Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030 թվականը ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակագի վերափոխման ու արդիականացման համապարափակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման  ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը:

ՀԿԲ ռազմավարությունը հենվում է մինչ օրս պետական կառավարման համակարգի և ենթահամակարգերի ձևավորման, կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված գործընթացների, ձեռքբերումների ու կուտակված դրական փորձի, ձախողումների ու քաղված դասերի վրա: Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը:

Հանրային կառավարման բարեփոխումների արժեքային առանցքը մարդն է՝ քաղաքացին ու հանրային ծառայողը: Բարեփոխումների ռազմավարական մոտեցումը կառուցվում է «միասնական» կամ «ինտեգրված» կառավարության (Whole-of-the-Government) փիլիսոփայության շուրջ, որով խնդիր և նպատակ է դրվում ապահովել գործադիր իշխանության համակարգի ներդաշնակ, սիներգիկ, արհեստավարժ, տեխնոլոգիահենք առաջադեմ լուծումներով և պատասխանատու գործունեությունը:

Հանրային կառավարման բարեփոխումների հենման կետը պետության և հասարակության արժեքային հիմքն է ու սոցիալ-մշակութային համատեքստը, պետության արդիականացման օրակարգը, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների բնույթի, ծավալների և ձևի վերարժևորումը՝ առաջադեմ հասարակություն և պետություն կայացնելու ճանապարհին, հանրային-պետական շահի և քաղաքական գործընթացների հավասարակշռումը՝ հօգուտ երկրի կայունության, անվտանգության և զարգացման:

Բարեփոխումների ռազմավարական տեսլականով սահմանվում են ապագայի պետության յոթ բնութագրիչներ՝ մարդակենտրոն, արդար, կայուն, պատասխանատու, դինամիկ, նորարար, օպտիմալ: Այս որակին հասնելու ճանապարհային քարտեզը նախագծվում է յոթ ռազմավարական (քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ) և հորիզոնական (կարողությունների զարգացում, թվայնացում և ինովացիա, կայուն և ռեսուրսարդյունավետ գործելակերպեր) տիրույթների ուղղությամբ վերափոխման օրակարգերի ձևավորմամբ և գործողությունների նախանշմամբ:

Ապագայի պետության վերափոխման ռազմավարական հորիզոնը մինչև 2030 թվականն է, միաժամանակ, Ռազմավարության իրագործումը նախատեսվում է 3 փուլով՝ այդպիսով բարեփոխումների շղթան դարձնելով ավելի արդյունքամետ, իրագործելի ու արդիական, ապահովելով դրանց միջև ժառանգականությունը և բարեփոխումների կենսունակությունն ընթացիկ զարգացումներին համահունչ։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի նախագծման համար պետք է հիմք ընդունվեն ընթացիկ ձեռքբերումները, արդյունքները և քաղված դասերը:

Ռազմավարության մշակման հիմքում դրվել են կուտակված փորձը, տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև՝ իրականացված փաստահավաք ու վերլուծական աշխատանքը հանրային կառավարման համակարգի առանձին տարրերի վերաբերյալ: Այդուհանդերձ, հիմնարար տվյալների և վերլուծական նյութերի էական սահմանափակումների պատճառով տարբեր ուղղություններով որդեգրված ռազմավարական բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով առարկայական միջամտություններ պլանավորելու և իրագործելու համար նախատեսվում են հետազոտական ու վերլուծական ծավալուն աշխատանքներ և միայն դրանց արդյունքներով արդեն՝ փաստահենք քաղաքականության մշակում:

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթը ներառում է`

  • Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարական տեսլականը, որով տրվում են բարեփոխումների ռազմավարական համատեքստը և ներկա վիճակի գնահատումը, բարեփոխումների հարացույցը, շրջանակը և փուլերը.
  • Հանրային կառավարման բարեփոխումների 1-ին փուլի՝ 2021-2023 թթ. օրակարգը՝ ներառելով ռազմավարական տիրույթների մասով բարեփոխումների ուղղությունները, նպատակներն ու շրջանակը, վիճակի գնահատումը, ճանապարհային քարտեզն ու արդյունքային շրջանակը․
  • Հանրային կառավարման բարեփոխումների կառավարումը, այդ թվում՝ կառավարման ինստիտուցիոնալացման հարցերը, մոնիտորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգը, ռիսկերի մատրիցան և դրանց հասցեագրման միջոցները, հանրային հաղորդակցության և իրազեկման հարցերը։

Հանրային կառավարման համապարփակ բարեփոխումները Հայաստանի կառավարման կարգի, պետություն-հանրություն փոխհարաբերությունների սահմանադրական և արժեքային հիմքերի ձևավորման ու արդիականացման, ազգային անվտանգության ու զարգացման օրակարգերի մշակման ու արդյունավետ իրագործման երաշխիքն են և որպես այդպիսին՝ առաջնահերթություն են Կառավարության համար՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից:

Հանրային կառավարման բարեփոխումների համար ուղենշային են երկրի զարգացման ռազմավարական օրակարգը, Հայաստանի 2020-2050 վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների, Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, երկրի կողմից գլոբալ և միջազգային առնչվող օրակարգերի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Նշվածների մասով վերաբերելի և ընդունելի նպատակադրումներն ու թիրախները հաշվի են առնվելու ՀԿԲ բարեփոխումների իրականացման շրջանակներում։

  • Քննարկվել է

    23.07.2021 - 08.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13395

Տպել

Առաջարկներ`

Գրիշա Խաչատրյան

27.07.2021

Ներկայացված ծավալուն փաստաթղթերի հետ աշխատանքը հարմարավետ դարձնելու նպատակով ցանկալի է կցված PDF նիշքերը (ֆայլերը) փոխարինել դրանց "Որոնվող PDF" տարբերակներով։

Ազատ Վարդանյան

24.07.2021

Ներառեք նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերացումը բոլոր ոլորտներում։

Տեսնել ավելին