Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման գործընթացն ավտոմատացնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության 02.2015թ․ N 205-Ն և 05.10.2017թ․ N 1321-Ն որոշումներով սահմանված կարգով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված կարգավորումների հստակեցնելու անհրաժեշտութ­յամբ։

2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Ներկայումս հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձն իրականացվում է վարկառու ֆիզիկական անձանց կողմից թղթային եղանակով հարկային մարմին ներկայացվող եկամտային հարկի վերադարձի մասին դիմումի, անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկանքների) հիման վրա։

Գործող օրենսդրական կարգավորումներով սահմանված չեն եկամտային հարկի վերադարձի համար հիպոտեկային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդի­սա­ցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմումների ներկայացման դեպքերում հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարների հաշվարկման հերթականություն, ինչպես նաև եկամտային հարկի գումարները ավել վարկառուին (համավարկառուին) վերադարձնելու դեպքում ավել վերադարձված եկամտային հարկի գումարների վերականգնման համար անհրաժեշտ կարգավորումներ։

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձի համար հիպոտեկային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդի­սա­ցող անձանց կողմից եկամտային հարկի վերադարձման մասին դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նախատեսվում է նաև հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասին տեղեկանքը բացառապես ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնելու կարգավորումներ։

Միաժամանակ, առաջարկվում է՝ եկամտային հարկի վերադարձի համար հիպոտեկային վարկի վարկառու և (կամ) համավարկառու հանդի­սա­ցող անձանց կողմից հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմումների ներկայացման դեպքերում հաշվետու ժամանակահատվածի համար վերադարձվող գումարների հաշվարկման հերթականություն, ինչպես նաև եկամտային հարկի գումարները ավել վարկառուին (համավարկառուին) վերադարձնելու դեպքում ավել վերադարձված եկամտային հարկի գումարների վերականգնման համար սահմանել անհրաժեշտ կարգավորումներ։

4Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N 205-Ն և 05․10․2017թ․ N 1321-Ն որոշումների 1-ին կետերով սահմանված հավելվածներն են։

5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

6․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ավտոմատացնել եկամտային հարկի վերադարձման գործընթացը և կանոնակարգել հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման հետ կապված հարաբերությունները։

  • Քննարկվել է

    15.04.2021 - 30.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5514

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

15.04.2021

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն քննարկելով շրջանառվող նախագծերը ամբողջությամբ դեմ է առաջարկվող լրացումներին ու փոփոխություններին հետևյալ հիմնավորմամբ. 1. Թեև նախագծերով ներկայացված առաջարկությունները ուղղված են գործող կարգերի բարելավմանը, այդուհանդերձ դրանք բնույթով հակասահմանադրական է, 2. Հակասահմանադրական են, քանի որ այդ որոշումներն ուղղված են գործող հարկային օրենսգրքի հակասահմանադրական հոդվածների՝ 159-րդ հոդվածի 3-րդ մասի, 160-րդ հոդվածի՝ ամբողջությամբ, կիրարիման բարելավմանը, 3. այսպես, գործող ՀՀ հարկային օրենսգրքի մեջ 159-րդ հոդվածում փոփոխությունը եւ դրանում կատարված լրացումը՝ 160-րդ նոր հոդված մտցնելը կատարվել են նախորդ իշխանությունների կողմից 21.12.17 ՀՕ-266-Ն եւ 23.03.18 ՀՕ-261-Ն փոփոխությունով եւ լրացումով, 4. Այդ լրացման եւ փոփոխության նպատակն, ըստ մեզ, եղել է ապօրինի հարստացման արդյունքում սեփականատերերի եւ կառուցապատողների կողմից կառուցված եւ երկար ժամանակ չիրացվող բնակելի տների ու շենքերի իրացմանը նպաստելը: Այդ միջոցով պետությունը ոչ միայն չի լուծել որեւէ սոցիալական խնդիր, այլեւ նպաստել է ապօրինի հարստացմանը, ՀՀ քաղաքացիների միջեւ հարկային բեռի ոչ հավասարաչափ բաշխմանն ու ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցմանը, 5. Մեր կարծիքով, Հարկային օրենսգրքի նշված կարգավորումները ոչ միայն հակասահմանադրական են, ոչ միայն սոցիալական չեն, այլեւ զարմանալիորեն ֆիսկալ չեն եւ խնայում են հասարակության հարուստ շերտերին, ովքեր ունեն միջոցներ պետության հաշվին տիրանալու հարուստ ու շքեղ առանձնատների ու բնակարանների, 6. Դրանք չեն բխում Հարկային օրենսգրքի նախագծի հայեցակարգի` պետական բյուջեի համար լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովելու նպատակադրումից: 7. Հետեւաբար, խիստ անհրաժեշտություն կա դրանք ամբողջովին հանելու, 8. Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք հանրային քննարկումից հանել սույն օրինագծերը, 9. Շրջանառության մեջ դնել և հանրայնորեն քննարկել օրենքի նոր նախագիծ (կցվում է), որի նպատակը կլինի Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության եւ հավասարության սկզբունքների կենսագործումը, ՀՀ քաղաքացիների միջեւ եկամտային հարկի բեռի հավասար բաշխումը, Հայաստանի Հանրապետության բյուջեի մուտքերի լրացման լրացուցիչ միջոցների ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի դրույքաչափերի կիրարկման հարաբերությունների հստակեցումը, 10. հարկ ենք համարում, որ կից ուղարկվող օրինագիծը արդեն 2 տարուց ավել է, ինչ ներկայացրել ենք ՀՀ Ֆինանսների նախարարության, ՀՀ կառավարության, ՀՀ ԱԺ համապատասխան 3 հանձնաժողովների և 8 պատգամավորների քննարկմանը, այդուհանդերձ «սայլը տեղից չի շարժվոմ»: Կարծում ենք, որ մեր առաջարկած օրինագիծը նկատելիորեն ազդում է որոշում ընդունողների անձնական ու կոլեկտիվ շահերին, ինչը ըստ մեզ կոռուպցիայի դրսևորում է: Այդ կարծիքին ենք, քանզի առ այսօր մեզ չի ներկայացվել որչէ մի տեղեկանք առ այն, թե հանրային աշխատողներից քանիսն են այս ծրագրի շրջանակն երում բարելավել իրենց բնակարանային պայմանները և քանի անգամ: Մեզ մոտ կուտակված տվյալների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հարկային օրենսգրքի տվյալ իրավակարգավորումներով չի լուծվում սոցիալական խնդիրը՝ այն է բնակարանի կարիք ունեցող անձանց բնակարանի ապահովվածության խնդրի լուծումը, քանի որ դրանից օգտվում են միմիմայն բարձր եկամուտներ ստացող անձինք (թեև դրա լուծումը բարձր եկամուտներ ունեցող և ապօրինի պարգևավճարներ ստացող հանրային աշխատողների ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցների համար նույնպես հակասահմանադրական է՝ նրանց կողմից պետական բյուջե եկամտահարկ չմուծելու հաշվին հարստանալու առումով, այսինքն ապօրին հարստացում է): Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Տեսնել ավելին