Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու  մասին», ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

 1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծերի փաթեթի նպատակը դատավորների կենսաթոշակի իրավունքի պայմանների համապատասխանեցումն Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանների սահմանումն է։

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կարգավորվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։

Մասնավորապես, օրենքի 2-րդ հոդվածով սահմանված է դատավորի կենսաթոշակի իրավունքը, իսկ Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է առանձնահատկություն այն դատավորների համար, ովքեր «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա (01.07.2014թ.) դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարել են դատավորի պաշտոնում. այս դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է աշխատավարձից։

Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունը, այդ պարբերության հետ համակարգային առումով փոխկապակցված`

  • նույն հոդվածի 6-րդ մասի երկրորդ պարբերությունը` «մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի) գումարի և զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 55 տոկոսի չափով» դրույթի մասով,
  • նույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ նախադասությամբ ամրագրված դրույթները,
  • նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը (վերաբերում է մասնագիտական ստաժում մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածները հաշվառելուն),
  • նույն հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված իրավակարգավորումը (վերաբերում է այդ մասում նշված աշխատավարձը հաշվարկելու կարգը Կառավարության կողմից սահմանելուն), ինչպես նաև նույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը (վերաբերում է հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը Կառավարության կողմից սահմանելուն)՝դատավորներին վերաբերող մասով։

Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ը:

Ընդ որում, Սահմանադրական դատարանը, որոշման հիմքում դրել է Դատավորների անկախության և դրան համապատասխան իրավական կարգավիճակի առանձնահատկությունները կարևորող մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր։

Մասնավորապես այդ իրավական փաստաթղթերի համաձայն՝

- դատավորների անկախությանը համապատասխան վարձատրությունը, ծառայության պայմանները, թոշակը և թոշակի գնալու տարիքը պետք է պատշաճ ձևով երաշխավորվեն օրենքով (Միավորված ազգերի կազմակերպության` հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելակերպի հիմնախնդիրներին նվիրված յոթերորդ կոնգրեսի կողմից 1985 թվականին ընդունված` Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքներ, 11-րդ կետ),

- օրենքով նախատեսված տարիքին հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին («Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիա, 6.4-րդ կետ),

- դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ (Դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ Rec (2010)12 հանձնարարական, 54-րդ կետ),

- կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով (Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված` «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիա, 7-րդ կետ)։

Վերոնշյալ իրավական ակտերում կենսաթոշակի չափի վերաբերյալ արտահայտած դիրքորոշումներից (կենսաթոշակի չափը հնարավորինս մոտ պետք է լինի որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին, կենսաթոշակի չափը պետք է աշխատավարձի հետ գտնվի ողջամիտ հարաբերակցության մեջ) բխում է, որ դատավորի կենսաթոշակի իրավունքի իրացման առանձնահատկությունները սահմանելիս պետությունը, իր ֆինանսական հնարավորություններից, ինքնուրույն որոշում է կենսաթոշակի չափը։

Կենսաթոշակի իրավունքի իրացման երկակի պայմաններ են սահմանված նաև դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում (հատուկ քննչական ծառայությունում) և պետական  եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար․ Օրենքի 2-րդ և 5-րդ հոդվածով սահմանված են նշված պաշտոններ զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման հիմնական պայմանները, իսկ օրենքի 9-րդ հոդվածով՝ ժամանակավոր՝ մինչև  2014 թվականի հուլիսի 1-ը գործող կարգավորումներով նախատեսված պայմանները, որոնք էականորեն տարբերվում են հիմնական պայմաններից։

Բացի նշված խնդիրները, կենսզաթոշակի իրավունքի իրացման պայմաններ են սահմանված «Քննչական կոմիտեի մասին» և «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներո։ Առաջին դեպքում քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի իրավունքի կարգավորումները դուրս են մնացել ընդհանուր կարգավորումների ոլորտից և դժվարացնում են միասնական քաղաքականություն վարելը։ Երկրորդ դեպքում սահմանված են դրույթներ, որոնք հնարավոր չէ իրականացնել ՀՀ կենսաթոշակային համակարգում։

Նախագծերի փաթեթը մշակվել է առակա իրավական կարգավորումները համակարգված միասնականացնելու նպատակով։

Միաժամանակ, Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի է առնվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2021 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին կայացած՝ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի և միջոցառումների մասին խորհրդակցության արձանագրության 1-ին կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության հանձնարարականը, որով հանձնարարվում է վերանայել կենսաթոշակային ապահովության ոլորտը, մասնավորապես, դատավորների, դատախազների, քննիչների կենսաթոշակների հաշվարկման մեխանիզմը դիտարկել մինչ 2014 թվականի հուլիսի 1-ը գործող կարգավորումներով։

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ նախագծերի փաթեթով առաջարկվում է դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական  եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական համակարգված պայմանները սահմանել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով։

2․ Կարգավորման առարկան

 ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • պահպանել դատավորի պաշտոն զբաղեցրած անձի՝ Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի իրավունք տվող պայմանները,
  • դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց պաշտոն զբաղեցրած անձի՝ Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք տվող պայմաններին ավելացնել ևս մեկը՝ պաշտոնից դիմումի հիման վրա ազատվելու օրվա դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժ ունենալը,
  • օրենսդրությամբ մասնագիտական գործունեության համար հավելավճար սահմանված պաշտոններ (դատավոր, դատախազ, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն) զբաղեցրած անձանց կենսաթոշակի համար սահմանել վերին շեմ՝ այն պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսը, որից հաշվարկվել է կենսաթոշակը, իսկ կենսաթոշակի չափը, անկախ պաշտոնից ազատվելու հիմքից, ծննդյան տարեթվից հաշվարկել՝

ա․ զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի չափով, եթե տվյալ պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից չէ,

          բ․ զբաղեցրած վերջին պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ  այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի 50 տոկոսի և նրան վճարվող՝ անուիտետի կամ ծրագրային վճարների ձևով վճարվող կուտակային կենսաթոշակի ամսական չափի տարբերության չափով, եթե տվյալ պաշտոն զբաղեցրած անձը կուտակային բաղադրիչի մասնակից է,

  • սահմանել պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարից հաշվարկված կենսաթոշակի վերահաշվարկի հնարավորություն՝ կուտակային կենսաթոշակ նշանակելու, նշանակված կուտակային կենսաթոշակի չափը ավելանալու կամ նվազելու դեպքերում,
  • հստակեցնել Օրենքով կենսաթոշակ նշանակելու ժամկետները,
  • Օրենքի N 1 հավելվածով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն պաշտոնավարած անձը Օրենքով կենսաթոշակի իրավուքն ունի 15 տարի պաշտոնավարելու դեպքում (ներկայիս 10 տարվա փոխարեն), հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի՝ խնդրո առարկա դրույթները տարածվում են Հայաստանի Հնարապետությունում 1990 թվականի օգոստոսի 23-ից հետո պաշտոնավարած ժամանակահատվածների վրա և ի սկզբանե 10 տարին սահմանվել էր այն պատճառով, որ 2014թ․ օբյեկտիվորեն ավելի երկար ժամկետով պաշտոնավարել հնարավոր չէր,
  • Օրենքի անցումային դրույթների՝ 9-րդ հոդվածի 3-11-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած,

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է նաև դատավորի, դատախազի, ինչպես նաև քննչական կոմիտեում, հակակոռուպցիոն կոմիտեում և պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մինչև քննարկվող նախագիծն ընդունվելու դեպքում համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշվարկել Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով։ Եթե հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Ընդ որում, հաշվարկը կատարվում է առանց կենսաթոշակառուի դիմումի կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի առկայության դեպքում։ Կենսաթոշակի գործում պաշտոնից ազատվելու (լիազորությունները դադարելու կամ դադարեցվելու) օրվա դրությամբ պաշտոնային դրույքաչափի և հավելավճարի չափի մասին փաստաթղթի բացակայության դեպքում կենսաթոշակը հաշվարկվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը րենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 6 ամսվա ընթացքում ներկայացնելու դեպքում՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, 6 ամսյա ժամկետից հետո ներկայացնելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։

Միաժամանակ, առաջարկվում է ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորումներին համահունչ փոփոխություններ կատարել հարակից օրենքներում՝ «Սահմանադրական դատարանի մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներում, ինչպես նաև  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներում։

 1․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում դատավորների կենսաթոշակային ապահովությունը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին,  ինչպես նաև դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար կսահմանվեն կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերի փաթեթը չի բխում Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ռազմավարական այլ փաստաթղթերից և նպատակ ունի դատավորների կենսաթոշակային ապահովությունը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշմանը, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց համար սահմանել  կենսաթոշակային ապահովության միասնական պայմաններ:

3․ Տեղեկանք

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա և ծախսերը հնարավոր է մի փոքր ավելանան։ Լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին հատկացված միջոցների հաշվին։

  • Քննարկվել է

    20.12.2021 - 05.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4584

Տպել