Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

<<Բարձրագույն կրթության և գիտության մասին>> օրենքի և հարակից օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրությամբ պահանջվող ինքնակառավարման՝ ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնման, հաշվետվողականության և թափանցիկության հավասարակշռված մեխանիզմների ինստիտուցիոնալ հենք և իրավական հիմքեր ստեղծելու ապահովման անհրաժեշտությունից` բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման, բարձրագույն կրթության և գիտության համակարգերի արդյունավետության բարձրացում համար։

Օրենքի նախագիծն արտացոլում է բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացմանն ուղղված ներկա միտումները, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը սերտացնելու, բարձրագույն կրթության, գիտության և տնտեսության համակարգված փոխկապակցվածության, գիտահետազոտական ու նորարարական գործունեության և կրթական համակարգի արդյունավետ փոխգործակցության, բարձրագույն կրթության և գիտության ֆինանսավորման արդյունավետության և գիտական ոլորտում ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը։

Օրենքի  հիմնական նպատակներն են.

ա) բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության ապահովումը և խտրականության բացառումը, թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

բ) բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական և հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությանը նպաստելը,

գ) հայագիտական հետազոտությունների գերակայությունը,

դ) կրթված, զարգացած և մրցունակ անհատի ձևավորմամբ հասարակության կայուն զարգացմանը նպաստելը,

ե) Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին և Եվրոպական հետազոտական տարածքին Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի ինտեգրվածության շարունակական ընդլայնումը՝ ազգային կրթական առաջադեմ ավանդույթների և նվաճումների պահպանմամբ ու զարգացմամբ, ինչպես նաև միջազգային լայն համագործակցության ապահովումը։

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Բարձրագույն կրթության և գիտության ոլորտները կարգավորող գործող օրենքներն ընդունվել են 15-ից 20 տարի առաջ՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999թ.-ին, «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքը՝ 2000թ.-ին, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքը՝ 2004թ.-ին։ Նշված օրենքների ընդունման պահից ի վեր բարձրագույն կրթության և գիտության համակարգերում իրականացվել են կարևոր կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացին միանալու (2005թ.), Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի մաս կազմելու (2010թ.), Եվրոպական հետազոտական տարածքի Հորիզոն 2020 ծրագրում ինտեգրվելու (2014թ.), միջազգային կրթական և գիտական լայն համագործակցության մեջ ընդգրկվելու հանգամանքով։ Այդ բարեփոխումներից շատերի իրականացման ամբողջականությունն ու արդյունավետությունն այնուամենայնիվ սահմանափակվում է օրենսդրական կարգավորումների բացակայությամբ կամ անբավարարությամբ։

Այսպես, վերը նշված օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության և գիտության միջազգային արդի չափանիշներին, չեն նպաստում բարձրագույն կրթության ու գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների և սկզբունքների կիրառումը, դրանց արդյունավետ փոխգործակցությունը, բուհ-հետազոտություն-տնտեսություն բնականոն կապը, ինչպես նաև սահմանադրական պահանջից բխող՝ բուհերի ինքնակառավարման հետագա զարգացման ապահովման նպատակով նրանց ինքնավարության, ակադեմիական ազատությունների, հաշվետվողականության և ֆինանսավորման անհրաժեշտ լիարժեք մեխանիզմները:

Բարձրագույն կրթության կառավարման մոդելի բարեփոխման մասով օրենսդրությամբ անհրաժեշտ ամրագրման և կարգավորման դրույթներից են մասնավորապես բուհերի կազմակերպաիրավական, կառավարություն– նախարարություն-բուհ իրավասության սահմանների, կառավարման մարմինների ու դրանց գործունեության տարանջատման հստակեցումը:

Գիտության ոլորտում հստակեցման կարիք ունեն նաև կառավարություն-պետական կառավարման լիազոր մարմին-գիտական կազմակերպություն իրավասության սահմանները, միջազգային չափանիշներին համապատասխան գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ինչպես նաև գիտության ոլորտում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները և կրթություն-գիտություն-տնտեսություն կապի խրախուսման մեխանիզմները:

Օրենսդրական կարգավորումների հետընկնումներն էապես սահմանափակում են բարձրագույն կրթության և գիտության համակարգերի հետագա արդիականացման, միջազգայնացման և դրանցից բխող մրցունակության բարձրացման հնարավորությունները, մասնավորապես.

ա) պահպանվում է բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ժամանակավրեպ անջրպետվածությունը. գիտության ոլորտը շարունակում է բաժանված մնալ մի կողմից ակադեմիական և գերատեսչական, մյուս կողմից՝ բուհական, իրարից խիստ տարանջատված հատվածների՝ խոչընդոտելով կրթության և գիտահետազոտական գործունեության արդյունավետ համագործակցության մոդելների ձևավորումը, հետազոտահենք կրթական ծրագրերի իրականացումը բուհերում և գիտության ոլորտում երիտասարդ որակյալ ներուժի ներգրավումը,

բ) բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը, այդ պատճառով փաստացի չի գործում բարձրագույն կրթության եռաստիճան համակարգը և պահպանվում է գիտական աստիճանաշնորհման ԽՍՀՄ-ից ժառանգած երկաստիճանությունը,

գ) օրենսդրական կարգավորման բացակայության պատճառով էապես սահմանափակված են բարձրագույն կրթության համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև ուսանողների, ակադեմիական և գիտահետազոտական կազմի շարժունության մեխանիզմները,

դ) բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացին և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան ճկուն կերպով փոփոխվելու հնարավորությունից։ Որոշ առարկաների առկայությունը ծրագրում ուղղակիորեն պարտադրվում է օրենսդրորեն՝ անկախ կրթական ծրագրի նպատակից և վերջնարդյունքից։ Շարունակում է պահպանվել կրթության կազմակերպման ժամանակավրեպ բաժանումը առկա և հեռակա ուսուցման համակարգերի ու բացակայում է ուսանողների հնարավորությունները մասնակցելու իրենց կրթական ծրագրերի ձևավորմանը՝ ընտրելու դասընթացները, ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը) և տևողությունը ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքային զբաղվածության և ֆինանսական հնարավորությունների։

ե) Օրենսդրական կարգավորման խնդիրներ ունեն նաև բուհերի կրթական ծրագրերի լիցենզավորման հարցերը։ Ծրագրային հավատարմագրումը պարտադիր բնույթ չի կրում, ինչը էական ազդեցություն ունի կրթության որակի պատշաճ ապահովման վրա,

զ) պահպանվում է բուհերի ֆինանսավորման սխեման ըստ ուսանողների թվի, բուհի ենթակառուցվածքների զարգացման և կրթության որակի բարելավմանն ուղղված ֆինանսավորում չի իրականացվում, գործող օրենսդրությամբ չի ապահովվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունը,

է) բուհերի ընդունելության գործող կարգավորումներով պետական պատվերի տեղերը հատկացվում են բուհերին՝ ըստ հաստատված մասնագիտությունների, իսկ ընդունելությունը բակալավրի կրթական մակարդակում իրականացվում է միասնական մրցույթի միջոցով՝ սահմանափակելով դիմորդների հնարավորություններն ընտրելու ուսումնական հաստատությունը և հավակնելու ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման իրենց ընտրած մասնագիտություններով,

ը)  օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները, հաշվետվողականության և հասարակական պատասխանատվության մեխանիզմները։ Բուհերի և գիտական կազմակերպությունների կառավարման ներքին օղակներում մասնակցային միջավայրի բացակայությունը, մասնագետներին ներգրավելու բաց, թափանցիկ և ճկուն մեխանիզմների բացակայությունը, անցկացվող մրցույթների ֆորմալ բնույթը անդրադառնում են երիտասարդ մասնագետների առաջխաղացման վրա,

թ) Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով՝ կայացվող որոշումներն ենթակա են վավերացման ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից։ Շարունակում է գործել բուհերի կառավարման ներկայիս սխեման, որն իր արտաքուստ հավասարակշռված լինելով հանդերձ կառավարչական լուրջ թերություններ ունի՝ մասնավորապես, նախատեսում է պետական և քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց ներգրավում, գործարար շրջանակների և հասարակական հատվածի ներկայությունը խիստ պայմանական բնույթ ունի, ուսանողները  քվեարկելու իրավունք ունեն կադրային հարցերում։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Վերը նշված օրենսդրական բացերը լրացնելու և բարձրագույն կրթության և գիտության ոլորտի համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականության ձևավորման և իրականացման հիմքերը և պայմանները ապահովելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ամբողջական և հստակ կերպով սահմանվում են՝

1. Բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները՝

- ինստիտուցիոնալ (բազային) ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի և գիտական հետազոտությունների, կրթության որակի բարելավման նպատակով,

- պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում՝ կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում,

- մրցակցային ֆինանսավորում՝ նորարարական-նպատակային ծրագրերի ֆինանսավորման համար՝ մրցութային հիմունքներով։

2. Բարձրագույն ուսումնական հաստատության և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները՝ ապահովելու հաստատության պատասխանատվությունը և հաշվետվողականությունը պետության ու հասարակության առջև։

3. Անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպություններին ինքնուրույն գործելու, հետազոտական ցանցեր և կոնսորցիումներ ձևավորելու կամ բուհերի կազմում որպես գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկվելու իրավական հիմքեր ստեղծելով։

4. Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրորդ աստիճան՝ կրթական ծրագիր, որի ավարտին շնորհվում է դոկտորի (PhD) որակավորում։ Ըստ այդմ, այդ մակարդակում կրթություն կարող են իրականացնել միայն բուհը՝ իր կազմում գործող մասնագիտական համապատասխան հաստատության հենքի վրա կամ իր կազմից դուրս գործող գիտական կազմակերպության հետ համատեղ։

5. Բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը՝ ըստ կրթական մակարդակների, կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևերով: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը (բեռնվածությունը)՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով:

6. Երկու և ավելի բուհեր (այդ թվում՝ օտարերկրյա) կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստվում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով (դիպլոմով) կամ մասնակից բուհերից մեկի կամ բոլորի առանձին ավարտական փաստաթղթերով (դիպլոմներով)։

7. Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը։

8. Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի, այլ ըստ ակադեմիական ոլորտների։ Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող և սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ մի քանի կրթական ծրագրերի կամ տարբեր բուհերի նույն ակադեմիական ոլորտի կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ (կրթական ծրագիր), որում ցանկանում են ստանալ բարձրագույն կրթություն:

9. Կրթության որակն հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից բակալավրի որակավորման աստիճանի ցանկացած կրթական ծրագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է «Հայոց լեզու» առարկայի պարտադիր քննությունը։

10. Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի ձևավորման սկզբունքների փոփոխություն, անդամների թվի նվազեցում, որում պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է։

 

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի  և հարակից օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի կողմից  2021 թվականի մարտի 24-ին: Սակայն ՀՀ Նախագահի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի 2 օգոստոսի 2021 թվականի ՍԴՈ-1608 որոշմամբ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի մասով, ճանաչվել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:  Նախագիծը համապատասխանեցվել է ՍԴ որոշման պահանջներին:

Նախագծով կառավարման խորհրդի անդամների թիվը սահմանվել է 12, հավասար հարաբերակցությամբ՝ 6-ը բուհի ներկայացուցիչներ, իսկ մյուս 6-ը՝ լիազոր մարմնի առաջադրած ներկայացուցիչներ։

Միաժամանակ փոփոխություն է նախատեսվել նաև ռեկտորի ընտրության կարգում։ Նախագծի 32-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանվում է հետևյալը՝ «Հանրային բուհի ռեկտորի  թեկնածուներն ընտրվում են կառավարման խորհրդի կողմից՝  ընտրանքային կարգով վարկանիշային քվեարկությամբ։ Խորհրդի որոշմամբ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի ընտրությանն է առաջադրվում ընտրանքային փուլին մասնակցած և փակ գաղտնի քվեարկության արդյունքում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելի կողմ ձայներ ստացած մինչև երեք թեկնածություն: Համապատասխան լիազոր մարմնի ղեկավարն այդ կազմից մեկին ընտրում և ներկայցնում է հոգաբարձուների խորհրդի նախագահին՝ կնքելու աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով»։

Հիմք ընդունելով կառավարման խորհրդի՝ ռեկտորի թեկնածուների ընտրության կանոնակարգ սահմանելու և թկնածուների ընտրության գործընթացը կամակերպելու իրավասությունները, համապատասխան իրավական ակտով կսահմանվեն ընտրության հստակ կարգ, վարկանիշային ընտրության ձևաչափ, մինչև երեք թեկնածուի ընտրության սկզբունքներ ու պայմաններ/օր՝ հաշվի առնելով, որ լիազոր մարմին անհրաժեշտ է ներկայացնել երեքից ոչ ավել թեկնածու, խորհրդի անդամների կեսից ավել, սակայն առավել  ձայներ ստաանալու պարտադիր պայման, կամ  հնարավորություն՝ հավասար ձայներ ստանալու պարագայում կրկնակի ընտրության/։ Թվարկված պայմաններն ու ընտրության կարգը հասանելի կլինեն ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին, և կապահովվեն Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքը և թեկնածուների իրավաչափ ակնկալիքները։

Նախատեսված կարգավորմամբ չի սահմանափակվում հանրային բուհերի ինքնավարությունը /չի վտանգվում գիտակրթական սուբյեկտների ակադեմիական, առավել ևս հետազոտական ազատությունը/ կառավարման խորհուրդն օրենքով սահմանված իր իրավասության սահմաններում, օրենքով նախատեսված ձայների հարաբերակցությամբ /անդամների ընդհանուր թվի կեսից ավել/ ընտրելու է մինչև երեք հնարավոր թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրն, արդեն ստանալով անհրաժեշտ քվե, կարող է զբաղեցնել ռեկտորի պաշտոնը։ Այս կարգավորումը միանշանակ չի սահմանափակում կառավարման խորհրդի հնարավորությունը ընտրելու և ներկայացնելու  լիազոր մարմնին մեկ թեկնածուի։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև հարակից օրենքներում։ 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձիք

Օրենքի նախագիծը մշակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Օրենքի նախագծի քննարկման գործընթացում ներգրավվել են նաև ՀՀ պետական և ոչ պետական բուհերը, գիտահետազոտական ինստիտուտները, օտարերկրյա և տեղական փորձագետներ:

5. Ակնկալվող արդյունքը.

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում ամբողջական և հստակ կսահմանվեն՝

- բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում անհրաժեշտ քաղաքականության իրականացման հիմքերը և պայմանները,

- բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության կատարողականի արդյունքային ցուցիչների /KPI/ հիմքերը,

- կրթական, հետազոտական, տեխնոլոգիական և նորարարական գործունեություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին և գիտահետազոտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման սկզբունքները և մեխանիզմները (օրենքի նախագծով հիմնականում նախատեսվելու են բուհերի ֆինանսավորման և ուսանողներին պետության կողմից կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների սահմանումը, գիտահետազոտական գործունեության բնագավառում պետության  կողմից ֆինանսավորման իրականացում ծրագրային սկզբունքով` գիտական փորձաքննության միջոցով),

- բարձրագույն ուսումնական հաստատության և գիտահետազոտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմները և պահանջները, որը կարտացոլի հաստատության պատասխանատվությունը և կատարողականությունը պետության ու հասարակության առջև,

- բարձրագույն կրթության և գիտության բնագավառներում միջազգային պահանջներից ելնելով անհրաժեշտ պետական վերահսկողության իրականացման հիմքերը, սկզբունքները և մեխանիզմները:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը կապված է հետևյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազամավարության 1-ին «Կիրթ և կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակի թիրախային արդյունքայինի ցուցանիշներ,

 ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» և «4. 4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնների բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներ,

ՀՀ կառավարության 2021թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ / N1 հավելված/ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 16-23-րդ միջոցառումներ:

8. «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ առաջանում է այլ իրավական ակտերի ընդունման և գործող իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:

  • Քննարկվել է

    25.10.2021 - 10.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 19523

Տպել

Առաջարկներ`

Լիլիթ Մարգարյան

10.11.2021

Նախագծում բացակայում է ներկայում գործող Գիտական ու գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու։ Գիտական գործունեությունը, հատկապես հիմնարար հետազոտությունները պահանջում են միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանավորում։ Տաղանդներին Հայաստանում պահելու, նրանց ստեղծագործելու համար համապատասխան միջավայր զարգացնելու համար անհրաժեշտ է «պաշտպանվածության» երաշխիք։

Լիլիթ Մարգարյան

10.11.2021

Օրենքի նախագիծն ունի մի քանի խնդիրներ. 1. Ըստ այս նախագծի լուծարվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) գիտական կազմակերպությունների համակարգը։ 1.1. Նախագծում այս քայլը հիմնավորել փորձելու մեջ կա հետեւյալ դրույթը. «Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գործող գիտական ինստիտուտները օժտված չեն բավարար ինքնուրույնությամբ և ազատություններով՝ կայացվող որոշումներն ենթակա են վավերացման ակադեմիայի նախագահության համապատասխան բաժանմունքների կողմից»։ Նախագծում չկա որևէ հիմնավորում, թե ինչու ներկա համակարգով նախատեսված ինքնուրույնության մակարդակը բավարար չէ։ Մասնավորապես, ներկայացված չէ, թե Ակադեմիայի ներկա կառուցվածքն ինչ համակարգային կամ ոչ համակարգային խնդիրներ ունի, որոնց լուծումը պահանջում է գիտական կազմակերպությունների ավելի բարձր ինքնուրույնություն։ 1.2. Նախագծի համաձայն որպես ինքնուրույնության բարձրացման մեխանիզմ նախատեսվում է Ակադեմիայի համակարգի մեջ մտնող գիտական կազմակերպություններից յուրաքանչյուրի համար կազմել ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այս դրույթը վտանգավոր և անկառավարելի ռիսկեր է պարունակում մի քանի պատճառով. ա / Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ որոշ դեպքերում արդարացված կլինի նույն անձի մի քանի կազմակերպության խորհուրդի մեջ լինելը, սա նշականում է, որ այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։ բ / Եթե որեւէ գիտական կազմակերպություն այսօր չունի կամ ունի ցածր գիտական արդյունք, ապա մեծ հավանականությամբ այդ կազմակերպությունից խորհուրդ են առաջադրվելու թեկնածուներ, որոնք ունեն ցածր գիտական ցուցանիշներ։ Ինչպե՞ս է դա նպաստելու տվյալ գիտական կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։ 1.3. Չկա հղում որեւէ վերլուծության, որտեղ ներկայացված կլինի աշխարհի տարբերի երկրների գիտական համակարգում ակադեմիաների կառուցվածքի ու ֆունկացիաների համեմատություն, որը համատեղելով Հայաստանի իրականության հետ հնարվարություն կտար եզրակացություն անել, որ առաջարկվող փոփոխություններն արդարացված են։ Այդ վերլուծության մեջ անհրաժեշտ կլիներ նաեւ ուսումնասիրել այն երկրների փորձը, որոնք արել են նմանատիպ փոփոխություն։ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի համակարգը ընդօրինակվել է այլ երկրների փորձից եւ այսօր էլ կան բազմաթիվ երկներ որտեղ այդ համակարգը հաջողությամբ գործում է։ Ակադեմիայի անդամների մեջ այսօր կան մարդիկ, ովքեր գիտական արյունք չեն տալիս եւ նախկինում գրեթե չեն տվել։ Այդ մարդկանց առկայությունն է առաջացնում այն բոլոր խնդիրները, որոնք խոչընդոտում են այդ համակարգի առողջացմանը ու արդյունավերության բարձրացմանը։ Առաջարկներ. 1. Պահպանել Ակադեմիայի գիտական կազմակերպությունների կազմը։ Ակադեմիայի կազմի մեջ գտնվող գիտական կազմակերպությունների խորհրդի ֆունկցիան տալով Ակադեմիայի նախագահությանը։ Դա կարելի է անել այս նախագծի լրամշակման միջոցով կամ այս օրենքի նախագծից առանձնացնելով գիտության մասը եւ հաջորդիվ այն լուրջ լրամշակելով։ Երկրորդ տարբերակը թույլ կտա Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունման գործընթացը առաջ տանել առանց լրամշակումներին սպասելու։ 2. Պետական լիազոր մարմնին տալ վետոյի իրավունք Ակադեմիայի կազմում գտնվող գիտական կազմակերպությունների տնօրենի նշանակման գործընթացում։ 3. Հաշվի առնելով որ Հայաստանի ամենարդյունավեր գիտանականների մեծ մասը չի հանդիսանում Ակադեմիայի անդամ, կա մեծ պոտենցիալ Ակադեմիայի կազմի թարմացման։ Ակադեմիայի հետ պետք է համաձայնեցնել նոր անդամների ընտրությունների ձեւաչափը, որը պետք է իրականացվի միջազգային ամենախիստ գիտական չափանիշների հիման վրա։ Սա թույլ կտա նոր էներգիա ու գաղափարներ բերել Ակադեմիա, կբարելավի որոշումների կայացման որակը ու կբարձրացնի Ակադեմիայի անդամի հեղինակությունը: 4. Եթե ընտրություներով հնարավոր չի լինում գիտական բարձր ցուցանիշներ ունեցող անդամների մեծամասնություն ապահովել, ապա հարկավոր է որոշ մեխանիզմներով սահամանափակել նախկինում Ակադեմիայի անդամներ դարձած մարդկանց ազդեցությունը։ Դա կարելի է անել քվեարկության իրավունք տալով որոշ պայմանների դեպքում կամ ընդհուպ մինչեւ որոշ անդամների անդամության չեղարկում։ 5. Ակադեմիայի ղեկավարության հետ միասին մշակել եւ իրականացնել թեմայով իրար մոտ գիտական կազմակերպությունների միավորման պլանը դրանց արդյունավետության բարձրացման նպատակով։ 6. Գիտական կազմակերպությունների միավորումից ու արդյունավետության բարձրացումից հետո, մի քանի տարի հետո, կարելի է քննարկել Ակադեմիայի երկու ֆունկցիաների՝ անվանի գիտնականների պատվավոր ընկերության եւ գիտական կազմակերպությունների ցանցի, տարանջատման նպատակահարմարությունը։

Artur Ishkhanyan

10.11.2021

Առաջարկում եմ օրենքում ամրագրել գիտության ոլորտի բյուջետային ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի 1 տոկոս։ Կարելի է քննարկել տոկոսի չափը, բայց ինքնին շեմի սահմանումը խիստ կարևոր է ոլորտի երաշխավորված գործունեության համար։

Տեսնել ավելին