Հիշել նախագիծը

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի ընդունման անհրաժեշ­տությունը պայմանավորված է ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենսդրությունը «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով հաստատված՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով, ինչպես նաև ԵԱՏՄ շրջա­նակ­ներում ընդունված այլ իրավական ակտերով սահմանված կարգավորումներին համա­պա­տաս­խանեցման հանգամանքով:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2018 թվա­կանի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգիրքը: Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից կիրառման նպատակով նախատեսվել են Միության մաքսային սահ­մանով ապրանքների տեղափոխման, Միության մաքսային տարածքում կամ դրա սահմաններից դուրս ապրանքների գտնվելու, մաքսային հայտարարագրման, մաքսային վճարների վճարման, մաքսային հսկողության իրականացման և մի շարք այլ մաքսային հարաբերությունների հետ կապված միասնական կարգավորումներ: Միաժամանակ, սահմանված հարաբերությունների շրջա­նակներում մի շարք կարգավորումներ վերապահվել են անդամ պետությունների ազգային օրենսդրությունների կարգավորմանը:

Խնդիրը կայանում է նրանում, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավոր­մանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա: Միաժամանակ, գործող օրենքում փոփոխություններ իրականացնելու փոխարեն ամբողջությամբ նոր նախագծի ներկայացումը պայմանավորված է կատարվող փոփոխությունների մեծ ծավալով և օրենքի կառուցվածքի փոփոխությամբ, քանի որ կառուցվածքը նույնպես համապատասխանեցվում է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքի կառուցվածքին:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝

1) սահմանել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով և ԵԱՏՄ շրջանակներում մաքսային ոլորտում կիրառվող այլ իրավական ակտերով նախատեսված՝ ազգային օրենսդրություններին վերապահված կարգավորումները,

2) հստակեցնել արդեն իսկ սահմանված մի շարք կարգավորումներ և «Մաքսային կար­գավորման մասին» օրենքի կառուցվածքը համապատասխանեցնել գործող՝ ԵԱՏՄ մաք­սային օրենսգրքին,

3) նախատեսել, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հայտարարատունների կողմից մաք­սային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմին­ների կողմից ծանուցումները և այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարա­րա­տուներին ուղարկվել էլեկտրոնային եղանակով,

4) հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրա­կանացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհա­տուց­ման տուրքերի գծով վճարումների իրականացման համար ներդնել կանխավճարների համա­կարգ,

5) ներմուծման մաքսատուրքի գերավճարները կարող են հաշվանցվել մաքսային վճար­ների «ԱԱՀ, ակցիզային հարկ, պետական տուրք», ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհա­­տուց­­ման տուրքերի գծով պարտավորությունների մարմանը, իսկ հատուկ, հակագ­նագց­ման և փոխհատուցման տուրքերը կարող են հաշվանցվել մաքսային վճարների պարտավո­րու­թյուն­ների մարմանը: Խնդիրը կայանում է նրանում, որ չնայած ԵԱՏՄ պայմանագրի 5-րդ և 8-րդ հավելվածներով այդ հաշվանցումները կատարելու համար դրույթներ նախատեսված են, սակայն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 92-րդ հոդվածով սահմանված է, որ ներմուծման մաքսատուրքը չի կարող հաշվանցվել այլ վճարների հաշվին: Կարգավորման ընդունումից և ծրագրային ապահովման ներդրումից հետո այդ հաշվանցումները կարող են կատարվել,

6) հանել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած՝ Հայաստանի Հանրապետության գանձա­պետա­կան հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման համար սահմանված՝ 3 տարվա վաղեմության ժամկետը: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության գանձապետական հաշիվներին ավել վճարված մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վերադարձման կամ հաշվանցման համար դիմումն ընդունվում է, եթե չի անցել այդ գումարների վճարման կամ գանձման օրվանից երեք տարին, ինչը արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց զրկում է գումարները երեք տարի հետո հետ ստանալու հնարավորությունից,

7) ներդնել կամերալ մաքսային ուսումնասիրության համակարգ, որը հնարավորություն կընձեռի մինչև մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնում իրականացնել համա­պա­տաս­խան ուսումնասիրություններ և խախտումների հայտնաբերման դեպքում հայտա­րա­րա­տուններին առաջարկել վերացնել խախտումները։ Համակարգի ներդրումը կհանգեցնի օրենսդրության խախ­տում­ների կրճատման և հայտարարատունների համար չի հանգեցնի պատասխա­նատ­վության, իսկ հայտարարատուների կողմից չարձագանքելու դեպքում նոր միայն կարող է սկսվել մաքսային ստուգում,

8) հստակեցնել չհավաքված, կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված տեսքով ապրանք­­ների տեղափոխման դեպքում մաքսային հայտարարագրման համակարգը և ստեղծել հնարավորություն կոմպլե­կտավորված, ավարտուն ապրանքի վերջին բաղադրիչի համար մաքսային հայտա­րա­րագրի ներկայացման ժամկետը «Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ 2 տարի» մեկ տարով երկարաձգելու համար , իսկ լրա­ցուցիչ երկարաձգման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 6 տարով: Խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ գործող օրենսդրությամբ չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անա­վարտ վիճակում ապրանքների հայտարարագրման համակարգը թերի է և այդ ապրանքների հայտարա­րագր­ման համար վերջնաժամկետը սահմանված է մեկ տարի՝ ևս վեց ամսով երկարձգեելու հնա­րա­վո­րությամբ, սակայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով ստեղծ­ված է հնարավորություն այդ ապրանքների առանձին բաղադրիչների վերաբերյալ մի քանի հայտարարագիր ներ­կա­յաց­նելու միջոցով հայտա­րա­րագ­րելու համար՝ նշելով կոմպլեկ­տավորված կամ ավարտուն վիճակում գտնվող ապրանքի ծած­կագրին համա­պատաս­խա­նող ծածկագիրը: Այդ ներմուծումների համար սահմանված ժամկետը 2 տարի է՝ ազգային օրենսդրությամբ երկարաձգելու հնարավորությամբ,   

9) նախատեսել ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման հնարավո­րություն,

10) նախատեսել մաքսային գործառնությունների իրականացման ժամանակահատվածի կրճատման, ինչպես նաև մաքսային հայտարարագրման գործընթացում անձանց օժանդակելու նպա­տա­կով մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավո­րություն՝ հայտարարատուի կողմից ներկայացված դիմումի և փաստաթղթերի հիման վրա: Այս գործողությունների համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսվում է սահմանել նաև պետական տուրք,

11) նվազեցնել սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագց­ման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրա­կանացման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու համար գանձվող տույժերի հաշվարկման դրույքաչափը գործող՝ ժամանակին չվճարված գումարի 0.15 տոկոսի փոխարեն սահմանելով՝ 0.04 տոկոս, իսկ տույժերի կիրառման ժամանակահատվածն առաջարկվում է 365 օրից դարձնել 730 օր ՀՀ հարկային օրենսգրքի նմանությամբ,

12) սահմանել, որ մինչև մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգ­ման ավարտը ապրանքների բաց թողնման դեպքում, երբ ապրանքների հայտարա­րագրումն իրականացնում է մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի անունից, որը հայտա­րա­րա­տուի հետ միասին կրում է մաքսային վճարները վճարելու համապարտ պար­տավո­րություն, ապրանք­ների հայտարա­րագր­ման ժամանակ մաքսային մարմիններին վճարման ենթա­կա մաք­սային վճար­ների գծով պարտավորու­թյուն­ների կատարման ապահովում հայտա­րա­րատուն չի ներկա­յաց­նում, եթե հայտարարատուի առկա պար­տավո­րու­թյունը չի գերա­զանցում՝

ա. 2022 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացրած մաքսային վճարների ապահովման 20 տոկոսը.

բ. 2023 թվականի համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկայացրած ապահովման 35 տոկոսը.

գ. 2024 թվականի և հաջորդող տարիների համար՝ մաքսային ներկայացուցչի կողմից ներկա­յացրած ապահովման 50 տոկոսը,

13) սահմանել նաև մաքսայինկանոններիխախտմանհամարպատասխանատվությանըևգործերիվարույթին վերաբերող հարաբերությունները, որոնք ներկա փուլում նախատեսված են 2000թվականիհուլիսի6-իՀՀմաքսայինօրենսգրքի համապատասխան բաժնով, սակայն ՀՀ մաքսային օրենսգրքի մյուս բաժիններն ուժը կորցրած են ճանաչվել՝ պայմանավորված դեռևս 2015 թվականին «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով:

Բացի այդ, ներկայացված փաթեթում ներառված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է պետա­կան տուրք սահմանել մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտ պարու­նա­կող ապրանքների նկատմամբ հսկողություն իրականացնելու, հայտարարատուի ներկա­­­յացրած դիմումի հիման վրա մաքսային հայտարարագրերի, մաքսային մարմնի կողմից մաք­սային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում մաքսային հայտարարագրի էլեկտրո­նային տեսքը ձևավորելու համար մաքսային հայտարարագիրը թղթային կրիչով ներ­կա­յաց­նելու դեպքում, եթե հայտարարատուն չի կարող ներկայացնել մաքսային հայտարարագրի էլեկտրո­նային օրինակը:

Միևնույն ժամանակ, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփո­խու­թյուն­ներ կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են որոշակի հստա­կե­ցումներ՝ կապ­ված ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ձեռնարկատիրական գործու­նեության նպա­տակով իրականացվող ներմուծումների ժամանակ Եվրասիական տնտեսա­կան միության մաք­սային օրենսգրքին համապատասխան միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաք­սատուրքերով և հարկերով հարկման ենթակա ապրանքների՝ ԱԱՀ-ով հարկման հետ:

«Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով համապատասխան իրավասություններ են սահմանվում մաքսային մարմինների համար:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան «Եվրաս­իա­­կան տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայ­մա­նագրով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրու­թյանը վերապահված կարգավորումներն ու մաքսային ոլորտում իրավա­խախտում­ների մասով պատասխանատվության միջոցների հետ կապված դրույթներն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մաք­սային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսա­կան միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարա­բերու­թյուն­ները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոց­ները:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահան­ջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագծերի փաթեթը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հար­կա­­բյու­ջետային քաղաքականություն» և 6.9-րդ՝ «Հարկային և մաքսային վարչարարու­թյուն» բաժինների մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրաց­ման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասցնելու ստվերային տնտեսությունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավասար պայմաններ: Այս նպա­տակների իրագործման համար Կառավարությունը սահմանելու է ընկալելի և կանխատեսելի հարկային կանոններ, որոնք նպաստելու են ներդրումային ծրագրերի կառավարման գործընթացներում տնտեսավարողների որոշումների կանխատեսելիության բարձրացմանը: Հարկային և մաքսային վարչարարության համաչափությունը լինելու է վարչարարական արդյու­նավե­տության հիմքը, բարձրացնելու է հարկերի վճարման կամովիությունը և ստեղծելու է տնտեսա­կան գործունեության պայմանների համահավասարության համընդհանուր ընկալում։

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան, ինչպես նաև մաքսային համակարգի կազմակերպակառավարչական մոտեցումները, ԵԱՏՄ կարգավորումներին համապատասխան, ստանալու են պարզ վարչարարության լավագույն կիրառության լուծումներ:

  • Քննարկվել է

    14.12.2021 - 29.12.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4254

Տպել