Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.

2019 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության (այսուհետ նաև՝ ՀՀ) կառավարության «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 1666-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որով սահմանվեց բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ ԲԳՎ) տրամադրման կարգը։  Որոշման ընդունման նպատակն էր՝ ապահովել մշտական օթևանով 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց։

Որոշմամբ հաստատված ԲԳՎ-ների  տրամադրման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) 2020-2021 թվականների ընթացքում իրականացվել է Երևան քաղաքում, և այժմ նախատեսվում է այն  իրականացնել ՀՀ մարզերում:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսված են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի «1070. Աջակցություն փախստականների ինտեգրմանը» ծրագրի «12003. 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով:

Տվյալ գործընթացը մարզերում   ունի որոշակի առանձնահատկություններ,  որոնց  կարգավորումը  հնարավոր  է Որոշմամբ սահմանված  ընթացակարգերը լրամշակելու, իսկ առանձին դեպքերում նաև հստակեցնելու միջոցով։

 Մասնավորապես՝

  • Որոշման համաձայն՝ Երևան քաղաքում բնակվող շահառուները  կարող   էին ձեռք բերել բնակարան Հայաստանի Հանրապետության  ցանկացած բնակավայրում։  Ծրագիրը  մարզերում  իրականացնելու պարագայում, ելնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունից՝ մարզերի   համաչափ   զարգացումն ապահովելու նպատակով, անհրաժեշտ է  Որոշման մեջ ներառել    դրույթ  այն մասին,  որ մարզերի շահառուները   կարող  են բնակարան ձեռք բերել  միայն այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու․
  • Որոշմամբ սահմանված է, որ ԲԳՎ-ների միջոցով աջակցություն ստացող  անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացությունը  տրամադրում  է  Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի  կողմից ստեղծված հանձնաժողովը, որի կազմի մեջ ընդգրկվում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների,  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Կադաստրի, Պետական գույքի կառամարման կոմիտեների, Երևանի քաղաքապետարանի և միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչներ։ Քանի որ ծրագիրը իրականացվելու է  ՀՀ մարզերում,  անհրաժեշտութուն է առաջացել, որպեսզի հանձնաժողովի կազմում ներառվեն նաև համապատասխան մարզպետարանների մեկական  ներկայացուցիչներ.
  • Ըստ Որոշման՝ ծրագրի շահառու չեն կարող  լինել այն անձինք,  ովքեր ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան բնակելի տուն, կամ այդ բնակարանը բնակելի տունը կամ հանրակացարանյին սենյակը օտարել են Որոշման ընդունմանը նախորդող 10 տարվա ընթացքում։ Հաշվի առնելով  այն հանգամանքը  որ  Որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականին, իսկ  ծրագիրը կրում է շարունակական բնույթ, ինչի արդյունքում  նոր շահառու ճանաչվելու դեպքում տվյալ կետով խախտվում են սահմանված ժամկետները,   անհրաժեշտություն  է  առաջացել  օտարման  ժամկետը հաշվարկել անձի կողմից որոշմամբ հաստատված N 3 ձևին համապատասխան դիմումը մարզպետարան ներկայացնելու օրվանից․
  • Որոշմամբ սահմանված է, որ ԲԳՎ-ում նշվող ֆինանսական  աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին անձանց թվով հասանելիք բնակարանի սենյակների թվով՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի  առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով՝ 1 քառ․մետրի համար։ ՀՀ մարզերում ծրագիրն  իրականացնելու  նպատակով անհրաժեշտ է որոշակիացնել  այն չափանիշը,  որը հիմք  է հանդիսանալու  մարզերում   ԲԳՎ-ի շահառու  ճանաչված անձանց  ֆինանսական աջակցության  չափը  որոշելու համար, այն  է՝  ծրագրի իրականացման համար վկայագրում նշվող աջակցության չափը մարզերում առաջարկվում է որոշել ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2021 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում տվյալ  մարզկենտրոնում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գներով՝ 1 քառ. մետրի համար.
  • Հաշվի առնելով, որ ծրագրի շարունակության այս փուլում մարզերում հաշվառված շահառուների կողմից ԲԳՎ-ների միջոցով բնակարան ձեռք բերելու գործընթացը իրականացվելու է մարզպետարանների մասնակցությամբ՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ հստակեցնել և մանրամասն ներկայացնել սույն ծրագրի շրջանակներում մարզպետներին և մարզպետարաններին վերապահված գործառույթները, այդ թվում՝ վերջիններիս  կողմից որոշմամբ սահմանված  փաստաթղթերը  միգրացիոն ծառայությանը  ներկայացնելու  կարգն  ու  ժամկետները:

 

  1. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծի  նպատակն  է՝ սահմանել ՀՀ մարզերում  ԲԳՎ-ների  տրամադրման կարգը  և  պայմանները,  ինչպես  նաև  ապահովել  իրավական որոշակիություն  ծրագրի  իրականացման ընթացքում  ի  հայտ  եկած խնդիրները լուծելու համար։ Մի շարք փոփոխություններ էլ  միտված  են   ծրագրի իրականացման  հեշտացմանը։

 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

     Կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության կողմից։

 

  1. Տեղեկություն այն աղբյուրների մասին, որոնցից օգտվել են հարցը կարգավորելիս, նորմատիվ իրավական ակտերի դեպքում՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

 

Նախագծի մշակման համար ձևական իրավական աղբյուր է հանդիսանում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նշված  ռազմավարական  փաստաթղթերի  հետ կապ  առկա  չէ։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ N 1666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում։

 

 

 

  • Քննարկվել է

    22.11.2021 - 07.12.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3384

Տպել