ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման

1. Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության ծրագրով ամրագրվում են հստակ հանձնառություններ հանրային կառավարման բարեփոխումների ուղղությունների վերաբերյալ: Մասնավորապես, որպես առանցքային խնդիրներ մատնանշվում են՝ կառավարման ցածր արդյունավետությունը, ինստիտուցիոնալ ոչ բավարար կարողությունները, քաղաքականության մշակման և իրականացման համակարգի անարդյունավետությունը, հանրությանը պետության կողմից ծառայությունների մատուցման անբավարար որակը և արդյունավետությունը, հանրային ծառայության համակարգի անկատարությունը:

Հանրային կառավարման բարեփոխումները նաև Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության օրակարգի առանցքային ուղղություններից են, մասնավորապես՝ ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 4-րդ «Ներքին բարեփոխումները» հոդվածն ամրագրում է ժողովրդավարական ինստիտուտների կայունության ու արդյունավետության ամրապնդման և պետական կառավարման ոլորտում բարեփոխումները: Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ընդունումը նաև ԵՄ «Աջակցություն Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումների իրականացմանը» ֆինանսական համաձայնագրի ընդհանուր պայմաններից է:

Նշված իրավական հիմքերով և այլ հիմնապատճառներով, որոնք մանրամասն նկարագրված են Ռազմավարության համապատասխան բաժիններում, հանրային կառավարման համակարգի խորքային բարեփոխումների համապարփակ օրակարգի ընդունումն ու իրագործումը անբեկանելի առաջնահերթություն է՝ որպես երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումն ապահովող առանցքային նշանակության նախապայման և երաշխավոր:

2. Ընթացիկ իրավիճակը

Հայաստանում պետական կառավարման համակարգը 1990-ականների ձևավորումից մինչ այժմ բարեփոխումների տարբեր փուլեր է անցել, և համակարգային նշանակության մի շարք ինստիտուտներ են ձևավորվել։ Այս 3 տասնամյակների ընթացքում կառավարման համակարգի կայացման և զարգացման գործընթացում մի շարք բարեփոխումներ են իրականացվել՝ շուկայական տնտեսությանը հարիր ինստիտուտների ու կառուցակարգերի ձևավորումից մինչև ժամանակի պահանջներին համահունչ էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում:

Չնայած բարեփոխումների երեք սերունդների ընթացքում դրվել են հանրային կառավարման համակարգի ինստիտուցիոնալ հիմքերը, տարբեր ուղղություններով մի շարք ձեռքբերումներ ու դրական տեղաշարժեր են եղել, դրանք շարունակում են կրել հատվածական կամ տեղային բնույթ, վերաբերել կոնկրետ ոլորտի կամ գործընթացի, առավել հաճախ ունենալ կառուցվածքային վերակազմակերպման բնույթ` առանց էական որակական ու բովանդակային առաջընթացի, չեն ձևավորվել տեխնոկրատ էլիտա ու մերիտոկրատական համակարգ և, որ չափազանց կարևոր է, չի կայացել կառավարման համակարգի առաքելության ու բովանդակության շուրջ հանրության տարբեր ներկայացուցչական շերտերի հետ արդյունավետ, խորքային և անհրաժեշտ ծավալով երկխոսությունը:

Պետական համակարգի կայացման ու զարգացման համընդհանուր ռեֆորմների ճանապարհին եղել են նաև ձախողումներ, ժառանգականության կորուստ, ընդհատումներ ու քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված օրակարգերի ձևավորում՝ բացասական հետք թողնելով քաղաքացիակենտրոն և ժողովրդավար կառավարման արժեքներով առաջնորդվող արդյունավետ պետական կառավարման համակարգ և ինստիտուտներ կայացնելու գործընթացի վրա:

3. Նպատակը

Սույն Ռազմավարությամբ առաջին անգամ ձևակերպվում է Հայաստանի հանրային կառավարման միասնական ու համապարփակ բարեփոխումների օրակարգը՝ նպատակ ունենալով հասցեագրել խորքային ախտորոշման արդյունքում նույնականացված խնդիրները, վերաձևակերպել հանրային կառավարման համակարգի արժեբանական հիմքերը և քաղաքականության թիրախավորված գործողությունների միջոցով ապահովել համակարգի շարունակական արդիականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունները:

Ըստ այդմ՝ Ռազմավարությունն անդրադառնում է քաղաքականության մշակման ու համակարգման, հանրությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների, հանրային (քաղաքացիական) ծառայության և մադկային ռեսուրսների կառավարման, ինստիտուտների արդիականացման հարցերին՝ որպես ռազմավարական ուղղություններ:

Միաժամանակ, ռազմավարական տիրույթները համալրում են հորիզոնական կարևորագույն 3 տիրույթներով, ներառյալ՝ կարողությունների զարգացում, ինովացիա և թվայնացում, կայուն և ռեսուրսարդյունավետ կառավարում:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Ռազմավարության ամբողջական իրագործման ակնկալվող արդյունքները ձևակերպված են հիմնական ռազմավարական նպատակի և ենթանպատակների միջոցով, մասնավորապես՝

1) Ռազմավարական նպատակն է՝

Գերազանց ծառայություններ մատուցող և առաջադեմ ժողովրդավարական գործելակերպով արդյունավետ հանրային կառավարումը՝ ի նպաստ հանրային բարեկեցության աճին

2) Ռազմավարության ենթանպատակներն են՝

    • Ռազմավարական պլանավորման և քաղաքականության իրականացման իրատեսական, արդյունքամետ, կանխատեսելի և հաշվետու համակարգի կայացում
    • Քաղաքացիակենտրոն, հասանելի, արդիական տեխնոլոգիական հենքով պետական և համայնքային ծառայությունների մատուցում
    • Արհեստավարժ, հանրային շահի գիտակցմամբ, արժանապատիվ վարձատրությամբ՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ հանրային ծառայության կայացում
    • Արդյունավետ պետական ինստիտուտների կայացում՝ «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքով
    • Պետական համակարգում որակյալ մարդկային կապիտալի ձևավորման և պահպանման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ինքնաբավ համակարգի կայացում
    • Տեխնոլոգիատար և նորարար պետական կառավարման համակարգի կայացում
    • Ռեսուրսարդյունավետ և կայուն հանրային կառավարում:

Միաժամանակ, Ռազմավարության իրականացումից ակնկալվող արդյունքներն արտացոլված են ազդեցության ցուցիչների և Հավելված 2-ով տրված արդյունքային շրջանակներով:

5. Ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծի մշակումն ապահովվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից:

Պետական կառավարման մարմինների առանձին ներկայացուցիչներ ներգրավված են եղել Ռազմավարության մշակման մեկնարկային փուլում ձևավորված աշխատանքային խմբերում:

  • Քննարկվել է

    23.07.2021 - 08.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13416

Տպել

Առաջարկներ`

Գրիշա Խաչատրյան

27.07.2021

Ներկայացված ծավալուն փաստաթղթերի հետ աշխատանքը հարմարավետ դարձնելու նպատակով ցանկալի է կցված PDF նիշքերը (ֆայլերը) փոխարինել դրանց "Որոնվող PDF" տարբերակներով։

Ազատ Վարդանյան

24.07.2021

Ներառեք նաև սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերացումը բոլոր ոլորտներում։

Տեսնել ավելին