Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

      1 Անհրաժեշտությունը

       Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության  գործող կարգի վերանայման անհրաժեշտությամբ:

       2․ Ընթացիկ իրավիճակը և կարգավորման բնույթը

         Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (այսուհետ` բուհեր) ընդունելության գործընթացը կարգավորվում է Կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված կարգով,  որում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնք հիմնականում վերաբերում են ընդունելության քննությունների հայտագրման գործընթացի, անցկացման ժամկետներին, ընդունելության միասնական պահանջների սահմանմանը և հստակեցմանը, որն հանգեցնում է կարգում ծավալուն փոփոխությունների (արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կարգը շարադրելու նոր խմբագրությամբ):

     Գործող կարգով  բուհերի ընդունելության մրցույթի  մասնագիտության հայտագրումը անցկացվում է երկու փուլով` առաջին և երկրորդ, բուհերի ընդունելության մրցույթը՝ հիմնական և լրացուցիչ փուլերով,    առաջին փուլն ընդգրկում է տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումը, իսկ Երկրորդ փուլը՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների,  զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված քննական առարկաների առցանց հայտագրումն է։ Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված  կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:Լրացուցիչ փուլի մրցույթը անցկացվում է մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկա(ներ)ից դիմորդն ունի դրական գնահատական(ներ) և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:  

Նախագծով սահմանված է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ (նշյալ և դրան առնչվող դրույթները (տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում միասնական քննությունների  հայտագրման և հաջորդ տարվա հունվար ամսին քննությունների անցկացման մասով) ուժի մեջ են մտնելու 2022 թվականի սեպտեմբերի 1-ից)՝

1) Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին.

2) տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  միասնական քննությունները կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հուլիսին.

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած  դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ  հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է միասնական քննությունների առարկաների հայտագրումը, քննությունների անցկացումը և մասնագիտությունների հայտագրումը իրականացնել  երեք  փուլով:

Միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման առաջին փուլն ընդգրկում է՝

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ը  ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների  առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունվարին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

Առաջին փուլի միասնական քննությունները կկազմակերպվոեն տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը, իսկ երկրորդ և երրորդ փուլի միասնական քննությունները տվյալ տարվա հունիսի 1-ից հուլիսի 10-ն  ընկած ժամանակահատվածում:

Միասնական քննությունների հայտագրման, քննությունների անցկացման երկրորդ և մասնագիտության հայտագրման առաջին փուլը ընդգրկում է՝

1) տվյալ տարվա ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հունիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական քննությունների հանձնումը։

Միասնական քննությունների հայտագրման և  քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ  փուլը ընդգրկում է՝

1) տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների կողմից մասնագիտության և տվյալ մասնագիտության համար սահմանված (հանձնած կամ հանձնվող) քննական առարկաների առցանց հայտագրումը.

2) տվյալ տարվա հուլիսին դիմորդների կողմից հանձնվող միասնական  քննությունների հանձնումը։

 Մասնագիտությունների հայտագրման  երրորդ (լրացուցիչ) փուլն ընդգրկում է տվյալ տարվա հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների կողմից մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտության առցանց հայտագրումը, եթե այդ մասնագիտությունների գծով առկա են թափուր տեղեր, և դիմորդն այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական գնահատականներ։

«Կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով բարձրագույն ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը սահմանված կարգով հաստատվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 25-ի N 1917-Ն որոշմամբ, ըստ որի՝ ընդունելության քննություններ են համարվում միասնական և ներբուհական քննությունները: Մասնավորապես. նախորդ ուստարիների համար կենտրոնացված քննություններն էին համարվում «032101.00.6 Լրագրություն» մասնագիտության «Բանավոր հաղորդակցման մշակույթ», «Լրագրության հիմունքներ» և «Լրագրության տեսության պատմություն» և որոշ մասնագիտությունների դեպքում նաև բանավոր անցկացվող առարկաների քննությունները:

Սույն որոշման նախագծի ընդունման արդյունքում և հիշյալ ցանկի հիմքով՝ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն  մուտքային պահանջների համապատասխանությունը, նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող որակավորումը: Միաժամանակ, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները՝ լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

     Նախագծով 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների ընդունելության համար ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, լրացվել է  առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ ընդունվելու արտոնություն տվող օլիմպիադաների շարքը՝  ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերի, Ժաուտիկովյան, Մենդելեևյան և մեգապոլիսների օլիմպիադաների շարքում ներառելով նաև Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան:

       3․ Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակագվի բուհերում ընդունելության գործընթացը:

       4. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների մասին

Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

      5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից և ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.3-րդ գլխով սահմանված բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխմանը միտված բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության սկզբունքների և մեխանիզմների վերանայման ռազմավարական նպատակներից:

  • Քննարկվել է

    20.12.2021 - 04.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3903

Տպել