Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը.

Սույն օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերություններին իրենց գործունեության ուղղությունը փոխելու հնարավություն ընձեռնելու և պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից «Նևրոզների կլինիկա» և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունները հանելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

2.1. «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունները ներկայումս ընդգրկված են 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սույն ծրագրի մաս հանդիսացող 1-ին հավելվածում ընդգրկված առողջապահական ընկերությունների մասնավորեցումը չի կարող հանգեցնել այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության կամ հանրային նշանակության փոփոխությանը կամ որեւէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող բժշկական ծառայությունների որակի եւմրցունակության ապահովման առումով):

Ընկերությունների մասով Օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պահանջից բացառություն նախատեսելը հնարավություն կտա Ընկերություններին իրենց գործունեությունը զարգացնել այլ` առավել անհրաժեշտ ուղղություններով:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը:

Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը:

Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում:

Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով:

2.3. Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ հետպատերազմական շրջանում հասարակության մոտ անխուսափելիորեն նկատվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում: Վերջինս առաջանում և սրվում է, ոչ այնքան հոգեբանական սթրեսի ժամանակ, որքան որ հետագայում, և մեծ ակտիվությամբ շարունակվում է արտահայտվել անգամ պատերազմական իրադարձություններից տարիներ անց: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով նկատվում և նկատվելու են հետպատերազմական սթրեսային խանգարումներ` ինչպես ռազմական գործողություններին մասնակցած, այնպես էլ ընդհանուր բնակչության շրջանում:

Մեծ նշանակություն ունի նաև հետկովիդային համախտանիշը: Այն ներառում է մի շարք երկարաժամկետ հետևանքներ, որոնք կարող են առաջանալ կորոնավիրուսային վարակից «առողջացած» պացիենտների շրջանում:

Վերոնշյալ մնացորդային երևույթներից են տրամադրության անկումը, էներգիայի պակասը, աշխատանքային արդյունավետության իջեցումը, հիշողության հետ կապված խնդիրները, դեպրեսիան, տագնապային վիճակները և իհարկե անքնությունը: Այս ամենը հանգեցնում է հոգեբանական սթրեսի զարգացմանը:

Ուստի հետպատերազմական և հետկովիդային իրավիճակով պայմանավորված նևրոտիկ, սթրեսային և սոմատոֆորմ խանգարումների հետևանքները մեղմելու նպատակով հոգեբանական աջակցության և վերականգնման իրականացումը, խանգարումների ժամանակին և պատշաճ բուժումը, ինչպես նաև սահմանային վիճակում գտնվող պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը չափազանց կարևոր է` պացիենտի լրիվ առողջացման և հիվանդության քրոնիկ ընթացքի հնարավորինս բացառման նպատակով:

Վերը նշված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից ելնելով` Նախագծով առաջարկվում է «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունը հանել մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից, այն թողնելով ամբողջությամբ պետական մանակցությամբ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով առաջարկվում է`

1) Օրենքի 8-րդ հոդվածով մասնավորեցման ցանկում ընդգրկված առողջապահական ընկերությունների գործունեության հիմնական ուղղությունը կամ հանրային նշանակությունը փոփոխության չենթարկելու կամ դրանց գործունեության հանրային օգտակարությունը որևէ կերպ չնվազեցնելու վերաբերյալ պայմանները չտարածել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն», «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա», «Հանրապետական անձավաբուժական կենտրոն» և «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունների նկատմամբ: Նշվածից հետևում է, որ ընկերությունները մասնավորեցման գործընթացի ավարտից հետո կարող են իրենց գործունեությունը ծավալել այլ ուղղություններով:

2) «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» և «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությունները հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 38-րդ և 41-րդ կետերն ուժը կորցրած ճանաչելով:

3.1. Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից հանելու կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է սպասվում:

Հաշվի առնելով, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի թվով 4 բյուջետային վարկերի, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 ՀՀ դրամ, մարումները, համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1003-Ա և N 995-Ն որոշումների հետաձգվել են, սկսվում են 2023 թվականից, ուստի առաջարկում եմ նախագծի հիմնավորման ֆինանսական մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.

 «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ կողմից կազմած ֆինանսական ցուցանիշների ամփոփ տեղեկատվության համաձայն` վերջին երեք տարիների 2018-2020թթ. պետական բյուջեի հաշվին Ընկերության ծախսերի միջին ցուցանիշը կազմել է 42,722,900.0 ՀՀ դրամ: Ընկերությունը աշխատանքը սկսել է 2020 թվականի հունիսից, այդ տարում Ընկերության փաստացի եկամուտը կազմել է 151,266,718.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 116,650,949.0 ՀՀ դրամ, որտեղ ներառված չեն ամորտիզացիոն ծախսերը: 2021 թվականին Ընկերության փաստացի եկամուտը 01.12.2021թ-ի դրությամբ կազմել է 136,394,000.0 ՀՀ դրամ, ծախսը կազմել է 136,299,000.0 ՀՀ դրամ:

 Ընկերությունն ունի 30 աշխատակից, բացի այդ 2022 թվականին կանխատեսվում է Ընկերության ծախսերի գծով աճ` սարքավորումների երաշխիքային և տեխնիկական սպասարկման, նոր սարքերի և նյութերի ձեռքբերման և այլնի գծով: Այսպիսով 2022 և 2023 թվականներին Ընկերությունը կանխատեսում է 445,1 մլն դրամի եկամուտ և 444,4 մլն դրամի ծախս, որում ընդգրկված է 21,0 մլն դրամի պետական պատվերով նախատեսվող գումարը, որը չի ներառում 2023 թվականի վարկերի մարման գումարը:

 Ընկերությունը ունի թվով 4 բյուջետային վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 2,195,966,701.0 ՀՀ դրամ:

Ֆինանսների նախարարության դիրքորոշման վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ կատարվել են վարկերի մարումների վերահաշվարկներ` ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1003-Ա և N 995-Ն որոշումներով վարկերի մարումները հետաձգվել և սկսվում են 2023 թվականից, այդ տարի՝ 10.06.2023թ.-ին վարկերի մարման համար անհրաժեշտ է 800.185.938,4 ՀՀ դրամ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված որոշ ընկերությունների նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերություններին մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով, ինչպես նաեւ ակնկալվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» և «Նևրոզների կլինիկա» ՓԲԸ-ն հանել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրից` այն թողնելով պետական մասնակցությամբ, բաժնետոմսերի կառավարումը հանձնելով Առողջապահության նախարարությանը եւ ապահովելով նշված ընկերութույունների կողմից մատուցվող ծառայությունների բարելավումը և շարունակական զարգացումը:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Սույն նախագիծը չի բխում որևէ ռազմավարության կատարումից:

  • Քննարկվել է

    17.12.2021 - 01.01.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5318

Տպել