Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Օրենսդրական նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշտարարության ինստիտուտի բարեփոխման անհրաժեշտությամբ։

2018 թվականին «Հաշտարարության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք)  ընդունմամբ սահմանվեցին հաշտարարության իրականացման իրավական հիմքերը: Նախատեսվեցին կարգավորումներ` ուղղված հաշտարարության իրականացման սկզբունքների, հաշտարարների իրավունքների և պարտականությունների, հաշտարարների արտոնագրման գործընթացի,  հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության և վերջինիս կառավարման մարմինների ձևավորման սահմանմանը։ Սակայն իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում կարող ենք եզրակացնել, որ հաշտարարության ինստիտուտի արդյունավետ գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է մշակել և իրականացնել օրենսդրական բարեփոխումներ։

Մասնավորապես, օրինակ, ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ հաշտարարության առցանց իրականացման հնարավորություն, նախատեսված չեն նաև հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության մարմինների ձևավորման կարգի և լիազորությունների վերաբերյալ հստակ իրավակարգավորումներ, սահմանված չեն հաշտարարությունը խթանող գործիքակազմեր, նախատեսված չեն նաև հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկման հիմքերը, առիթներն ու կարգը և մի շարք այլ հարցեր։ Արդյունքում առկա է «Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնելու անհրաժեշտություն։

Նախատեսվող օրենսդրական փոփոխությունները մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը և դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։ Այս առումով կարևոր  է նշել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ Կառվարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության Հավելված 1-ով հաստատված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում ևս կարևորվել է հաշտարարության ինստիտուտի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետությունում: Հարկ է նաև նշել, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում անդրադառնալով «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» թիվ 8-րդ նպատակի հիմնավորմանը, նշվել է, որ առաջարկվող միջոցառումները պայմանավորված են դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, գործերի քննության ժամկետների կրճատման, ինչպես նաև վեճի՝ կողմերի համար վեճերի առավել ճկուն և միաժամանակ մատչելի և արդյունավետ եղանակով լուծման մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտությամբ: Նշվել է նաև, որ ներկայումս առկա չեն առցանց հաշտարարության, որոշակի դեպքերում (օրինակ՝ ընտանեկան գործերով վեճերով) պարտադիր հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչը նույնպես իր բացասական ազդեցությունն է ունենում վերոնշյալ խնդիրների վրա: Իր հերթին, նշված խնդիրների լուծման արդյունքում, ակնկալվում է՝ անհրաժեշտություն կառաջանա ավելացնելու հաշտարարների թիվը, ինչով պայմանավորված անհրաժեշտ է վերանայել նոր հաշտարարների ներգրավման, ուսուցման, ռեեստրի վարման և ընտրության իրավական մեխանիզմները: Միաժամանակ, բավարար կարգավորված չեն հաշտարարների որակավորման և վերապատրաստման ընթացակարգերը: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշտարարության մասին» օրենքում՝ նախատեսելով առցանց հաշտարարության, որոշակի դեպքերում (օրինակ՝ ընտանեկան գործերով վեճերով) պարտադիր հաշտարարության վերաբերյալ, ինչպես նաև հաշտարարության ոլորտի հարաբերությունների զարգացմանն ուղղված այլ իրավակարգավորումներ, մասնավորապես, նոր հաշտարարներ ներգրավելու վերաբերյալ:

Ամփոփելով վերոգրյալը՝ հարկ է նշել, որ օրենսդրական նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության և Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի դրույթների իրագործման անհրաժեշտությամբ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ։

Մասնավորապես, Նախագծերով նախատեսված են հետևյալ իրավակարգավորումները.

2.1. ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ սույն ենթավերնագրում նաև` Օրենքի նախագիծ)

2.1.1. Առցանց հաշտարարություն

Ներկայումս Օրենքում առկա չեն առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումներ: Այնինչ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից կարող ենք եզրակացնել, որ հաշտարարությունն առցանց իրականացնելու հնարավորությունը որոշ դեպքերում թույլ է տալիս գործընթացը կազմակերպել առավել արագ և արդյունավետ՝ հատկապես այն դեպքերում, երբ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված կողմերից որևէ մեկն ի վիճակի չէ մասնակցելու հաշտարարությանը այլ եղանակով:

Այսպես, ավանդաբար հաշտարարությունն իրականացվում է դեմ առ դեմ սկզբունքով, սակայն որոշ դեպքերում կողմերի համար կարող է շահավետ լինել էլեկտրոնային միջոցների կիրառումը։ Հիմնավոր դիտարկելով վկայակոչված փաստը՝ որոշ միջազգային փաստաթղթերում ողջունվում է հաշտարարություն իրականացնելիս էլեկտրոնային գործիքների կիրառումը։ Որպես օրինակ հարկ է վկայակոչել ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) կողմից ընդունված «Վեճերի առցանց լուծման տեխնիկական կարգը» (այսուհետ նաև՝ Կարգ)[1]։

Վկայակոչված փաստաթղթի նախաբանում նշված է, որ միջպետական առցանց գործարքների կնքման աճը հանգեցնում է այդպիսի գործարքներից ծագող վեճերի առցանց լուծման հնարավորության անհրաժեշտությանը, և դրանով իսկ պայմանավորված՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼԻ 43-րդ նիստը նվիրված է վեճերի առցանց լուծմանը[2]։ Փաստաթղթում նշված է, որ առցանց գործարքների կնքման թվի աճին զուգահեռ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք կլուծեն այդպիսի գործարքների արդյունքում ծագած վեճերը։ Այդպիսի մեխանիզմներից է վեճերի առցանց լուծումը, որի միջոցով կողմերը հնարավորություն են ստանում պարզ և արագ լուծելու վեճը ճկուն եղանակով, առանց հանդիպմանը կամ լսումներին վերջիններիս ֆիզիկական ներկայության անհրաժեշտության[3]։  Վեճերի առցանց կարգավորումը այս փաստաթղթում բնորոշվում է որպես էլեկտրոնային հաղորդակցության և այլ տեխնոլոգիական միջոցներով վեճերի կարգավորման մեխանիզմ[4]։

Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ մի շարք երկրների օրենսդրությամբ ևս նախատեսված է առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն։

Իսպանիայում առցանց հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումները նախատեսված են «Քաղաքացիական և առևտրային գործերով հաշտարարության մասին» օրենքում[5]։ Նշված օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ կողմերի համաձայնության առկայության պարագայում հաշտարարությունը կամ այդ գործընթացի մի մասը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով՝ տեսակոնֆերանսի կամ ձայնի կամ պատկերի այլընտրանքով, պայմանով, որ կերաշխավորվեն կողմերի ինքնությունը հաստատելու պայմանները և օրենքի հիմնական պահանջների պահպանումը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ 600 եվրոն չգերազանցող պահանջների դեպքում հաշտարարությունը իրականացվում է գլխավորապես առցանց եղանակով, բացառությամբ այն դեպքերի, երբ առցանց իրականացումը անհնար չէ կողմերից մեկի համար[6]։

Իտալիային թեև առցանց հաշտարարության ինստիտուտը հայտնի է վաղուց, սակայն այն լայնորեն չի կիրառվում։ Պատճառն այն է, որ հաշտարարական ծառայություններ մատուցող միայն մեծ ընկերություններն են, որ ունակ են իրականացնելու առցանց հաշտարարություն՝ հատուկ մշակված հարթակի միջոցով։ Կարևոր է նշել, որ առցանց հաշտարարության իրականացման նպատակով կազմակերպությունը պետք է մշակի հատուկ ծրագիր, որը պետք է համապատասխանի Արդարադատության նախարարության կողմից սահմանված բոլոր չափանիշներին, այդ թվում՝ անվտանգության մասով։ Արգելվում է առցանց հաշտարարության իրականացումը այնպիսի հարթակների միջոցով, ինչպիսին է Skype-ը կամ այլ նմանատիպ հարթակները[7]։

Իտալիայում որոշ կազմակերպություններ մասնագիտանում են խոշոր կազմակերպությունների համար առցանց հաշտարարության հարթակների ստեղծման ոլորտում։ Նշված համակարգերը հատկապես օգտագործվում են հաշտարարության հիմքը հանդիսացող գործողությունները՝ հաշտարարության իրականացման պահանջի ներկայացումը, փաստաթղթերի տրամադրումը և այլն, ավտոմատացնելու նպատակով[8]։  Կարևոր է նաև նշել, որ Իտալիայում տարածում է գտնում նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից տրամադրված առցանց հարթակի օգտագործումը, սակայն հարթակից օգտվելու համար հարկ է պետական մարմնում հավատարմագրվել[9]։

Եվրոպական հանձնաժողովի տրամադրած հարթակից օգտվելու հնարավորության մասին նշված է նաև Իտալիայի Տնտեսության զարգացման նախարարության պաշտոնական կայքում[10]։ Մասնավորապես, նշված է, որ եթե վեճը վերաբերում է առցանց գնված ապրանքին կամ մատուցված ծառայությանը, ապա սպառողները կարող են բողոք ներկայացնել Եվրոպական հանձնաժողովի կողմից կառավարվող վեճերի առցանց կարգավորման հարթակում։ Վկայակոչված գործընթացը կարգավորված է Եվրոպական խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված N 524/2013 կարգավորմամբ[11]։

Ամփոփելով ՝ հարկ է նշել, որ, հիմնվելով նաև լավագույն միջազգային փորձի վրա, Օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առցանց հաշտարարության իրականացման վերաբերյալ իրավակարգավորումներ` հնարավորություն վերապահելով կողմերին իրենց հասանելի տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ, այդ թվում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր հասանելի տեխնոլոգիաների զուգակցմամբ իրականացնելու հաշտարարություն։

 

2.1.2. Որոշ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության նախատեսում և անվճար չորս ժամ հաշտարարությունից հրաժարում

Օրենքի նախագծով առաջարկվել է ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճար) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, ծնողական իրավունքների իրականացման, երեխայի մերձավոր ազգականների՝ երեխայի հետ շփվելու արգելքները վերացնելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով մինչև դատարան դիմելը նախատեսել պարտադիր հաշտարարության պահանջ, ինչը զգալիորեն կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը՝ հաշվի առնելով այն հավանականությունը, որ այս փուլում վեճը կավարտվի կողմերի հաշտությամբ: Այս առումով կարևոր է ընդգծել, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա   հաշտարարին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից՝ մինչև երկու ժամ իրականացված հաշտարարության համար՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով:

Հարկ է նկատել, որ լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ նախատեսելու հնարավորության մասին։

Այսպես, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ) կողմից հրապարակված «Հաշտարարության ոլորտում օրինաստեղծ գործունեության եվրոպական ձեռնարկ» փաստաթղթում (այսուհետ նաև՝ ձեռնարկ)[12] ի թիվս այլ հարցերի անդրադարձ է կատարվել նաև պարտադիր հաշտարարությանը: Մասնավորապես, ձեռնարկում առաջարկվում է նախնական հաշտարարությանը դիմած լինելը սահմանել որպես դատարան դիմելու պայման: Նշվածի համատեքստում առաջարկվում է՝

ա) կողմերի համար սահմանել հաշտարարի հետ առաջին հանդիպմանը կամ հաշտարարի հետ տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու պարտականություն՝ կողմերի համաձայնության առկայության դեպքում ապահովելով  նույն նիստի ընթացքում հաշտարարությունը շարունակելու հնարավորություն,

բ) նախատեսել հաշտարարի հետ նախնական հանդիպումից հետո առանց պատճառաբանություններ ներկայացնելու հաշտարարության իրականացումից կողմերի հրաժարվելու հնարավորություն,

գ) ընդգծել, որ կողմերը չեն կարող պարտադրվել հաշտություն կնքել,

դ) որոշակի տեսակի վեճերի համար հաշտարարի հետ նախնական հանդիպմանը մասնակցելը դիտարկել որպես դատարան դիմելու պայման: Առաջարկվում է նման վեճերի շրջանակներում ներառել առնվազն ընտանեկան, աշխատանքային, համատեղ սեփականության և հարևանային իրավունքին վերաբերող վեճերը,

ե) ապահովել, որ նախնական հաշտարարությանը մասնակցելու պայմանը չհանգեցնի էական ծախսերի առաջացմանը և դատարան դիմելու իրավունքի իրացման ուշացմանը,

զ) ապահովել ընթացակարգային երաշխիքները (…),

է) հստակ նշել, թե երբ նախնական հաշտարարության դիմած լինելու պայմանը կհամարվի պահպանված և թե երբ կողմերը կկարողանան դիմել դատարան,

 (…)[13]:

Ամփոփելով վերոգրյալը՝ կարող ենք եզրակացնել, որ ձեռնարկում Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի կողմից առաջարկվում է որոշ տեսակի վեճերի դեպքում (այդ թվում՝ ընտանեկան) սահմանել նախքան դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ:

Հարկ  է նաև նկատել, որ նախքան դատարան դիմելը վեճի լուծման արտադատական պարտադիր կարգ նախատեսելը քննարկվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ): Այսպես, ըստ Momčilović ընդդեմ Խորվաթիայի գործի փաստական հանգամանքների՝ Խորվաթիայի օրենսդրությամբ նախատեսված է եղել նախքան պետությունից վնասի փոխհատուցում պահանջող հայց ներկայացնելը վեճը հաշտությամբ կարգավորելու նպատակով Գլխավոր դատախազություն դիմելու պարտադիր պայման[14]:  Սույն գործով ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել է, որ անմիջապես դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը հետապնդել է օրինական նպատակ, այն է՝ նպաստել դատական ծախսերի տնտեսմանը և հնարավորություն տալ կողմերին արդյունավետորեն լուծել վեճը առանց դատարանի ներգրավման[15]: ՄԻԵԴ-ի կողմից նաև արձանագրվել է, որ Գլխավոր դատախազության հետ հաշտություն չկնքելու դեպքում կողմերը ազատ են եղել իրավասու դատարան հայց ներկայացնելու հարցում[16]: Արդյունքում ՄԻԵԴ-ի կողմից արձանագրվել է, որ դիմումատուի՝ արդար դատաքննության իրավունքը խախտված չէ, քանի որ վերջինս կարող էր վեճի լուծման արտադատատական կարգը պահպանելուց հետո դիմել դատարան[17]։

Հարկ է նշել, որ վեճերի լուծման այլընտրանքային եղանակների պարտադիրությանը անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության թիվ 2013/11/EU դիրեկտիվով: Մասնավորապես, նշված փաստաթղթում արձանագրվել է, որ դիրեկտիվով չի արգելվում վեճերի այլընտրանքային լուծման եղանակներին վաճառողների[18] պարտադիր մասնակցության պահանջ սահմանելը` պայմանով, որ արդյունքում ներպետական օրենսդրությամբ կողմերը չզրկվեն Մարդու հիմնարար իրավունքների  Եվրոպական միության խարտիայի 47-րդ հոդվածով սահմանված դատարան դիմելու իրավունքից[19]:

Ուսումնասիրելով պարտադիր հաշտարարության ինստիտուտի ներդրման միջազգային փորձը՝ հարկ է անդրադառնալ նաև այն երկրների փորձին, որտեղ նման կառուցակարգեր արդեն իսկ նախատեսված են:

Այսպես, Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխա ունեցող ամուսինների/համատեղ բնակվող անձանց ամուսնալուծության/բաժանության դեպքում սահմանվում է 1 ժամ տևողությամբ պարտադիր հաշտարարություն։ Հաշտարարությունը հնարավոր է երկարաձգել ևս 7 ժամով։ Հաշտարարության նպատակը ծնողներին աջակցելն է հնարավորինս արդյունավետ պայմանավորվածության գալ երեխայի խնամքի, երեխային տեսակցության, ալիմենտի չափի և այլ հարցերի վերաբերյալ։ Հաշտարարությունը նաև պարտադիր է մինչև դատարան դիմելը՝ երեխայի խնամքի և տեսակցության վերաբերյալ վեճերով[20]։ Նշենք, որ հաշտարարությունը իրականացվում է պետության կողմից ֆինանսավորվող կենտրոնների կողմից,   հաշտարարի հետ թվով մինչև 7 հանդիպումները անվճար են կողմերի համար, իսկ առաջին հանդիպումը պարտադիր է[21]:  Հարկ է նաև նշել, որ, ըստ «Վեճերի մասին» Նորվեգիայի օրենքի, գույքային պահանջների դեպքում նախքան դատարան դիմելը դրանք պետք է քննվեն հաշտարարական խորհրդի կողմից, բացառությամբ դեպքերի, երբ պահանջի չափը կազմում է առնվազն 125 000 նորվեգական կրոն և երկու կողմերն էլ փաստաբան ունեն[22]:

Իտալիայում ևս մի շարք գործերով սահմանված է պարտադիր հաշտարարության պահանջ: Այսպես, ըստ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի  կողմից հրապարակված   «Դատական համակարգի գնահատում (2018-2020)» զեկույցի, Իտալիայում ևս որոշ գործերով մինչև դատարան դիմելը սահմանված է պարտադիր հաշտարարության պահանջ: Նման գործերի թվում են գույքային իրավունքների, կոնդոմինիումների, ակտիվների բաժանման, ժառանգության և կտակի, ընտանեկան գործարքների և համաձայնագրերի, վարկերի, գործարարական նպատակներով վարձակալության, բժշկական սխալի արդյունքում պատճառված վնասի, զրպարտության, ապահովագրական, բանկային և ֆինանսական գործարքների հետ կապված վեճերը[23]:

Խորվաթիայում, ըստ Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի  կողմից հրապարակված   «Դատական համակարգի գնահատում (2018-2020)» զեկույցի, Խորվաթիայի Հանրապետության կամ պետական կառավարման մարմինների դեմ քաղաքացիական գործերով նախքան դատարան դիմելը սահմանված է պարտադիր հաշտարարության պահանջ[24]:

Մոնտենեգրոյում, ըստ «Հաշտարարության և ընտանեկան իրավունքի մասին» օրենքի, ամուսնալուծության ընթացքում կողմերի ներկայացրած պահանջները նախքան դատարան դիմելը պետք է քննվեն հաշտարարի կողմից, բացառությամբ դեպքերի, երբ առկա են ընտանեկան բնության մասին վկայող հանգամանքներ[25]:

Ամփոփելով կատարված վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ որոշ գործերով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ նախատեսելը ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերով և տարբեր երկրների օրենսդրությամբ: Կարևոր է նշել, որ պարտադիր հաշտարարության պահանջի սահմանումը հնարավորություն է տալիս որոշակիորեն թեթևացնելու դատական համակարգի ծանրաբեռնվածությունը, քանի որ հավանական է, որ կողմերի միջև վեճը կկարգավորվի հենց այս փուլում:

Այս առումով հարկ է անդրադառնալ նաև ներպետական վիճակագրությանը: Այսպես, համաձայն ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2020  թվականի հաշվետվության, 2020 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 2558 դատական գործ, որոնցից՝  ամուսնալուծության վերաբերյալ 1323 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 504 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 64 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 177 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 216 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 21 գործ[26]: Համադրելով նշված տվյալները 2019 թվականի հրապարակված վիճակագրության հետ՝ հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ թվով 3300 դատական գործ, որոնցից՝   ամուսնալուծության վերաբերյալ 1697 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ 667 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 99 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ 209 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 262 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 33 գործ[27]:

Հարկ է նաև նշել, որ ներկայումս Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված է դրույթ, որի համաձայն՝ եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մեկ անգամ կարող է նշանակել մինչև 4 ժամ անվճար հաշտարարություն: Այս փուլում հաշտարարության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվել է, որ հաշտարարության տևողությունը կարող է նախատեսվել առնվազն երկու և առավելագույնը չորս ժամ տևողությամբ: Ինչպես նաև նախատեսվել է, որ հաշտարարի փոխհատուցումն իրականացվելու է պետական բյուջեից՝ հաշտարարության իրականացման՝ դատարանի կողմից որոշված ժամանակահատվածի համար՝ Կառավարության սահմանած կարգով ու չափով: Այս առումով հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայաում է, որ մի շարք երկրների օրենսդրությամբ սահմանվել է, որ դատարանի նախաձեռնությամբ նշանակված հաշտարարության դիմաց փոխհատուցումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսպես, Սլովենիայում դատարանի կողմից փոխհատուցվում է ծնողների և երեխաների, ինչպես նաև աշխատանքային պայմանագրի լուծումից առաջ եկած վեճերի լուծման նպատակով իրականացված հաշտարարության դիմաց, իսկ այլ վեճերի դեպքում՝ հաշտարարության առաջին երեք ժամի դիմաց (բացառությամբ առևտրային վեճերի, որոնց դեպքում փոխհատուցում չի իրականացվում)[28]: Լիտվայում «Հաշտարարության մասին» օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված է, որ օրենքով պարտադիր հաշտարարություն նախատեսված լինելու դեպքում հաշտարարի՝ առանձնացված ցանկից ընտրված լինելու դեպքում հաշտարարության դիմաց վճարումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեից փոխհատուցումն իրականացվում է մինչև 4 ժամ իրականացված պարտադիր հաշտարարության դիմաց: Եթե կողմերը ցանկանում են շարունակել հաշտարարությունը, ապա մնացած ժամանակահատվածի դիմաց հաշտարարի փոխհատուցումն իրականացվում է կողմերի հաշվին: Պետական բյուջեի հաշվին փոխհատուցվում է նաև հաշտարարի՝ հաշտարարությանը պատրաստվելու համար մինչև մեկ ժամ տևողությամբ ժամանակահատվածի և հաշտարարության արդյունքների ամփոփման համար (առավելագույնը մեկ ժամ) իրականացված աշխատանքը[29]:

 2.1.3. Մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների վերապատրաստումը

Հաշտարարության ինստիտուտի բարեփոխման կարևորագույն բաղադրիչներից է հաշտարարների ուսուցման կազմակերպումը: Ըստ նախագծի՝ համապատասխան ուսուցման դասընթացը պետք է կազմակերպվի Արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան: Նշված ծրագրում ակնկալվում է նախատեսել հաշտարարի մասնագիտական հմտությունների զարգացմանը նպաստող և միջազգային լավագույն փորձի հիման վրա ընտրված դասընթացներ: Այս առումով կարևոր է նշել, որ Օրենքի նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է կարգավորում, ըստ որի՝  օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, մինչև  օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների համար Արդարադատության նախարարությունը կազմակերպում և իրականացում է պարտադիր վերապատրաստման դասընթացներ՝ առնվազն 24 ակադեմիական ժամ ընդհանուր տևողությամբ: Նշված իրավակարգավորման նախատեսման նպատակն է մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարներին միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակված ուսուցման դասընթացի նախագծին համապատասխան վերապատրաստելը:

2.1.4. Հաշտարարների ռեեստրը և նշանակման կարգի որոշ առանձնահատկությունները

Օրենքի նախագծով նախատեսվել է իրավակարգավորում, համաձայն որի՝ արտոնագրված հաշտարարների ռեեստրում (այսուհետ` ռեեստր) ընդգրկվում են բոլոր հաշտարարները։ Այս առումով հարկ է նշել, որ Օրենքի նախագծով առաջարկվում է նշված ռեեստրում առանձնացնել երկու ցանկ: Մասնավորապես, կողմերը հաշտարարի թեկնածու չունենալու դեպքում կարող են դիմել Արդարադատության նախարարություն՝ հաշտարար նշանակելու պահանջով: Բացի այդ, ըստ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի՝ կողմերի միջնորդությամբ արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելիս հաշտարարի թեկնածության վերաբերյալ առաջարկ չներկայացվելու կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանը մեկօրյա ժամկետում հաշտարարի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Արդարադատության նախարարություն: Օրենքի նախագծով սահմանվել է, որ բոլոր այն դեպքերում, երբ Արդարադատության նախարարության կողմից պետք է նշանակվի հաշտարար կամ ընտրվի հաշտարարի թեկածու՝ դատարան ներկայացնելու նպատակով, ապա հաշտարարի ընտրությունը պետք է իրականացվի ռեսստրում առանձնացված հաշտարարների թվից: Սակայն այն գործերով, որոնց դեպքում նախատեսված է պարտադիր հաշտարարություն, հաշտարարի ընտրությունը կատարվում է ռեեստրում առանձնացված հաշտարարների հատուկ ցանկից: Ընդ որում, նշված գործերով հետագայում դատարանի կողմից հաշտարարություն նշանակվելու դեպքում ևս ընտրությունը պետք է կատարվի պարտադիր հաշտարարների ցանկից: Հարկ է նշել, որ նշված ցանկերում հաշտարրաները կարող են ընդգրկվել իրենց դիմումի համաձայն (առկա է միաժամանակ երկու ցանկերում ընդգրկվելու հնարավորություն):

2.1.5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման հարցերի և հաշտարարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հստակեցումը

Օրենքի նախագծով նախատեսվել են հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը, լիազորությունների շրջանակը և իրականացման կարգը: Նախատեսվել են նաև հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթները, հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները: Նախատեսված նոր իրավակարգավորումները կնպաստեն հաշտարարության ինստիտուտի կայացմանը:

 

2.2. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նշված նախագծով սահմանված իրավակարգավորումները մեծապես պայմանավորված են «Հաշտարարության մասին» օրենքում կատարվող փոփոխություններով: Մասնավորապես, նախատեսվել են դրույթներ դատական ծախսերը կողմերի միջև բաշխման կարգի, հայցադիմումին ներկայացվող պահանջների և կցվող փաստաթղթերի և այլ հարցերի վերաբերյալ:

2.3. ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով սահմանվել է արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի չափը, ինչպես նաև հաշտարարների կողմից Հաշտարարության մասին օրենքով սահմանված դեպքերում դատական գործի նյութերից պատճեններ ստանալու, լուսանկարներ կամ լուսապատճեններ անելու դիմումներով դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն:

2.4. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծում լրացում անհրաժեշտ է կատարել լրացում՝ հաշվի առնելով «Հաշտարարության մասին» օրենքում պարտադիր հաշտարարության վերաբերյալ իրավակարգավորումների նախատեսումը:

2.5. «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով սահմանվել է հաշտարարին որպես վկա հարցաքննելու արգելք՝ հաշտարարական գաղտնիքի ապահովման նպատակով:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել հաշտարարության ինստիտուտը Հայաստանի հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

  1. ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

 

««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում առաջանում է ծախսերի ավելացման անհրաժեշտություն:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծերի ընդունումը բխում է 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1441-Լ Կառվարության որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից։ Մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարության թիվ 8-րդ նպատակի («Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում») միջոցառումների թվում է «Հաշտարարության մասին» օրենքի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը։

 

[1] Տե՛ս UNCITRAL Technical Notes on Online Dispute Resolution, New York: United Nations, 2017 [accessed: 2019-03-10], https://uncitral.un.org/sites/uncitral.un.org/files/media-documents/uncitral/en/v1700382_english_technical_notes_on_odr.pdf  24.12.2021թ. դրությամբ։

[2] Տե՛ս նույն տեղում, էջ 5։

[3] Տե՛ս նույն տեղում, էջ 15։

[4] Տե՛ս նույն տեղում, էջ 18։

[5] Տե՛ս Law/5 2012 , on 6 July, Mediation on Civil and Commercial Matters, հղումը` https://www.global-regulation.com/translation/spain/1433974/law-5-2012%252c-on-6-july%252c-mediation-in-civil-and-commercial-matters.html 24.12.2021թ. դրությամբ։

[6] Տե՛ս նույն տեղում։

[7] Mediation in Italy, Alessandro Bruni Concilia LLC, Lecology, 2019 9 September, հղումը՝ https://www.lexology.com/library/detail.aspx?g=d0faf894-e442-46f9-9fee-dfb1f78ddd4a ։

[8] Տե՛ս նույն տեղում։

[9] Տե՛ս նույն տեղում։

[10] Տե՛ս https://www.mise.gov.it/index.php/en/201-contents/2040874-dispute-resolution-frequently-asked-questions-faq 24.12.2021 դրությամբ։

[11] Տե՛ս https://www.mise.gov.it/index.php/en/201-contents/2040874-dispute-resolution-frequently-asked-questions-faq 24.12.2021 դրությամբ:

[12] Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): European Handbook for Mediation Lawmaking, As adopted at the 32th plenary meeting of the CEPEJ Strasbourg, 13 and 14 June 2019, 14 June 2019, https://rm.coe.int/cepej-2019-9-en-handbook/1680951928  27.12.2021 դրությամբ:

[13] Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): European Handbook for Mediation Lawmaking, As adopted at the 32th plenary meeting of the CEPEJ Strasbourg, 13 and 14 June 2019, 14 June 2019, էջ 20, https://rm.coe.int/cepej-2019-9-en-handbook/1680951928  27.12.2021 դրությամբ:

[14] Momčilović v. Croatia, no. 11239/11, 26 March 2015, կետ 24, https://hudoc.echr.coe.int/eng?i=001-152990 27.12.2021 դրությամբ

[15] Տե՛ս նույն տեղում, կետ 46:

[16] Տե՛ս նույն տեղում, կետ 52:

[17] Տե՛ս նույն տեղում, կետ 57:

[18] Խոսքը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ծագող վեճերի մասին է:

[19] DIRECTIVE 2013/11/EU OF THE EUROPEAN PARLIAMENT AND OF THE COUNCIL of 21 May 2013 on alternative dispute resolution for consumer disputes and amending Regulation (EC) No 2006/2004 and Directive 2009/22/EC, https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:32013L0011&from=EN կետ 49, երկրորդ նախադասություն:

[20] Տե՛ս Thørnblad R., Strandbu A. (2018) The Involvement of Children in the Process of Mandatory Family Mediation. In: Nylund A., Ervasti K., Adrian L. (eds) Nordic Mediation Research. Springer, Cham. https://doi.org/10.1007/978-3-319-73019-6_10 ,  28.12.2021 դրությամբ, էջ 184:

[21] Տե՛ս Shelby Higgs Howarth* and Catherine Caruana, Mandatory mediation in family law – a review of the literature https://csrm.cass.anu.edu.au/sites/default/files/docs/2019/2/CSRM_WP2_2017_60ICERT_APPENDIX_A.pdf , 04.01.2021 դրությամբ, էջ 3:

[22] Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): Evaluation of the judicial systems (2018 - 2020) Norway, https://rm.coe.int/en-norway-2018/16809fe2e8 , 28.12.2021 դրությամբ, Էջ 80

[23] Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): Evaluation of the judicial systems (2018 - 2020) Italy, https://rm.coe.int/en-italy-2018/16809fe311  27.12.2021 դրությամբ, էջ 81:

[24] Տե՛ս Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): Evaluation of the judicial systems (2018 - 2020) Croatia,  https://rm.coe.int/en-croatia-2018/16809fe338  28.12.2021 դրությամբ, էջ 87:

[25] Տե՛ս European Commission for the Efficiency of Justice (CEPEJ): Evaluation of the judicial systems (2018 - 2020) Montenegro, https://rm.coe.int/en-montenegro-2018/16809fe2e4 , 28.12.2021 դրությամբ, էջ 87:

[26] Տե՛ս ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ  2020 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-inner/196 , 28.12.2021 դրությամբ:

[27] Տե՛ս ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ  2019 թվականի տարեկան հաշվետվություն https://court.am/hy/statistic-inner/184  , 28.12.2021 դրությամբ:

[28] Տե՛ս European Handbook for Mediation Lawmaking , CEPEJ(2019)9 , https://rm.coe.int/cepej-2019-9-en-handbook/1680951928, 04.01.2022, էջ38-39: Տե՛ս նաև The Slovenian Legislation Implementing The EU Mediation Directive https://www.europarl.europa.eu/cmsdata/60662/att_20110518ATT19582-7370855961647064103.pdf 04.01.2021 դրությամբ էջ 11-12:

[29] Տե՛ս Lietuvos Respublikos mediacijos įstatymas, https://e-seimas.lrs.lt/portal/legalAct/lt/TAD/TAIS.325294/moYUFnhGNH , 04.01.2021 դրությամբ:

  • Քննարկվել է

    07.01.2022 - 22.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Քաղաքացիական դատավարություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4694

Տպել