Հիշել նախագիծը

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

 

 

  

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

«ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N666-Ն որոշման Հավելված 1-ի 105.5 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի  «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ ենթակետով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից, և նպատակաուղղված է «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 12-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածով սահմանված դրույթների կատարմանը։ 

       Աղբավայրերի շահագործումը կարգավորվում է տարբեր նորմատիվ իրավական ակտերով՝ «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին, «Թափոնների մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին», «Լիցենզավորման մասին» օրենքներով, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության Հարկային և Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքերով և մի շարք ենթաօրենսդրական ակտերով, սակայն աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանված չէ։

       Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի հաստատման իրավական հիմքը սահմանվել է «Թափոնների մասին» օրենքի  7-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով։ Աղբավայրերի հսկողության հետ կապված կարգավորումներին առնչվող դրույթներն աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի լիազոր մարմնի՝ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված առաջարկությամբ հանվել են «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծից և «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգից»՝ համապատասխան կարգավորումներն «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքում» կատարվող փոփոխությունների շրջանակներում ապահովելու նպատակով։ Տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակված և շրջանառվող «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում աղբավայրերի հսկողությունը կարգավորող դրույթներն արդեն ներառված են, ուստի Նախագծով նախատեսվում է սահմանել միայն աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

      Նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի (մշտադիտարկման)  իրականացման կանոնակարգումը։    

      Աղբավայրի մոնիթորինգի անցկացման համար առաջարկվող  պարբերականությունը և մոնիթորինգի ենթակա ցուցանիշները սահմանվել են Եվրոպական խորհրդի 1999 թվականի ապրիլի 26–ի «Աղբավայրերի մասին» 1999/31/ԵՀ հրահանգի դրույթներին համապատասխան, հաշվի առնելով նաև դրանց վերաբերյալ ՀՀ շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

     Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունմամբ կսահմանվի աղբավայրի մոնիթորինգի ծրագրի մշակման և իրականացման կարգը։

    Նախագծով սահմանվող դրույթները կտարածվեն այն աղբավայրերի վրա, որոնք շահագործվում են կամ շահագործվելու են օրենսդրությամբ սահմանված թույլտվությունների հիման վրա՝ նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացություն հիման վրա տրամադրվող «Վտանգավոր թափոնների գործածության գործունեության» լիցենզիա։

        Աղբավայրի մոնիթորինգի ծրագրով սահմանված ժամկետի  ավարտից և սահմանված կարգով աղբավայրի փակումից հետո մոնիթորինգի իրականացման, շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցության կանխարգելման և ստեղծված իրավիճակում համապատասխան միջոցների ձեռնարկման համար պատասխանատու կհանդիսանան աղբավայրը տնօրինողները։

     Աղբավայրը շահագործողներն ու տնօրինողները աղբավայրի մոնիթորինգը կիրականացնեն փորձարկման լաբորատորիաների կամ շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման իրավասություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ թվում պայմանագրային հիմունքներով։

     Աղբավայրը շահագործողներն ու տնօրինողները Մոնիթորինգի արդյունքները կներառեն «Թափոնների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասերով սահմանված շրջակա միջավայրի ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին ներկայացվող «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի» համապատասխան բաժիններում: Նշված փաստաթուղթը լիազոր մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով չներկայացնելու դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ, ինչը սահմանված է ՎԻՎ օրենսգրքի 201.4.-րդ հոդվածով։

      Սահմանված կարգին համապատասխան պատշաճ իրականացված մոնիթորինգը կնպաստի աղբավայրերի շահագործման ընթացքում մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը կամ նվազեցմանը, կապահովի աղբավայրի տարածքում մթնոլորտային օդի, հողի, ջրի աղտոտվածության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրումը։ Մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու աղբավայրը շահագործողի կողմից իրականացրած բնապահպանական միջոցառումների արդյունավետությունը և ըստ անհրաժեշտության կայացնել խնդրի կարգավորմանն ուղղված որոշումներ։

  1. Տեղեկատվությունլրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

     Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի  «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 8-րդ կետի 2-րդ միջոցառման ապահովման նպատակով։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.01.2022 - 25.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4642

Տպել