Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 1.4 բաժնի «Սոցիալական քաղաքականություն» մասի 1-ի կետով, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի թիվ 27 արձանագրության 3-րդ կետով հավանության արժանացած ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի հավելված 1-ի 2-րդ գլխի 2.5` «Զբաղվածություն և մայրություն» բաժնով:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Նախագծի մշակման շրջանակներում կարևորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը և ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է և որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում և Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչև երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:

Այս առումով, հատկանշական է նաև Ֆրանսիայի փորձը, որին հաջողությամբ հետևում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում և տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետևյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ և դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը և կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց:

Լատինական Ամերիկայի երկրներում և անցումային տնտեսությամբ այնպիսի երկրներում, ինչպիսին է Ռումինիան, երիտասարդների, հատկապես՝ երիտասարդ կանանց շրջանում էապես ավելի արդյունավետ են ուսուցման ինտեգրված ծրագրերը՝ աշխատանքի վայրում և լսարանի համատեղմամբ: Նշված երկրներում կարևորվում է նաև ինստիտուցիոնալ այնպիսի խթանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գործնականում համապատասխանեցնել մասնագիտական ուսուցման արդյունքները գործատուների պահանջներին: Հետաքրքրական է նաև Ֆինլանդիայի այս ոլորտի կարգավորման փորձը: Ֆինլանդիայում 2013թ. սկզբին սկսվել է Երիտասարդության երաշխավորության իրականացումը, որը որպես միջոցառում սահմանված է Ֆինլանդիայի 2015թ. ազգային ծրագրում: Վերջինս, ի թիվս մի շարք այլ ուղղությունների, ներառում է նաև կրթության երաշխավորությունը, ինչը յուրաքանչյուր անձի, որն ավարտել է հիմնական կրթությունը, հնարավորություն է ստեղծում հետագա կրթությունը շարունակելու համար:

Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը և ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաև կարևորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարևորությունը, որպես առաջին քայլ, Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:

Բացի այդ, աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականությունը միտված է ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման և իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետևանքների մեղմանը, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը: ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ և բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների և սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից:

Ժողովրդագրական իրավիճակի ու մարտահրավերների տեսանկյունից կարևորվում են նաև զբաղվածության ռազմավարական մոտեցումները և հիմնախնդիրների համալիր լուծումները: 2012թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով ներկայացված են զբաղվածության պետական կարգավորման ոլորտի առաջիկա բարեփոխումները, որոնք կրում են շարունակական բնույթ և նպատակ են հետապնդում պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: Իրականացվող բարեփոխումների գործնական կիրառումն ապահովելու տեսանկյունից էապես կարևորվում են զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումը և դրանց ներդրումը, գործող ծրագրերի վերաիմաստավորումը, որն ուղղակիորեն միտված է նաև ժողովրդագրական և աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանմանն ու հետևողական բարելավմանը: Զբաղվածության կարգավորվման նոր ակտիվ ծրագրերի ներդրմամբ երիտասարդների և հատկապես երիտասարդ կանանց համար ստեղծվում են նաև օբյեկտիվ հնարավորություններ իրենց բնակավայրում ամրանալու, կայուն եկամուտ ստեղծելու և ընտանիք կազմելու համար:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝

  1. ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը և մեծացնել երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,
  2. մեծացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչև երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու և երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչև 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝  աշխատանքային գործունեության և ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:

ՏԵՂԵԿԱՆՔ

 ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտ է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ: 

ՏԵՂԵԿԱՆՔ

 ««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում: ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքն ընդունելու դեպքում ներդրվող նոր ծրագրերը կիրականացվեն զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    23.08.2017 - 08.09.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

23.08.2017 16:32

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9061

Տպել