Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈԻՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ:

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1.0 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։

Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև  փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

        Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայումս իրականացվող մաքսային քաղաքականությունն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում սահմանային անվտանգության ապահովմանը, գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների խրախուսմանը, մաքսային ընթացակարգերի հստակեցմանը և պարզեցմանը:

 

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

      Նախագծով առաջարկվող լրացումն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը և դյուրինացմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ

        Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը բխում  է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «6.9 Հարկային և մաքսային վարչարարություն» բաժնի դրույթներից։

 

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

Համաձայն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվության՝ 2019 թվականին մինչև 107588[1] ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը (ըստ ապրանքային հայտարագրերի) կազմել է 2105 գործարք, որոնցից գանձվել է 9.8 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, իսկ 107588 դրամից մինչև 1.0 մլն ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 1988 գործարք, որոնցից գանձվել է 27.6 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք։

Նույն ժամանակահատվածում մինչև 107588 ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը (ըստ տարանցման հայտարագրերի) կազմել է 140 գործարք, որոնցից գանձվել է 0.85 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, իսկ 107588 դրամից մինչև 1.0 մլն ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 5193 գործարք, որոնցից գանձվել է 67.97 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք։

Հարկ է նշել նաև, որ 2020 թվականին մինչև 107588 ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը (ըստ ապրանքային հայտարագրերի) կազմել է 3398 գործարք, որոնցից գանձվել է 10.2 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, իսկ 107588 դրամից մինչև 1.0 մլն ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 2622 գործարք, որոնցից գանձվել է 18.6 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք։

Նույն ժամանակահատվածում մինչև 107588 ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը (ըստ տարանցման հայտարագրերի) կազմել է 623 գործարք, որոնցից գանձվել է 5.06 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք, իսկ 107588 դրամից մինչև 1.0 մլն ՀՀ դրամ մաքսային արժեք ունեցող արտահանման գործարքների թիվը կազմել է 6059 գործարք, որոնցից գանձվել է 72.61 մլն ՀՀ դրամի չափով պետական տուրք։

Հաշվի առնելով 2019 և 2020 թվականների վերաբերյալ վիճակագրական տվյալների վերլուծությունը, կարելի է եզրահանգել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների նվազեցում միջինում 106.35 մլն դրամի չափով։

 

[1] Ընդունվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված եվրոյի միջին շուկայական փոխարժեքը՝ 2019թ․՝ 537․94 ՀՀ դրամ, 2020թ․՝ 558․39 ՀՀ դրամ։

  • Քննարկվել է

    15.11.2021 - 30.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3695

Տպել