Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:

2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 54 ծրագիր, ինչի արդյունքում 486 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 54 համայնք:

Միավորված համայնքներում իրականացվել են վերլուծություններ՝ համայնքային փնջերի ծրագրային առաջնահերթությունների վերաբերյալ, ինչի արդյունքում հրապարակվել է այդ վերլուծությունների ամփոփ հաշվետվությունը (այն զետեղված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում):

Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր՝ ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն ԱՄՆ դոլար) և Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն ԱՄՆ դոլար) ֆինանսավորմամբ: Ընթացքի մեջ է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի 2-րդ բաղադրիչը, որի շրջանակներում միավորված համայնքներին արդեն տրամադրվել է թվով 89 կոմունալ, ինքնագնաց և կցովի գյուղատնտեսական տեխնիկա։

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի №65-Ա), ինչպես նաև ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի №650-Լ որոշմամբ հաստատված գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը:

Նախագծով նախատեսվում է ձևավորվել հետևյալ համայնքային փնջերը.

        ՀՀ Արագածոտնի մարզի Թալին՝ Թալին, Ագարակավան, Ակունք, Աշնակ, Գառնահովիտ, Դաշտադեմ, Դավթաշեն, Դիան, Եղնիկ, Զարինջա, Զովասար, Թաթուլ, Իրինդ, Ծաղկասար, Կաթնաղբյուր, Կարմրաշեն, Կաքավաձոր, Հացաշեն, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Նոր Արթիկ, Շղարշիկ, Ոսկեթաս, Պարտիզակ, Սուսեր, Վերին Բազմաբերդ, Վերին Սասնաշեն, Ցամաքասար (թվով 29),

      ՀՀ Արագածոտնի մարզի Արևուտ՝ Արևուտ, Դդմասար, Թլիկ, Կանչ, Հակո, Սորիկ (թվով 6),

         ՀՀ Արարատի  մարզի Մասիս՝ ք. Մասիս, Այնթապ, Ազատաշեն, Արբաթ, Արգավանդ, Արևաբույր, Գեղանիստ, Գետափնյա, Դաշտավան, Դարակերտ, Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Ղուկասավան, Մարմարաշեն, Նիզամի, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին, Նորաբաց, Նորամարգ, Ջրահովիտ, Ռանչպար, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, (թվով 27),

         ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր՝ Մեծամոր, Ալաշկերտ, Ակնալիճ, Ամասիա, Այգեշատ, Արազափ, Արաքս, Արգավանդ, Արևիկ, Արմավիր, Արտաշար, Բամբակաշատ, Բերքաշատ, Գետաշեն, Եղեգնուտ, Երասխահուն, Զարթոնք, Հայկավան, Մարգարա, Մրգաշատ, Նալբանդյան, Նոր Արմավիր, Նոր Արտագերս, Նոր Կեսարիա, Նորապատ, Շենավան, Ջանֆիդա, Ջրաշեն, Վարդանաշեն, Տանձուտ, Տարոնիկ, Փշատավան (թվով 32),

         ՀՀ Արմավիրի մարզի Խոյ՝ Գեղակերտ, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան (թվով 17),

         ՀՀ Լոռու մարզի Թումանյան՝ Թումանյան, Դսեղ, Չկալով (թվով 3),

ՀՀ Լոռու մարզի Սպիտակ՝ Սպիտակ, Արևաշող, Արջհովիտ, Գեղասար, Գոգարան, Լեռնանցք, Լեռնավան, Լուսաղբյուր, Խնկոյան, Ծաղկաբեր, Կաթնաջուր, Հարթագյուղ, Մեծ Պարնի, Նոր Խաչակապ, Շենավան, Շիրակամուտ, Ջրաշեն, Սարալանջ, Սարահարթ, Սարամեջ, Քարաձոր (թվով 21),

         ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան՝ Աբովյան, Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի, Վերին Պտղնի (թվով 11),

         ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի՝ Եղվարդ, Գետամեջ, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Նոր Հաճն, Պռոշյան, Քանաքեռավան, Քասախ (թվով 9),

         ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր՝ Ծաղկաձոր, Մեղրաձոր, (թվով 2),

         ՀՀ Շիրակի մարզի Արթիկ՝ Արթիկ, Անուշավան, Արևշատ, Գեղանիստ, Գետափ, Լեռնակերտ, Լուսակերտ, Հայկասար, Հայրենյաց, Հառիճ, Հոռոմ, Հովտաշեն, Մեծ Մանթաշ, Մեղրաշեն, Նահապետավան, Նոր Կյանք, Պեմզաշեն, Սարալանջ, Սարատակ, Սպանդարյան, Վարդաքար, Տուֆաշեն, Փանիկ, Փոքր Մանթաշ (թվով 24),

         Միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների  հետ (նաև բնակիչների հետ «Town Hall» ձևաչափով) կազմակերպվել են քննարկումներ, որոնց արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գերիշխող համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Միավորվող Արևուտ համայնքը ձևավորվում է թվով 5 համայնքների միավորումից: Այդ համայնքներում հիմնական բնակչությունը բաղկացած է ազգային փաքրամասնություն համարվող եզդի բնակչությունից: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայով ՀՀ ստանձնած պարտավորությունների համաձայն՝ այդ համայնքները միավորվում են միմյանց հետ, որպեսզի չնվազի այդ համայնքների բնակչության կառուցվածքային կազմը:

          Նախագծում ներառվել է նաև Կադաստրի կոմիտեի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հիմքում ընկած է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին կայացած №2020-02 նիստի ընթացքում ընդունված առաջարկությունները, որոնք ձևավորվել էին ՀՀ Արագածոտնի, Արարատի, Լոռու և Սյունիքի մարզպետների որոշումների հիման վրա:

         Նախագծով նախատեսվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրերի ցանկը լրացնել Ըրկենանց բնակաբայրով: Այդ առաջարկությունը ստացվել է Կապան համայնքի ղեկավարից, որը փոխանցվել է Կադաստրի կոմիտե և քննարկվել է ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ 2020 թվականի օգոստոսի 21-ին կայացած №2020-02 նիստի ընթացքում և ստացել դրական եզրակացություն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 11 ծրագիր՝ Արագածոտնի մարզի Թալին, Արևուտ, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Խոյ, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Կոտայքի մարզի Աբովյան, Նաիրի, Ծաղկաձոր, Շիրակի մարզի Արթիկ համայնքային փնջերում:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն, միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ: 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը        

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  1. Ակնկալվող արդյունքը        

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների միավորման գործընթացի իրավական բազան:

  1. Տեղեկանք ծախսերի և եկամուտների մասին

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջ չի առաջանում, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:

 

  • Քննարկվել է

    20.08.2021 - 04.09.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 12748

Տպել

Առաջարկներ`

Արտյոմ Կարապետյան

04.09.2021

Եթե խոշորացման իմաստը կայանում է նրանում որ 30 գյուղին մի 2 հատ տեխնիկա տան տան դա քիչ է, խոշորացման դեպքում փոքր գյուղերը կամաց կամաց վերանալու են, հիմնական ուշադրությունը դարձվելու է քաղաքներին և մեծ համայնքներին, այդպիսի մեծ քանակության գյուղերի դեպքում համայնքի ղեկավարը չի կարողանալու իրականացնել նորմալ ղեկավարում և տեղյակ լինել համայնքի խնդիրներին, գյուղացիների համար ստեղծվելու են լրացուցիչ դժվարություններ համայնքային տարբեր գործառույթների հետ կապված, պարզ է որ փոքր գյուղերը գրեթե չեն ունենա իրենց ներկայացուցիչները ավագանու կազմում։ Խոշորացման մեջ պարզ չէ նաև թե ինչ սկզբունքով են ընտրվում գյուղերի քանակները, երևի Խորհրդային Հայաստանի շրջաններով։ Եթե խոշորացում կատարվում է անընդհատ մեծացման սկզբունքով կարող է պարզվի որ ամբողջ Հայաստանը մի համայնք Է։ Այսօր կարիք կա գյուղերի զարգացման ծրագրերի իսկ այս դեպքում գյուղերը դառնում են քաղաքներին կից ինչ որ ծայրամասեր, հասկանալի է որ որոշ գյուղերում որոշ ծրագրեր կլինեն իսկ որոշ փոքր գյուղեր կմատնվեն մոռացության։ Վերջին տարիներին որոշ փոքր գյուղերում որոշակի ծրագրեր էին կատարվում երևի դրանց մեծ մասը կդադարի և հիմնական գումարները համայնքապետերը կուղղեն մեծ համայնքներին։ Համենայնդեպս արդեն միավորված համայնքների փոքր գյուղերում այդպես էլ էական փոփոխություն չեմ տեսել, ավելին չմիավորվածներում վերջին տարիներին տեսնում եմ։ Եթե միավորման նպատակը աշխատատեղերի կրճատումն է կարելի է դա անել համայնքապետարաններում աշխատատեղերի և աշխատավարձի սահմանափակումներով։

Ինեսա

04.09.2021

27 գյուղ ներգրավել մեկ տարածքի մեջ այնքան էլ արդյունավետ չէ։ Բացի դրանից ծրագրի շրջանակներում ներգրաված փոքր գյուղերը ( բմակչության, տարծքային առումով) քիչ աջակցություն կստանա համայնքապետարանից։ Համենայնդեպս հավանականությունը մեծ է, քր մեծ գյուղերին ավելի մեծ ուշադրություն կդարձվի քան մյուսներին։ Առաջարկում եմ խոշորացման մեջ ներգրավել տարածքային և բնակչության առումով ավելի փոքր գյուղերի, քանի որ մյուս խոշոր գյուղերն այնքան կարիք չունեն, որքան փոքր գյուղերը։

Sergey Hovhannisyan

02.09.2021

Շրջանային եղանակով համայնքաների խոշորացումը իր մեջ պարունակում է բազմաթիվ ռիսկեր. Օրինակ նախատեսվում է Մասիս քաղաքը իր շրջակա գյուղերով խոշորացնել և դարձնեկլ մեկ համայնք: Այսինքն՝ թվով 27 համայնք միանում է իրար: Այսքան մեծ չափով և քանակով բազմաբնակավայր համայնքը ղեկավարելը և համաչափ զարգացնելը շատ բարդ կլինի. համոզված եմ անհնար: Բնակչությունը մոտավոր կկազմի՝ 20 հազար Մասիս քաղաքը+10 հազար Այնթապ համայնքը+8000 Նոր Խարբերդ համայնքը և + ևս 24 համայնք միջինում յուրաքանչյուրը 3 հազար = արդեն իսկ 100 հազարը գերազանցեց: Նշանակում է լինելու է 33 ավագանի: Հաշվի առնելլով որ բնակչության կի ստվար հատվածը բնակվում է թվարկածս երեք համայնքներում, մոտավորապես 40 հազարը, ապա պարզից էլ պարզ է որ ավագանու մի քանի անդամ կունենան այդ համայնքները իսկ ավելի փոքր համայնքներից գուցե և ավագանիներ չընտրվեն և նրանք ներկայացված չլինեն: Բացի դա 27 բնակավայր/համայնքի խնդիրները լուծելը շատ դժվար է լինելու և մեծապես տուժելու են փոքր համայնքներն ու թեկուզ խոշոր համայքնների ծայրամասերը: Ռիսկերի շարքը կարելի է անվերջ թվարկել: Գիտակցելով խոշորացման անհրաժեշտությունը և արդյունավետ խոշորացնելու դեպքում միջոցների ճիշտ կառավարման դեպքում հնարավոր դրական հետևանքները՝ որպես խնդրի լուծում առաջարկում եմ որ խոշորացումը իրականացվի ավելի փոքր խմբերով: Օրինակ 27 համայնքի փոխարեն խոշորացվի աշխարհագրորեն ավելի մոտ և կենցաղով ավելի մոտ համայնքները: Օրինակ Այնթապը, Խարբերդը, Մարմարաշենը և Նոր Կյուրին իրար շատ մոտ են աշխարհագրորեն և միասին ունեն մոտ 20 հազարից ավել բնակչությունը, որը կառավարելը և զարգացնելը ու խնդրիներին օպերատիվ արձագանքելը շատ ավելի հեշտ կլինի: Եթե այս սկզբունքով իրականացնենք խոշորացումները, ապա վստահ եմ շանսերը հաջողելու շատ ավելի մեծ են:

Տեսնել ավելին