Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն որոշման հիման վրա ներկայումս պետական մարմինների կողմից շահագործվող համակարգերը միավորվում են պետական տեղեկատվական տիրույթում՝ համակարգերի միջև փոխգործելիությունն ապահովելու նպատակով։ Միևնույն ժամանակ, նույն որոշման Հավելված N 1-ի 5-րդ կետի համաձայն, պետական մարմինները պարտավոր են թույլատրել պետական այլ մարմիններին և կազմակերպություններին միանալ իրենց էլեկտրոնային համակարգերին՝ պահպանելով օրենքով նախատեսվող սահմանափակումները և պայմանով, որ այդ համակարգերը համապատասխանեն նշված որոշման պահանջներին: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է անձնական տվյալը ձեռք բերել այլ մարմնից, ապա անձնական տվյալների սուբյեկտից չի պահանջվում ներկայացնել որոշակի գործողությունների համար անհրաժեշտ անձնական տվյալը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 2019 թվականի դեկտեմբերի 19-ի Կառավարության N 1849-Ն որոշմամբ հաստատվել է էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով անձնական տվյալների փոխանցման կարգը։
Հիմք ընդունելով վերոնշյալ իրավական ակտերը, Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Կառավարության փոխգործելիության հարթակի մշակումը, որը օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում պետք է ապահովի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հասանելիությունը ՀՀ պետական մարմինների 24 շտեմարաններին, այդ թվում նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շահագործվող սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ «ՍԷԿՏ») համակարգին և համապատասխան տվյալների փոխանակումը։ Սույն նախագծով ստեղծվում է իրավական հիմք՝ ՍԷԿՏ համակարգը Կառավարության վերոնշյալ փոխգործելիության հարթակին ինտեգրելու համար։
Այսպիսով, Կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով պետական մարմինների համար հնարավորություն է ստեղծվում անձի հանրային ծառայությունների համարանիշի միջոցով կատարել հարցումներ և ստանալ համապատասխան պետական մարմինների շտեմարաններից անձին վերաբերող տեղեկատվություն, այդ թվում նաև, սույն իրավական ակտի ընդունման պայմաններում, ՀՀ ԱԱԾ ՍԷԿՏ համակարգից՝ նրա ՀՀ սահմանահատումների վերաբերյալ։
Միաժամանակ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում: Նշված հոդվածը իր արտացոլումն է գտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, որոնք ամրագրում են տվյալների սուբյեկտի իրավունքը ծանոթանալու իր անձնական տվյալներին, ստանալու տեղեկություններ դրանց մշակման վերաբերյալ և այլն։
Կառավարության փոխգործելիության հարթակի կիրառումը և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շահագործվող ՍԷԿՏ համակարգի ինտեգրումը հարթակին կապահովի նաև վերոնշյալ իրավակարգավորումների իրականացումը՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում և խիստ նույնականացման պայմաններում ֆիզիկական անձանց հնարավորություն տալով ՍԷԿՏ համակարգից ևս ստանալ իրենց ՀՀ սահմանահատումների վերաբերյալ պահվող տվյալները՝ պաշտոնական էլեկտրոնային փոստի (համացանցում հասանելի www.e-citizen.am տիրույթի) միջոցով:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ՝ Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093 Ն որոշմամբ և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված պահանջների կատարումն ապահովելու նպատակով։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում լրացումներ կկատարվեն Կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման մեջ և այն կհամապատասխանեցվի Կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093 Ն որոշմամբ և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։ Միևնույն ժամանակ, քաղաքացին օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում և խիստ նույնականացման պայմաններում հնարավորություն կունենա տեղեկանալ իր սահմանահատումների վերաբերյալ ՍԷԿՏ համակարգում պահվող տվյալներին:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

Ազգային անվտանգության ծառայություն

  • Քննարկվել է

    17.12.2021 - 01.01.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1670

Տպել