Հիշել նախագիծը

ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Պետական գաղտնիքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ներկայումս գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն արդիականացնելու անհրաժեշտությամբ:

Վարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 30-ի N 1208-Ա որոշմամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» նոր օրենքի նախագծի մշակման և հարակից իրավական ակտերի արդիականացման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից հիշյալ որոշման մեջ նշված պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված առաջարկությունների հիման վրա մշակվել է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագիծը:

Գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից ամբողջական բարեփոխման և կատարելագործման կարիք ունի, այն ընդունվել է 1996 թվականին և դրանում առկա մի շարք իրավակարգավորումներ չեն արտահայտում ներկա իրողությունները, ինչպես նաև արդի միջազգային փորձը:

Գործող օրենքում լիարժեքորեն նախանշված չեն տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, սահմանված չեն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները, հստակեցված չեն գաղտնի տեղեկությունների վերանայման ժամկետները, գաղտնի տեղեկությունների գաղտնազերծ­մանն առնչվող, ինչպես նաև մի շարք այլ իրավակարգավորումներ, կարգավորված չեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին», քանի որ միջազգային փորձի (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Ղազախստան, Վրաստան և այլն) ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդպես են անվանվում  բնագավառը կարգավորող օրենքները: Այս կապակցությամբ նախագծում այլևս չի կիրառվում «ծառայողական գաղտնիք» հասկացությունը և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները ևս կդասվեն պետական գաղտնիքի շարքին:

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված որոշակի բնագավառի տեղեկություններ պետական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու և պաշտպանելու, ինչպես նաև պետական գաղտնիքի հետ կապված այլ կարգավորումներն արդիականացնելու նպատակով «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծում հստակեցվել են գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցների, գաղտնիության դրոշմագրի և այլ հասկացությունների սահմանումները: Հստակեցվել է նաև տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու և դրանց պաշտպանության բնագավառում Կառավարության լիազորությունների շրջանակը, ինչպես նաև նախատեսվել են գաղտնի տեղեկությանն առնչվող մի շարք այլ իրավակարգավորումներ` արդի իրողություններին և միջազգային փորձին համապատասխան:

Մասնավորապես, նախագծով առաջարկվում են պետական գաղտիքին առնչվող հասկացությունների հետևյալ սահմանումները.

1) գաղտնիք պարունակող տեղեկություններ (գաղտնի տեղեկություններ)` ցանկացած տեղեկություն կամ նյութ, որը սույն օրենքով սահմանված կարգով ստացել է համապատասխան դրոշմագիր (նշում), պաշտպանվում է պետության կողմից և որի տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը  կամ շահերին,

2) պետական գաղտնիք` Հայաստանի Հանրապետության ռազմական կամ արտաքին հարաբերությունների կամ տնտեսության, էներգետիկայի, գիտության և տեխնիկայի կամ հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկությունները կամ նյութերն են, որոնք սույն օրենքի համաձայն պաշտպանվում են պետության կողմից, և որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին մասնակցող պետություններին և կազմակերպություններին,

3) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների կրիչներ (այդ թվում՝ էլեկտրոնային)` (այսուհետ` տեղեկակիրներ) նյութական օբյեկտներն են, որոնցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններն արտահայտվում են պատկերների, պայմանանշանների, ազդանշանների, տեխնիկական լուծումների, գործընթացի կամ այլ ձևերով,

4) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տարածում` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկությունների անօրինական հրապարակում կամ հոսակորուստ,

5) հրապարակում` սույն օրենքով գաղտնիք պարունակող տեղեկությունների փոխանցումը, հաղորդումը, տրամադրումը, առաքումը կամ ցանկացած այլ ձևով մատչելի դարձնելն է այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն կամ իրավասություն չունեն,

6) հոսակորուստ` պետության պաշտպանության տակ գտնվող և գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող, ինչպես նաև դրանց պաշտպանության կամ պահպանության համար պատասխանատու անձանց անզգուշության կամ դիտավորության հետևանքով, այդպիսի տեղեկությունների արտահոսք կամ կորուստ,

7) գաղտնագրում` Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով տեղեկությունների և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ սահմանափակումների կիրառում,

8) գաղտնազերծում` նյութերի և այդպիսի տեղեկակիրների տարածման նկատմամբ օրենքով սահմանված կարգով սահմանափակումների վերացում,

9) պետական գաղտնիքի պաշտպանություն՝ լիազոր մարմնի կողմից օգտագործվող միջոցների ու մեթոդների համակարգված կիրառում` գաղտնի տեղեկության, նյութերը և դրանց կրիչները պաշտպանելու, ինչպես նաև գաղտնի տեղեկության հրապարակումը և հոսակորուստը կանխելու համար,

 10) պետական գաղտնիքի պահպանություն` օրենսդրությամբ նախատեսված իրավական, կազմակերպական, ինժեներատեխնիկական, ծրագրային և այլ անհրաժեշտ միջոցների ու հնարքների համակարգված կիրառումն է, որն ուղղված է պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման ապահովմանը,

11) գաղտնիության աստիճան՝ տեղեկությունների կարևորությունը, դրանց տարածմամբ հնարավոր հետևանքների առաջացումը և տեղեկության մատչելիության սահմանափակումը բնութագրող ցուցիչ, որով որոշվում են համապատասխան տեղեկության պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները,

12) գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն՝ ֆիզիկական անձանց կողմից գաղտնի տեղեկություններին ծանոթանալու և այն օգտագործելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով տրված թույլտվություն,

13) գաղտնի տեղեկությունների պահպանության միջոցներ՝ գաղտնի տեղեկությունների պահպանության համար նախատեսված տեխնիկական, ծրագրային, ինչպես նաև գաղտնի տեղեկությունների պահպանության արդյունավետության վերահսկմանն ուղղված այլ միջոցներ,

14) գաղտնիության դրոշմագիր` վավերապայմաններ, որոնք դրվում են տեղեկակիրների և (կամ) դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա և վկայում են տեղեկակիրներում առկա տեղեկությունների գաղտնիության աստիճանի մասին,

15) գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործում` այդպիսի տեղեկությունների հավաքումը, պահպանումը, փոխանցումը, տարածումը, գաղտնազերծումը և ոչնչացումը,

16) գաղտնի տեղեկություններին առնչվել՝ անկախ իրականացման ձևից և եղանակից (այդ թվում` ավտոմատացված, տեխնիկական ցանկացած միջոցներ կիրառելու, կամ առանց դրանց) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ կապված ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ, որը կապված է այդպիսի տեղեկությունների ստեղծման, ամրագրման, համակարգման, հավաքման, վերամշակման, փոխանցման, փոխանակման, տեղափոխման, պահպանման, պաշտպանության, օգտագործման, ծանոթացման, հաշվառման, գաղտնիության աստիճանի փոփոխման, գաղտնազերծման, արխիվացման, ոչնչացման կամ այլ գործողություններ կատարելու հետ:

Առաջարկվող փոփոխությունների համաձայն` գաղտնիության աստիճաններին համապատասխան` պետական գաղտնիքի տեղեկակիրներին տրվում են «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագրեր:

Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի պահպանության բնագավառում Կառավարության գործառույթները: Օրենքի նախագծից հանվել են ներկայումս չկիրառվող և ըստ էության առհասարակ չկիրառված գործառույթները`

- մշակում և հաստատում է պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանության բնագավառում պետական ծրագրերը և ապահովում այդ ծրագրերի գործնական իրականացումը,

- սահմանում է մամուլում և լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաև օտարերկրյա պետություններ առաքվող նյութերում պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը:

Այս կապակցությամբ սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության հետևյալ նոր գործառույթները`

1) սահմանում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության տրամադրման կարգը, այդպիսի թույլտվություն ունեցող անձանց պարտականությունները, նրանց աշխատանքի համար սահմանված պայմանները և սահմանափակումները,

2) սահմանում է «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին փաստացի իրազեկ անձանց պաշտոնավարման ընթացքում, ինչպես նաև պաշտոնավարումից հետո որոշակի ժամանակահատվածի ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ այցելելու ընթացակարգը,

3) սահմանում է տեղեկությունների գաղտնիության աստիճանի որոշման, գաղտնագրման ենթակա տեղեկությունների գերատեսչական ցանկը մշակելու և հաստատելու, գաղտնիության դրոշմագրեր շնորհելու և դրանք փոփոխելու կարգը, 

4) սահմանում է գաղտնի տեղեկակիրները պահպանելու, պահպանման ժամկետները երկարաձգելու  և գաղտնազերծելու կարգը,

5) սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում գաղտնի գործավարության կազմակերպման կարգը,

6) սահմանում է գաղտնի տեղեկությունների գործավարության և այդպիսի տեղեկություններ պարունակող արտադրանքի թողարկման,  պահպանության հետ կապված աշխատանքների իրականացման համար նախատեսված շինությունների ու այլ տարածքների պահպանման կազմակերպման կարգը,

7) սահմանում է գաղտնի տեղեկությունների օգտագործման հետ կապված աշխատանքներ կատարող Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում, իրավաբանական անձանց մոտ, հիմնարկներում անցագրային և ներօբյեկտային ռեժիմի կազմակերպման կարգը,

8) սահմանում է գաղտնի տեղեկություններ պարունակող արտադրանքի ստեղծման և օգտագործման ընթացքում գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

9) սահմանում է տեղեկակիրների բազմացման ու պատճենահանման կարգը,

10) սահմանում է ռազմական կամ արտակարգ դրության, ինչպես նաև գործուղման և անձնական նպատակով օտարերկրյա պետություներ այցերի ժամանակ գաղտնիության ռեժիմի կազմակերպման կարգը,

11) սահմանում է համակարգչային տեղեկատվական համակարգերի օգտագործմամբ գաղտնի տեղեկությունները կազմելիս (մշակելիս) և տեխնիկական միջոցներ օգտագործելիս գաղտնիության ռեժիմի ապահովման կարգը,

12) սահմանում է գաղտնիության ռեժիմի խախտումների դեպքում ծառայողական քննության անցկացման կարգը,

13) սահմանում է մշտական հիմունքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ աշխատանքներ կատարող աշխատակիցներին տրվող  աշխատավարձի հավելումների չափերն ու տրման կարգը,

14) սահմանում է գաղտնի տեղեկակիրների և դրանց ուղեկցող փաստաթղթերի վրա կատարվող նշումների տեսակները և դրանց իրականացման կարգը,

15) սահմանում է  պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործմամբ համատեղ և այլ աշխատանքների կատարման և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը,

16) սահմանում է գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ ստուգողական աշխատանքներ իրականացնելու կարգը:

Հստակեցվել են նաև պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա տեղեկությունների ցանկը սահմանող իրավակարգավորումները` դրանք համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին: Մասնավորապես, նշված ցանկում լրացվել կամ փոփոխվել են հետևյալ ոլորտների մասին տեղեկությունները.

1) ահաբեկչության հնարավոր առնչություն ունեցող անձանց և կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական մոնիտորինգի արդյունքների մասին,

2) պետական պահպանության ենթակա կառույցների անվտանգության ապահովման ուժերի, միջոցների, մեթոդների, ինչպես նաև դրանց գործունեության ֆինանսավորման մասին՝ եթե դրանք կարող են գաղտնազերծել վերոհիշյալ տեղեկությունները,

3) պետական գաղտնիքի պահ­պանման և պաշտպանության կազմակերպման և դրա փաստացի վիճակի մասին,

4)  Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության մասին,

5) կադրերի պատրաստման մասին, եթե դրանք կարող են բացահայտել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

Նախագծով ընդլայնվել են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները: Մասնավորապես պետական գաղտնիքի շարքին չեն կարող դասվել նաև պետության կողմից քաղաքացիներին, պաշտո­նատար անձանց, կազմակերպություն­ներին տրա­մադրվող արտոնությունների և սոցիալական երաշ­խիքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց առողջության վերա­բերյալ տեղեկությունները:

Առաջարկվող նոր կարգավորումների համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի՝ պետական գաղտնիքին առչնվելու թույլտվությունը երաշխավորվում է համապատասխան պաշտոնում նրանց ընտրվելուց կամ նշանակվելուց անմիջապես հետո: Միաժամանակ, կարգավորվել են նաև հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման առանձնահատկությունները: Մասնավորապես` հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի անձնագրում պետական գաղտնիքին առնչվելու վերաբերյալ պահանջի առկայության դեպքում, հա­մա­պատասխան պաշտոնի նշանակումն իրականաց­վելու է պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն ստանալուց հետո, իսկ հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնի անձնագրում (աշխատատեղի նկարագրում) պետական գաղտնիքին առնչվելու վերաբերյալ պա­հանջի առկայության պարագայում հանրային ծառա­յության կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց պետական գաղտնիքին առնչվելու թույլտվության դադարեցման դեպքում, վերջիններս աշխատանքից ազատվելու են կամ, հնարավորության դեպքում, նրանց համաձայնությամբ տեղափոխվելու են այլ պաշտոնի: 

Նախագծով խմբագրվել և լրացվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձանց գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունքի տրամադրման մերժման հիմքերը, սահմանվել է, որ նշված իրավունքի տրամադրումը կարող է մերժվել նաև եթե անձը`

1) ենթարկվել է քրեական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար:

2) բնակվել է օտարերկրյա պետություններում երկարատև ժամանակ և նրա բնակության պատճառները և հանգամանքները հնարավոր չէ պարզել,

3) կախվածություն ունի թմրամիջոցներից, ալկոհոլային խմիչքներից կամ խաղամոլ է,

4) ենթարկվել է  կարգապահական պատասխանատվության պետական գաղտնիքին առնչվող օրենսդրության խախտման համար:

 Նախագծով փոփոխության է ենթարկել նաև պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու իրավունք ունեցող կամ նախկինում ունեցած քաղաքացիների իրավունքների սահմանափակման շրջանակը: Մասնավորապես, սահմանվել է «Հատուկ կարևորության», «Հույժ գաղտնի» և «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց պաշտոնավարումից հետո 2 տարվա ընթացքում այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, որոշակի պետություններ մեկնելու, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում որոշակի պետություններ այցելելու (այդ թվում` արձակուրդի նպատակով) իրավունքի սահմանափակման հնարավորություն:

Միաժամանակ, հաշվի են առնվել վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության ոլորտում առկա միջազգային պայմանագրերի, ինչպես նաև օտարերկրյա մի շարք պետությունների համանման իրավական ակտերի կարգավորումները:

Նախագծով նախատեսվում է կարգավորել նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հիմնական հարաբերությունները, մասնավորապես նախագծով առաջարկվում է սահմանել, որ

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը դա Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկություններ, որոնք սույն օրենքի համաձայն չեն դասվում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին, սակայն դրանց տարածումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, անվտանգությանը, քաղաքական և տնտեսական շահերին, իրավակարգի պահպանությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքներին և օրինական շահերին: Այդ տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ կամ նյութեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը,

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության պետական շահի, իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նպատակով և սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ:

- Սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության տեղեկակիրների վրա կատարվում է «Ծառայողական օգտագործման համար» նշում:

-  «Ծառայողական օգտագործման համար» նշման անհրաժեշտությունը որոշում է այդ փաստաթուղթը կատարողը և ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

- սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը չի կարող հրապարակվել (տարածվել) առանց համապատասխան պաշտոնատար անձի թույլտվության:

- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության գործավարությունն իրականացվում է ոչ գաղտնի գործավարություն իրականացնելու համար նախատեսված ստորաբաժանման կողմից:

 - «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկության պահպանությունը և գործավարությունն իրականացվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և հիմնարկների ղեկավարների կողմից սահմանված կարգով:

- «Ծառայողական օգտագործման համար» նշումով տեղեկություն հրապարակած անձինք ենթակա են կարգապահական պատասխանատվության:

Բացի այդ սահմանվել են սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու սահմանափակումներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերով կկանոնակարգվեն համապատասխանաբար Սահմանադրական դատարանում և Կենտրոնական բանկում պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունները:

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ծառայողական քննությունների հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի շրջանակներում, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կկանոնակարգվեն գաղտնազերծված իրավական ակտերի հրապարակման հետ կապված հարաբերությունները, իսկ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կնախատեսվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելում տրամադրելու հնարավորությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքը լրացնել նոր 306.1 հոդվածով, որի արդյունքում  քրեական պատասխանատվություն  կսահմանվի «Հատուկ կարևորության» և «Հույժ գաղտնի» դրոշմագիր ունեցող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները դիտավորությամբ այն անձի կողմից հրապարակելու համար, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չուներ կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, ինչպես նաև 306-րդ և 307-րդ հոդվածները համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի նախագծով նախատեսված կարգավորումներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաև օրենսգրիրքը լրացնել նոր 206.18. հոդվածով` վարչական պատասխանատվություն նախատեսելով «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն անզգուշությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով դրանց հետ ծանոթանալու իրավունք ուներ և ում դա վստահված է եղել կամ հայտնի է դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ, և 206.19. հոդվածով` վարչական պատասխանատվություն նախատեսելով «Գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկություններն դիտավորությամբ հրապարակելու համար այն անձի կողմից, ով տվյալ տեղեկությունների հետ ծանոթանալու իրավունք չունի կամ ում դա վստահված չի եղել կամ հայտնի չի դարձել ծառայության կամ աշխատանքի բերմամբ: Առաջարկվում է նաև, որ նոր լրացվող 206.18.-206.19. հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական վարույթներն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից:

Նախագծերի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ բովանդակային և օրենսդրական առումով կփոփոխվի պետական գաղտնիքի հետ կապված հարաբերությունների` ներկայումս գործող իրավակարգավորումները, դրանք կհամապատասխանեցվեն արդի իրողություններին և միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանու­թյանն ուղղված նոր գործիքակազմեր և լուծումներ, ինչպես նաև կկարգավորվեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

Ազգային անվտանգության ծառայություն

 

  • Քննարկվել է

    04.10.2021 - 19.10.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4135

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

12. Նախագիծն, ինչպես և գործող օրենքը, չի նախատեսում հնարավորություն դիմելու տեղեկատվությունը գաղտնիքի շարքին դասած մարմնին՝ այն գաղտնազերծելու առաջարկությամբ: Այս հնարավորությունն անհրաժեշտ գործիք է, որը կարող է ապահովել այլևս գաղտնի պահելու արդիականությունը կորցրած, սակայն դեռևս պարբերական վերանայման արդյունքում չվերագնահատված տեղեկությունը՝ հանրության համար մատչելի դարձնելու համար: Տեղեկատվության գազտնազերծման նշված հիմքի սահմանումը, լիովին բխում է նաև միջազգային լավագույն փորձից (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 111 էջում, https://bit.ly/2PSZgjQ): • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել՝ նախատեսելով դրույթ, որը կսահմանի ֆիզիկական անձանց և կազմակերպությունների իրավունքը տեղեկությունը գաղտնագրած պետական մարմին/պաշտոնատար անձին ներկայացնելու այն գաղտնազերծելու հիմնավորված առաջարկություն՝ սահմանելով այդ առաջարկությունը քննարկելու մեկամսյա ժամկետ: 13. Նախագծի 29-րդ հոդվածը սահմանում է, որ Պետական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության խախտման համար մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն: Միևնույն ժամանակ գործող օրենսդրությունը պատասխանատվություն է նախատեսում միայն պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ապօրինի բացահայտման (տարբեր եղանակներով) դեպքերում (ՀՀ քրեական օրենսգրքի 299, 302, 306 և 307 հոդվածներ): Այդպիսով, տեղեկատվության ապօրինի բացահայտման հետ չկապված խախտումների և հատկապես գաղտնագրման լիազորության չարաշահումների, այդ թվում՝ տեղեկատվությունն ապօրինի գաղտնագրելու, անհրաժեշտից ավել ժամանակահատվածով գաղտնագրելու և գաղտնազերծման ենթակա տեղեկությունները սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար ո՛չ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը և ո՛չ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն չեն նախատեսում: Խիստ խնդրահարույց է այսչափ տարբերակված, չհավասարակշռված մոտեցումն այն պարագայում, երբ թե՛ միջազգային չափորոշիչների և թե՛ ՀՀ օրենսդրության («Տեղեկատվության ազատության մասին» օրենք) համաձայն՝ գործում է հենց տեղեկատվության ազատության կանխավարկածը, իսկ դրա սահմանափակումը կարող է տեղի ունենալ խիստ որոշակի դեպքերում, պետք է լինի համաչափ ու հիմնավորված: Այլ կերպ ասած, եթե պետությունը սահմանում է պատասխանատվություն դասակարգված տեղեկատվության ապօրինի բացահայտման համար, պետք է սահմանի պատասխանատվություն նաև տեղեկատվության ոչ իրավաչափ, չհիմնավորված գաղտնագրման և տեղեկատվությունը ժամանակին չգաղտնազերծելու համար՝ այդ կերպ որոշակիորեն չեզոքացնելով պետական մարմինների՝ անձի՝ տեղեկատվության ազատության հիմնարար իրավունքը սահմանափակելու չարաշահման ռիսկը: Նման պատասխանատվության բացակայությունը ՀՀ օրենսդրությունում տրամաբանական և արդարացված չէ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ տեղեկատվության ազատության իրավունքի մի շարք այլ ոչ օրինական սահմանափակումների, խախտումների համար նույն օրենսդրությունը սահմանում է պատասխանատվություն (ՎԻՎՕ 1897, 975, 976 հոդվածներ): • Առաջարկում ենք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ՝ տեղեկությունները ապօրինի կամ չհիմնավորված կերպով պետական կամ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, անհրաժեշտից ակնհայտ ավել ժամանակահատվածով գաղտնագրելու, տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտությունն օրենքով սահմանված պարբերականությամբ չվերանայելու և տեղեկատվությունը սահմանված ժամկետում չգաղտնազերծելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Որպես պատասխանատվություն սահմանել տուգանք 30.000 – 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար՝ 150.000-300.000 ՀՀ դրամի չափով (պատասխանատվության միջոցները համաչափ կլինեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897 հոդվածում տուգանքի առաջարկվող չափերին) (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 119-120 էջերում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

7. Նախագծի 14-րդ հոդվածով սահմանվում են գաղտնագրված տեղեկությունների՝ որպես այդպիսիք պահպանելու ժամկետները: Սահմանվում է, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները, գաղտնագրման պահից սկսած, որպես գաղտնիք պահպանվում են` մինչև 30 տարի՝ առանց որևէ կերպ տարբերակելու ժամկետները գաղտնիության աստիճանից ելնելով: Միևնույն ժամանակ չի նախատեսվել հնարավորություն տեղեկությունը գաղտնագրելու ոչ միայն հստակ ժամանակահատվածով, այլ մինչև որոշակի պայմանի/իրադարձության վրա հասնելը: Չի սահմանվել նաև դրույթ, որը կպարտավորեցնի կիրառողին առաջնորդվել տեղեկատվության նվազագույն անհրաժեշտ սահմանափակման սկզբունքով: • Նման երկար ժամկետներ սահմանող կարգավորումը չի բխում միջազգային փորձից և տեղեկատվության ազատության կանխավարկածից: Հիմք ընդունելով լավագույն միջազգային փորձի ուսումնասիրությունը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 74-75 էջերում, https://bit.ly/2PSZgjQ) ՝ առաջարկում ենք վերանայել սահմանված ժամկետները՝ սահմանելով պահպանության հետևյալ առավելագույն ժամկետները. «Հատուկ կարևորության» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 20 տարի, «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 10 տարի, «Գաղտնի» գաղտնիության աստիճան ունեցող տեղեկություններ՝ 5 տարի։ • Հաճախ տեղեկատվության գաղտնագրման անհրաժեշտությունը կարող է փոխկապակցված լինել կոնկրետ իրադարձության կամ պայմանի հետ, ուստի արդյունավետ չի կարող համարվել նման դեպքերում ևս տեղեկությունը գաղտնագրել կոնկրետ ժամկետով, ինչը կբերի այն անհիմն կերպով հնարավորինս երկար ժամկետով գաղտնագրելուն: Ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները մինչև որոշակի պայմանի (իրադարձության, հանգամանքի) վրա հասնելը գաղտնագրելու հնարավորություն սահմանող դրույթով, ինչը ևս կիրառվում է մի շարք պետություններում (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 80 էջում, https://bit.ly/2PSZgjQ)։ • Առաջարկում ենք նաև նախագծի 14-րդ հոդվածը լրացնել տեղեկությունները հնարավոր և իրապես անհրաժեշտ նվազագույն ժամկետով գաղտնագրելու՝ պաշտոնատար անձանց պարտականությունը սահմանող դրույթով: 8. Նախագծի 14-րդ հոդվածը սահմանում է, որ պետական այն մարմինները, որոնց ղեկավարներն օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, պարտավոր են ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ վերանայել պետական մարմիններում գործող գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածությունը` այդ տեղեկություններին նախկինում տրված գաղտնիության աստիճանների համապատասխանությունը պարզելու համար: Այդպիսով, ըստ էության անփոփոխ է մնացել գործող օրենքի 15-րդ հոդվածի դրույթը և փաստացի օրենքը վերանայման պարտականությունը սահմանել է գերատեսչական ցանկերում ընդգրկված և ոչ կոնկրետ գաղտնագրված տեղեկությունների մասով, այնինչ առավել կարևոր է հենց կոնկրետ տեղեկությունները շարունակական գաղտնի պահելու անհրաժեշտության պահպանման պարբերական վերանայումը: Այսպես, հնարավոր է և նույնիսկ առավել հավանական, որ գերատեսչական ցանկերում ընդգրկված գաղտնագրման ենթակա տեղեկատվության կոնկրետ տեսակը 5 տարվա ընթացքում կորցրած չլինի ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից այն գաղտնի պահելու արդիականությունը, սակայն այդ արդիականությունն այլևս չպահպանի այդ տեսակի մեջ մտնող կոնկրետ տեղեկատվությունը: • Հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 109 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության՝ գաղտնագրման ենթակա գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների հիմնավորվածության պարբերական վերանայման պարտականություն սահմանող դրույթի փոխարեն սահմանել մարմինների՝ գաղտնագրված տեղեկությունները գաղտնի պահելու անհրաժեշտության/հիմնավորվածության՝ առնվազն 5 տարին մեկ անգամ վերանայելու պարտականությունը սահմանող դրույթ: 9. Նախագծի 15-րդ հոդվածով, որպես տեղեկությունները գաղտնազերծելու հիմք է նախատեսվում է օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որոնց հետևանքով պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում է ոչ նպատակահարմար, սակայն չի նախատեսվում այդ հիմքով տեղեկությունները գաղտնազերծելու՝ պատասխանատու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը: Ստեղծվում է իրավիճակ, երբ օբյեկտիվ հանգամանքի փոփոխությամբ տեղեկությունը գաղտնի պահելու անհրաժեշտության վերացման դեպքում պաշտոնատար անձն ունի ընդամենը այն գաղտնազերծելու իրավասություն, հայեցողություն, սակայն ոչ իմպերատիվ պարտականություն (հատկապես հաշվի առնելով այն, որ օրենքը ի սկզբանե չի նախատեսում որոշակի հանգամանքի վրա հասնելով պայմանավորված տեղեկությունների գաղտնագրման ժամկետի սահմանում): Գործնականում իրավիճակն այնպիսին է, որ տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություն ունեցող մարմիններից շատերն ուղղակի չեն իրականացնում գաղտնազերծում, որոշները տեղեկությունները գաղտնազերծում են սահմանված ժամկետից ուշ (Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» կողմից կատարված հարցումներին ի պատասխան՝ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման և ենթակառուցվացքների ու Ֆինանսների նախարարությունները, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարանները, Նախագահի աշխատակազմը, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Երևանի քաղաքապետարանը, Կադաստրի պետական կոմիտեն, Կենտրոնական բանկը, Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն հայտնել են, որ երբևէ գաղտնագրված տեղեկություններ չեն գաղտնազերծել։ Միևնույն ժամանակ ԱԱԾ-ն հայտնել է, որ տեղեկությունները որոշ դեպքերում գաղտնազերծում է սահմանված ժամկետից ուշ։ Տե՛ս նաև «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի տարեկան հետազոտությունները:), իսկ օբյեկտիվ հանգամանքների փոփոխության արդյունքում տեղեկություններ գաղտնազերծելու ընթացակարգն առհասարակ չի կիրառվում (Հարցված բոլոր մարմինները (նախարարություններ, մարզպետարաններ և այլ գերատեսչություններ) հարցումներին պատասխանելու դեպքում հայտնել են, որ նման հիմքով գաղտնազերծում երբևէ չեն իրականացրել:): Այս իրավիճակի հիմնական պատճառներից հաստատապես կարելի է նշել անկախ վերահսկող մարմնի բացակայությունը: • Հիմք ընդունելով վերոգրյալն ու հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 105 էջում, https://bit.ly/2PSZgjQ)՝ առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը լրացնել որոշակի պայմանի վրա հասնելով կամ տեղեկատվության հետագա գաղտնի պահպանության անհրաժեշտությունը բացառող հանգամանքների ի հայտ գալով պայմանավորված տեղեկությունները գաղտնազերծելու՝ իրավասու պաշտոնատար անձանց իմպերատիվ պարտականությունը սահմանող դրույթով: 10. Նախագծով հանվել է օրենքով նախատեսված պահպանման ժամկետները լրանալուց հետո պետական գաղտնիք կազմող տեղեկությունները սահմանված կարգով գաղտնազերծելու և ծանոթանալու համար բաց դառնալու կամ ըստ անհրաժեշտության ոչնչացնելու վերաբերյալ դրույթը: Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ենթակա լինելու վերաբերյալ դրույթը վերաձևակերպվել է հանձնման հայեցողության սահմանմամբ ՝ այսպիսով նախատեսելով գործող՝ առանց այդ էլ խնդրահարույց կարգավորումների համեմատությամբ առավել վատթար կարգավորում: 11. Նախատեսվել է դրույթ համաձայն որի՝ պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա տեղեկությունները ոչնչացվում են` բացառելով դրանց բովանդակության մասնակի կամ ամբողջական վերականգնման հնարավորությունը: Այսպիսով, հնարավորություն է տրվում պահպանման ժամկետները լրանալուց հետո գաղտնազերծել ոչ բոլոր տեղեկությունները՝ փոխարենը պարզապես ոչնչացնելով դրանք: Միաժամանակ, չոչնչացված տեղեկություններն էլ պետական արխիվ կարող են հանձնվել «ըստ անհրաժեշտության»: Այս կարգավորումը, ակնհայտորեն չի ապահովում գաղտնազերծված տեղեկատվության լիարժեք մատչելիությունը հանրությանը: Խնդիրն առաջին հերթին այն է, որ փաստացի սահմանվում է գաղտնազերծված տեղեկությունների անհետ և կամայականորեն ոչնչացնելու հնարավորություն: Երկրորդ խնդիրը տեղեկությունների գաղտնազերծման մասին հասարակությանը հանրամատչելի կերպով (այդպիսին կարող է լինել համացանցով հրապարակելու եղանակը) տեղեկացնելու մեխանիզմի բացակայությունն է: Վերջապես, գաղտնազերծված տեղեկություններն առերևույթ ունեն հանրային նշանակություն արդեն միայն այն հանգամանքի ուժով, որ եղել են այնչափ կարևոր, որ ժամանակին գաղտնագրվել են, ուստի պետք է լինեն հանրամատչելի ծանոթանալու համար, ընդ որում՝ հենց պետական արխիվ հանձնելու միջոցով: • Առաջարկում ենք նախագծի 15-րդ հոդվածը փոփոխել և. 1) դրանից հանել պահպանման ժամկետները լրանալուց հետո տեղեկությունները ոչնչացնելու հնարավորությունը սահմանող դրույթը, 2) նախատեսել պետական մարմնի պարտականությունը` տեղեկություններ գաղտնազերծելիս հրապարակային ծանուցման միջոցով իրազեկել հանրությանը, 3) նախատեսել տեղեկությունները գաղտնազերծելուց հետո դրանք պետական արխիվ փոխանցելու պարտականությունը՝ ապահովելով դրանց ծանոթնալու լիարժեք հնարավորությունը, այդ թվում՝ մինչև արխիվ հանձնելը (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 107 էջում, https://bit.ly/2PSZgjQ): Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

19.10.2021

• Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում սահմանել պաշտոնատար անձանց պարտականությունը տեղեկություններ գաղտնագրելիս յուրաքանչյուր տեղեկատվության մասով նշել գաղտնագրման տևողությունը, գաղտնազերծման հստակ ժամանակը կամ պայմանը, ինչպես նաև տեղեկությունը գաղտնագրելու (այդ թվում գաղտնիության այդ աստիճանի շնորհման և տևողության մասով) անհրաժեշտության հիմնավորումը: ՀՀ կառավարությանը առաջարկվում է նաև մշակել և ընդունել հիմնավորումը յուրաքանչյուր գաղտնագրված տեղեկության կրիչին կցելու կարգը: 6. Գործող օրենքի պես, նախագծի 11-րդ հոդվածով ևս սահմանվում է, որ պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով, մշակում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը, և որ «գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական գաղտնիք»: Վերջին դրույթը սահմանվել է Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ-1010 որոշման կայացման արդյունքում, որով Սահմանադրական դատարանը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի նախկին խմբագրությամբ գործող 12-րդ հոդվածի «Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չեն» դրույթն այնքանով, որքանով այն չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սահմանադրական դատարանը գտել է, որ գերատեսչական ցանկերի գաղտնագրումը դուրս է տեղեկությունների գաղտնագրման` «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորման ընդհանուր տրամաբանության շրջանակից, և դրանց ոչ հրապարակային բնույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության, չի հետապնդում պետական անվտանգության շահերի պաշտպանության իրավաչափ նպատակ և խնդիրներ է հարուցում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում: Սահմանադրական դատարանի դիրքորոշումից ակնհայտ բխում է, որ իրավաչափ կարող է համարվել ցանկում ներառված կոնկրետ տեղեկության, սակայն ոչ ամբողջ ցանկի իմպերատիվ գաղտնագրումը: Եվ չնայած նշված որոշման կայացումից հետո օրենսդիրը նախաձեռնել է փոփոխություն օրենքում, փոփոխված դրույթի ներկայիս խմբագրությունը, ինչպես և նախագծում կիրառված ձևակերպումը կրկին համահունչ չէ Սահմանադրական դատարանի նշված իրավական դիրքորոշմանը, ինչպես նաև չի համապատասխանում որոշակիության չափանիշին՝ գործնականում հնարավորություն ստեղծելով գերատեսչական ցանկում գոնե մեկ անուն պաշտպանված տեղեկության առկայության պարագայում գաղտնագրել ոչ թե այդ տողը, այլ ցանկն ամբողջությամբ, ինչն էլ տեղեկատվության տնօրինող պետական մարմինների մեծամասնությունը գործնականում իրականացնում է (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 95, https://bit.ly/2PSZgjQ): Արդյունքում հանրությունը հասանելիություն չի ունենում այն նորմատիվ-իրավական ակտին և այն չափանիշներին, որոնց հիման վրա իրականացվում է տեղեկատվության գաղտնագրումը, ինչը հակասում է նաև միջազգային չափորոշիչներին (տե՛ս հաջորդ ենթաբաժնում): Նշված խնդրին առաջնային լուծում տալու համար անհրաժեշտ է գաղտնազերծել բոլոր գաղտնագրված ընդլայնված գերատեսչական ցանկերը՝ ինքնին պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող տվյալներ պարունակող տողերի բացառությամբ: Ինչ վերաբերում է պետական մարմինների՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերի մշակման՝ օրենքով սահմանված իրավասությանը, կարծում ենք, որ այն խիստ խնդրահարույց է: Առաջին հերթին՝ նման իրավասությամբ փաստացի բոլոր գործադիր մարմիններին օժտելը մեծացնում է տեղեկատվության չարդարացված գաղտնագրման հնարավորությունը և ներկայիս օրենքով սահմանված՝ այդ ցանկերը գաղտնագրելու իրավական հնարավորության պայմաններում: Միևնույն ժամանակ նման իրավակարգավորումը չի ապահովում պետական գաղտնիքի պահպանության ոլորտում պետության միատեսակ և համաչափ (տեղեկատվության ազատության սահմանափակման համաչափության տեսանկյունից) քաղաքականություն վարելու իրական հնարավորությունը: Յուրաքանչյուր գործադիր մարմին իրականացնում է պետության քաղաքականությունն ու գործառույթներն իրեն վերապահված ոլորտում, իսկ ազգային անվտանգության ապահովման, այդ թվում՝ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանությունը այս մարմինների ճնշող մեծամասնության համար ընտրովի (ֆակուլտատիվ) պարտականություն է, որի քաղաքականության մշակումը (այդ թվում՝ գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկերի մշակումը) նպատակահարմար չէ թողնել յուրաքանչյուր այդպիսի մարմնի հայեցողությանը՝ անկախ նրանից, որ այդ քաղաքականությունը մշակելիս գերատեսչությունները այնուամենայնիվ պետք է առաջնորդվեն օրենքով և Կառավարության որոշմամբ նախանշված սահմաններով: Պետական մարմինների կողմից պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների ընդլայնված ցանկեր կազմելու, կազմելիս լիազորությունները չարաշահելու, այդ ցանկերն ինքնին գործնականում գաղտնագրելու խնդիրների արդիականության մասին է խոսում թե՛ դատական և թե՛ իրավակիրառ պրակտիկան (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները՝ էջեր 96-99, https://bit.ly/2PSZgjQ): Գերատեսչությունների կողմից իրենց վերապահված լիազորությունների շրջանակում ընդլայնված ցանկեր մշակելիս լիազորությունները չարաշահելու իրական վտանգը գործնականում փաստվում է նաև որոշ հասանելի ցանկերի ուսումնասիրությամբ, որը ցույց է տալիս, որ դրանցում հաճախ ընդգրկվում են այնպիսի տեղեկություններ, որոնք կա՛մ որևէ կերպ հնարավոր չէ տեղավորել օրենքով և Կառավարության որոշմամբ սահմանված գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում ընդգրկված տեղեկությունների տեսակների սահմաններում, կա՛մ հնարավոր է տեղավորել դրանց չափազանց լայն և ոչ ազգային անվտանգության ապահովման նպատակի համատեքստում մեկնաբանման արդյունքում (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջեր 98-99, https://bit.ly/2PSZgjQ): Վերոգրյալի հետ մեկտեղ գործնականում տեղեկություն հայցողները բախվում են նույնիսկ գերատեսչական ցանկերում ընդգրկված տեղեկությունների շրջանակից դուրս տեղեկություններ գաղտնագրելու դեպքերի (Տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում արտացոլված իրավակիրառ փորձի ուսումնասիրության տվյալները, էջ 99, https://bit.ly/2PSZgjQ): Խնդիրն արձանագրել է նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանն իր հերթին 2018 թ. տարեկան հաղորդման մեջ: • Առաջարկում ենք, այդ թվում հիմնվելով միջազգային փորձի վրա (Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրության տվյալները տե՛ս «Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի 100 էջում, https://bit.ly/2PSZgjQ), նախագծից հանել այն դրույթները, որոնցով սահմանվում է պետական մարմինների իրավասությունը՝ մշակելու գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը և դրանից բխող հարակից դրույթները: Նախատեսել, որ պետական մարմինները տեղեկություններ գաղտնագրելիս պետք է հիմք ընդունեն այդ տեղեկությունների համապատասխանությունը Կառավարության սահմանած գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկին: Միևնույն ժամանակ Կառավարության սահմանած՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների ցանկը պետք է շարունակի մնալ հրապարակային ամբողջությամբ, իսկ դրանում առկա տեղեկությունների վերնագրերը չպետք է հասցվեն այն աստիճան մանրամասնության, որ ինքնին պարունակեն այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է վնաս հասցնել ազգային անվտանգությանը: Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ

Տեսնել ավելին