Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանարապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է, իսկ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում:

Միաժամանակ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն միջազգային պայմանագրերը, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններն այլ պետություններին փոխանցելու պարտավորություն, կնքվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով: Մինչդեռ, սահմանադրական իրավակարգավորումներում առկա չէ Հանրապետության նախագահի՝ միջազգային պայմանագրերի կնքման կարգ սահմանելու լիազորություն:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանվում է՝ Հանրապետության նախագահի լիազորությունը Կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Հետևապես, Հանրապետության նախագահի կողմից միջազգային պայմանագրերի կնքման կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքով:

Հարկ է նկատել նաև, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից բյուջետային միջոցների և պետական ու համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից պետական բյուջեի և համայնքային բյուջեների միջոցների, ստացած փոխառությունների ու վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման օրինականության և արդյունավետության նկատմամբ հաշվեքննության իրականացմամբ: Այնինչ, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից վերահսկողություն իրականացնելու իրավասությունը:

Ամբողջ վերոշարադրյալը վկայում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ)՝

  1. վերացվել է Հանրապետության նախագահի կողմից միջազգային պայմանագրի կնքման կարգ սահմանելու լիազորությունը.
  2. Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի վերահսկիչ պալատի կողմից սահմանված կարգով վերահսկողության իրականացումը փոխարինվել է Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի կողմից սահմանված կարգով հաշվեքննության իրականացմամբ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կհամապատասխանեցվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

 

  • Քննարկվել է

    24.07.2017 - 09.08.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Միջազգային հարաբերություններ, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8308

Տպել