Հիշել նախագիծը

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    2020 թվականի դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովն ընդունվեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»  և հարակից մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերը, որոնց հիմնական նպատակն էր կուսակցական համակարգի կայացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը, քաղաքական գործունեության և բիզնեսի տարանջատոմը, քաղաքական կոռուպցիայի կանխարգելումը։ Նախագծերի փաթեթի առանցքային փոփոխություններից մեկը կայանում էր նրանում, որ կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողական գործառույթը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունից փոխանցվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես մասնագիտացված անկախ մարմնի։ Այն ենթադրում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունների (տարեկան հաշվետվություն) ներկայացման պահանջների պահպանման և հաշվետվության մեջ առկա տեղեկատվության և տվյալների արժանահավատության և ամբողջականության ստուգում։  Այն ներառում է նաև նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայության ստուգում։ Միաժամանակ, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների համար նախատեսվեց գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջ՝ որպես  իրավասու մարմին սահմանելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Այսպիսով՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարված փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար սահմանվեցին երկու հիմնական գործառույթներ՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը և կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգումն ու վերլուծությունը։

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար նոր գործառույթների սահմանումը պահանջում է մարդկային ռեսուրսների համալրում, համապատասխան ծրագրային ապահովում, ինչպես նաև համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակում՝ նախագծերի փաթեթով նախատեսվեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթներին վերաբերող դրույթներն ուժի մեջ կմտնեն մոտավորապես մեկ տարի հետո՝ 2022 թվականի հունվարի 1-ից։ Այս նպատակով նախագծերի անցումային դրույթներով նախատեսվեցին այն հիմնական իրավական ակտերի ցանկը, որոնք պետք է մշակվեին մինչև օրենքի ուժի մեջ մտնելը։ Անցումային դրույթներով նախատեսվեց նաև, որ օրենքն ստորագրվելուց և հրապարակվելուց հետո՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով ստեղծվում է առանձին կառուցվածքային ստորաբաժանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով։  

Սակայն օրենքով նախատեսված ժամանակը բավարար չեղավ վերը նշված միջոցառումների լիարժեք իրականացումն ապահովելու համար։

2021 թվականի ապրիլին Հանձնաժողովը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1500-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծ։ 2021 թվականի մայիսի 27-ին ներկայացված նախագիծը հաստատվել է Կառավարության կողմից։ Կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ հայտարարագրերի վերլուծության վարչությունը բաղկացած է լինելու երկու բաժնից, որից մեկը՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժին՝ 4 աշխատողի կազմով: Մարդկային ռեսուրսների համալրման հայտը բավարարվել է 2021 թվականի մայիսին, սակայն մինչ օրս ստորաբաժանման թափուր հաստիքներից հնարավոր է եղել սեպտեմբեր ամսին համալրել միայն մեկը, իսկ մյուս հաստիքները դեռևս համալրման փուլում են։ 

Կուսակցություների ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության և կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների գույքի և եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ է ներդնել նոր համակարգ և դրան սպասարկող էլեկտրոնային տվյալների շտեմարան, որը հնարավարություն կտա իրականացնել տվյալների ավտոմատացված վերլուծություն, բացահայտել ենթադրյալ խախտումները, ապահովել հրապարակայնացումը։ Հայտարարագրման գործող համակարգում կուսակցությունների հայտարարատու անձանց հայտարարագրերի ձևանմուշի ներդրման աշխատանքները ևս դեռևս չեն ավարտվել և լրացուցիչ ժամանակ են պահանջում։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների և ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերում պարունակվող տվյալների վերլուծությունը ձեռքով կամ համակարգչային ծրագրով իրականանցնելը քիչ կամ գրեթե անարդյունավետ է, հատկապես այն դեպքում, երբ հայտարարագրված տվյալները կուսակցության ֆինանսական հոսքերի, ծախսերի հետ համադրելու անհրաժեշտություն առաջանա։ Հայտարարագրերի կամ ֆինանսական հաշվետվությունների՝ թղթային տարբերակով հավաքագրվելու դեպքում դրանց օգտագործումը, հանրայանացումը դառնալու է անհնարին՝ հնարավորություն չտալով  ապահովելու կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկությունը։

Դեռևս ընթացքի մեջ են գտնվում նաև ենթաօրենսդրական նորմատիվ և ներքին (լոկալ) ակտերի մշակման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, այս պահին նախատեսվում է մշակել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների և ղեկավար մարմինների անդամների հայտարարագրերի ստուգման գործառույթի իրականացումն ապահովող մոտ 15 ենթաօրենսդրական նորմատիվ և լոկալ իրավական ակտ։ Բացի այդ, հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերի կարևորությունը՝ բավարար ժամանակ է անհրաժեշտ նաև կուսակցությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ հանրային քննարկումներ կազմակերպելու և կարծիքների ամփոփումն իրականացնելու համար։

Ուստի, օրենսդրի նախանշած նպատակները 2022 թվականին իրագործելու համար, ի թիվ այլ փոփոխությունների, Նախագծերի փաթեթով առաջարկվում է 2022 թվականին նախատեսված՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման, կուսակցությունների տարեկան հաշվետվությունների և դրանց վերաբեյալ աուդիտորական եզրակացությունների հրապարակման, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների ստուգման՝ օրենքով նախատեսված ժամկետները հետաձգել երեք ամսով։ Առաջարկվում է նաև կուսակցությունների հայտարարատու անձանց պաշտոնի ստանձման, դադարեցման, ինչպես նաև տարեկան հայտարարգերի ներկայացման ժամկետները հետաձգել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։

Ներկայումս մշակման փուլում են գտնվում «Աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգը և նրանց ներկայացվող պահանջների սահմանելու մասին» հանձնաժողովի որոշման նախագիծը, «Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ձևը և դրա լրացման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտերի նախագծեր, որոնց ընդունումը բխում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի պահանջներից։ Խնդիրը նրանում է, որ դեռևս չկիրառված օրենքներում առկա որոշ խնդիրներ հնարավոր է արձանագրել միայն դրանց կիրառումն ապահովող ենթաօրենսդրական և ներքին իրավական ակտերի մշակման ընթացքում։ Ուստի օրենքների նախագծերում առաջարկվող փոփոխությունների մի մասը պայմանավորված է վերը նշված, ինչպես նաև մյուս իրավական ակտերի մշակման ընթացքում ի հայտ եկած խնդիրների շտկման անհրաժեշտությամբ։

1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ա) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածով սահմանվում են կուսակցության գույքի ձևավորման աղբյուրները, որոնց թվում են կուսակցության անդամների կողմից տրվող մուտքի վճարներն ու անդամավճարները, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից տրվող նվիրատվությունները։ Կուսակցության գործունեության նկատմամբ մասնավոր շահերի ազդեցությունը նվազեցնելու նպատակով օրենքը սահմանում է մեկ անձի կողմից վճարվող անդամավճարի (1 միլիոն դրամ) և տրվող նվիրատվության առավելագույն շեմ (2,5 միլիոն դրամ)։ Սակայն կարգավորումից դուրս է մնացել մուտքի վճարների առավելագույն շեմի սահմանումը։

բ) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների՝ օրենքով սահմանված չափը գերազանցող մասն այն վճարած անձին վերադարձնելու պահանջ, և միայն դրա անհնարինության դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված չափը գերազանցող մասը փոխանցել պետական բյուջե։ Այլ է մոտեցումն օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների դեպքում, որոնք ենթակա են փոխանցման պետական բյուջե։ Խնդիրը նրանում է, որ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվություններ կարող են կատարվել ոչ դիտավորությամբ։ Այս առումով օրենքի նախագծի վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի համատեղ կարծիքում առաջարկվել է նախ փորձել այդ նվիրատվությունները հետ վերադարձնել նվիրատուին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե, քանի որ միշտ չէ, որ նվիրատուները դիտավորությամբ են խախտում սահմանված կարգը։[1]

գ) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվում է, որ նվիրատվություն կատարող անձինք պարտավոր են նշել իրենց անունը, ազգանունը և անձը հաստատող փաստաթղթի համարը։ Խնդիրն այն է, որ նշված անհատական տվյալները բավարար չեն անձին նույնականացնելու համար, որն անհրաժեշտ է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման լիազորությունն իրականացնելիս։ Բացի այդ, նվիրատուներից բացի, նշված չեն անդամավճար և մուտքի վճար վճարող սուբյեկտները։

դ) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով նախատեսվում է կուսակցություններին նպատակային ֆինանսավորում տրամադրելու հնարավորություն, եթե վերջիններս բավարարում են որոշակի պահանջների։ Այդպիսիք են համարվում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը, ինչպես նաև ՀՀ մարզերից առնվազն կեսում տարածքային ստորաբաժանումների առկայությունը (հոդվ. 26)։ Խնդիրը նրանում է, որ մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը կարող է փոփոխվել նաև կուսակցության կամքից անկախ հանգմանքներով՝ հրաժարականի, մահվան և այլ պատճառներով։ Ուստի անհրաժեշտ է կուսակցությանը հնարավորություն տալ որոշակի ժամկետում վերականգնել մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում խախտված համամասնությունը։

ե) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարին աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջի հիման վրա տրամադրում են աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով հայտարարվող մրցույթի անցկացման համար անհրաժեշտ տեղեկություններ։ Խնդիրը նրանում է, որ նման կարգավորումը որոշակի դժվարություններ է առաջացնելու Հանձնաժողովի համար՝ պահանջելով յուրաքանչյուր կուսակցությունից առանձին պահանջել անհրաժեշտ տեղեկությունների ցանկը։ Ուստի առաջարկվում է փոփոխության ենթարկել նշված կարգավորումը՝ կուսակցությունների կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկի և ձևաթղթի սահմանումը վերապահելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

զ) Մինչև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ը կատարված փոփոխությունները կուսակցություններն իրենք էին կազմակերպում իրենց տարեկան հաշվետվությունների աուդիտը, այսինքն՝ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում էր կուսակցության և աուդիտորական կազմակերպության միջև։ Սակայն վերջին փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահվել կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի կազմակերպման լիազորությունը, ինչը նշանակում է, որ այսուհետ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի կողմ է հանդիսանալու Հանձնաժողովը՝ որպես պատվիրատու։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում օրենսդրորեն ամրագրել կուսակցության պարտականությունը իր տարեկան հաշվետվության նախնական տարբերակը ժամանակին տրամադրելու աուդիտորական կազմակերպությանը, որպեսզի վերջինս կարողանա աուդիտն իրականացնել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով։

Օրենքով բացակայում են նաև կուսակցության կողմից աուդիտից խուսափելու կամ աուդիտի արդյունքում տարեկան հաշվետվության մեջ էական խախտումներ հայտնաբերվելու դեպքերում կուսակցության համար առաջացող բացասական հետևանքները։

է) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով (հոդվ. 28.1, մաս 1) գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջ է ներկայացվում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների համար, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ նաև այդ մարմինների անդամների համար։ Խնդիրը նրանում է, որ հայտարարատու պաշտոնատար անձանց թիվը ներկայումս կազմում է մոտավորապես 9000, նրանց ընտանիքի անդամների հետ համատեղ ընդհանուր հայտարարատուների թիվը գերազանցում է 32000-ը: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մոտավորապես 100 կուսակցություն, իսկ վերջիններիս մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների թիվը միջինում կազմում է 7: Այս պայմաններում Հանձնաժողովի կողմից անհրաժեշտ կլինի հավաքագրել առնվազն 700 հայտարարագիր, իսկ այլ ղեկավար մարմինների անդամների դեպքում այդ թիվը մի քանի անգամ կավելանա, ինչն էական ծանրաբեռնվածություն է Հանձնաժողովի համար՝ հաշվի առնելով նաև վերջին փոփոխություններով նոր գործառույթների ավելացումը։  

ը) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է նվիրատվությունների, անդամավճարների և մուտքի վճարների՝ օրենքով սահմանված չափը գերազանցող մասն այն վճարած անձին՝ նվիրատուին կամ կուսակցության անդամին վերադարձնելու պահանջ, սակայն օրենքի առանձին դրույթներում բաց են մնացել անդամավճարներին և մուտքի վճարներին վերաբերող ձևակերպումները (հոդվ. 24, 32)։

      Առաջարկվող կարգավորման բնույթը

      1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ա) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է սահմանել ֆիզիկական անձի կողմից կուսակցությանը վճարվող մուտքի վճարի առավելագույն շեմ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով (առավելագույնը 500 000 դրամ), որը կազմում է անդամավճարի տարեկան գումարի ուղիղ կեսը։

բ) Նախագծով առաջարկվում է օրենքով չթույլատրված աղբյուրներից ստացված նվիրատվությունները նախ փորձել վերադարձնել նվիրատուին և միայն դրա անհնարինության դեպքում փոխանցել պետական բյուջե։

գ) Առաջարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասում նվիրատվություն կատարող անձի կողմից նշվող անհատական տվյալներում լրացնել նաև հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, ինչպես նաև նշված տվյալները նշելու պարտականություն սահմանել նաև անդամավճար և մուտքի վճար վճարող անձանց համար։

դ) Նախատեսվում է պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունը ստուգելիս հաշվի առնել հաշվետու տարվա առնվազն 300 օրվա, այսինքն՝ մոտ տասը ամիսների ընթացքում մշտապես գործող մարմնի կազմում պակաս ներկայացված սեռի ներկայացուցիչների թիվը։ Միաժամանակ, լրացուցիչ սահմանվել է, որ պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունը ստուգելիս հիմք են ընդունվում իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների, ինչպես նաև տարածքային ստորաբաժանումների մասին գրառված տեղեկությունները։

Այս նպատակով անցումային դրույթներով նախատեսվել է, որ կուսակցությունները 2021 թվականի հաշվետու տարվա ընթացքում իրենց մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների մասին տեղեկությունները, ինչպես նաև մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ստեղված տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ տեղեկությունները մինչև 2022 թվականի մայիսի 31-ը ներկայացնեն գործակալություն՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառելու նպատակով։ Վերը նշված ժամկետից ուշ ներկայացվելու դեպքում գրառված տեղեկությունները Հանձնաժողովի կողմից հիմք չեն ընդունվի հաշվետու տարվա տվյալների հիման վրա պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունը ստուգելիս։ 

ե) Նախագծով առաջարկվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը՝ աուդիտի կազմակերպման, ինչպես նաև կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց ներկայացման ձևաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Նման իրավակարգավորման հիման վրա կուսակցությունները յուրաքանչյուր տարվա մինչև հունվարի 31-ը օրենքի ուժով Հանձնաժողովին կներկայացնեն Հանձնաժողովի կողմից սահմանված տեղեկությունները՝ սահմանված ձևաթղթի հիման վրա։

Վերը նշված նորմի պահանջները խախտելու համար նախատեսվել է վարչական պատասխանատվություն։

զ) Հաշվի առնելով այն հանագամանքը, որ աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվելու է Հանձնաժողովի և աուդիտորական կազմակերպության միջև՝ նախագծով սահմանվել է, որ բաց մրցույթից հետո կուսակցություններն աուդիտորական կազմակերպություններին իրենց տարեկան հաշվետվությունները տրամադրում են այնպիսի ժամկետում, որ պահպանվեն մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով տարեկան հաշվետվության աուդիտի իրականացման ժամկետները։

Միաժամանակ սահմանվել է, որ աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սահմանված ժամկետում կամ սահմանված կարգով չներկայացնելու կամ սխալ տեղեկություններ ներկայացնելու դեպքում, եթե դրա արդյունքում կուսակցությունը խուսափել է օրենքով սահմանված պարտադիր աուդիտից (կուսակցությունը ենթակա է պարտադիր աուդիտի, եթե հաշվետու տարվա ընթացքում մուտքերը կամ ելքերը գերազանցում են 25 միլիոն դրամը) կամ աուդիտի իրականացման նպատակով իր տարեկան հաշվետվությունը մրցույթի արդյունքում հաղթած աուդիտորական կազմակերպությանը չտրամադրելը կամ այնպիսի ժամկետում տրամադրելը, որի արդյունքում հնարավոր չի եղել իրականացնել տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը, ինչպես նաև աուդիտի արդյունքում կուսակցության տարեկան հաշվետվության վերաբերյալ բացասական  եզրակացություն ներկայացվելու կամ եզրակացություն ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում տվյալ տարում կուսակցությանը պետական ֆինանսավորում (ընդհանուր և նպատակային) չի տրամադրվում։

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված դրույթը վատթարացնում է կուսակցությունների դրությունը՝ աուդիտի արդյունքում կուսակցության տարեկան հաշվետվության վերաբերյալ բացասական  եզրակացություն ներկայացվելու կամ եզրակացություն ներկայացնելուց հրաժարվելու հիմքով տվյալ տարում կուսակցությանը պետական ֆինանսավորում չտրամադրելու վերաբերյալ դրույթը կկիրառվի միայն հաջորդ հաշվետու տարվա՝ 2022 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգման արդյունքում։ Այս մասին հատուկ նշում է կատարվել օրենքի անցումային դրույթներում։

է) Փոփոխություններով առաջարկվում է հրաժարվել կուսակցությունների այլ ղեկավար մարմինների անդամների հայտարարագրման պահանջից՝ գույքի և եկամուտների հայտարարագրման պահանջը պահպանելով միայն կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների համար։

ը) Առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի մի շարք դրույթներում լրացնել անդամավճարներին և մուտքի վճարներին վերաբերող ձևակերպումները, որոնք դուրս են մնացել կարգավորումից (հոդվ. 24, 32)։

Նախատեսվում է շտկել նաև որոշ տեխնիկական բնույթի թերություններ։

2. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

ա) Ներկայումս «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի անցումային դրույթներով կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց համար նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ը 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պահանջ։ Առաջարկվում է այդ ժամկետը հետաձգել մինչև 2022 թվականի մայիսի 31-ը, ինչպես նաև հայտարարագրման պահանջը տարածել կուսակցության միայն մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների վրա։

բ) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կուսակցությունները յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող տարվա մինչև մայիսի 31-ը հրապարակում են իրենց տարեկան հաշվետվությունները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը։ Առաջարկվում է կուսակցությունների՝ 2021 թվականի հաշվետու տարվա վերաբերյալ տարեկան հաշվետվությունների, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների հրապարակման ժամկետը հետաձգել մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ հնարավորություն ստեղծելով մինչ այդ ավարտին հասցնել Հանձնաժոողվի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման համալրումը, ենթաօրենսդրական նորմատիվ և լոկալ ակտերի մշակումը,  ինչպես նաև ծրագրային ապահովման աշխատանքները։

գ) Անցումային դրույթներով առաջարկվում է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ կուսակցությունների կողմից 2021 թվականի հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկությունների ներկայացման ժամկետը հունվարից երկարաձգել մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը։

դ) «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով պաշտոնական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերի ներկայացման համար սահմանվում է 30-օրյա ժամկետ, որը հաշվարկվում է պաշտոնական պարտականությունները ստանձնելուն կամ դադարեցնելուն հաջորդող օրվանից։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պահին ընթանում են հայտարարագրման նոր համակարգի ներդրման, ծրագրային ապահովման, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքեր՝ առաջարկվում է, որ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 28.1-ին հոդվածով նախատեսված՝ կուսակցության հայտարարատու պաշտոնատար անձինք 2022 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ընկած ժամանակահատվածում պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում համապատասխան հայտարարագրերը ներկայացնեն մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։

3. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ընտրական օրենսգրքում, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում կատարվող փոփոխության համանմանությամբ, առաջարկվում է նախընտրական հիմնադրամին նվիրատվություն կատարող ֆիզիկական անձանց անհատական տվյալների ցանկում ավելացնել նաև հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (հոդվ. 26. մաս 5.1.)։

4. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ա) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 14-րդ մասով նախատեսվում է, որ Հանձնաժողովը պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումն իրականացնում է 15-օրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 15-ը։ Նախագծով առաջարկվում է տարեկան հաշվետվությունների ստուգման համար սահմանել 30-օրյա ժամկետ՝ որպես վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը։

բ) «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված վարկային և բանկային ավանդի պայմանագրերի ստուգման և դրանց հետ կապված խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու իրավասությունը վերապահված է Կոռուպցիայի կանխարգելման  հանձնաժողովին։ Նախագծով առաջարկվում է այս գործառույթը վերապահել Կենտրոնական բանկին՝ որպես այս ոլորտում անկախ և մասնագիտացված մարմնի։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ «Հանձնաժողովի կողմից տարեկան հաշվետվության ստուգման արդյունքում կուսակցության վարկային և բանկային ավանդի պայմանագրերում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 11-12-րդ և 14-րդ մասերով նախատեսված դրույթների առերևույթ խախտումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան նյութերը եռօրյա ժամկետում ուղարկվում են Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկը Հանձնաժողովին ծանուցում է նյութերի ուսումնասիրության արդյունքների մասին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը»։ Իրավասության մասով համապատասխան փոփոխություն է կատարվել նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։

գ) Հաշվի առնելով վերևում նշված միջոցառումները ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ անցումային դրույթներով առաջարկվում է միայն 2022 թվականին որպես աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար բաց մրցույթի անցկացման վերջնաժամկետ սահմանել 2022 թվականի հունիսի 30-ը՝ գործող մարտի 31-ի փոխարեն, իսկ որպես պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների՝ 2021 թվականի տարեկան հաշվետվությունների ստուգման վերջնաժամկետ՝ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը՝ գործող հունիս 15-ի փոխարեն։

5. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով մրցույթի անցկացման, ինչպես նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունների հրապարակման, ինչպես նաև տարեկան հաշվետվությունների ստուգման համար նախատեսված են ժամկետներ, իսկ մրցույթի հետ կապված որոշումների և գործողությունների բողոքարկան դեպքում հայցի ապահովման միջոցների կիրառումը կարող է հանգեցնել օրենքով նախատեսված գործընթացների և դրանց ժամկետների խախտման՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսվում է սահմանել, որ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով անցկացվող բաց մրցույթի հետ կապված վեճերով չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի մրցույթի կամ դրա արդյունքում կնքված պայմանագրի կատարման կասեցմանը։ Ներկայումս համանման դրույթ է նախատեսված նաև պետական գնումների հետ կապված վեճերով։

6. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխոթյուն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարված փոփոխություններով արգելվեցին նվիրատվությունները իրավաբանական անձանցից։ Փոխարենը էապես ընդլայնվեց պետական ֆինանսավորման ծավալը՝ նախատեսելով պետական ընդհանուր և նպատակային ֆինանսավորում։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է նվազեցնել պետական ֆինանսավորումը, եթե կուսակցությունն իր գույքի վարձակալությունից, բանկային ավանդից, իր կողմից հիմնադրված զանգվածային լրատվության միջոցի կամ հրատարակչական կազմակերպության գործունեությունից ստանում է եկամուտներ՝ իրենց փոխանցված այդ եկամուտների չափով, իսկ այդ եկամուտների չափը պետական ֆինանսավորման ծավալը գերազանցելու դեպքում նախատեսվում է պետական ֆինանսավորման դադարեցում։ Պետական ֆինանսավորման նվազեցման և դադարեցման հիմքերի առկայության վերաբերյալ որոշում է ընդունում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված նաև պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայության ստուգումը, որի հիման վրա կուսակցությունը կարող է ստանալ նպատակային ֆինանսավորում։ Բացի այդ, առաջարկվող նախագծերի փաթեթով ևս նախատեսվում է  կուսակցությունների պետական ֆինանսավորման դադարեցում՝ պայմանավորված աուդիտորական եզրակացության արդյունքներով, ինչպես նաև աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկությունները և տարեկան հաշվետվության նախնական տարբերակը աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությանը ներկայացնելու՝ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։ Հաշվի առնելով, մի կողմից, պետական ֆինանսավորման կենսական կարևորությունը կուսակցությունների գործունեության համար, և մյուս կողմից, դատարաններում գործերի քննության երկար ժամկետները՝ առաջարկվում է կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումների վիճարկման համար նախատեսել հատուկ վարույթ՝ վարչական և վերաքննիչ դատարաններում սահմանելով գործի քննության սեղմ ժամկետներ։ Մասնավորապես՝ նախագծով վարչական դատարանում նախատեսվում է գործի քննության երկամսյա ժամկետ, իսկ վերաքննիչ դատարանում՝ մեկամսյա ժամկետ։

7. «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարված փոփոխություններով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահվեց կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտի կազմակերպումը։ Նախատեսվեց, որ տարեկան հաշվետվությունների աուդիտի նպատակով աուդիտորական կազմակերպությունների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթով, իսկ աուդիտորական կազմակերպությունների ընտրության կարգի և նրանց ներկայացվող պահանջների սահմանումը վերապահվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Դրանով, ըստ էության, բացառվեց «Գնումների մասին» օրենքի կիրառությունը։ Այդուհանդերձ, տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար առաջարկվում է «Գնումների մասին» օրենքում հատուկ նշում կատարել այդ օրենքի գործողության՝ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման նպատակով կնքվող աուդիտորական ծառայությունների մատուցման գործարքների վրա չտարածվելու մասին։

8. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ մասին» օրենքի նախագիծ

«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարված փոփոխություններով նախատեսվել է կուսակցությունների տարածքային ստորաբաժանումների պետական հաշվառման պահանջ, ինչպես նաև կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների մասին տեղեկությունների գրանցման պահանջ։ Այդ տեղեկություններն անհրաժեշտ են պետական նպատակային ֆինանսավորում տրամադրելու հիմքերի առկայությունն ստուգելու համար։ Նախագծով առաջարկվում է տարածքային ստորաբաժանումների վերաբերյալ գրառումներում լրացնել նաև գտնվելու վայրի հասցեն, իսկ մշտապես գործող ղեկավար մարմինների անդամների դեպքում լրացնել նաև մշտապես գործող ղեկավար մարմնի անդամի լիազորությունները ստանձնելու, դադարեցնելու կամ դադարելու տարին, ամիսը և օրը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, ինչպես նաև կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, ֆաքսը, եթե այդպիսիք ներկայացվել են գործակալություն։ Նախագծով կարգավորվում է նաև մշտապես գործող ղեկավար մարմինների կազմի փոփոխությունների պետական գրանցման և ներկայացվող փաստաթղթերի հետ կապված հարցերը։

Նախագծով կարգավորվում են նաև մրցույթին մասնակցող աուդիտորական կազմակերպությունների կողմից ներկայացվող իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ներկայացման և լրացման հետ կապված որոշ հարցեր՝ նախատեսելով, որ աուդիտորական կազմակերպությունների իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը լրացնում և ստորագրում է մրցութային առաջարկները ներկայացնող անձը, իսկ որպես հայտարարագիրը ներկայացնող անձ լրացվում են այն ֆիզիկական անձի տվյալները, որը ստորագրում է մրցութային առաջարկում ներառվող փաստաթղթերը (հոդվ. 60.3., մաս 6)։

9. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (2003թ.)

ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները պայմանավորված են «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածում կատարվող շտկումներով, որտեղ «նվիրատվություն» եզրույթին զուգահեռ լրացվում են նաև «անդամավճար», «մուտքի վճար» եզրույթները՝ նվիրատվություններից բացի, պատասխանատվություն սահմանելով նաև անդամավճարների և մուտքի վճարների հետ կապված խախտումների համար։

10. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (2021թ.)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունվել է նոր քրեական օրենսգիրք, որն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հուլիսի 1-ից, նախատեսվում է անդամավճարների և մուտքի վճարների վերաբերյալ այս պահին գործող Քրեական օրենսգրքում կատարվող լրացումները նախատեսել նաև նոր Քրեական օրենսգրքում։

11. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել կուսակցության կողմից իր տարեկան հաշվետվության՝ պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտի կազմակերպման համար անհրաժեշտ տեղեկություններ սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չներկայացնելու կամ սխալ տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև կամ աուդիտի իրականացման նպատակով իր տարեկան հաշվետվությունը աուդիտորական կազմակերպությանը չտրամադրելու համար, որի արդյունքում հնարավոր չի եղել իրականացնել տվյալ կուսակցության տարեկան հաշվետվության աուդիտը։

Նախատեսվում է նաև Քրեական օրենսգրքի համանմանությամբ «նվիրատվություն» եզրույթին զուգահեռ լրացնել «անդամավճար», «մուտքի վճար» եզրույթները՝ նվիրատվություններից բացի, պատասխանատվություն սահմանելով նաև անդամավճարների և մուտքի վճարների հետ կապված խախտումների համար։

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերի փաթեթը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից՝  Ընտրական համակարգերի միջազգային հաստատության Հայաստանյան մասնաճյուղի (IFES Armenia) աջակցությամբ։

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ կուսակցությունների ֆինասնական գործունեության վերահսկողության և կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։

 

[1] https://www.venice.coe.int/webforms/documents/?pdf=CDL-AD(2020)004-arm, կետ 27։

  • Քննարկվել է

    25.01.2022 - 09.02.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեական օրենսդրություն, Քաղաքացիական դատավարություն, Վարչական իրավախախտում

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3038

Տպել