Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ) ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ)  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 Վարչապետի 2021 թվականի օգոստոսի 30-ի N02/10.20/26829-2021 հանձնարարականի շրջանակներում ընդունվել է ի գիտություն, որ սույն թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ կառավարության արձանագրային որոշումներն այլևս չեն կիրառվելու: Միաժամանակ տրվել է հանձնարարական գնահատելով արձանագրային որոշումների արդիականությունը՝ վերաձևակերպել այն այլ իրավական ակտի ձևաչափով:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն կարևորելով սեյսմակայուն շինարարության ուղղությամբ տարվող, կատարելագործվող քաղաքականությունն արդիական է գնահատել ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը հավանություն տալու  մասին» N 39 արձանագրային որոշումը  վերաձևակերպելու  որպես ՀՀ կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացնելու խնդիրը:

Ներկայացվող Նախագիծն արդիական է և բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի  N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի  «2.7 Քաղաքաշինություն» բաժնի դրույթներից:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետությունում առկա են տարբեր նշանակության ավելի քան 545 հազար շենքեր և շինություններ, այդ թվում`428 հազար անհատական բնակելի տուն, 19 հազար բազմաբնակարան շենք և 98 հազար տարբեր նշանակության շենքեր  և շինություններ (այդ թվում`պատմամշակութային հուշարձաններ):

Գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի գերակշռող մասը կառուցվել է մինչև 1988 թվականը: Դրանց նախագծային սեյսմակայունությունը, համաձայն տարբեր ժամանակաշրջաններում սեյսմակայուն շինարարության ընդունված նորմերի պահանջների, նախատեսված է եղել 7 և 8 բալ (ըստ ուժգնության գնահատման MSK-64 սանդղակի): Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի վերագնահատման և սեյսմիկ ազդեցությունների ուժգնության մակարդակի բարձրացման արդյունքում դրանք այլևս չեն բավարարում սեյսմակայուն շինարարության գործող նորատիվ փաստաթղթերի պահանջներին:

Միջազգային փորձի ուսումասիրությունը ցույց է տալիս, որ սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի սեյսմակայունության բարձացմանն ուղղված միջոցառումների իրականացման համար նախապես կատարված ծախսերը տնտեսական և ֆինանսական տեսանկյունից 7-10 անգամ ավելի արդյունավետ են, քան հետևանքների վերացման համար պահանջվող ծախսերը:

Շենքերի տեխնիկական վիճակի համակարգված հետազոտություններ և եզրակացություններին համապատասխան անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու կամ թերի իրականացնելու արդյունքում շենքերի զգալի մասը հայտնվել է անբավարար կամ վթարային տեխնիկական վիճակում և սեյսմակայունության տեսանկյունից հուսալի չլինելու պատճառով չեն կարող ապահովել բնակչության անվտանգությունը: Ըստ փորձագիտական գնահատականների ներկայումս գոյություն ունեցող շենքերի 70%-ը խոցելի են և կարող են վտանգ ներկայացնել ընդունված նորմատիվային ուժգնության երկրաշարժերի դեպքում:

Հաշվի առնելով, որ ներկայումս տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությամբ պայմանավորված սեյսմիկ ռիսկը Հայաստանի տարածքում ձգտում է բարձր մակարդակի՝ գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի, հատկապես բարձր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների սեյսմակայունության բարձրացմամբ ուժեղ երկրաշարժերից հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու խնդիրը կարևոր գործոն է հանդիսանում հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման և ազգային անվտանգության ապահովման համար:

Միջազգային պրակտիկայում սեյսմիկ աղետի հետևանքների նվազեցման և կանխարգելման ուղղությամբ ծրագրերը մշակվում են հաշվի առնելով սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները՝ շենքերի փաստացի սեյսմակայունությունը, խոցելիությունը, կարողությունները, մարդկանց և ակտիվների խոցելիությունը սպառնալիքների հանդեպ, վտանգների առանձնահատկությունները և շրջակա  միջավայրի հետ կապված խնդիրները: Շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման հիմնախնդիրն իր բազմաբաղադրիչ բնույթի և մեծ ծախսատարության պատճառով պահանջում է երկարաժամկետ պետական ռազմավարություն, տարբեր ֆինանսական աղբյուրների և կառույցների ներգրավում, կազմակերպչական ու համագործակցության մեխանիզմների կիրառում:

2.1 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում

- «Քաղաքաշինության մասին» օրենք

- ՀՀ կառավարության 2021թվականի ապրիլի 8-ի «ՀՀ քաղաքաշինության բնագավառի ռազմավարական ծրագիրը և ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N531-Լ որոշում

 

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Նախագծի նպատակը՝ Հայաստանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման և բնակչության անվտանգության ապահովման հիմնախնդիրը գոյություն ունեցող շենքերի սեյմակայունության բարձրացման միջոցով լուծելու համար համապատասխան նախադրյալների ստեղծումն է և այդ ուղղությամբ անհրաժեշտ հիմնավորված միջոցառումների իրականացումն ապահովող համակարգված քայլերի ու գործողությունների հստակեցումը:

  Սույն ռազմավարությամբ սեյսմիկ ռիսկի նվազեցման հիմնախնդրի լուծման առավել նպատակահարմար տարբերակ է դիտարկվել բնակարանային ֆոնդի (բազմաբնակարան շենք, անհատական բնակելի տուն), հասարակական և արտադրական նշանակության շենքերի, այդ թվում հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյմակայունության բարձրացմանն ուղղված առանձին ոլորտային նպատակային ծրագրային մոտեցումը, որը հնարավորություն կտա ըստ ոլորտների գնահատել և համակարգել առկա իրավիճակը, վերհանել խնդիրները, սահմանել դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվող ծրագրերում հաշվի առնելով սեյսմիկ ռիսկի բոլոր բաղադրիչները, փուլային մոտեցմամբ իրականացվեն համակարգված միջոցառումներ:

Ռազմավարությունում ներկայացված են գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման սկզբունքները, այդ ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացման քայլերը, սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունություն) բարձրացում պահանջող շենքերի և շինությունների առաջնահերթության չափանիշները:

 

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

     Նախագիծը մշակվել է ՀՀ  քաղաքաշինության  կոմիտեի կողմից

5.

Ակնկալվող արդյունքը

 

    Ռազմավարությունը հանդիսանալու է շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման հիմնական ռազմավարական փաստաթուղթ`ապահովելով ռազմավարական ուղենիշեր հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կառավարման ոլորտնում գտնվող շենքերի մասով միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրային փաստաթղթերի մշակման համար:

     Որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի տարբեր նշանակության շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ուղղությամբ ոլորտային նպատակային ծրագրերի համակարգված իրականացումը, որի արդյունքում նվազեցնելով առկա սեյսմիկ ռիսկը՝ կապահովվեն շենքերի բնականոն և հուսալի շահագործումն ու բնակչության անվտանգությունը:

     «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չեն սպասվում :

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ (ԵՐԿՐԱՇԱՐԺԱԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅԱՆ)  ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ  ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

     «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայք-էջում /www.minurban.am/:

 

2. Հասարակության մասնակցությունը

     «Հայաստանի Հանրապետությունում շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

 

 

  • Քննարկվել է

    08.11.2021 - 23.11.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3386

Տպել