Հիշել նախագիծը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 1-ի «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N464-Լ որոշման հավելվածով հաստատված ռազմավարության կիրարկումն ապահովող 3․1 միջոցառմամբ։ 

2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:

 «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանվում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, աղբահանության վճարը, դրա դրույքաչափերը, վճարողների շրջանակը, նրանց իրավունքները և պարտականությունները, վճարման կարգը, պատասխանատվությունը չվճարելու, պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

ՀՀ գործող օրենսդրությամբ չի կարգավորվում աղբի հետ գործածության ամբողջ գործընթացը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները։ Հստակեցման կարիք ունեն աղբահանության ոլորտի սահմանումները, այդ թվում՝ արտադրվող աղբի քանակի նվազեցման և շրջանաձև տնտեսության մեխանիզմների կիրարկման տեսանկյունից, ինչպես նաև աղբի տեսակավորված հավաքման և յուրաքանչյուր տեսակի համար գործընթացների կարգավորման մասով։ Միաժամանակ հստակեցման կարիք ունեն աղբահանության իրավապայմանագրային հարաբերությունները  ոչ բնակելի նշանակության շենք շինություններում արտադրվող աղբի գործածության մասով։ 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը

Աղբահանության ոլորտում առկա իրավիճակի կարգավորումներով, մասնավորապես՝  օրենքի նախագծով առաջարկվում է կանոնակարգել աղբի հետ գործածության գործունեությունը, այդ թվում՝ աղբի հավաքման, տեսակավորման, օգտահանման, վնասազերծման, վերամշակման և բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրում տեղադրման գործառույթները:  Այդ կապակցությամբ նախագծով առաջարկվում է՝

  • խմբագրել ամբողջությամբ օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները,
  • ՀՀ կառավարության և ոլորտի լիազոր մարմնի իրավասությունները գործառույթները լրացնել աղբահանության և սանիտարական գոտիավորված սխեմաների, աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրի ձևաչափի հաստատման, աղբահանության սխեմաների պահանջների և աղբի հետ գործածության նորմերի ու կանոնների սահմանման գործառույթներով.
  • Ամրագրել աղբի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև աղբի առաջացման կանխարգելման և քանակի նվազեցման պահանջների վերաբերյալ դրույթները.
  • Սահմանել ոչ բնակելի նպատակային նշանակության շենք-շինություններում աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերի պարտադիր պահանջը.
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնողի նկատմամբ հիմնական պահանջները՝ հիմք ընդունելով մասնագիտացված /պրոֆեսիոնալ/ օպերատորների ներգրավման անհրաժեշտությունը:
  • Սահմանել տարածաշրջանային օպերատորի ընդգրկման դրույթները, որոնք կգործեն հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում:
  • Ամրագրել աղբի հավաքման տեսակները, պահանջները և տեսակավորված աղբի հավաքման ընթացակարգերը, մասնավորապես ելնելով տնտեսական ծախսարդյունավետությունից՝ աղբի փոխաբեռնման կայանների և աղբի հավաքման կենտրոնների կիրառման վերաբերյալ դրույթները:
  • Հստակեցնել աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները, և դրանց պարտադիր հրապարակման վերաբերյալ դրույթը:
  • Ամրագրել աղբավայրերի շահագործման կարգի սահմանման և վերահսկողության վերաբերյալ դրույթները
  • Ամրագրել աղբի հետ գործածության ոլորտում կարգավորման ենթակա դրույքաչափերը
  • Ամրագրել տնտեսական խթանիչների վերաբերյալ դրույթը: 

4․Ակնկալվող արդյունքը

Աղբի հետ գործածության ոլորտում օրենսդրական դաշտի բարելավմամբ կստեղծվի օրենսդրական և ինստիտուցիոնալ հենք՝ նպատակաուղղված  թափոնների հինգաստիճան ստորակարգության կիրառմանը, այդ թվում՝ առաջացող թափոնների ծավալի նվազեցմանը, հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքմանը, տեղափոխմանն ու անվտանգ հեռացմանը, ինչպես նաև  օգտահանման ենթակա թափոնների տեսակավորված հավաքմանը և դրանց վերամշակման։ 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք     

 Օրենսդրական նախաձեռնության ընդունման մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 6Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

 Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

7․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի

  Օրենքի նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա: 

8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Օրենքի նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6․6 բաժնի 3․1 ենթակետ/  ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:

  • Քննարկվել է

    20.10.2021 - 05.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5259

Տպել