Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումներով:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է  «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Օրենքի 26-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի դասային աստիճանին: Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը:»:

Միաժամանակ, Օրենքի 48-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՕ-255-Ն օրենքը, և դադարեցված է համարվում Հատուկ քննչական ծառայության գործունեությունը:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:

Սույն կարգավորումներից բխում է, որ հանրային ծառայության առանձին տեսակներով պայմանավորված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանվում է Կառավարության կողմից:

Բացի այդ, Օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ ուժը կորցրած է ճանաչվում «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքը և Հատուկ քննչական ծառայության գործունեությունը համարվում է դադարեցված: 

Ուստի, հաշվի առնելով վերոգրյալ իրավակարգավորումները՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանելու զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և պաշտոններին, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը:   

Միաժամանակ, Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով 2021 թվականի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 661-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է այն ենթաօրենսդրական իրավական ակտերի շրջանակը, որոնց ընդունումը բխում է Օրենքի կարգավորումներից: Որոշմամբ նախատեսվել է նաև փոփոխություն իրականացնել Կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911 -Ն որոշման մեջ, որով սահմանվում են հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը:

Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման N 1, N 2 հավելվածներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ սահմանելով զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը, միևնույն ժամանակ նշված հավելվածներում փոխարինելով Հատուկ քննչական ծառայության վերաբերյալ կագավորումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս գործունեությունը դադարեցվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ: Նշված անցումը սահուն կերպով ապահովելու նպատակով Նախագծի անցումային դրույթներով սահմանվում է, որ այն ուժի մեջ կմտնի Օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 14-րդ հոդվածի կարգավորումների համաձայն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների պաշտոնները դասակարգվում են նաև կրտսեր պաշտոնների՝ Նախագծով առաջարկվում է սահմանել նշված պաշտոնի համապատասխանությունը:   

Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի զինվորական կամ հատուկ կոչումների համապատասխանությունը Հակակոռուպցիոն կոմիտեում սահմանված դասային աստիճաններին և Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայության առանձին տեսակներով պայմանավորված պաշտոնների համապատասխանությունը:

  • Քննարկվել է

    10.08.2021 - 25.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3574

Տպել