Հիշել նախագիծը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սահմանադրական օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

    «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում է ինքնավար մարմինների անդամների նշանակման կարգը, մասնավորապես՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով ինքնավար մարմինների անդամների նշանակումը նախատեսվում է միայն ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում։

    Նման կարգավորումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ ինքնավար մարմնի անդամի պաշտոնը թափուր մնալուց հետո մինչև նոր անդամի ընտրությունը ինքնավար մարմինն ունենա նիստի և որոշումների ընդունման իրավազորության խնդիր։ Ավելին, նման պայմաններում իրավիճակը կարող է ավելի բարդանալ  միևնույն ժամանակահատվածում ինքնավար մարմնի անդամների արձակուրդում գտնվելու, գործուղման մեջ լինելու, ժամանակավոր անաշխատունակության կամ այլ պատճառով բացակայության դեպքում։

     Ուշագրավ է, որ նման իրավիճակ նախատեսվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (այսուհետ նաև՝ Հանձնաժողով), երբ երեք անդամի լիազորությունները 2022 թվականին միաժամանակ դադարեն։

     Հարկ է նշել, որ օրենսդրության մեջ որոշ այլ մարմինների դեպքում նման խնդիրներից խուսափելու համար նախատեսված  է մինչև անդամի պաշտոնի թափուր մնալը  նոր անդամի նշանակման հնարավորություն։ Մասնավորապես՝ նման կարգավորում նախատեսված է Բարձրագույն դատական խորհրդի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի նշանակման դեպքում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ հոդվածների և «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ հոդվածների։

   Հաշվի առնելով վերոգրյալը՝ առկա է մինչև ինքնավար մարմնի անդամի պաշտոնավարման ավարտը այդ պաշտոնում նոր անդամի նշանակման կարգում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը

   «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է նախատեսել ինքնավար մարմնի անդամի պաշտոնում մինչև թափուր պաշտոնի առաջացումը նոր անդամի նշանակման հնարավորություն։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

       Նախագիծը մշակվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունման արդյունքում ինքնավար մարմինների բնականոն գործունեության իրականացման համար քվորում ապահովելու տեսանկյունից կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ։

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է,  ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

       Նախագիծն ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Քննարկվել է

    11.01.2022 - 27.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5748

Տպել