ կառաջացնի մարդու մահ կամ այլ ծանր հետևանք,

- խստացնելով սանկցիան՝ նախատեսելով նաև ազատազրկում պատժատեսակը:

1.1. Օրենսգրքի 307.1-ին հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Սույն հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներն են՝

1) հանրորեն վտանգավոր արարքը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը,

2) հանրորեն վտանգավոր հետևանքը՝ անզգուշությամբ մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ առաջացնելը,

3) պատճառական կապը նշված հանրորեն վտանգավոր արարքի և հետևանքի միջև:

Այսպիսով, վերլուծելով քննարկվող հանցանքի օբյեկտի և հետևանքների հարաբերակցությունը՝ կարելի է հետևություն անել, որ Օրենսգրքի 307.1-ին հոդվածով նախատեսվում է ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու առավել վտանգավոր տեսակը՝ նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսինքն, տվյալ դեպքում խոսքը մեղքի երկու ձևով կատարվող հանցագործության մասին է: Սակայն, ինքնին ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումների և ժամանակավոր սահմանափակումների կանոնների խախտման արդյունքում՝ օրենսդիրն արդեն իսկ համաչափ սանկցիաներ նախատեսում է:

Հետևաբար, առաջարկվում է հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանքը հանել, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն՝ ինքնին արդեն իսկ հանրային վտանգավորություն ունեցող արարքներ են: 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենսգրքի հիշյալ հոդվածներում նախատեսված հանցագործությունների դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացման և փոփոխման անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

 Առաջարկվող կարգավորման նպատակն է որպես Օրենսգրքի 225.1-ին հոդվածում նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանք՝ նախատեսել դրանց առավել լայն տարածում և առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող տեսակները, մասնավորապես՝ դրանց կատարումը, որն անզգուշությամբ կառաջացնի մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ:

Նախագծով առաջարկվում է նաև Օրենսգրքի հիշյալ հոդվածի սանկցիայում նախատեսել ազատազրկման պատժատեսակը՝ հիշյալ հանցագործության համար որպես պատիժ սահմանելով նաև առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում:

Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի  307.1-ին հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցավոր հետևանքը հանել, քանի որ ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն՝ ինքնին հանրային վտանգավորություն ունեցող արարքներ են:

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն պետության քրեական քաղաքականության համար:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ և  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի  ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

  • Քննարկվել է

    23.02.2022 - 13.03.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4058

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

13.03.2022

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ 23.02.2022 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` նաև Նախագիծ), որի հեղինակն է ՀՀ քննչական կոմիտեն: Նախագծի 1-ին և 2-րդ հոդվածներով առաջարկվում է. 1) ՀՀ գործող քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 225.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցակազմը ֆորմալից վերակերպել նյութականի՝ որպես այդպիսին նախատեսելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը և անցկացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ։ Միաժամանակ արարքի համար նախատեսվում է պատիժ` ազատազրկման ձևով։ 2) Օրենսգրքի 307.1 հոդվածի 1-ին մասից հանել «որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ» բառերը՝ այդ կերպ քրեական պատասխանատվություն նախատեսելով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար՝ անկախ որևէ հետևանքի վրա հասնելու հանգամանքից (ֆորմալ հանցակազմ)։ Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող երկրորդ փոփոխությունը խնդրահարույց է և որևէ կերպ չհիմնավորված` հետևյալ պատճառաբանությամբ. 1. Նախագծի հիմնավորման համաձայն՝ վերը նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը հեղինակը պայմանավորում է նրանով, որ « ... ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն՝ ինքնին արդեն իսկ հանրային վտանգավորություն ունեցող արարքներ են»: Անխոս, հեղինակը ճիշտ է, սակայն, ամենայն հավանականությամբ հաշվի չի առել այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությունը, հատկապես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը (այսուհետ` նաև ՎԻՎ օրենսգիրք) արդեն իսկ նախատեսում է պատասխանատվություն հիշյալ արարքների համար (հոդված 182.5)։ Այդպիսով, գործող օրենսդրությամբ ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանումը կամ միջոցառումների խախտումն ինքնին համարվում է զանցանք, որն առաջացնում է վարչական պատասխանատվություն, իսկ նույն արարքները, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ՝ որպես առավել վտանգավոր արարքներ, առաջացնում են քրեական պատասխանատվություն։ 2. Բացի նշվածից, եթե նույնիսկ համարենք, որ առաջարկվող փոփոխությունը ենթադրում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող` օրենքով նախատեսված ցանկացած սահմանափակման խախտման համար (անկախ հետևանքներից) քրեական պատասխանատվության սահմանում վարչական պատասխանատվության փոխարեն, ապա այս առումով ևս փոփոխությունը խնդրահարույց է, քանի որ նախաձեռնողը չի ներկայացնում նման խստացման անհրաժեշտությունը հիմնավորող որևէ փաստական հիմք և/կամ հաջողված միջազգային փորձ։ Այդպես, օրինակ, խստացման անհրաժեշտությունը հեղինակը չի հիմնավորում գործնականում ՎԻՎ օրենսգրքի 182.5 հոդվածի կիրառման առումով (hոդվածը լայնորեն կիրառվել է 2020 թ․-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին) հնարավոր խնդիրների արձանագրմամբ կամ վարչական պատասխանատվության կիրառման՝ բավարար արդյունավետ չլինելու վերաբերյալ հիմնավոր փաստարկներով, այդ թվում՝ չի բերվում որևէ վիճակարգրական տվյալ, որը կարող էր փաստել վարչական պատասխանատվության՝ կանխարգելիչ գործառույթի տեսանկյունից ոչ արդյունավետ լինելը կամ բավարար արդյունավետ չլինելը։ Առաջարկություններ Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Տեսնել ավելին