Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Կառավարության որոշման նախագծի

      

  1. Անհրաժեշտությունը.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում՝   հիմնադրամի կազմակերպական-իրավական ձև ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կանոնադրություններում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածայնություն հաղորդելու նպատակադրությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

Ներկայումս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության 16 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից 12-ն ունեն հիմնադրամների կազմակերպական-իրավական ձև, և դրանց գործունեությունը կարգավորվում է «Հիմնադրամների մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներով և համապատասխան բուհերի՝ հիմնադրի հաստատած կանոնադրություններով։

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է՝

«Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան։ Խորհրդի նախագահի և անդամների իրավասությունները սահմանվում են կանոնադրությամբ:

Խորհուրդը ձևավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, ինչպես նաև հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից:

Խորհրդի ձևավորման կարգը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Խորհրդի թվաքանակը սահմանվում է տվյալ բուհի կանոնադրությամբ, առնվազն 20 հոգի»:

«Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 10-րդ մասը նախատեսում է.

«10. Բարձրագույն ուսումնական հաստատության կառավարման մարմիններում անդամների թվի առնվազն 25 տոկոսն ուսանողներն են, որոնց առաջադրումն ու ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ուսանողական ինքնակառավարման ընտրովի ներկայացուցչական մարմինը` ուսանողական խորհուրդը:»

Բոլոր բուհերի կանոնադրությունների համապատասխան, կանոնադրության մեջ փոփոխություններ կարող են կատարել հիմնադիրը, ինչպես նաև հաստատության կառավարման բարձրագույն մարմին հանդիսացող հոգաբարձուների խորհուրդը։

Հիմնադրի՝ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու նորմը բխում է նաև «Հիմնադրամների մասին» օրենքից։

Այսպես, «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդված ի 1-ին և  2-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝

«1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):

  1. Կանոնադրությունը սահմանում է`

 

9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.»։

Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է.  «Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:»։

Ըստ «Հիմնադրամների մասին» օրենքի 21-րդ հոդվածի

  1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմիններիմիջոցով: Հիմնադրամիմարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը, ռեկտորը):

  Նույն օրենքի 22-րդ հոդվածով ամրագրված է.

«1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

  1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:
  2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:»։

Բուհերի կանոնադրություններում այժմ սահմանված են խորհրուրդների տարբեր թվաքանակներ՝ 32 կամ 24 հոգի, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով նախատեսված ներկայացուցչական համամասնությունը բաշխված է հավասարապես՝ խորհրդի ձևավորող յուրաքանչյուր կողմին հատկացվում է կազմի 25 տոկոսը ձևավորելու իրավունք։

Ներկայացվածության նման բաշխվածությունը բացասաբար է անդրադառնում հոգաբարձուների խորհուրդների՝ կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության վրա, որոշ դեպքերում հանգեցնում խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացի արգելափակմանը՝ տարբեր բուհերում խորհուրդները դարձնելով խմբային շահերի հակամարտության հարթակ և փաստացի կաթվածահար անելով հաստատության բնականոն գործունեությունը։

Պետք է նշել նաև, որ գործող համամասնությունները որոշակիորեն սահմանափակում են կառավարության՝ որպես պետական հիմնադրմաների հիմնադրի հնարավորությունները համակարգում իրականացվելիք բարեփոխումների ընթացքը կառավարելու առումով։

Հիմնադրամների կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխությունների նպատակն է համակարգի կայունությունն ապահովելու միջոցով բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելը։ Որպես այդ նպատակի ապահովման միջոց առաջարկվում է միասնականացնել հոգաբարձուների բոլոր խորհուրդների թվակազմը՝ սահմանելով այն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն շեմին (20 հոգի) համապատասխան, ինչպես նաև սահմանել ներկայացվածության հետևյալ բաշխվածությունը՝ հիմնադրի կողմից 55 տոկոս կամ 11 հոգի, պետական կառավարման լիազոր մարմնի կողմից` 10 տոկոս  կամ 2 հոգի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմից՝ 10 տոկոս  կամ 2 հոգի, ուսանողական համակազմի ներկայացուցիչներից՝ 25 տոկոս  կամ 5 հոգի։

   3.Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով  պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվող փոփոխություններով կապահովվի վերջիններիս բնականոն գործունեությունը և անհրաժեշտ խթան կհանդիսանա համակարգում բարեփոխումների իրականացմանը։

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
  • Քննարկվել է

    28.04.2021 - 14.05.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6493

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

10.05.2021

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքին ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում Երևանի ավագանու որակումները Հայաստանի Հանրապետության բուհերի ռեկտորների հասցեին։ Անընդունելի է, որ կայքում գրանցված՝ Երևանի ավագանու էջում տեղադրված կարծիքի հեղինակը հանդես է գալիս ՀՀ մայրաքաղաքի ավագանու անունից և հավակնում է ներկայացնելու ավագանու հավաքական և պաշտոնական տեսակետը։ ՀՀ բուհերի կառավարման հիմնախնդիրների, կրթության զարգացման երկարաժամկետ ծրագրի բացակայության վերաբերյալ թվացյալ «մտահոգություններից» զատ, տրված են իրականությանը չհամապատասխանող գնահատականներ, ինչպես նաև անհիմն՝ «ինչ ուզեմ՝ կանեմ» ձևակերպմամբ «մեղադրանք» է առաջադրված ռեկտորներին, շաղախված «քծնողների բանակ», «ուրացող» և այլ ուղղակի վիրավորանքներով։ Մինչդեռ՝ ՀՀ պետական բուհերի ռեկտորներն աշխատում են ՀՀ օրենսդրության պահանջներին և բարձր արժեքային կողմնորոշումներին համապատասխան, պատվով իրականացնելով հազարավոր երիտասարդների կրթության ու դաստիարակության հույժ կարևոր առաքելությունը։ Ինչպես բոլոր բնագավառներում, այնպես էլ բուհական ոլորտում կան թերություններ և բացթողումներ, սակայն դա իրավունք չի վերապահում համայնքի ավագանու անդամին՝ անձնական վիրավորանք հասցնել պատկառելի և հարգված անձանց: Ռեկտորները տարիներ շարունակ պայքարում են բարձրագույն կրթության որակյալ օրենք ունենալու համար և այդ նպատակով ներկայացրել են բազմաթիվ առաջարկներ, որոնց մի մասն է միայն ընդունվել: Տեղի են ունեցել շահագրգիռ հանդիպումներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում, Ազգային ժողովում, Հանրապետության նախագահի հետ։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը քանիցս ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի զարգացմանն ուղղված իր կարծիքը և հավաքական ու հիմնավոր եզրակացությունները օրենքի նախագծի վերաբերյալ, հանդես է եկել իր սկզբունքային դիրքորոշումները և առարկություններն արտահայտող մի շարք հայտարարություններով, որոնք իշխանություններին հաճո չէին։ Իսկ ս. թ. մայիսի 3-ին իրավասու մարմիններին և իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում ներկայացվել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի վերջին հայտարարությունը ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, որը կարդացողը հստակ կկարողանա տարբերել քծնանքը սկզբունքային հարցադրումներից։ Ցավում ենք, որ տարրական դաստիարակության կարոտ և բարոյական նորմերից հեռու անձն ընտրվել է Երևանի ավագանու անդամ և թաքցնելով սեփական անուն-ազգանունն ու թաքնվելով ավագանու անվան տակ, իրեն թույլ է տալիս վիրավորանք հասցնել կյանքի լուրջ ճանապարհ անցած, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության ոլորտում մեծ ներդրում ունեցող անձանց պատվին ու արժանապատվությանը՝ չգիտակցելով, որ իր արարքը ենթակա է իրավական պատասխանատվության ու պատժի։ Երևանի քաղաքապետին և ավագանու անդամներին առաջարկում ենք լրջագույնս ուսումնասիրել Երևանի ավագանու անունից պաշտոնապես հրապարակված կարծիքի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության նորմերին ու բարեվարքության կանոններին և ըստ այդմ՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների խորհուրդ

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

05.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդը 2021 թ.-ի ապրիլի 30-ին կայացած նիստում քննարկեց 2021 թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող տասներկու պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, և որոշեց հետևյալը. ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը. 1. հայտնում է իր սկզբունքային անհամաձայնությունը ՀՀ կառավարության որոշման նախագծին՝ այն համարելով անընդունելի թե՛ բուն էության ու բովանդակության, թե՛ իրավական կարգավորման առարկայի և նախապատրաստման ընթացակարգի տեսանկյուններից, 2. դիմում է ՀՀ կառավարությանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ կոչ անելով ձեռնպահ մնալ որոշման նախագծի հետագա քննարկումից ու ընդունումից և դրանով իսկ չխախտել բուհերի ինքնակառավարման սահմանադրական իրավունքը և չառաջացնել հակասություններ ՀՀ սահմանադրաիրավական կարգավորումներում։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը ստորև ներկայացնում է իր նկատառումները Նախագծի վերաբերյալ․ 1. Նախագծով առաջարկվող փոփոխություններն անընդունելի են, համաչափ չեն ՀՀ օրենսդրությամբ ամրագրված իրավաչափ նպատակներին, քանի որ անմիջականորեն ուղղված են բուհերի ինքնակառավարման հիմնարար իրավունքի դեմ և ըստ էության համալսարաններին զրկում են իրենց իսկ վերաբերող կարևորագույն որոշումներն ընդունելու, անգամ դրանց վրա ներազդելու իրավունքից։ Փոխարենը՝ կառավարությանը ընձեռում են բուհերին վերահսկելու և կառավարելու անսահմանափակ հնարավորություն։ Նախագծով նախատեսվում է փոխել համալսարանների կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմի գործող համամասնությունը և հիմնադրի (ՀՀ կառավարության), լիազոր մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության), համալսարանի դասախոսների և ուսանողների հավասարաչափ (25%+25%+25%+25%) ներկայացվածության սկզբունքի փոխարեն ընդունել «65% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 35% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևը։ Այդ դեպքում համալսարանների հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 13-ը նշանակվում են ՀՀ վարչապետի և ԿԳՄՍ նախարարության կողմից, ընդ որում 11-ը՝ պետական պաշտոնյաներից, միայն 2-ը՝ կրթության, գիտության, մշակույթի ու տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, և ընդամենը 7-ն են ընտրվում ուսանողներից և դասախոսական կազմից՝ համապատասխանաբար 5 և 2 համամասնությամբ։ Այսինքն, առանց բուհի ներկայացուցիչների, անգամ առանց ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից խորհրդի 2 անդամների առաջադրման, ՀՀ վարչապետի կողմից անդամների նշանակումն արդեն իսկ բավարար կլինի հոգաբարձուների խորհուրդը ձևավորված համարելու, նրա գործունեությունն օրինական ճանաչելու և բուհի ներկայացուցիչների բացակայության պայմաններում համալսարանի վերաբերյալ ցանկացած որոշում ընդունելու համար։ 2. Նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սկզբունքին, ըստ որի «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը», և առաջարկում է կարգավորում, որը ոչ միայն հակաիրավական է, այլև դեմ է բուհական ժողովրդավարության և ինքնավարության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որոնց պահպանման պարտականությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը։ 3․ Խիստ տարակուսանք է առաջացնում այն, որ համալսարանի «պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները կազմում են խորհրդի անդամների 10 տոկոսը» կամ ընդամենը 2 անդամ։ Հոգաբարձուների խորհրդում դասախոսների նման նվազ ներկայացվածությունը ձևական է դարձնում նրանց մասնակցությունը բուհերի կառավարմանը, անտեսում է դասախոսների կարևոր դերը ոչ միայն համալսարաններում, այլև ողջ հասարակության մեջ։ Գտնում ենք, որ կառավարման խորհրդում բուհի դասախոսները պետք է կազմեն խորհրդի անդամների առնվազն 25%-ը։ 4․ ՀՀ պետական բուհերի կառավարման հիմունքների, հոգաբարձուների խորհրդի ձևավորման, անդամակցության և կարգավիճակի սահմանման հետ կապված հարցերը օրենքի և ոչ թե ենթաօրենսդրական ակտի կարգավորման առարկա են։ Ըստ այդմ՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված է բուհի կառավարման խորհրդի ձևավորում 9 անդամից, որից միայն 4-ն են առաջադրվելու բուհի ներկայացուցիչներից։ Սակայն, ոչ միայն բուհական հանրությունը խիստ քննադատության ենթարկեց օրենքի դրույթները, այլև Հանրապետության նախագահն օրենքը չստորագրեց և 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականության հարցը՝ անգամ բուհի կառավարման խորհրդի «56% (հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամներ) + 44% (համալսարանի դասախոսներ և ուսանողներ)» բանաձևի պարագայում։ Ուստի, խնդրո առարկայի վերաբերյալ որևէ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված օրենքի սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ 5․ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջինիս անհրաժեշտությունը «պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղոդելու նպատակայնությամբ»։ Մինչդեռ՝ Նախագիծը վերաբերում է բացառապես բուհերի կառավարման խորհուրդների կազմի համամասնությունը փոխելուն։ 6․ Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ոչ միայն Նախագիծը չի տրամադրել պետական համալսարաններին կամ քննարկել նրանց հետ, այլև չի տեղեկացրել բուհերին իրենց հիմնադիր փաստաթղթում՝ կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նշված հանգամանքը դեմ է գործընկերային հարաբերությունների սկզբունքներին, ստեղծում է փոխադարձ անվստահության մթնոլորտ և չի նպաստում ընդհանուր նպատակների իրականացմանը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ 03․05․2021թ․

Armine Manucharyan

04.05.2021

ԴԵՄ ԵՄ

Տեսնել ավելին