Հիշել նախագիծը

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 34-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դրույթի և Վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի թիվ 589-Ա որոշման հավելվածի 15-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ:

Նախագիծը կոչված է կարգավորելու  շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ շարունակական մասնագիտական զարգացման գործունեությունը և շնորհվող ՇՄԶ կրեդիտները յուրաքանչյուր հնգամյա փուլում պետք է լրացվեն հետևյալ ձևով՝

1) ավագ բուժաշխատողների համար` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագետների, որոնց համար սահմանվում է առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ.

2) միջին բուժաշխատողների համար` առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ, բացառությամբ դեղագործների, որոնց համար սահմանվում է առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

Նշված կրեդիտներն ամբողջությամբ չհավաքելու, սակայն դրանց  70 տոկոսը հավաքած լինելու, ինչպես նաև  վերջին հինգ տարում առնվազն երեք տարի մասնագիտական գործունեություն իրականացրած չլինելու դեպքում, հավատարմագրմանը մասնակցելու թույլտվություն ստանալու համար Օրենքը հնարավորություն է տալիս բուժաշխատողներին անցնել թեստավորում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն նախագծով կարգավորվում են  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար բուժաշխատողի կրթության, շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) ընթացքում ստացված տեսական գիտելիքների և գործնական հմտությունների գնահատման գործընթացի` թեստավորման կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ Նախագծով սահմանված է, որ թեստավորումն իրականացվում է մասնագիտական հանձնաժողովների կողմից, որոնց կազմում ընդգրկվում են բժշկական մասնագիտական հասարակական միավորումների, բժշկական ուսումնական հաստատությունների, բժշկական կազմակերպությունների և Լիազոր մարմնի ներկայացուցիչներ: Հստակեցված են թեստավորմանը մասնակցելու նպատակով Առողջապահության նախարարություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ժամկետները, եղանակները, թեստավորմանը մասնակցելու թույլտվություն ստանալու դեպքում մասնակցին ծանուցելու կարգը, թեստավորման անցկացման ընթացքում մասնակցի վարքագծին առաջադրվող պահանջները, թեստերի ձևավորման կարգը և այլն:

Նախագծով թեստավորման արդյունքների բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ թեստային առաջադրանքները մշակվում են մասնագիտական հանձնաժողովների կողմից և հաստատվում լիազոր մարմնի կողմից, ինչը չեզոքացնում է առաջադրանքների ոչ հստակ լինելու կամ սխալ լինելու հնարավորությունը։ Ընդ որում, նման պրակտիկա գործում է տարբեր զարգացած երկրներում, այդ թվում՝ ամերիկյան համակարգում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է  ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է.

1) կանոնակարգել շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը` հստակ պահանջների սահմանմամբ.

2) բարելավել առողջապահության ոլորտում առկա կադրային ներուժի մասով վարվող քաղաքականությունը:

  • Քննարկվել է

    18.05.2021 - 03.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10010

Տպել