Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /որդեգրման կարգ/

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐԴԵԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 18.03.2010Թ. ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

            ՀՀ կառավարության 18.03.2010թ. թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Որդեգրման կարգ»-ում /այսուհետ՝ կարգ/ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  նախագծի ընդունման նպատակն է կարգավորել և հստակեցնել որդեգրման ենթակա ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների և որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության, որպես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի /այսուհետ՝ կոնվենցիա/ ոլորտում գործող կենտրոնական մարմին, աշխատանքներն և կոնվենցիային անդամակցող երկրների կենտրոնական մարմինների հետ /այսուհետ՝ երեխա ընդունող պետության կենտրոնական մարմին/ համագործակցության գործընթացը և պայմանները:

Ներկա իրավիճակը     

            Գործող կարգի համաձայն որպես որդեգրող հաշվառվելու համար նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ներառված է անձնական երաշխավորությունը, տրված կազմակերպության կամ երեք անձանց կողմից: Գործնականում երաշխավորությունները տրվում են որպես որդեգրող հաշվառվելու դիմում ներկայացրած քաղաքացիների հետ ազգակցական կապ ունեցող անձանց կամ այնպիսի կազմակերպությունների կողմից, որոնց փոխկապակցվածությունը դիմողի հետ անհասկանալի է: Ազգակցական կապ ունեցող անձանց երաշխավորությունները կարող են պարունակել օբյեկտիվ իրականությանը չհամապատասխանող իրողություն, ինչը որդեգրել ցանկացող անձանց վերաբերյալ թերի պատկերացում կազմելու հիմք հանդիսանալ: Նույնը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնց հետ անձը կապված չէ աշխատանքային, կրոնական կամ այլ հարաբերությամբ:

Գործող կարգում հստակ նշված են երեխայի որդեգրման հնարավորության մասին բացասական եզրակացություն տալու հիմքերը, որոնցից է նաև երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումը հիմնավորված չլինելու պայմանը, որը գործնականում տարաբնույթ մեկնաբանության, ինչպես նաև կամայականության դրսևորման հնարավորություն է տալիս:

            Ընդունող պետության կենտրոնական մարմնի կողմից տվյալ երկրի քաղաքացիների, որպես երեխա որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար ներկայացվող փաստաթղթերը, ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարություն /այսուհետ՝ կենտրոնական մարմին/ բնագրերով օտար լեզվով: Այդ փաստաթղթերի նոտարական կարգով թարգմանությունը գործնականում կատարվում է որդեգրման գործընթացին չմասնակցող անձանց կողմից, իսկ կենտրոնական մարմինը փաստաթղթերի թարգմանության գործընթացում մասնակցություն չի ունենում, մինչդեռ փաստաթղթերի ուսումնասիրությունը, քննարկումը հանդիսանում է նրա հիմնական գործառույթներից մեկը:

            Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում կենտրոնական մարմնի կողմից տրվում է դրական եզրակացություն, որը չի պարունակում տեղեկություններ որդեգրման ենթակա երեխայի այն չափանիշների մասին, որոնց շրջանակում անձինք իրավունք ունեն ծանոթանալ որդեգրման ենթակա երեխայի տվյալներին: Բացասական եզրակացությունը չի պարունակում օտարերկրյա պետության քաղաքացիների, որպես ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրել ցանկացող անձ, հաշվառումը մերժելու հիմքերը:

            Այն քաղաքացիները, որոնք իրենց պետության իրավասու մարմինների կողմից ստացել են թույլտվություն որոշակի չափանիշների համապատասխան երեխա որդեգրելու նպատակով, իրենց ցանկությամբ երեխա որդեգրելու չափանիշների փոփոխության դեպքում նորից պետք է անցնեն հաշվառման ամբողջ գործընթացը, մինչդեռ ուժի մեջ է նրանց տրամադրված երեխա որդեգրելու հաշվառման համար դրական եզրակացությունը: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը, ցանկալի կլիներ հեշտացնել արդեն իսկ հաշվառված օտարերկրյա քաղաքացիների կողմից նոր չափանիշներով երեխա որդեգրելու գործընթացը:

            Գործող կարգի համաձայն օտարերկրյա այն քաղաքացիները, որոնց դիմումը, որպես որդեգրող հաշվառվելու մասին մերժվել է և տրամադրվել է բացասական եզրակացություն կարող են հաշվառման համար կրկին դիմում ներկայացնել միայն մեկ տարի հետո, մինչդեռ հնարավոր է, որ մինչև մեկ տարին լրանալը փոփոխման ենթարկվել այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել բացասական եզրակացություն տրամադրելու համար:

            Օտարերկրյա քաղաքացիները, որպես որդեգրողներ հաշվառվելուց հետո հնարավորություն են ստանում ծանոթանալ երեխաների ցուցակին, որի համար նրանք պետք է անձամբ ժամանեն Հայաստանի Հանրապետություն: Գործնականում քաղաքացիները, ստանալով դրական եզրակացություն, հնարավորություն էին ունենում անմիջապես ժամանել Հայաստանի Հանրապետություն և ծանոթանալ երեխաների ցուցակին և արդյունքում ավելի վաղ հաշվառված այն քաղաքացիները, որոնք աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով հնարավորություն չեն ունենում ներկայանալ կենտրոնական մարմին չեն կարողանում գտնել իենց չափանիշներին համապատասխան երեխա: Այդ ընթացքում լրանում է նաև նրանց, որպես որդեգրողներ հաշվառվելու դրական եզրակացության ժամկետը, որի պատճառով նրանք կրկին դիմում են հաշվառվելու: Նման մոտեցումը խախտում է հավասարության սկզբունքը և հնարավորություն է ընձեռում կոռուպցիոն ռիսկերի և կամայականությունների դրսևորման:

            Գործող կարգի համաձայն կենտրոնական մարմնի կողմից նախատեսված չէ կատարել երեխա-որդեգրող համադրումը: Որդեգրել ցանկացող անձինք, երեխայի ցուցակին ծանոթանալու արդյունքում ընտրում են երեխային, տեսակցում նրան, որի արդյունքում որոշում են կայացնում շարունակել կամ հրաժարվում են որդեգրման գործընթացը շարունակելուց: Կենտրոնական մարմնի կողմից որևէ հոգեբանական, տեխնիկական համադրում չի կատարվում, մինչդեռ այդ գործընթացը, կոնվենցիայի համաձայն, կենտրոնական մարմնի հիմնական գործառույթներից է: Համադրում չկատարելու պատճառներից է նաև բժշկության և հոգեբանության ոլորտի մասնագետների բացակայությունը, որը դժվարացնում է գնահատել երեխայի առողջական վիճակը, որոշել նրան անհրաժեշտ խնամքի աստիճանը, կարիքները, ինչպես նաև գնահատել որդեգրող ընտանիքի հոգեբանական պատրաստվածությունը համապատասխան երեխայի կարիքները ապահովելու համար:

            Որդեգրման ենթակա երեխաների ցուցակում առկա են ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող և տարիքով համեմատաբար մեծ երեխաներ, ինչպես նաև քույր և եղբայրներ, որոնց որդեգրելու պահանջը բավականին ցածր է: Ժամանակի ընթացքում նրանց կարգավիճակը ավելի է վատթարանում թե առողջական վիճակի և թե տարիքի խնդիրները հաշվի առնելով: Նշված երեխաներին ընտանիք գտնելու գործընթացը պահանջում է առանձնահատուկ կարգավորման անհրաժեշտություն և մոտեցում:

            Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին անհրաժեշտ է ապահովել թարգմանիչներով, ուղեկցել մանկատներ, ապահովել բնակության վայրով, փաստաբաններով, որը կենտրոնական մարմնի իրավասությունից դուրս է: Օտարերկրյա քաղաքացիները այդ պարագայում օգտվում են տարբեր մասնագետների ծառայություններից, որոնց կողմից մատուցվող ծառայությունները երբեմն անօրինական են լինում, որը խոչընդոտում է թե կենտրոնական մարմնի աշխատանքներին, թե օտարերկրյա քաղաքացիների գործողությունները: Տարբեր անհայտ անձանց մասնակցությունը չի երաշխավորում գործընթացի գաղտնիությունը: Արդյունքում սխալ պատկերացուն է կազմվում նաև միջազգային կառույցներում Հայաստանի Հանրապետության գործող համակարգերի մասին:

Ներկայումս կենտրոնական մարմնի կողմից կատարվող գործողությունների, մասնավորապես փաստաթղթերի ուսումնասիրության, օտարերկրյա քաղաքացիների հետ տարվող աշխատանքների  այլ գործառույթների, համար որևէ վճարում չի գանձվում: Բոլոր ծախսերը կատարվում են կենտրոնական մարմնի հաշվին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոնվենցիայի ոլորտում գործող կենտրոնական մարմինները որոշակի վճարներ են նախատեսում փաստաթղթերի ուսումնասիրության համար, որը հետագայում ծախսվում է կենտրոնական մարմնի աշխատակիցներին վարձատրության և կատարված ծախսերը հոգալու համար:

Ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվում է հստակեցնել այն անձանց և կազմակերպությունների շրջանակը, որոնք իրավունք ունեն անձնական երաշխավորություն տալ որպես որդեգրող հաշվառվելու անձանց վերաբերյալ՝ իրականությանը համապատասխանող հնարավորինս օբյեկտիվ տեղեկություններ ապահովելու նպատակով: Մասնավորապես, նախագծով նախատեսված է, որ անձնական երաշխավորություն կարող են տալ միայն որպես որդեգրել ցանկացող անձի հետ ազգակցական կապ չունեցող անձիք և միայն այն կազմակերպությունները, որոնց հետո տվյալ անձը փոխկապակցված է որևէ աշխատանքային կամ այլ հարաբերություններով: 

Նախագծում առաջարկվում է հստակեցնել անձին, որպես որդեգրող հաշվառումը մերժելու պայմաններից մեկը, մասնավորապես երեխա որդեգրել ցանկացող անձի դիմումը հիմնավորված չլինելու հիմքը՝ մասնավորեցնելով, որ դիմումը կարող է մերժվել, եթե բավարար չեն դիմողի եկամուտները /աշխատավարձը/, հաշվի առնելով սպառողական նվազագույն զամբյուղի դրույքաչափը, և բնակարանային պայմանները /բնակարանի տարածքը, երեխայի համար նախատեսված ննջարանի առկայությունը կամ երեխայի կենսապայմանները ապահովելու համար նվազագույն տարածություն/՝ ղեկավարվելով երեխայի լավագույն շահերից: Մերժման հիմքերի հստակեցումը թույլ կտա բացառել տարաբնույթ մեկնաբանությունները և կամայականությունները՝ հետապնդելով հաշվառման ձուլում կոռուպցիոն ռիսկը նվազեցնելու նպատակ:

            Նախագծում առաջարկվում է օտար լեզվով ընդունված փաստաթղթերի թարգմանությունը կազմակերպել կենտրոնական մարմնի միջոցով: Թարգմանությունները կարող են կատարվել ինչպես «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով, այնպես էլ այն կազմակերպությունների կողմից, որոնք հետ հնարավոր կլինի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:  Նշված փոփոխությունը նպատակ է հետապնդում հստակեցնել գործընթացին մասնակցող անձանց շրջանակը, բացառել կողմնակի անձանց միջամտությունը թարգմանության, փաստաթղթերում առկա տվյալների հետ ծանոթանալու գործընթացում՝ գաղտնիությունը ապահովելու, փաստաթղթերի թարգմանության ընթացքում տեղեկությունները խեղաթյուրելը բացառելու նպատակով: Նախագծով նախատեսվում է թարգմանությունների համար գանձել վճարումներ, որը ուղղված կլինի կենտրոնական մարմնի աշխատանքները կազմակերպելու և կարիքները հոգալու նպատակին:

Նախագծով, բացի փաստաթղթերի թարգմանություններից, նախատեսվում է  օտարերկրյա քաղաքացիներից գանձել նաև փաստաթղթերի ուսումնասիրության և կենտրոնական մարմնի կողմից կատարվող գործողությունների և աշխատանքների համար ծառայության վճար միանվագ կարգով:

Նախագծով նախատեսվում է փոփոխել կենտրոնական մարմնի կողմից տրվող օտարերկրյա քաղաքացիներին որպես որդեգրողներ հաշվառելու կամ հաշվառումը  մերժելու եզրակացության բովանդակությունը դրանում նշելով այն չափանիշները, որոնց համապատասխան անձը իրավունք ունի ծանոթանալ երեխայի գործին և կատարել ընտրություն: Բացասական եզրակացության մեջ նախատեսվում է հստակ նշել այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել դիմումը մերժելու համար: Անձը, որը ստանում է եզրակացություն արդեն հնարավորություն կունենա պարզ պատկերացում կազմել այն իրավունքների մասին, որոնցից նա կարող է օգտվել որդեգրման ընթացքում: Միաժամանակ եզրակացությունը կհամապատասխանեցվի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծով առաջարկվում է հաշվառման ավելի կարճ գործընթաց նախատեսել արդեն իսկ հաշվառված այն քաղաքացիներին, որոնք իրենց ցանկությամբ փոխել են երեխա որդեգրելու չափանիշները: Մասնավորապես, նրանց տրամադրված դրական եզրակացությունը, առանց աշխատանքային խմբի հատուկ նիստ գումարելու, փոփոխման է ենթարկվում  օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից երեխա որդեգրելու չափանիշների փոփոխման թույլտվության պարագայում: Աշխատանքային խմբի անդամները իրենց աշխատավայրերում  ծանոթանում են դիմումի հետ և գործի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացնում են  կենտրոնական մարմնի ղեկավարին: Նման մոտեցումը թույլ է տալիս խնայել նիստեր գումարելու համար հատկացվող ժամանակը և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողները արդեն իսկ հաշվառված են և նրանց փաստաթղթերը ուսումնասիրվել են կենտրոնական մարմնի կողմից, հնարավորություն է տրվում ավելի օպերատիվ աշխատանք իրականացնել՝ ելնելով երեխայի շահերից: Գործնականում հնարավոր է, երբ որդեգրողները, ծանոթանալով երեխաների ցուցակին, ցանկություն  հայտնեն որդեգրել մի երեխա, որը որևէ մեկ հատկանիշով /տարիք, սեռ, հիվանդություն, քանակ կամ քույր, եղբայր/ չի համապատասխանում այն չափանիշներին, որի շրջանակում նրանք ստացել են թույլտվություն: Այդ նպատակով նրանք դիմում են իրենց երկրի իրավասու մարմնին նոր չափանիշներով երեխա որդեգրելու թույլտվություն ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ստանում նորը: Կենտրոնական մարմնին նոր թույլտվությունը ներկայացնելիս քաղաքացիները բախվում են մի գործընթացի հետ, որը ստիպում է կրկին հաշվառվել, մինչդեռ խոսքը կարող է լինել նաև այնպիսի երեխայի մասին, որը ունի հնարավորինս արագ բուժօգնություն ստանալու կարիք: Հաշվառման նոր գործընթաց անցնելու գործընթացը նպատակահարմար չէ, քանի որ բովանդակային առումով փոփոխություններ չեն կատարվում: Քաղաքացիների գործը արդեն իսկ ուսումնասիրված է աշխատանքային խմբի կողմից, բնակարանային պայմանների, եկամուտի և այլ անհրաժեշտ պայմանների փոփոխություն տեղի չի ունեցել և թեկնածուն ունի դրական եզրակացություն:  Խնդիրը ընդհամենը երեխայի չափանիշների փոփոխման մեջ է, իսկ կենտրոնական մարմինը ընդունող պետության կենտրոնական մարմնից ստացել է երաշխավորություն երեխային ընդունելու, քաղաքացիություն շնորհելու և հետորդեգրյա ժամանակահատվածում զեկույցներ ներկայացնելու մասին: Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծով նախատեսվում է երեխայի չափանիշների փոփոխման դեպքում  եզրակացության տրամադրման ավելի կարճ գործընթաց:

Նախագծով բացասական եզրակացություն ստացած օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տրվում դիմել կենտրոնական մարմին նոր հաշվառման գործընթաց անցնել խնդրանքով այն դեպքում, երբ մինչև մեկ տարին լրանալը փոփոխվել են իրենց բնակարանային պայմանները, եկամուտները կամ վերացել են այն խոչընդոտները, որոնք հիմք են հանդիսացել բացասական եզրակացություն ստանալու համար: Տվյալ փոփոխությունը նպատակ է հետապնդում շահագրգռել օտարերկրյա քաղաքացիներին ավելի կարճ ժամանակահատվածում վերացնել որպես որդեգրողներ հաշվառվելու համար առկա խոչընդոտները՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու նպատակով, ինչը լրացուցիչ հնարավորություն է ստեղծում ընտանիք գտնել երեխաների համար:

 Երեխաների ցուցակին ծանոթանալու գործընթացը հավասար կարգով բաշխելու, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկը տվյալ փուլում նվազեցնելու նպատակով, նախագիծը հստակեցնում է երեխայի տվյալներին ծանոթանալու գործընթացը: Մասնավորապես, երեխաների ցուցակին ծանոթանալու համար արդեն անհրաժեշտություն չի առաջանում ժամանել Հայաստանի Հանրապետություն: Կենտրոնական մարմինը երեխա-որդեգրող համադրումը կատարելու է ինքնուրույն: Առաջին փուլով նախատեսվում է կատարել տեխնիկական համադրում՝ ըստ երեխայի սեռի, տարիքի և հիվանդությունների: Երկրորդ փուլով կատարվելու է համադրում  կենտրոնական մարմնի երկու, բժշկության և հոգեբանության ոլորտների մեկական մասնագետների միջոցով: Այդ ընթացքում նախապատվությունը տրվելու է ավելի վաղ հաշվառված երեխաներին և որդեգրողներին: Համադրումը կատարելուց հետո համապատասխան թեկնածուներին, ընդունող պետության կենտրոնական մարմնի միջոցով, տրամադրվելու են երեխայի մասին տեղեկությունները: Նրանցից դրական պատասխան ստանալով կասեցվելու է այլ թեկնածուներին երեխայի մասին տեղեկությունների տրամադրումը: Համաձայնությունը տալուց հետո միայն թեկնածուները պետք է ժամանեն Հայաստանի Հանրապետություն՝ երեխայի հետ անմիջական հանդիպման համար: Այն դեպքում, երբ երեխայի տվյալներին ծանոթանալուց հետո թեկնածուները համաձայնություն չեն հայտնի, նույն երեխայի վերաբերյալ տեղեկությունները տրամադրվելու  են ըստ հաշվառման ցուցակի հերթականության գրանցված թեկնածուներին: Դրանով իսկ կենտրոնական մարմինը ստանձնում է կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների կատարմանը, համադրման փուլում, որը մինչև այժմ չի կատարվել, բացի այդ պահպանվում է արդարության և հավասարության սկզբունքները:

Նախագծով առաջարկվում է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել տարիքով մեծ, քույր և եղբայր և անբուժելի հիվանդություններով տառապող երեխաների տվյալները տրամադրելու գործընթացին: Նշված երեխաների համար գործնականում դժվար է գտնել ընտանիք, թեկնածուների մեծ մասը նախընտրում են որդեգրել քանակով մեկ, տարիքով փոքր, առողջ և լավագույն դեպքում թեթև և բուժելի հիվանդություններ ունեցող երեխաներին: Հաշվի առնելով դժվարությունները նշված երեխաների համար ընտանիք գտնելու հարցում, նախագծով նախատեսված է այդ երեխաների տվյալները, հաշվառվելուց հետո, տրամադրել ընդունող պետությունների կենտրոնական մարմիններին՝ իրենց մոտ որպես որդեգրողներ հաշվառված անձանց կողմից տվյալ երեխաներին որդեգրելու նպատակով թեկնածուներ ընտրելու համար: Միաժամանակ կենտրոնական մարմինը այդ երեխաների համար շարունակելու է համադրում կատարել՝ ընտանիք գտնելու նպատակով:

Օտարերկրյա պետության քաղաքացիներին աջակցելու և կողմնակի անձանց միջամտությունը որդեգրման գործընթացում բացառելու նպատակով նախագծով նախատեսվում է թույլատրել և լիցենզավորել օտարերկրյա պետությունների ներկայացուցչություններ՝ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նպատակով: Որդեգրման գործընթացում նրանց միջամտության աստիճանը սահմանափակվելու է օտարերկրյա քաղաքացիներին բնակության վայր ապահովելու, թարգմանիչների ծառայություն մատուցելու, երեխային օտարերկրյա պետության երկիր տեղափոխելու և փաստաթղթավորելու հարցերով համապատասխան երկրների հյուպատոսական հիմնարկների հետ կապ հաստատելու, երեխային  և հետորդեգրյա ժամանակահատվածի վերաբերյալ կենտրոնական մարմնին տեղեկություններ տրամադրելու աշխատանքներով:

Ներկայումս կենտրոնական մարմնի կողմից կատարվող գործողությունների, մասնավորապես փաստաթղթերի ուսումնասիրության, օտարերկրյա քաղաքացիների հետ տարվող աշխատանքների  այլ գործառույթների, համար որևէ վճարում չի գանձվում: Բոլոր ծախսերը կատարվում են կենտրոնական մարմնի հաշվին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կոնվենցիայի ոլորտում գործող կենտրոնական մարմինները որոշակի վճարներ են նախատեսում փաստաթղթերի ուսումնասիրության համար, որը հետագայում ծախսվում է կենտրոնական մարմնի աշխատակիցներին վարձատրության և կատարված ծախսերը հոգալու համար: Նախագծով կենտրոնական մարմնի գործունեության համար նախատեսվում է սահմանել միանվագ գանձվող վճարման ենթակա գումար:

 

Նախագծում առկա են նաև տեխնիկական և փաստաթղթային այլ կարգավորումներ:

  • Քննարկվել է

    31.08.2017 - 17.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Հանրային քննարկում

14.09.2017 20:44

ՀՀ արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9124

Տպել