Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ  ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում, ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցող շահառուների համար վարկերի կամ լիզինգի մարման առավել բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։ 

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում արդեն իսկ սահմանված են վարկերի կամ լիզինգի մարման, ինչպես նաև  վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման  արտոնյալ ժամկետներ։ Սակայն ռազմական դրությամբ պայմանավորված  սահմանամերձ բնակավայրերում կան շահառուներ, որոնք այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ (անշարժ գույք, գյուղատնտեսական կենդանիներ և այլն) և վերջիններիս մոտ առաջացել են դժվարություններ՝ վարկերի/լիզիգի մարումը սահմանված ժամկետներում իրականացնելու հարցում։ Արդյունքում, շահառուները կարող են դուրս մնալ Ծրագրերի շրջանակից և զրկվել պետական աջակցությունից օգտվելու հնարավորությունից։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է բարենպաստ գործունեության ապահովման միջոցով նպաստել կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը և արտադրության ծավալների ավելացմանը, գյուղատնտեսության ոլորտում ռազմական և արտակարգ դրության հետևանքների մեղմմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Սույն նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցած շահառուների համար ընձեռել հնարավորություն, որ Ֆինանսական կառույցները 2021 թվականին վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները երկարաձգեն մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ։ Միաժամանակ, Նախագծով պետական աջակցության ծրագրերի այն  շահառուները, որոնք ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ունեցել են ամբողջական կամ մասնակի կորուստներ, որի հետևանքով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո առաջացել են տվյալ վարկի կամ լիզինգի մասով հանրագումարային վաթսուն օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ Ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով` վարկը կամ լիզինգը  ստանդարտ դասով դասակարգված չէ, մինչև արտոնյալ ժամկետի ավարտը դիտարկվում են որպես վարկի կամ լիզինգի սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շահառուներ։ Նախագծի ընդունման կապակցու­թյամբ պետական բյուջեում ծախսերը 2021 թվականին կավե­լանան շուրջ 100 մլն դրամով։

       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

        Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական կառույցներին երկարացնելու այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով կորուստներ ունեցած շահառուների վարկի կամ լիզինգի մարման ժամկետը, ինչպես նաև վարկի կամ լիզինգի մայր գումարի  և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները և արդյունքում՝ դժվարին իրավիճակում հայտնված շահառուները հնարավորություն կունենան շարունակելու օգտվել պետական աջակցությունից, ծավալելու գործունեություն և մարելու վարկային պարտավորությունները։

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    05.04.2021 - 20.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5646

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.04.2021

Հիմնականում համամիտ լինելով օրինագծի գլխավոր նպատակի հետ, այդուհանդերձ ունենք լուրջ մտահոգություններ կառավարության կողմից իրականացվող քաղաքականության առումով: Նախ պետական բյուջեի պակասուրդի սպառնացող մեծացման պարագայում այն կավելան ևս 100 մլն ՀՀ դրամով: Այս պարագայում մեզ շատ է անհգնստացնում նախատեսված ծրագրերի իրականացման արդյունքում պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքն ու ձեռք բերված ծրագրային արդյունքային ցուցանիշները: Այդ մասին ոչինչ չկա օրինագծի հիմնավորման մեջ: Հետևաբար կարծում ենք, որ հասարակությունը կարիք ունի ունենալու այդ ծրագրերի իրականցման մասին ամբողջական ու արժանահավատ տեղեկատվություն, որպեսզի որոշում կայացնի պետական բյուջեն նորից ծանրաբեռնելու մասին: Ամփոփելով վերոհիշյալը, դեմ ենք արտահայտվում օրինագծին և առաջարկում ենք դրան անդրադառնալ ավելի ուշ՝ ծրագրերի իրականացման արդյունքների մասին բավարար տեղեկատվություն ունենալուց հետո: Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ

Վահե Մանուկյան

06.04.2021

Եթե՞ տարածքները անցել են Ադրբեջանին՝ ապա այդ տարածքի բնակիչների վարկերը պետք է զրոյացվեն պետության հաշվին։ Օրինակ եթե՞ մարդը վարկա վերցրել և անասնագոմ է կառուցել։ Հիմա մարդը մեղավոր չի, որ իրա անասնագոմը չի փոխհատուցվում պետության կողմից։

Արտակ Պողոսյան

05.04.2021

Սույն նախագիծի 1-ին կետի առաջին պարբերությամբ սահմանված «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս` համայնքի ղեկավարի (բնակավայրի վարչական ղեկավարի) կողմից տրված տեղեկանքի հիման վրա՝ մարզպետի հաստատմամբ» կրում եմ կոռուպցիոն ռիսկեր և գաղափարապես անընդունելի են: Մասնավորապես. 1. «Կարող են» արտահայտությունը ենթադրում է, որ երկարաձգումը նաև կարող է մերժվել, ինչը անընդունելի այն դեպքում, երբ առերևույթ առկա է ռազմական դրությամբ պայմանավորված, այլ պետության տիրապետության տակ տարածքներ անցնելու հետևանքով ամբողջական կամ մասնակի կորուստներ ունեցող շահառուների: Ուստի «կարող են երկարաձգվել մինչև վեց ամիս» բառը անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվելու են վեց ամսով, եթե շահառուն ավելի կարճ ժամկետ չի առաջարկում» բառերով: 2. Ինչ է նշանակում համայնքի ղեկավարի կողմից տեղեկանք, ինչի համար է անհրաժեշտ այդ տեղեկանքը: Սա զուտ հռետորական հարցեր չեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ շահառուները արդեն իսկ ժամանակին տրամադրել բոլոր փաստաթղթերը և իրավական հիմքը գործունեության համար ծրագրի շահառու դառնալու համար: Ուստի, պետական կառավարման մարմինները կարող են իրենց խողովակներով ճշտել առկա իրավիճակը և շահառուի դիմումի հիման վրա ցուցաբերել համապատասխան ժամկետների երկարաձգումը: Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև այն հանգամանքը, որ մանրամասն նկարագրված չէ տեղեկանքի տրամադրման ձևերը, եղանակները, որ դեպքում տրամադրվում է, իսկ դեպքում տեղեկանքը չի տրամադրվում շահառուներին համայնքի ղեկավարի կողմից առաջարկվող գործընթացն որակվում է՝ վարչական բեռ տնտեսության և բիզնես միջավայրի վրա ազդեցության գնահատման սկզբունքների հիման վրա: Ուստի պարունակում է կոռուպցիոն ռիսկեր:

Տեսնել ավելին