Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  • Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 1830-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետը:

Մասնավորապես, Որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 2.1-րդ կետի 2.1.14-րդ ենթակետով նախատեսվել է մինչև 2025 թվականը ներդնել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ։

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Պրակտիկայում, Օրենսգրքով նախատեսված` «եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու» կանոնակարգումը հնարավոր չէ կիրառել, քանի որ փաստացի հարկային մարմնի համար նշված ապացուցման պարտականությունը կատարելու համար բավարար և անհրաժեշտ փաստական հանգամանքները իրականում հնարավոր չի լինում արձանագրել, ինչի հետևանքով հարկային մարմնի կողմից իրականացվող արգելադրման վարչարարությունը վտանգված է դատարանի կողմից ոչ իրավաչափ ճանաչվելու։ Սակայն կարևորելով արգելադրման գործիքակազմի կիրառումը հարկային պարտավորությունների կատարման ապահովման գործընթացում, ինչպես նաև նպատակ ունենալով հստակեցնել և ամրագրել իրավական որոշակիության սկզբունքը արգելադրման կիրառման իրավական կարգավորման շրջանակներում, միջոցառման շրջանակներում նախատեսվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն և նախատեսել, որ արգելանքը կարող է կիրառվել չկատարված հարկային պարտավորություններ ունենալու համար այն դեպքում, եթե գանձման վարույթ հարուցելուն նախորդող 365 օրվա ընթացքում նշված հարկ վճարողի նկատմամբ հարուցված է եղել 200 հազար ՀՀ դրամը գերազանցող  չկատարված  հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարույթ:

Միաժամանակ, հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ ներդնելու շրջանակներում Նախագծով նախատեսվել է նաև, որ հարկ վճարողը հարկային մարմնի համաձայնությամբ արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները կարող է օտարել, եթե առուվաճառքի պայմանագրով նախատեսվի, որ գնորդի կողմից գույքի դիմաց վճարման ենթակա գումարը, արգելանքով ապահովված պարտավորության չափով, առաջնահերթ ուղղվելու է արգելանքով ապահովված հարկային պարտավորությունների մարմանը։

Ընդ որում, հարկ վճարողն արգելանքի տակ գտնվող անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները օտարելու համար համաձայնություն ստանալու նպատակով դիմում է հարկային մարմին։ Հարկային մարմինը դիմումը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում է անշարժ գույքը և (կամ) տրանսպորտային միջոցները օտարելու վերաբերյալ հարկային մարմնի սահմանված ձևի գրավոր համաձայնություն, իսկ մերժելու դեպքում տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժման հիմքերը։

Բացի այդ, նախատեսվել է, որ վերոնշյալ օտարման գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումը կամ հաշվառումը կարող է իրականացվել հարկային մարմնի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում, հարկային մարմնի կողմից համաձայնությունը տրվում է օտարված գույքի հաշվին արգելանքով ապահովված հարկային պարտավորությունը մարելու նպատակով վճարված գումարը ՀՀ պետական բյուջե մուտքագրված լինելու դեպքում, իսկ նշված համաձայնության ձևը և լրացման կարգը սահմանվում է հարկային մարմնի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմինների համատեղ իրավական ակտով։

Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կներդրվի հարկային պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ:

  1. Այլ տեղեկություններ

«Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.08.2021 - 27.08.2021

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3910

Տպել