Հիշել նախագիծը

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական արադարադատություն իրականացնող մարմին, դատական սահմանադրական վերահսկողություն իրականացման շրջանակներում երաշխավորում է Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Այս ինստիտուտը էական դերակատարում ունի ժողովրդավարության ամրապնդման, իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորման և մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման հարցում: Ուստի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է Սահմանադրության նորմերի և սկզբունքների կենսագործումն ապահովելու համար:

Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թվականին` նորանկախ պետության առաջին Սահմանադրության հիման վրա, որի շրջանակներում 1995թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը և դրանով հիմք դրվեց Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների օրենսդրական կանոնակարգմանը: Հետագայում ևս Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի բարեփոխմանն ու գործունեության բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել: Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը փոփոխությունների ենթարկվեց 1997թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով:

2005թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներն առաջադրեցին նոր օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտություն: 2006թ. հունիսի 1-ին ընդունվեց նոր` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը, որը մշակվել է` հաշվի առնելով 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության իրավակարգավորումները: Թեև ներկայումս գործող օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական կյանքի առաջընթացի և զարգացմամբ թելադրված պահանջները, դրանց հիման վրա վերջերս իրականացված սահմանադրական բարեփոխումները պահանջում են մեկ անգամ ևս վերանայել գործող մոտեցումները: Ուստի, հաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք:

Սահմանադրական դատարանի մասին գործող իրավակարգավորումներում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները:

  • Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները:  

Գործող օրենքով սահմանվում է, որ  Սահմանադրական դատարանի անդամ կարող է լինել 35 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող այն քաղաքացին, որը չունի այլ պետության քաղաքացիություն, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ սահմանադրական իրավունքի ոլորտում գիտական աստիճան, ինչպես նաեւ իրավունքի ասպարեզում առնվազն տասը տարվա աշխատանքային ստաժ եւ տիրապետում է հայերենին։ Միաժամանակ, սահմանվում է, որ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելիս Ազգային ժողովը և Հանրապետության Նախագահը պետք է հաշվի առնեն նաև սահմանադրական դատարանի անդամի թեկնածուի բարոյական հատկանիշները:

Խնդիրը նրանում է, որ 2005թ. Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի անդամներին հատուկ պահանջներ չէր առաջադրում: Այդ պահանջները սահմանվում էին միայն օրենքով: Մինչդեռ 2015թ. Սահմանադրությամբ էական փոփոխությունների են ենթարկվել Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները: Մասնավորապես, փոփոխության է ենթարկվել տարիքային ցենզը, մասնագիտությանը և մասնագիտական փորձառությանը վերաբերող դրույթները և այլն: Ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող օրենսդրական պահանջները` դրանք համապատասխանեցնելով սահմանադրական նոր լուծումներին:

  • Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը:

2005թ. Սահմանադրությունը դատավորների համար ապահովում էր բացարձակ անձեռնմխելիություն` սահմանելով, որ սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաև նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց Սահմանադրական դատարանի համաձայնության: Սահմանադրական դատարանի անդամը չէր կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում էր հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո (հոդվ. 97):

Միջազգային պրակտիկայում նման մոտեցումն անընդունելի է համարվում հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայն միջազգային փաստաթղթերի` դատավորները պետք է օգտվեն միայն գործառութային անձեռնմխելիությունից, այսինքն` իրենց պաշտոնական պարտականությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների համար քրեական հետապնդման անձեռնմխելիությունից[1]: Իսկ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման հետ չկապված արարքների համար դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես ֆիզիկական անձինք:

Հաշվի առնելով վերոգրյալը` 2015թ. Սահմանադրությունը փոփոխության ենթարկեց դատավորների անձեռնմխելիության երաշխիքները` դրանք սահմանափակելով միայն գործառութային անձեռնմխելիությամբ, ուստի` սահմանադրական փոփոխությունների հիման վրա անհրաժեշտություն առաջացավ վերանայելու նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով դատավորների անձեռնմխելիության վերաբերյալ կարգավորումները:

  • Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցումը:

2015թ. խմբ. Սահմանադրությունը սպառիչ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման կարգը և հիմքերը: Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային ժողովի առաջարկությամբ Սահմանադրական դատարանի որոշմամբ: Որպես դադարեցման հիմքեր` Սահմանադրությունը մատնանշում է անհամատեղելիության պահանջների խախտումը, քաղաքական գործունեությամբ զբաղվելը, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինությունը, էական կարգապահական խախտում կատարելը:

Հաշվի առելով նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերի և կարգի փոփոխությունները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու օրենսդրական կարգավորումները:

  • Սահմանադրական դատարանի պահանջների կատարման ապահովումը:

«Սահմանադրական դատարանի մասին» գործող օրենքով, ինչպես նաև Նախագծով Սահմանադրական դատարանին, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ նաև Սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որպես զեկուցող նշանակված Սահմանադրական դատարանի դատավորին Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասություն է վերապահվել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ  և այլ նյութեր: Սակայն նշված պահանջի կատարումը դեռևս կրում է հռչակագրային բնույթ, քանի որ բացակայում է նշված պահանջի կատարումն ապահովող նորմը:

  • Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա իրավական ակտերում փոփոխությունների կատարումը: Ներկայումս բացակայում են օրենսդրական եղանակով Սահմանադրական դատարանի որոշումների կատարումն ապահովող կառուցակարգերը: ՀՀ օրենսդրությամբ բացակայում է նաև իրավական պահանջն առ այն, որ Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող ճանաչվելու և դրա ուժը կորցնելու համար վերջնաժամկետ սահմանելու դեպքում պատասխանատու սուբյեկտները պարտավոր են նշված որոշման պահանջներն իրացնել  իրավաստեղծ գործունեության շրջանակներում: Արդյունքում տևական ժամանակ Սահմանադրական դատարանի որոշումները մնում են չկատարված, ինչի արդյունքում առաջանում է իրավակարգավորման բաց:
  • Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծումը: 2005թ. Սահմանադրությունը և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը հնարավորություն չէին տալիս Սահմանադրական դատարանին լուծելու տարբեր սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների իրականացման կապակցությամբ առաջացող վեճերը: Մինչդեռ իրավակիրառական պրակտիկայում առաջանում էր նման վեճեր լուծելու անհրաժեշտություն, իսկ Սահմանադրական դատարանը տիրապետում էր այդ վեճերին լուծում տալու միայն սահմանափակ հնարավորությունների` սահմանադրական այլ  լիազորությունների շրջանակներում, մասնավորապես` 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու լիազորությունն իրացնելիս:

2015թ. խմբ. Սահմանադրությունը իրենց սահմանադրական լիազորությունների հետ կապված վեճերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն է վերապահում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին, Հանրապետության նախագահին, Կառավարությանը, Բարձրագույն դատական խորհրդին և տեղական ինքնակառավարման մարմիններին: Այս կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով կարգավորել վերը նշված մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի քննության և լուծման հետ կապված ընթացակարգերը:

Առաջարկվող լուծումները

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով մշակվեց «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը, որի շրջանակներում առաջարկվում են, մասնավորապես, հետևյալ լուծումները՝

  • Սահմանադրության 165-րդ հոդվածի հիման վրա` Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` «Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական  և բարոյական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ, հայերենին տիրապետող, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Նույն անձը Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ»:

Նախագծով սահմանվել են նաև հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստելու անհրաժեշտ կառուցակարգերը:

Միաժամանակ, հաշվի առնելով Սահմանադրությամբ սահմանված` քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը, այդ թվում` այն սահմանադրական կարգավորումը, համաձայն որի` կուսակցության անդամ չեն կարող լինել դատավորները (հոդվ. 46), Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ հիմնադիր կամ զբաղվել այլ քաղաքական գործունեությամբ։ ՍԴ դատավորը ցանկացած պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: Նախագծով կարգավորվել են նաև Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող անհամատեղելիության պահանջների հետ կապված հարցերը:

  • Նախագծի 10-րդ հոդվածով կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավորի գործառութային անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները: Որպես դատավորի գործառութային անձեռնմխելիության բաղադրիչ` նախատեսվում է, որ «Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ»:  Դատավորի անձեռնմխելիության հաջորդ բաղադրիչը ազատությունից զրկելու կանոնակարգումն է: Մասնավորապես` «Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը»:

Նախագծով պահպանվել է Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գործող դրույթը:  

Նախագծով սահմանվել է, որ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հետ կապված հարցերը լուծելու նպատակով Սահմանադրական դատարանը պետք է նիստ գումարի դիմումի մուտքագրման օրվանից 48 ժամվա ընթացքում:

  • Նախագծի 13-րդ հոդվածով սահմանվում են Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերը: Դատավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա`
  1. խախտել է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները: Միաժամանակ, Սահմանադրության հիման վրա Նախագծով բացահայտվել են անհամատեղելի համարվող գործունեության շրջանակները: Մասնավորապես` Սահմանադրական դատարանի դատավորը չի կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից, որը չպետք է խոչընդոտի Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների իրականացմանը և չի համարվում հարգելի պատճառ Սահմանադրական դատարանի նիստերից բացակայելու և օրենքով սահմանված այլ պարտականությունների կատարման համար (հոդվ. 3)։
  2. զբաղվում է քաղաքական գործունեությամբ: Որպես քաղաքական գործունեության ձև հանդես է գալիս կուսակցության հիմնադրումը կամ անդամակցությունը, ինչպես նաև քաղաքական ակտիվության այլ ձևերը:
  3. ժամանակավոր անաշխատունակության պատճառով վեց ամիս շարունակ ի վիճակի չի եղել կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները,
  4. նշանակումից հետո ձեռք է բերել Կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի ֆիզիկական արատ կամ հիվանդություն, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները,

Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու  հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ: Սահմանադրական դատարանի դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման կամ քաղաքական գործունեությամբ զբաղվելու հանգամանքի հիման վրա Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելու հիմք կարող է հանդիսանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը (հոդվ. 82): Անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա:

Սահմանադրական դատարանը դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո որոշում է ընդունում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին կամ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին։

  • Նախագծի 40-րդ հոդվածով սահմանված Սահմանադրական դատարանի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսվել է պատասխանատվություն «Փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր տրամադրելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու  կամ կատարման ժամկետները խախտելու համար»:
  • Նախագծի 66-րդ հոդվածով սահմանվել է, որ Սահմանադրականի դատարանի որոշման հրապարակումից հետո ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում Կառավարությունն ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում ապահովում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա համապատասխան նախագծերի ընդունումը: Իսկ այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքն ամբողջությամբ կամ մաuամբ ճանաչվել է Uահմանադրությանը հակաuող և սահմանվել է իրավական նորմն ուժը կորցնելու վերջնաժամկետ, ապա մինչև այդ ժամկետի ավարտը Կառավարությունը համապատասխան օրենքի նախագիծ կամ նախագծերի փաթեթ ներկայացնելու միջոցով ապահովում է Սահմանադրական դատարանի որոշման կատարումը: Այլ իրավական ակտերի դեպքում համապատասխան փոփոխությունները նույն ժամկետում կատարում է այդ ակտը ընդունած պետական մարմինը կամ պաշտոնատար անձը:
  • Առաջին անգամ առաջարկվում է Սահմանադրական դատարանին վերապահել սահմանադրական մարմինների միջեւ նրանց սահմանադրական լիազորությունների վերաբերյալ վեճերի լուծման լիազորություն: Դա հնարավորություն կտա իրավական ճանապարհով հաղթահարել Ազգային ժողովի, կառավարության, Հանրապետության նախագահի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Բարձրագույն դատական խորհրդի միջեւ սահմանադրական վեճերը:

Որպես սահմանադրական լիազորությունների հետ կապված վեճերով դիմումը վարույթ ընդունելու և քննելու նախապայման Նախագծով սահմանվել է, որ դիմումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է քննության, եթե`

  • դիմում ներկայացրած կողմը պնդում է, որ պատասխանողի գործողությունը կամ անգործությունը խոչընդոտում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը կամ ուղղակի սպառնալիք է ներկայացնում դրանց,
  • ներկայացված վեճի լուծումը  ենթակա չէ այլ մարմինների իրավասությանը կամ հարցը ենթակա չէ լուծման Սահմանադրական դատարանի`  Սահմանադրության 168-րդ հոդվածով նախատեսված այլ լիազորությունների իրականացման շրջանակում:

Սահմանադրական դատարանը  սահմանադրական  մարմինների միջև նրանց լիազորությունների վերաբերյալ վեճերով որոշման մեջ նշում  է`

1) այն սահմանադրական մարմինը, որն իրավասու է իրականացնել  վեճի առարկա լիազորությունը,

2) այն սահմանադրական մարմինը, որը  իրավասու է իրականացնել վեճի առարկա լիազորությունը, և Սահմանադրական մարմնի կողմից վեճի առարկա լիազորության իրականացման արդյունքում կատարված գործողությունը կամ անգործությունը ճանաչում  է Սահմանադրությանը  համապատասխանող,

3) այն սահմանադրական մարմինը, որն իրավասու է իրականացնել վեճի առարկա լիազորությունը, և Սահմանադրական մարմնի կողմից վեճի առարկա լիազորության իրականացման արդյունքում կատարված գործողությունը կամ անգործությունը ճանաչում  է Սահմանադրությանը  հակասող (հոդվ. 74):

Նախագծի 85 հոդվածով կարգավորվում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով նախատեսված հարցերով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների քննության ընթացակարգերը:

Սույն հոդվածով նախատեսված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրվելուց հետո տասնօրյա ժամկետում, բացառությամբ Սահմանադրության 150-րդ հոդվածով նախատեսված` Կառավարության կազմավորման վերաբերյալ գործերի, որոնց դեպքում Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում դիմումը մուտքագրվելուց հետո հնգօրյա ժամկետում:

  • Նախագծի 78-րդ հոդվածով սահանվում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան  դիմում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

Նշված գործերով այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող և օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա համար նախատեսված պարտականությունները, իսկ անհրաժեշտության դեպքում կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ դատարանը կարող է որպես երրորդ անձ դատավարությանը ներգրավել այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող են ներգործել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացնելու վրա: Ընդ որում, նախագծով սահմանվել է, որ նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: Ուստի դիմող կողմը պարտավոր է դիմումին կցել պատգամավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ համապատասխան ապացույցներ:

Դիմողն իրավունք ունի նաև մինչև դատաքննությունը հրաժարվել դիմումից, սակայն պատգամավորի կողմից եռօրյա ժամկետում առարկելու դեպքում վարույթը չի կարող կարճվել և ենթակա է քննության ընդհանուր կարգով:

Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը` 1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին. 2) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի բացակայության մասին:

  • Նախագծով սահմանվել է, որ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը կամ հանրաքվեի դրվելը, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը՝ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով Սահմանադրական դատարան է դիմում Ազգային ժողովը :

Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:

Սահմանադրության փոփոխությունների նախագծի համապատաuխանությունը Uահմանադրությանը պարզելիս Սահմանադրական դատարանը մաuնավորապեu հաշվի է առնում դրանց համապատասխանությունը`

  • սահմանադրական կարգի հիմունքներին,
  • Սահմանադրության փոփոխությունների նախագծի՝ Սահմանադրության 202-րդ հոդվածով նախատեսված կարգին:

Նշված գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը որոշում է կայացնում նախագիծը Uահմանադրությանը համապատաuխանող ճանաչելու մաuին կամ նախագիծը կամ նախագծի առանձին դրույթը  Uահմանադրությանը հակաuող ճանաչելու մաuին:

  • Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հիմքերի առկայության մասին եզրակացություն տալու վերաբերյալ գործերի քննության իրավակարգավորումերով նախատեսվել է, որ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք կարող է հանդիսանալ պետական դավաճանությունը կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված այլ առանձնապես ծանր կամ ծանր հանցագործության կատարումը:
  • Նախագծի 81-րդ հոդվածը կարգավորում է Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերի քննությունն իրականացվում է Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավորի կողմից դիմում ներկայացվելու դեպքում: Սահմանադրական  դատարանի այն դատավորը, որին կարգապահական պատասխանատվության ենթարկելու  հարցն է քննության առնվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես դատավարության մասնակից:

Սահմանադրական դատարանը ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 50 օր հետո կայացնում է Սահմանադրական դատարանի դատավորին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի բացակայության մասին կամ Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա նկատմամբ կարգապահական տույժի՝ օրենքով նախատեսված տեսակներից մեկը կիրառելու մասին:

Սահմանադրական դատարանի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի հետևյալ տեսակներից մեկը՝

1) նախազգուշացում,

2) նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով,

3) խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 30 տոկոսից զրկելով:

12) Նախագծի 84-րդ հոդվածով սահմանվել է, որ կուսակցությունների գործունեության կասեցման կամ արգելման հարցով Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և Կառավարությունը:

Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքեր բացահայտելու դեպքում։

Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ դիմում է ներկայացվել, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես դատավարության մասնակից:

Նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է դիմումը մերժելու մասին կամ կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին որոշում, և կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն կամ կայացնում է կուսակցության գործունեությունն արգելելու մասին որոշում:

Բացի վերոգրյալից, Սահմանադրության հիման վրա Նախագծով կարգավորվել են Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի ընտրության հետ կապված հարաբերությունները, օրենքով Սահմանադրական դատարանի նախագահի իրավասությանը պատկանող մի շարք հարցերի լուծումը վերապահվել է Սահմանադրական դատարանին, որոնց վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունում է աշխատակարգային որոշումներ: Խոսքը վերաբերում է, օրինակ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի նշանակմանը: Կատարվել են Սահմանադրության պահանջների իրացման ուղղված մի շարք հստակեցումներ, խմբագրական ճշգրտումներ և այլ փոփոխություններ:

Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. խմբ. Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` ապահովելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:

Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես՝

  • կապահովվի Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը,
  • կհստակեցվեն Սահմանադրական դատարանի դատավորին ներկայացվող պահանջները,
  • կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար,
  • իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները,
  • անհրաժեշտության դեպքում իրավական գործիքներով կապահովվի սահմանադրական մարմինների լիազորությունների թույլատրելի սահմանները և իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորումը,
  • կբարելավվեն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործող կառուցակարգերը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Սահմանադրական դատարանի մասին»  Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների  ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ N 2

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

      «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

 

  • Քննարկվել է

    28.07.2017 - 28.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11564

Տպել