Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1) «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-136-Ն) ուժի մեջ մտնելուց` 30.10.2010 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)` դատարանի նախագահի և վեց դատավորի կազմով (այսինքն` երկու դատական կազմ), որն իր իրավասության սահմաններում վերանայում է ՀՀ վարչական դատարանի  (այսուհետ՝ Վարչական դատարան) կայացրած դատական ակտերը: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի ձևավորման պահին Վարչական դատարանը գործում էր դատարանի նախագահի և 16 դատավորի կազմով, որի հաշվառմամբ էլ ՀՀ դատական օրենսգրքով սահմանվեց Վերաքննիչ դատարանի կազմը:

01.01.2013 թվականից ուժի մեջ մտած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246-Ն) կարգավորումների համաձայն` Վարչական դատարանը սկսեց գործել դատարանի նախագահի և 26 դատավորի կազմով: Սակայն Վերաքննիչ դատարանի դատավորների կազմը չավելացավ, թեև ինչպես արդեն նշվեց, երկու դատական կազմի սահմանումը նախապես պայմանավորված էր Վարչական դատարանի նախկինում սահմանված 16 դատավորների թվով: Նման պայմաններում Վարչական դատարանի դատավորների թվի ևս տասով համալրումը հանգեցրեց ավարտված գործերի քանակի ավելացմանը, ըստ այդմ, ավելացավ նաև դրանց վերաքննության կարգով բողոքարկումների քանակը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց Վերաքննիչ դատարանի գերծանրաբեռնվածությանը:

Վերաքննիչ դատարանում Վարչական դատարանի դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերի քննության կարգը և առանձնահատկությունները ավելի համակարգված սահմանվեցին 07.01.2014 թվականից գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով:

Հատկանշական է, որ ՀՀ դատական օրենսգրքով սահմանված են Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատական կազմերի ձևավորման, գործերի բաշխման ընդհանուր կարգավորումները, սակայն, ի տարբերություն մյուս դատավարական օրենսգրքերի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով առանձին վարչական գործերի քննության համար նախատեսված են նաև առանձնահատուկ կարգավորումներ, որոնց համաձայն` Վերաքննիչ դատարանում բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունն իրականացվում է կոլեգիալ, ընդհանուր կարգով քննվող գործերով` երեք դատավորի կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով` հինգ դատավորի կազմով և որպես Վերաքննիչ դատարան տվյալ դեպքերում հանդես է գալիս դատական կազմը: Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին օրենսգրքով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը, հետևաբար`  նախագահող դատավորին հանձնված գործերով բողոքների քննության դատական նիստերը նշանակվում են` հաշվի առնելով դատական կազմի ծանրաբեռնվածությունը:

Նման պայմաններում ընդամենը վեց դատավորի կազմով` ընդհանուր կարգով քննվող գործերով` երկու դատական կազմով, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով` ընդամենը մեկ դատական կազմով Վերաքննիչ դատարանի գործունեությունը հանգեցնում է հետևյալ իրողությանը. նախ անհրաժեշտ է փաստել, որ յուրաքանչյուր դատական կազմին հանձնվում է տարվա կտրվածքով ստացված կոլեգիալ կազմով քննվող գործերի 1/2-ը, իսկ դատական կազմում ընդգրկված ոչ նախագահող դատավորները ծանրաբեռնվում են տվյալ դատական կազմի նախագահությամբ հանձնված գործերի ընդհանուր քանակի կրկնապատիկով: Այսպիսի ծանրաբեռնվածությունն արդեն իսկ խնդիրներ է առաջացնում ոչ միայն դատական նիստերի նշանակումների, այլ նաև գործերի (բողոքների) քննության ողջամիտ ժամկետների պահպանման հարցերում (օրինակ` 2017 թվականի հուլիս ամսին դատական կազմին հանձնված գործերով վերաքննիչ բողոքները դատաքննության նշանակվում են արդեն 2019 թվականի հունվար ամսին):

Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը հատկապես ավելացավ 2015 թվականից հետո, որը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու, ինպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքներով:

Այսպես, 09.01.2015թ. գործող «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-250-Ն) կատարվեց էական լրացում, օրենսգրքի առանձին` 29.1-ին գլխով կարգավորվեց անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական և իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջները բռնագանձելու հայցադիմում ներկայացնելու և դրանք քննելու առանձնահատկությունները: Հատկանշական է, որ ի տարբերություն մինչև 2014 թվականը նախատեսված օրենսդրական կարգավորումների` Վարչական դատարանը, նշված փոփոխության արդյունքում գործող իրավակարգավորումների համաձայն տվյալ հայցադիմումները քննելիս, պարտավոր է անդրադառնալ նաև նշված պահանջի հիմքում դրված վարչական ակտի իրավաչափությանը, անկախ այն հանգամանքից, թե տվյալ վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու պահանջով հակընդդեմ հայց ներկայացված է, թե ոչ:

Ինչ վերաբերում է 09.01.2015թ. ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի (ՀՕ-249-Ն) կարգավորումների հետ կապված գործերի քանակի աճին, ապա նշված աճը պայմանավորված է անբողոքարկելի դարձած հանրային իրավական դրամական պահանջներով կայացված վարչական ակտերով առաջադրված գումարները` արտադատական կարգով բռնագանձելու համար հարուցված կատարողական վարույթների ընթացքում հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվող գործողությունների, ինչպես նաև ընդունված վարչական ակտերի իրավաչափությունը` վարչական դատավարության կանոններով քնարկման առարկա դարձնելու վերաբերյալ հայցադիմումների քանակով:

Այսպիսով, անհրաժեշտ է փաստել, որ վերը նշված օրենսդրական փոփոխությունները ևս հանգեցրին Վարչական դատարանում քննվող գործերի քանակի էական աճին, որի արդյունքում զգալիորեն ավելացավ նաև այդ ակտերի վերաքննության կարգով բողոքարկումների քանակը: Վերաքննիչ դատարանի գործունեության արդյունքներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ ձևավորման պահից մինչ օրս յուրաքանչյուր տարի գրանցվում է վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական աճ, որով պայմանավորված ավելանում է ինչպես ստացված, այնպես էլ անավարտ մնացած` հաջորդ հաշվետու տարի փոխանցվող գործերի քանակը:

Վերը նշվածի վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմելու համար բավական է միայն պարզ համեմատական անցկացնել Վերաքննիչ դատարանի տարեկան գործունեության արդյունքների միջև: Այսպես.

2011թ.` 1496 գործ (որից` 2010թ.-ից փոխանցված` 91 գործ), ավարտվել է 1264  գործ,

2012թ.` 1820 գործ (որից` 2011թ.-ից փոխանցված` 232 գործ), ավարտվել է 1495 գործ

2013թ.` 2343 գործ (որից` 2012թ.-ից փոխանցված` 325 գործ), ավարտվել է 1866 գործ,

2014թ.` 2314 գործ (որից` 2013թ.-ից փոխանցված` 477 գործ), ավարտվել է 1816  գործ,

2015թ.` 2321 գործ (որից` 2014թ.-ից փոխանցված` 496 գործ), ավարտվել է 1796  գործ,

2016թ.` 2773  գործ (որից` 2015թ.-ից փոխանցված` 525 գործ), ավարտվել է 1626 գործ,

2017թ. հունիս ամիսը ներառյալ` 3149 գործ (որից` 2016թ.-ից փոխանցված` 1147 գործ), ավարտվել է` 1166 գործ, անավարտ` 1983 գործ:

Հարկ է նշել, որ 2016 թվականից փոխանցված 1147 անավարտ գործերից 1107-ը կոլեգիալ կազմով քննվող գործեր են: Այսինքն` արդեն սույն տարվա սկզբից Վերաքննիչ դատարանի դատավորները` փոխանցված 1107 գործերով նախ ծանրաբեռնված են որպես նախագահող դատավորներ: Բացի այդ, ստացվում է, որ նույն փոխանցված գործերով` որպես դատական կազմում ընգրկված ոչ նախագահող դատավորներ, կրկնակի ծանրաբեռնված են 2214 գործերով:

Ներկայացված վիճակագրական տվյալներով հաստատվում է, որ Վերաքննիչ դատարանում յուրաքանչյուր տարի գրանցվում է վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական աճ, ըստ այդմ ավելանում է նաև Վերաքննիչ դատարանի վարույթում քննվող գործերի քանակը, դրան զուգահեռ ավելանում է նաև տվյալ գործերով անավարտ մնացած` հաջորդ հաշվետու տարի փոխանցվող գործերի քանակը: Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունն ակնհայտ է կոլեգիալ կազմով քննվող գործերի քանակի հետ կապված, որոնց անավարտ մնալու և հաջորդ հաշվետու տարի փոխանցվելու հանգամանքն արդեն յուրաքանչյուր տարվա սկզբից հանգեցնում է դատական կազմերի ծանրաբեռնվածության աճին: Ըստ այդմ, գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով փոխանցված գործերի քանակական աճը վկայում է, որ Վերաքննիչ դատարանի դատական կազմերի ծանրաբեռնվածությունը կարող է վտանգի տակ դնել վերաքննիչ բողոքների քննության ողջամիտ ժամկետների ապահովումը և կայացվող դատական ակտերի որակական հատկանիշների պահպանումը, ինչն անթույլատրելի է, քանի որ դատարանի կամ դատավորի գերծանրաբեռնվածությունը` անկախ դատավորի ցուցաբերած ջանասիրությունից չի կարող արդարացնել արդարադատություն հայցող անձի ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտումը, որի տարրերից է հանդիսանում ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունքը: Բացի այդ, վերը նշվածը կարող է նաև էական ազդեցություն թողնել ՀՀ դատական օրենսգրքի 12.1 գլխով նախատեսված դատավորների գործունեության գնահատման արդյունքների վրա:

Նշված զարգացումներով պայմանավորված անհրաժեշտ է փաստել, որ ներկա պահին ավելի հրատապ է դարձել Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու միջոցառումների իրականացումը` դատական կազմերի ավելացմամբ, քանի որ նման պայմաններում և ընդամենը երկու դատական կազմով Վերաքննիչ դատարանի գործունեությունը շարունակելը վտանգ է պարունակում վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունն ու լիարժեքությունն ապահովելու տեսանկյունից, ինչը ներկա վիճակագրական տվյալների համատեքստում կարող է կանխվել դատական կազմերի  ավելացմամբ:

2) Ներկայումս հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձումը  «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքերով իրականացվում է դատական կարգով:

Թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը առանձին գլխով կարգավորել է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթը, այդուհանդերձ գործող կարգավորումները տվյալ վարույթով գործերն առավել արագ և արդյունավետ քննելու առումով որոշակի խնդիրներ են առաջացրել, մասնավորապես՝

  1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածից բխում է, որ անկախ վարչական ակտի իրավաչափության վիճարկման պահանջից, ՀՀ Վարչական դատարան, քննության առարկա է դարձնում այդ հարցը, ինչը խաթարում է տնօրինչականության սկզբունքը և անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա բռնագանձման վարույթի էությունը: Բացի այդ, անկախ վարչական ակտի վիճարկման պահանջից, վարչական ակտի իրավաչափությունը քննարկելը, հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում մեկնաբանված վարչական ակտի իրավաչափության կանխավարկածին: Այսպես, ՀՀ Սահմանադրության ուժով վարչական ակտի չվիճարկման պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ վարչական ակտն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված վարչական մարմնի լիազորությունների շրջանակում, և այն ենթակա է կատարման: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ չվիճարկված վարչական ակտն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը[1]: 
  2. Անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթով ցանկացած դեպքում նախատեսված է գործերի ընդհանուր կարգով քննություն, ինչը ևս հանգեցնում է վարույթի երկարատևության:
  3. Սահմանված չեն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթի քննության հատուկ կանոններ և ժամկետներ:

Այսպիսով, վերոգրյալ խնդիրներով պայմանավորված  անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթով գործերի քննությունը անհարկի ծանրաբեռնում է դատարանին, հանգեցնում գործի քննության չարդարացված ձգձգումների և արդյունքում գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման:  

 

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

  • «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է ավելացնել Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը 3-ով (այսինքն` մեկ դատական կազմով):                

2) Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ դատական օրենսգրքով  ՀՀ դատարանների նախագահների խորհրդին  վերապահված դերը, վերջինիս վերապահվել է դատարանում դատավորների թվի ավելացման դեպքում դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբաշխման կարգը սահմանելու լիազորություն: Այսպիսով, Վերաքննիչ դատարանում նոր դատական կազմի նշանակումից հետո ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից կսահմանվի դատական գործերի վերաբաշխման կարգը, որով կվերականգնվեն անձանց ողջամիտ ժամկետներում գործերի քննության սահմանադրական իրավունքը:

3) Նախագծով հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթի քննության առավել պարզեցված և արագացված ընթացակարգ է նախատեսվում:

          Այսպես, ելնելով վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից, անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործը քննելիս Վարչական դատարանը կարող է քննարկել վարչական ակտի իրավաչափությունը պատասխանողի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում: Նման պահանջի բացակայության դեպքում դատարանը պարզում է վարչական ակտի ուժի մեջ մտած լինելու, անբողոքարկելի դառնալու, հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակման բացակայության, ինչպես նաև անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված պարտավորությունը ամբողջությամբ կամ մասամբ կատարված չլինելու հանգամանքները:

          Նախագծով, այս վարույթի արդյունավետությունն ապահովելու համար սահմանվել է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի գրավոր ընթացակարգով քննելու կարգ: Ընդ որում, դատարանը կարող է բռնագանձման վերաբերյալ գործը քննել բանավոր ընթացակարգով, եթե  պատասխանողը սահմանված կարգով հակընդդեմ հայց է ներկայացրել կամ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ է անցնել բանավոր ընթացակարգով գործի քննության:

 

Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

          Նախագծերի մշակմանն օժանդակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Օրենս­դրու­թյան զարգացման և իրավական հետազոտու­թյուն­նե­րի կենտրոն» հիմնադրամը:


Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կնվազեցվի Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը, կկրճատվի գործերի քննության տևողությունը, Վարչական դատարանում կներդրվի հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննության պատշաճ կառուցակարգ:

 

[1] Տե'ս, օրինակ ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով որոշումը:

  • Քննարկվել է

    27.07.2017 - 12.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10973

Տպել

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.08.2017

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի (հետայսու՝ Օրենսգիրք) 216․3 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով հակընդդեմ հայցի ներկայացման ընթացակարգը։ Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն․ 4. Բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումը ստանալու պահից երկշաբաթյա ժամկետում պատասխանողը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց, եթե հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը: 5. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով՝ սույն հոդվածի 4-րդ մասի առանձնահատկությունների հաշվառմամբ: 6. Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, ինչպես նաև գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտության դեպքերում վարչական դատարանը կայացնում է բռնագանձման վերաբերյալ գործի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու մասին որոշում՝ նշելով դատական նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին: Այսպիսով, հայցի ներկայացման պարտականությունը դրվում է անձի վրա, որը ֆինանսական միջոցների և անհրաժեշտ իրավաբանական գիտիլիքների բացակայության պատճառով հնարավորություն չի ունենալու ներկայացնել հակընդդեմ հայց։ Նախագծի հողինակի այս մոտեցումը կարող է հանգեցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Արդար դատաքննության իրավունքի ապահովման միջոցներից կարող է լինել անձի իրավունքների և հակընդդեմ հայց ներկացնելու կարգի և պայմանների վերաբերյալ պատասխանողին հուշաթերթիկ ուղարկելը։ Միասնական ձևանմուշի հիման վրա կարող է մշակվել հուշաթերթիկը՝ հաշվի առնելով դատարանի ծանռաբեռնվածությունը։ Ինչպես նաև սույն գործերով անձինք կարող են ազատվել դատարանում պետական տուրքի վճարման պարտականությունից։ Ելնելով վերոգրալից, առաջարկում ենք․  Օրենսգրքի 216․3 հոդվածը լրացնել հետևալ մասով․ «7․ Բռնագանձման վերաբերյալ գործով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշման հետ պատասխանողը ստանում է հակընդդեմ հայց ներկայացնելու իր իրավունքի իրացման կարգի և պայմանների վերաբերյալ հուշաթերթիկ»։  Լրացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը (Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները) հետևյալ կետով․ «հայցվորները՝ բռնագանձման վերաբերյալ գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում»։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11.08.2017

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (հետայսու՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 1-ին մասում «26» թիվը փոխարինել «23» թվով, 41-րդ հոդվածի 3.1-րդ մասում «6» թիվը փոխարինել «9» թվով: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) ծանրաբեռնվածությունը նվազեցնելու անհրաժեշտությամբ՝ դատական կազմերի ավելացմամբ և ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Վարչական դատարան) դատավորների թվի կրճատմամբ։ Սահմանվել է անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի քննման ընթացակարգ՝ պատասխանողի կողմից վարչական ակտի իրավարաչափությունը քննարկելու վերաբերյալ Վարչական դատարան համապատասխան պահանջի ներկայացմամբ (Տե՛ս հիմնավորում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման։ https://www.e-draft.am/projects/334/justification): Հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վարույթի իրականացման ընթացակարգային փոփոխությունը Վարչական դատարանի հնարավոր ծանրաբեռնվածության՝ դատավորնի թվի կրճատմամբ, նվազեցման միջոց է։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է Վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը որպես Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության պատճառ: Այսպիսով, Նախագծով առաջարկվում է նորից կրճատել Վարչական դատարանի դատավորների թիվը Վերաքննիչ դատարան ներկայացվող բողոքների թիվը նվազեցնելու նպատակով։ Վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը հասարակական սուր պահանջի արդյունք էր, որն էլ հանգեցրեց Վարչական դատարանի դատավորների թվի ավելացման։ Անհրաժեշտ է նշել, որ նույնիսկ «26» դատավորի կազմով Վարչական դատարանում շարունակվում է խախտվել ողջամիտ ժամկետում գործը քննելու սահմանադրաիրավական պահանջը (Տե՛ս դատական գործեր՝ ՎԴ6/0205/05/12, ՎԴ6/0034/05/14, ՎԴ/4128/05/15 և այլն): Մասնավորապես՝ որոշակի դատավորների մոտ (առավելապես մարզային նստավայրերում) դեռևս շարունակվում են վարչական գործերի քննության ձգձգումները, ընդ որում՝ Վարչական դատարանում դատական նիստերը վերսկսելու վերաբերյալ որոշումները շատ դեպքերում կայացվում են դատարանի ծանրաբեռնվածության պատճառով․ միևնույն գործի շրջանակներում դատական նիստերը վերսկսվում են մի քանի անգամ: Հակընդդեմ հայց ներկայացնելու ինստիտուտի ներդրումը ամրացված չէ որևէ վերլուծական աշխատանքով՝ կազմված քանական և որակական ցուցանիշներով, որոնք հնարավորություն կտային համեմատական անցկացնել ակնկալվող արդյունքի և ներկա իրավիճակի հետ։ Վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածության նվազեցման այնպիսի մի միջոց է ընտրվել, որը հանգեցնելու է հետագայում Վարչական դատարանի ծանրաբեռնվածության և ողջամիտ ժամկետներում գործերի քննության պահանջի խախտման։ Ելնելով վերոգրալից, առաջարկում ենք․  Վերաքննիչ դատարանի դատավորների թվի ավելացումը չիրականացնել Վարչական դատարանի դատավորների թվի կրճատմամբ:

Տեսնել ավելին