Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող խմբագրությամբ Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1910-Ն որոշման Հավելված 8-ով սահմանված է վերահուղարկավորման կարգը, որով կարգավորվում են վերահուղարկավորման հետ կապված գործընթացները: Մասնավորապես` վկայակոչված կարգի գործող խմբագրությամբ 2-րդ կետը սահմանում է, որ մահացածի վերահուղարկավորումը (գերեզմանից այլ գերեզման տեղափոխելը) իրականացվում է թաղումից առնվազն երեք տարի հետո` մահացածի հարազատների ցանկությամբ և վերջիններիս միջոցների հաշվին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց վերահուղարկավորումն իրականացնելու համար խոչընդոտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման թիվ 8 հավելվածի 2-րդ կետով սահմանված` թաղումից առնվազն երեք տարի հետո վերահուղարկավորում իրականացնելու պահանջը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորված անձանց հարազատները ցանկություն ունեն դիակը տեղափոխելու, ինչից ելնելով էլ առաջացել է նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ վերահուղարկավորում իրականացնելու համար սահմանված ժամկետային սահմանափակման կանոնից բացառություն սահմանելը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ վերահուղարկավորում իրականացնելու ժամանակ չի գործի վկայակոչված որոշմամբ սահմանված` թաղումից առնվազն երեք տարի հետո վերահուղարկավորում իրականացնելու պահանջը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:

  • Քննարկվել է

    16.07.2021 - 01.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4919

Տպել