Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

  • ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավորապես՝ հարկային մարմնի ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո (բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի): Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկ վճարողի կողմից ներկայացվող հարկային հաշվարկով հարկային պարտավորությունները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները չեն կարող փոփոխվել, եթե դրանք վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի, եթե այլ բան նախատեսված չէ նույն մասով: Նույն մասով սահմանված ժամկետի և նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետի միջև ընկած ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից կարող է ներկայացվել նույն մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներառված հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հարկային պարտավորությունները նվազեցնող կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացնող հարկային հաշվարկ, որը հարկային մարմնի կողմից կարող է ստուգվել այդ հաշվարկը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում: Խնդիրն այն է, որ օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը կրկնում է 53-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով սահմանված կարգավորումը, իսկ 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունը գործնականում առաջացնում է անլուծելի տեխնիկական խնդիրներ, քանի որ հաշվետվությունները ներկայացվում են բացառապես էլեկտրոնային եղանակով և այդ եղանակով ներկայացված հարկային հաշվարկի ընդունումից հետո է հնարավոր ճշտել, թե տվյալ հաշվարկով հարկային պարտավորությունները նվազեցվում են, թե հաշվանցվող (պակասեցվող) գումարներն ավելացվում են: Արդյունքում ստացվում է, որ հարկային մարմնի կողմից հաշվարկն ընդունվել է, սակայն այն չի համապատասխանում օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված պահանջին և հնարավոր չէ իրականացնել հաշվարկի ճշգրտման ծրագրային ապահովում,
  • օրենսգրքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե հարկ վճարողի, հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության կամ ի հայտ եկած այլ հանգամանքների հետևանքով անհնար է դառնում ստուգման կամ այլ կերպ հարկային պարտավորությունների հաշվարկման իրականացումը: Ընդ որում, կասեցման հիմքերի դադարեցումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե հարկային մարմինը կամ հարկային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարեցման մասին: Խնդիրն այն է, որ օրենսգիրքը հստակ չի չի կարգավորում, թե կասեցման հիմքերի վերացումից հետո քանի օրով կարող է երկարաձգվել վաղեմության ժամկետը,
  • օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել: Սակայն, որևէ առանձնահատկություն սահմանված չէ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկների ներկայացման համար,
  • օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել, եթե հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է: Ստացվում է, որ ստուգման մեջ գտնվող հարկ վճարողները կարող են ներկայացնել ստուգվող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ, բայց չեն կարող հաշվարկները ներկայացնել, եթե հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է,
  • օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային մարմինը հարկ վճարողների իրազեկման նպատակով Կառավարության սահմանած ձևով և կարգով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով: Անհրաժեշտություն է առաջացել օրենսգրքում հստակեցնել, որ նշված ցանկում ներառվում է նաև վճարված վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների այլ նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀԴՄ կիրառության կանոնների մեկ տարվա ընթացքում 2-րդ և ավելի խախտման դեպքում հարկ վճարողի գործունեության կասեցման վերաբերյալ դրույթները, նախագծով նախատեսվել է հանել նաև այդ հարկ վճարողների վերաբերյալ ցանկերը հրապարակելու պահանջը,
  • 2019թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված հորիզոնական մոնիթորինգին վերաբերող դրույթները, սակայն մինչ օրս որևէ հարկ վճարող ցանկություն չի հայտնել հորիզոնական մոնիտորինգի համակարգից օգտվելու համար: Առկա վիճակը գնահատելու նպատակով` իրականացվել է համակարգի համակողմանի վերլուծություն, մասնավորապես` ուսումնասիրվել է միջազգային փորձը, գնահատվել է ՀՀ-ում ներկա իրավիճակը և համակարգի գործարկման խնդիրները: Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ առկա վիճակը գնահատելու նպատակով իրականացված՝ համակարգի համակողմանի վերլուծության հանգեցրել են այն եզրակացության, որ հորիզոնական մոնիթորինգի գործող համակարգը ՀՀ-ում բավարար արդյունավետություն չի կարող ապահովել, ինչի վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել նաև միջազգային փորձագետները, նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 65-րդ գլուխը:
  • Քննարկվել է

    19.10.2021 - 03.11.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4292

Տպել

Առաջարկներ`

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Առաջարկում ենք, ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 65-րդ գլուխը, այլ բովանդակությունը վերանայել: Ի դեպ, առաջարկները ներկայացվել են դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ: Մասնավորապես, առաջարկել ենք հորիզոնական մոնիտորինգի համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատված համար՝ ա) հարկերի պակաս հաշվարկմանը վերաբերող տուգանքների չկիրառումը և տույժերի չհաշվարկումը. բ) կրկնակի ստուգումների և վերստուգումների բացառումը․ գ) հարկի վերադարձման ենթակա գումարների վերադարձման գործող ժամկետներից ավելի վաղ ժամկետներում վերադարձի նախատեսումը. դ) հարկ վճարողի կողմից գրավոր ներկայացված դիմումների պատասխանելու համար գործող ժամկետից ավելի վաղ ժամկետում պարզաբանումների տրամադրումը, իսկ սահմանված ժամկետում չպատասխանելու դեպքում՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով պետական մարմնի նկատմամբ տույժի և (կամ) տուգանքի նախատեսումը, օրինակ՝ 200 հազ դրամի չափով տուգանքի սահմանումը. ե) հաշվետվությունները սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցների չկիրառումը. զ) պարտավորությունների հարկադիր գանձման ընթացակարգերի չկիրառումը. է) օրենքից չբխող կարգավորումներից հարկ վճարողներին զերծ պահելը. ը) հարկային օրենսդրության կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթներում հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ պարունակելու դեպքերում մեկնաբանել և կիրառվել հարկ վճարողի օգտին. թ) անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկմամբ հարկ վճարողներին չծանրաբեռնելը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Դեռևս 2017 թվականի մարտի 1-ի թիվ 003 գրությամբ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ն ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդին հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդման հետ կապված հայտնել էր, որ օրինապահ հարկ վճարողների համար չստուգվելը ինքնին չի կարող հիմնական շարժառիթ հանդիսանալ նշված համակարգին մասնակցելու ցանկության առաջացման համար, հետևաբար, անհրաժեշտ ենք համարում քննարկել այնպիսի լրացուցիչ շարժառիթների նախատեսումը, որոնք բարենպաստ պայմաններ կապահովեն օրինապահ հարկ վճարողների՝ համակարգին միանալու համար։ Հարկ վճարողի համար լրացուցիչ, էական շահագրգիռ գործոնների չնախատեսումը հորիզոնական մոնիտորինգի համակարգի ներդրումը կարող է դարձնել ինքնանպատակ և պետության տեսանկյունից նաև դառնալ ոչ պետքական ևս մեկ կարգավորում՝ լրացնելով մինչ այժմ նախատեսված ոչ պետքական այլ համակարգերի շարքը:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

21.10.2021

Երբ որոշում կայացնողները կտրված են լինում իրականությունից, ցանկացած, նույնիսկ լավ նախաձեռնություն, դատապարտված է տապալման: Խոսքը Հարկային օրենսգրքով նախատեսված հորիզոնական մոնիտորինգի համակարգի մասին է:

Տեսնել ավելին