Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

<<Համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային եւ գործարար ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                                                            

ՆԱԽԱԳԻԾ

  

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

___________ 2017 թվականի  N    - Ն

 

 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

            

 Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հաստատել համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի գնահատման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

     Հավելված

     ՀՀ կառավարության 2017 թվականի

…..թիվ  ____  որոշման 

                                                       

                                                                                 Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՎՐԱ ԷԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. 1. Սույն կարգով կարգավորվում են համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի գնահատման և այդ ծրագրերի պետական աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
  2. Հանրապետության տնտեսության կայունության, համաչափ տարածքային զարգացման և հետագա տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ քայլերից է հանդիսանում արդյունավետ ներդրումային քաղաքականության վարումը և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը` աշխուժացնելով ներդրումային գործընթացը: Այս պարագայում առաջնային կարևորություն է ձեռք բերում համայնքային տնտեսության աճի վրա էական ազդեցություն ունեցող ներդրումային և գործարար ծրագրերի (այսուհետ` Ծրագրեր) պետական աջակցության վերաբերյալ որոշումներ ընդունելու հարցը:
  3. Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը կարևորում է մասնավոր հատվածում ներդրումների խրախուսումը, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացումը` այն դիտարկելով որպես իր գործունեության կարևոր ուղղություններից մեկը, Ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա բարձրացնել ընկերությունների մրցունակությունը, զարգացնել տնտեսական ենթակառուցվածքները և նպաստել ազգային ու տեղական կարևորագույն ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

 

  1. ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

  1. Ծրագրերի գնահատման համակարգի ներդնման նպատակն է`
  • խթանել Հայաստանում ներդրումային գործընթացը` դրանով իսկ նպաստելով հանրային և մասնավոր ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը.
  • զարգացնել պետական աջակցության, մասնավորապես` Ծրագրերի մասնակի սուբսիդավորման որոշումների կայացման գործընթացը` ուղղված «փողի դիմաց արժեքի» մաքսիմալացմանը:

 

  • ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ/ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

  1. Ծրագրերի գնահատումն բաղկացած է երեք առանձնացված գործառույթներից.

1) Ծրագրերի նախաստուգում և դրանց հետագա ուղղորդում: Այս փուլում իրականացվում է ծրագրային հայտերի ընդհանուր համապատասխանության ստուգում, ինչպես նաև դրանց նպատակայնության, արդյունավետության և իրագործելիության նախնական գնահատում: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում, այս փուլում ցուցաբերվում է նաև ծրագրային առաջարկի մշակման աջակցություն:

2) Ծրագրերի խորքային գնահատում, ինչպես նաև, դրա հիման վրա` ֆինանսավորման տրամադրման դրական կամ բացասական եզրակացության ներկայացում:  

3) Ֆինանսական հաստատության կողմից դրական եզրակացություն ստացած ծրագրերի գնահատում` դրանց վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակահարմարության որոշման նպատակով: Ընդ որում, այս փուլում իրականացվում է ՀՀ կառավարության գերակայություններին ծրագրերի համապատասախանության ստուգում և Ծրագրի նպատակների գնահատում: Ծրագրերի գնահատման այս փուլը պետք է կենտրոնանա Ծրագրերի նպատակայնության, ինչպես նաև արդյունավետության և իրագործելիության վրա:

  1. Սույն կարգի 5-րդ կետի`

1)  1-ին ենթակտում նշված գործառույթներն իրականացվում են «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների կողմից,

2) 2-րդ ենթակետում նշված գործառույթներն իրականացվում են ֆինանսական հաստատության կողմից («ՓՄՁ Ներդրումներ ՈՒՎԿ» ՓԲԸ, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամ, Բանկեր և այլ ֆինանսական հաստատություններ),

3) 3-րդ ենթակետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգով սահմանվող Միջգերատեսչական գնահատող մարմնի (այսուհետ` ՄԳՄ) կողմից, որն ունի գնահատման և վերլուծական գործառույթ:

  1. ՄԳՄ-ն, «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամը և ֆինանսավորող այլ կազմակերպությունները պետք է գտնվեն մշտական սերտ կապի մեջ և մշտապես տեղեկատվություն փոխանակեն ֆինանսավորման ներկայացված և արդեն ֆինանսավորում ստացած ծրագրերի վերաբերյալ:
  2. Նախաստուգման արդյունքներով` սույն կարգի 15-րդ կետով սահմանված սկզբունքներին և մոտեցումներին համապատասխանող ծրագրերը «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի մարզային կառույցների կողմից ուղղորդվում են համապատասխան ֆինանսական հաստատություններ:
  3. Ֆինանսական հաստատություններում խորքային գնահատման արդյունքներով կայացվում է ֆինանսավորման տրամադրման դրական կամ բացասական եզրակացություն:
  4. Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորման տրամադրման դրական եզրակացություն ստացած և պետական աջակցություն ակնկալող ծրագրերը «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամի կողմից ներկայացվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ` Նախարարություն)` ծրագրերի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով սույն կարգով սահմանվող ՄԳՄ-ի քննարկմանը ներկայացնելու համար: Յուրաքանչյուր ծրագրի հետ մեկտեղ Նախարարություն է ներկայացվում գործարարի կողմից լրացված սուբսիդավորման հայտ (այսուհետև՝ Հայտ):
  5. ՄԳՄ-ի անդամները սուբսիդավորում ակնկալող ծրագրերը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում իրենց գնահատականը ներկայացնում են Նախարարություն: Նախարարությունը կարծիքները ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ամփոփում է գնահատականները և հրավիրում է սույն կարգով սահմանվող ՄԳՄ-ի նիստ:
  6. ՄԳՄ-ն Ֆինանսական հաստատությունների կողմից դրական եզրակացություն ստացած ծրագրերի համար սուբսիդավորման որոշում է կայացնում սուբսիդավորման հայտը ստանալուց հետո առավելագույնը 14-օրյա ժամկետում:
  7. ՄԳՄ-ն գործում է ներքին կանոնակարգին համապատասխան: Ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման որոշումն ընդունվում է ՄԳՄ անդամների կողմից գնահատման արդյունքների հիման վրա:
  8. Ծրագրերի վարկային տոկոսադրույքների սուբսիդավորման չափը կազմում է տարեկան վեց տոկոս վարկի մայր գումարի մնացորդի վրա: Ընդհանուր մեկ վարկի գծով տրամադրվող սուբսիդիայի գումարը չի կարող գերազանցել 20,000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը:

 

  1. ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Ներդրումային առաջարկների գնահատման համար կիրառվում են հետևյալ մոտեցումներն ու սկզբունքները.
  • Ծրագրային առաջարկները պետք է համապատասխանեն առկա ռազմավարություններին և ունենան շոշափելի ազդեցություն դրանց իրագործման վրա (միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով):
  • Պետք է գնահատվի առաջակվող ծրագրերի փոխկապակցվածությունը ներկա և հեռանկարային տարածաշրջանային ծրագրերի հետ:
  • Տարածքային համամասնությունների և գյուղական խնդիրների մասով ծրագրային առաջարկները պետք է գնահատվեն տարածքների և գյուղերի զարգացման տեսանկյունից, ինչպես նաև առանձին բնակավայրերի վրա դրանց ազդեցության տեսանկյունից.
  • Ծրագիրը պետք է հիմնավորված լինի տնտեսական վերլուծություններով, որոնք պետք է ներառեն ծախսերի արդյունավետության վերլուծություններ («ծախս-արդյունքներ» վերլուծություն):
  • Ծրագրով նախատեսվող ծախսերը պետք է լինեն իրատեսական, ֆինանսական հաշվարկները և նախահաշիվները` հնարավորինս հստակ, հիմնավոր և մանրամասն:
  • Ծրագրով ակնկալվող արդյուքները պետք է լինեն գնահատելի/չափելի, ինչպես նաև ունենան սոցիալական ազդեցություն համայնքների զարգացման վրա:
  • Ծրագրային առաջարկը պետք է գնահատվի դրված նպատակների իրագործելիության տեսանկյունից, պետք է ներառված լինեն նպատակների իրագործելիության հիմնավորումներ` ներառյալ կառավարման համապատասխան մոտեցումները, ինչպես նաև փորձը տվյալ բնագավառում:
  • Յուրաքանչյուր ծրագրի համար անհրաժեշտ է դիտարկել դրա համապատասխանությունն առկա ներքին օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին:
  • Ծրագրերը պետք է պարունակեն հստակ տեղեկատվություն գնահատման գործոններից յուրաքանչյուրի մասով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել ծրագրերի բազմակողմանի գնահատում:
  • Յուրաքանչյուր ծրագրային առաջարկ պետք է պարունակի առանձին մաս` նվիրված ռիսկերի գնահատմանը: Ռիսկերի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ծրագրի իրագործման հնարավոր խոչընդոտները, որոնք կարող են լինել ֆինանսական, տեխնիկական, օրենսդրական, կարողությունների և ռեսուրսների օգտագործմանը կամ շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցությանը վերաբերող և այլն:
  • Ծրագրային առաջարկները պետք է պարունակեն`

ա) ներդրման աղբյուրները` (i) երկարաժամկետ վարկային միջոցներ, (ii) սեփական ներդրումներ, (iii) այլ աղբյուրներ: Ընդ որում, սեփական ներդրումները պետք է կազմեն ընդհանուր ներդրումների առնվազն 30 տոկոսը` առկա դրամական միջոցների տեսքով,

բ) ստեղծվող լրացուցիչ զբաղվածությունը (հարաբերական դրա իրագործման համար պահանջվող ծախսերին), այդ թվում՝ հստակ առանձնացված հիմնական և սեզոնային աշխատատեղերի բաժանմամբ,

գ) առաջարկվող ապրանքի/ծառայության շուկայի վերլուծությունը,

դ) պլանավորվող գնային քաղաքականությունը, արտադրանքի/ծառայության ինքնարժեքը,

ե) վաճառքի ուղղությունները,

զ) իրացումից ակնկալվող հասույթը,

է) համախառն շահույթը, զուտ շահույթը,

ը)  շահութաբերության ցուցանիշները,

թ) ներդրված միջոցների հետգնման ժամկետը,

ժ) ազատ գրավի առարկայի առկայությունը,

ի) ներդրումների արդյունավետության ցուցանիշները:

  • Ծրագրային առաջարկներում նշված տեղեկատվության բացակայության կամ թերի լինելու դեպքում այդ ծրագրային առաջարկները կդիտարկվեն թերի կամ անհամապատասխան և կվերադարձվեն մշակողին` վերամշակման:
  • Սույն կետի «ա» ենթակետով սահմանված պայմանին չբավարարելու դեպքում և մինչև 10,000.000 (տաս միլիոն) ՀՀ դրամ վարկային միջոցներ ակնկալող ծրագրային առաջարկը չի դիտարկվում:

 

 

  1. ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄՈԴԵԼԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Ծրագրերի գնահատման համակարգի ներդրումը ենթադրում է ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, որը կապահովի գնահատման գործընթացի իրականացումը:
  2. Գնահատման գործընթացի կազմակերպման պատասխանատու է հանդիսանում ՄԳՄ-ն, որի հիմնական խնդիրներն են.
  • ծրագրերի գնահատման համակարգերի ապահովումը,
  • ներդրումների վերլուծության և գնահատման հնարավորությունների ընդլայնումը, որոշումների կայացման անաչառություն և շահերի բախման բացառումը,
  • պրոֆեսիոնալ և վստահելի գնահատման իրականացումը,
  • գերակայություններին և ընտրված մեթոդաբանության առավելագույն համապա- տասխանությունը,
  • գնահատման գործընթացի թափանցիկությունը:

                                  

  1.                        ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

  1. ՄԳՄ-ն իրականացնում է իր գործունեությունը միջգերատեչական հանձնաժողովի միջոցով` ներգավվելով համապատասխան ներկայացուցիչներ` հետևյալ գերատեսչություններից.
  • ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
  • ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
  • ՀՀ ֆինանսների նախարարություն
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
  • ՀՀ կենտրոնական բանկ
  • «Հայաստանի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ
  • «ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ» ՓԲԸ
  • «Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ» Հիմնադրամ:
  1. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՂ ՄԱՐՄՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

  1. ՄԳՄ-ի հիմնական գործառույթներն են.
  • Ծրագրերի մշակման ձևաչափերի մշակում և սահմանում,
  • գնահատման մոդելների և գործիքների ներդրում,
  • Ծրագրերի գնահատման ժամանակացույցի կազմում,
  • վարկային տոկոսների սուբսիդավորման ենթակա Ծրագրերի ընտրության նպատակով` ֆինանսական հաստատությունների կողմից դրական եզրակացություն ստացած Ծրագրերի վերլուծություն և գնահատում.
  • վարկային տոկոսների սուբսիդավորման նպատակով ընտրված Ծրագրերի ներկայացում համապատասխան կառույց.
  • յուրաքանչյուր ծրագրի համար վարկային տոկոսների սուբսիդավորման չափի, ժամկետների և վճարման կարգի վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.
  • անհրաժեշտության դեպքում` յուրաքանչյուր տարի ծրագրերի իրականացման համար առաջնահերթ ուղղությունների և ոլորտների սահմանում.
  • պետական աջակցությամբ սուբսիդավորված Ծրագրերի մշտադիտարկման մեխանիզմի կազմակերպում:
  1. ՄԳՄ-ի աշխատակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

 

VII.  ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԳՈՐԾՈՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ֆինանսական հաստատությունների կողմից ֆինանսավորման տրամադրման դրական եզրակացություն ստացած և պետական աջակցություն ակնկալող Ծրագրերի ընդգրկուն գնահատում իրականացնելու նպատակով սահմանվում են բազմագործոն չափորոշիչներ, ըստ որոնց հարկավոր է իրականացնել գնահատումը:

 

  1. Ծրագրերի գնահատման բազմագործոն գործակիցներն ըստ չափորոշիչների`     

 

1) Ծրագրի ոլորտ

 

1-ին ենթաչափորոշիչներ

 գործակից

Մարզի զարգացման ռազմավարությամբ գերակա ճանաչված ոլորտ

10

Ոլորտային զարգացման ռազմավարություններում գերակա ճանաչված ոլորտ

7

Մարզի կամ համայնքի մրցակցային առավելություններն օգտագործող ոլորտ

4

       

 

       2)  Աշխարհագրական դիրք

 

2-րդ  ենթաչափորոշիչներ

 գործակից

Սահմանամերձ և  բարձր լեռնային համայնք

10

Մայրաքաղաքից, մարզկենտրոնից/ շրջկենտրոնից  առավել հեռավորություն ունեցող համայնք

4

Այլ

1

 

  • Համաֆինանսավորում

 

3րդ ենթաչափորոշիչներ

(ներդրողի կողմից համաֆինանսավորման չափը)

 գործակից

76%-ից ավելի

10

51% - 75%

7

30% - 50%

4

                                    

      4) Հիմնական աշխատատեղերի ստեղծում`

         ա/ գործող բիզնեսի ընդլայնման դեպքում

 

4-րդ  ենթաչափորոշիչներ

 գործակից

71% և ավել աճ

10

30%-ից 70% աճ

7

10%-ից 30% աճ

4

մինչև 10%  աճ

1

              

          բ/ սկսնակ բիզնեսի դեպքում *

4-րդ  ենթաչափորոշիչներ

 գործակից

21 և ավելի

10

7-ից 20

7

6-ից 10

4

մինչև 5

1

 

 

    5) Արտահանում

                                       5- րդ ենթաչափորոշիչներ

արտադրանքի որոշակի տոկոսը, փաստաթղթերով ապացուցված կերպով, արտահանվել է: Նշված չափորոշիչին համապատասխանում է ձեռնարկության արտադրանքի`

 գործակից

71%-ից ավելի

10

31% - 70%

7

11% - 30%

4

 1%- 10%

1

               

  1. Ծրագրի ընդհանուր գնահատական տրվում է՝ կիրառելով ծրագրերի գնահատման արդյունքները հետևյալ բանաձևում`  

           Ընդհանուր գնահատական = ենթաչափորոշիչների հանրագումար:

                                                                          5

  1. Դրական եզրակացություն տրվում է ընդհանուր գնահատման 6 և բարձր միավոր ունեցող ծրագրերին:
  2. Ծրագրի վարկային տոկոսադրույքի  սուբսիդավորման չափը  սահմանվում է`
  • 6 տոկոս սուբսիդավորում`  9-10 ընդհանուր գնահատականի դեպքում,
  • 5 տոկոս սուբսիդավորում`  8 ընդհանուր գնահատականի դեպքում,
  • 4 տոկոս սուբսիդավորում ` 7 ընդհանուր գնահատականի դեպքում
  • 2-3 տոկոս սուբսիդավորում`  6 ընդհանուր գնահատականի դեպքում:

 

 

-------------------------------

* Սույն կանոնակարգի իմաստով Սկսնակ են համարվում այն ձեռնարկությունները, որոնք հիմնվել են Հայտը ներկայացնելու օրվան նախորդող տարվա ընթացքում:

  • Քննարկվել է

    29.08.2017 - 13.09.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2606

Տպել