Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽՆԱԿ ՄՈՐ, ԴՈՆՈՐԱԿԱՆ ՁՎԱԲՋՋԻ ՀԱՄԱՐ ԴՈՆՈՐԻ (ԴՈՆՈՐՆԵՐԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

  1. Իրավականակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին տրամադրվող վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնությունն առավել շահավետ և նպաստավոր դարձնելու համար։

2․ Կարգավորմանհարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշմամբ սահմանված շահառուների խմբերը Կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 227-Ն որոշմամբ լրացվեց զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների խմբով, իսկ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվեց համապատասխան լրացում, որով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք վերապահվեց մինչև 53 տարեկան կանանց։ Այպիսով, և՛ օրենքով, և՛ որոշմամբ զոհված զինծառայողների ծնողներին ընձեռվում է հնարավորություն օգտվելու անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության հնարավորությունից, սակայն, ամբողջապես չի ներառվում բոլոր հնարավոր ծախսերը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի թիվ 568-Ն որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում արձանագրված է, որ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն ներառում փոխնակ մոր ծառայության, դոնորական ձվաբջջի համար սահմանված փոխհատուցման ծախսերը: Վիճակագրական տվյալները փաստում են այն հանգամանքը, որ այս պահին մեծ թվով շահառուներ իրականացրել են համապատասխան ստուգումները և վերջիններիս այժմ անհրաժեշտ է փոխնակ մայր կամ դոնորական ձվաբջիջ, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով վերջիններս չեն կարողանում օգտվել փոխնակ մոր ծառայությունից կամ կնքել դոնորի պայմանագիր։ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով անհրաժեշտ է չորս տասնյակ դոնորական ձվաբջիջ և տաս փոխնակ մայր։

3․ Կարգավորմաննպատակը և բնույթը:

Հաշվի առնելով շահառուների կրկին զավակ ունենալու ցանկությունը և կարևորությունը արդեն իսկ պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակների ընդլայնման, ինչպես նաև վերոգրյալ օրենքում և որոշմամբ կատարված լրացումներն ու փոփոխությունները, նախագծով մշակվել է բացարապես Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, որոնք կընձեռեն վերջիններիս հնարավորություն առավել մատչելի պայմաններով օգտվելու փոխնակ մոր ծառայությունից կամ ձեռք բերել դոնորական ձվաբջիջ։

4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

5․ Ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է հնարավոր միջոցներով ապահովել Արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողների` անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ընթացքում դոնորական ձվաբջջի և փոխնակ մոր ծառայության արժեքի փոխհատուցման հնարավորությունը, որպիսի հանգամանքը կխթանի Արցախյան երկրորդ պատերազմում զավակ կորցրած ծնողների` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիանի կիրառմամբ զավակ ունենալու հնարավորությունը։

6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին. «Պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» Կառավարության որոշման  նախագծի ընդունմամբ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանա շուրջ 150.0 մլն դրամով (շահառուների թիվը պարբերաբար փոփոխվում է):

7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Պատերազմի հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի համար դոնորի (դոնորների) ծառայությունների ծախսերի փոխհատուցման միջոցառումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 4.5-րդ և 1.3-րդ կետերից։

Նախագծի ընդունմամբ կիրականացվի պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների ընտանիքների սոցիալական և  առողջապահական նոր միջոցառում՝ ուղղված վերարտադրողական իրավունքի իրացմանն ու առողջության բարելավմանը:

 

  • Քննարկվել է

    30.12.2021 - 14.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3575

Տպել