Հ Ի Մ Ն Ա Վ  Ո Ր ՈՒ Մ

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գիտակցելով, որ թմրանյութերի չարաշահումն աշխարհում գլոբալ բնույթ է ստացել և  հսկայական վտանգ է ներկայացնում ողջ մարդկության կյանքի և առողջության համար, և որ այդ չարիքն անհնար է արմատախիլ անել առանձին պետությունների ջանքերով, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների կողմից փոփոխություններ և լրացումներ են կատարվել Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի  30-ի համաձայնագրում (այսուհետ՝ Համաձայնագիր):

 2021թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվել է Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 21-ից:

   Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի  համաձայն՝ Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա Կառավարությունը միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում օրենքում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենք ընդունելու մասին օրենքի նախագիծ:

   Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:

Նկատի ունենալով վերոգրյալը՝ միջազգային իրավական ակտի՝ Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրի դրույթներին չհակասելու նպատակով՝  անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին  2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքում՝ համապատասխանեցնելով այն Համաձայնագրում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ լրացված հասկացությունների մասով:

   Այդ նկատառումներից ելնելով՝ մշակվել է Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ:

 Նախագծի համաձայն՝ օրենքը լրացվել է Համաձայնագրով սահմանված նոր հասկացություններով՝ համապատասխանեցվելով Համաձայնագրում կիրառվող հասկացություններին:

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։

 

2 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2022 թվականի միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին» 1616-Լ որոշման ծրագրի 24-րդ կետի 2-րդ ենթակետից։

 

  1. Առաջարկվողկարգավորման բնույթը

Համաձայնագրում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխան՝ նախագծով նախատեսվում է օրենքը լրացնել նոր՝ թմրանյութերի հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալներ և նոր պոտենցիալ վտանգավոր հոգեակտիվ նյութեր հասկացություններով:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք         

ՀՀ ոստիկանության կողմից:

 

6 Ակնկալվող արդյունքը

Օրենքում կատարված լրացումները կնպաստեն թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և այս ոլորտում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության ամրապնդմանը:

             ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    26.10.2021 - 10.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4340

Տպել